Պատմաբան Դոնալդ Տուսկի նվերը «Փոփոխությունների թատրոնին»

Դեռևս քչերը կհիշեն, որ 12 տարի առաջ՝ 2007-ին, Երևանում մի խումբ  երիտասարդներ հիմնեցին ինտերակտիվ թատրոն-տեսակը և կոչեցին «Փոփոխությունների թատրոն»:

Ի՞նչ ասել է «ինտերակտիվ թատրոն»: Սա թերևս ժամանակակից թատրոնի տեսակներից է, երբ բեմահարթակ-հանդիսասրահ բաժանարար գիծը վերացված է: Ներկայացումն ընթանում է համագործակցաբար՝ դերասան-հանդիսատես փոխներգործությամբ:

Ներկայացման ընթացքն ինքնատիպ է. ամբողջական դիտումին հաջորդում է  ինտերակտիվ փուլը: Ներկայացման որևէ հանգուցային դրվագ հանդիսատեսը փոխում է իր հիմնավորմամբ և ինքն էլ հանպատրաստից խաղում բեմի վրա: Խաղին հաջորդում է աշխույժ քննարկումը՝ լավի, վատի բացահայտումը: Կարճ ասած՝ «Փոփոխությունների թատրոնը» դառնում է թումանյանական «Վերնատուն» հիշեցնող վերլուծական կենտրոն:

Պատահական չէ, որ «Փոփոխությունների թատրոնի» հիմնադիր և ռեժիսոր Հայկ Սեկոյանը բևեռվել է «փոփոխություններ» հասկացության վրա: Պարզվում է, որ աշխարհում գործում է «Քաղաքացիական կրթության բարելավում ինտերակտիվ թատրանի միջոցով» ծրագիրը: Դառնալով այդ ծրագիրն իրականացող հայաստանյան առաջնեկը՝ «փոփոխականները» բեմադրում և Հայաստանի, Արցախի հանրությանն են ներկայացնում ոչ մեծ ծավալի ինտերակտիվ ուսուցողական ներկայացումներ:

2019-ի հուլիսի 20-ին և 21-ին Երևանի «Արտ կաֆե» արվեստանոցում «Փոփոխությունների թատրոնը» ներկայացրեց Հայկ Սեկոյանի «Ժողով Ագռավաձորի գյուղապետարանում» գյուղական թեմայով զվարճալի ներկայացումը:

Ներկայացումից հետո զրուցեցինք սցենարի հեղինակ և ռեժիսոր Հայկ Սեկոյանի հետ:

-Դերասանական կազմը մնայո՞ւն է, թե տվյալ ներկայացման համար հավաքագրված դերասանների խումբ է:

-Դերասանական կորիզը մնայուն է, սակայն մեզ հետ համագարծակցում են երիտասարդ դերասաններ այլ թատրոններից, նորավարտներ:

-Դերասանները գիտե՞ն, թե ինչու է թատրոնը կոչվում «Փոփոխությունների թատրոն»:

— Գիտեն, և լավ գիտեն, որովհետև փոփոխությունը շարժում է, շարժումը՝ պայքար: Իսկ պայքարը երջանկություններով ու դժբախտություններով լի կյանքն է: Կյանքից էլ փախուստ չկա:

— Փորձե՞լ եք չափել ներկայացմանը մասնակից հանդիսատես-դերասանի քաղաքացիական կրթության նիշը:

— Ներկայացումից հետո հանդիսատեսը տուն է գնում բեմի վրա իր իսկ խաղացած դերն, արտահայտած սեփական միտքը վերլուծելու մտադրությամբ:

— Մի հարց էլ քաղաքական թոհուբոհից. թավշյա հեղափոխությունն անցավ արագ ու անարյուն: Տնտեսական հեղափոխությունը ծանր ու դանդաղ է ընթանում: Ոմանք  չզգալով իրենց մաշկի վրա տնտեսականի բարերար ալիքը՝ հիասթափվում են: Սա մտահոգիչ չէ՞….

-Թավշյա հեղափոխությունը գալիք ծանրագույն և շրջադարձային փոփոխությունների նախերգանքն էր: Ավերելը հեշտ գործ է, բարեփոխումներով նորի ստեղծումը բարդ, ծախսատար և ժամանակատար է: Դրա համար խորքային քաղաքացիական կրթություն պետք է ունենալ, որպեսզի առկա խճճված իրավիճակի որակյալ և հիմնավոր վերլուծություն իրականացվի և երկիրը անշրջելիորեն վերափոխվի:

Ի դեպ, քաղաքացիական կրթության գլխավոր բաղադրիչը իրավակրթությունն է, այլ կերպ՝ օրենքի իմացությունը և հարգումը: Եթե ավելի ընդհանրական ձևակերպենք՝ իրավագիտակցությունը, որը, ցավոք, հանրային գիտակցության տիրույթում կուլ է գնում զգացմունքայնությանը:

Ի վերջո «փոփոխություններ» եզրույթը բարոյահոգեբանական, քաղաքական, հասարակական, սոցիալական կյանքի, իրավական դաշտի, բիզնես-միջավայրի առողջացման անհերքելի պահանջ է:

Ի դեպ, հավելեմ, որ հուլիսի 11-ին, պատմաբան, Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Սևանի կղզու եկեղեցիներից մեկի խաչքարը ձեռքով մեղմորեն շոշափեց և ցածրաձայն մենախոսեց. «Զգում եմ, որ Եվրոպայի սիրտն այստեղ է բաբախում»:

Այս անակնկալ փաստը պատշաճ վերլուծության, ոչ հուզակուսակցական մեկնաբանության կարիքն ունի: Թատերական արվեստում այս դրվագը գտնված նրբերանգ է՝ ինքնատիպ արտահայտչաձև և ուսանելի:

 

 

Զրուցեցին Մարտին և Արամայիս Ասլանյանները

 

Կարծիքներ

կարծիք