Չեմ մոռանա,- ասում էր նա

***

Աչքերս փակվում են:

Սուրճիս բաժակն եմ շրջում՝

Մտածելով, որ մրուրում

Քեզ ինձ կգուշակեն:

 

 

***

Քեզ ե՞րբ եմ տեսնելու.

Երկուշաբթիները միշտ խաբելու են ինձ,

Թե շաբաթվա վերջ կա…

 

 

***

Դու կսիրահարվես լուսնին,

Ու կթվա, թե մոռացար մայրամուտի արևին…

…Բայց արևը նորից կծագի, չէ՞:

 

 

***

Նայում ես պատին:

Լավ է, բարկանում ես վրան, բարկանում,

Իսկ նա սառը, ոչինչ չասող հայացքով վրադ է նայում, անտարբեր:

Երբեմն վախենում եմ նրա հանգստությունից,

Թվում է՝ իմ անիմաստ գոռոցներից ու արցունքներից համբերությունից մի օր դուրս է գալու,

Իրենից մեծ քարի կտոր պոկելով՝ գլխիս է տալու,

կուշաթափվեմ:

Խեղճ անտարբեր, սառը պատ,

Նա էլ չգիտի՝ պատնեշն է իմ ու քո միջև։

 

 

***

Գրկել էր պինդ,

Թվում էր, թե սեղմումից

Ձեռքերը կհասնի մտքում այն ուրիշ պատկերին։

 

 

***

Չեմ մոռանա,- ասում էր նա:

Մինչդեռ ժամադրության վայրը փոխվել էր,

Իսկ Հին Ծաղկավաճառը կալաները փոխարինել էր վարդերով:

 

 

***

Փախնում էր Նրանից:

Քայլում էր արագ, հևասպառ:

Փախնում էր Նրանից

Փոքրիկ, մեծ, անծանոթ փողոցներով,

Մարդաշատ, ամայի, անհայտ մայթերով,

Ծանոթ, մոռացված շենքերի, կրպակների արանքներով,

Սակայն ինչ իմանար՝

Մտքում Նրան պատահական տեսնելու հույսն էր…

 

 

***

Գիտեք ինչ,

Շարունակեք ապրել.

Ասում ես քեզ ու հայելուց մի կողմ քաշվում:

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք