Ինտրա

20142111142402103

Ներաշխարհի կորուսյալ տապանը

 Հայտնի-անհայտը

Կան գրքեր, որոնք հավերժորեն գոց են մնում ի տես ամենքի, որոնք ավելի շատ խոսվում են, քան ընթերցվում, որոնք յուրատեսակ ասպազեն են ամենաաներևույթ ու հարատև բաների, ցավոք սրտի, երբեմն նաև մեր անգիտությունը շեշտել-թաքցնելու համար, առանց որոնց ավելի սնանկ ես, քան ինքը սնանկությունը, որոնք քո գոյության միաժամանակ թե արդարացումն են և թե դատաստանը,  որոնց հետ ավելի հարուստ ես, քան որևէ ՙհարուստ՚ կարող է պատկերացնել, որոնք, ինչի մասին էլ խոսելիս լինեն, վերացնում  են հենց չարաբաստիկ  մասինը /ինչի մասին ես գրում հարցը, որ հավերժորեն սարսափեցնում ու շվարեցնում  է գրողին, միշտ էլ սոխակից էլ պերճախոս է դարձնում ոխերիմ գրամոլին/, որոնք իրենց հետ բերում են անորսալի մի բան, որ շոշափելի ու ըմբռնելի է դառնում միմիայն ծավալվելով քո մեջ, հանց «Սիրո համասփյուռ ծաղիկը».

Այս է համասփիւռ ծաղիկն.

Որ թափէ զմարգն ի հողոյ,

Գիտեմ թե զայս ուր ուզեմ,

Սա կենա ի լեառն ի սիրոյ:

 

Զայս դեղս ով ուզել կամի,

Թող անէ զիւր սիրտն առիւծու,

Շատ լերդ ու լեղի ուտէ,

Եւ ապա նա զայս գտընու:

Շատ լերդ ու լեղի ուտելուց հետո գտնելու և ապա կորցնելու զարտուղությունը միայն մերը չէ: Եթե երբևէ համաշխարհային պատմության լուսանցքներում գրվի պատմությունը բոլոր հայտնի-անհայտների և կամ անհայտ-հայտնիների /ներառելով թե մարդկանց և թե գրքերը, որոնք թվարկելը նույնիսկ երկարամյա գործ է/, ապա կպարզվի, որ «Գիլգամեշից»  սկսյալ մինչև Ջոյսի «Ուլիսեսը» և մինչև մեր օրերը չընթերցված գրքերն աճում են Բաբելոնյան աշտարակի ահագնությամբ, ի հեճուկս հավերժորեն ընթերցվող չգրքերի, որոնք թվում է, թե մի օր, նույն Բաբելոնյան աշտարակի հանգույն, պիտի փլվեն հենց իրենց իսկ ընթերցողների գլխին, մինչև փոշիանալն արդեն անասելի ավերներ գործելով:

Գալով մեզ ասենք, որ հայտնի-անհայտների վկայակոչմամբ, ինչպես նաև ընթերցելու և վերապրելու անկարողությամբ /արևագալի շարականներից, էպոսից,Նարեկացուց ու Վարդան Անեցուց մինչև մեր օրերը/ և անվերջորեն ունեցածը ունեցվածքի վերածելու բացառիկ ձիրքով մեզ հետ հիմա երևի թե կարող են մրցել միայն հույները, որ բավարարվում են այսօր իրենց մշակույթի բազմապատկվող հայելու մեջ /որ ողջ եվրոպական մշակույթի հիմքը եղավ/ հունաց հնամյա բնության, տաճարների ու մագաղաթների խամրափայլով /առանձին անհատները և կամ երևույթները երաժշտական կոնտրապունկտի դեր են խաղում՝ շեշտելով կամերտոնի բացակայությունը/…

Ինչպես ասում էր  ամենամեծ հայտնի-անհայտներից մեկը՝ Հանս Հենի Յանը, «…արդեն շատ վաղուց և ոչ մի մարդ չի փայփայել այնչափ ջերմին մի ցանկություն, որ Աստված հարկ համարեր այն կատարել»:

Ի վերջո ամեն ինչ անսպառ է, եթե չի սպառվում  մարդու մեջ: Եվ  «Ներաշխարհի» չընթերցման կամ ընթերցանության չտրվելու, եթե ոչ միակ ապա ամենաէական պատճառը ներաշխարհի աննկատ կորուստը կամ բացակայությունն է, բայց ոչ այն բացակայությունը, որի մասին վկայում էին ձեն-բուդդիզմի ուսուցիչները կամ Արթյուր Ռեմբոն, որ գրում էր Շառլվիլի իր ուսուցիչներից մեկին՝ «Սիրում եմ իմ բացակայությունը» /բացակայությունը, որ սերում էր ներկայության լիությունից/, ուրեմն ոչ այն երանյալԲացակայությունը կամ հանճարավոր Մեծարենցի ասած «Ուրախությունն անանձնական»-ը, այլ իներցիայով ապրելու հաճախանքը…

Այդուհանդերձ, եթե որևէ մեկը երբևէ սկսի մեր կենաց աներևույթ մատյանի լուսանցքներում գրել պատմությունը մեր հայտնի-անհայտների, ապա դրանց մեջ, անկասկած, ամենաերևելի և ուշագրավ տեղերից մեկը կհատկացվի Ինտրա վերանվանյալ Տիրան Չրաքյանին ու  «Ներաշխարհին» նրա և այդու նաև մեր, որ միաժամանակ մեր ամենամեծ հաղթանակն ու պարտությունը եղավ և կամ երիցս չարչրկված ու միագիծ հեգնանքով ընկալված պարտության հաղթանակը: Այս պահին մտաբերվեցին «Աղմուկ և ցասում» վեպի առթիվ ասված Ֆոլքների  «ամենամեծ պարտությունը» և Ռիլկեի  «Հայեցում» բանաստեղծության ռուսերեն աննման թարգմանությամբ հայտնի տողերը.

Он ждет, чтоб высшее начало

Его все чаще побеждало,

Чтобы расти ему в ответ.

Եթե աշխարհիկ պատմության թատերաբեմում ներկայացվող բոլոր հաղթանակներն ու պարտություններն ի վերջո ինչ-որ տեղ անասելիորեն նման ու անայլայլ են, ապա հոգևոր կյանքում դրանք անվերջորեն խաղացկուն ու անհատնելի են, անսպասելի վերանկումներով ու վարսլացքներով, ակնթարթի հարատևությամբ ու հավերժության ակնթարթայնությամբ միաձույլ ու փոխնիփոխ, կատարյալ ու անավարտ, ուր ամեն ինչ հնարավոր է, ուր Սիրո համասփյուռ ծաղիկը բացվում է նույնիսկ ժեռուտներում և կամ թե անապատում… Եվ այդ «Անհայտ Ծաղիկը», ուր էլ լինի, ահա մեկ էլ բացվում է հենց քո ներսում, ուր ծաղկաթերթերն անշշուկ պոկվում ու անհետանում են, անմատչելի լույսի ծվենների նման, իրենց հետ տանելով  «Հովին ձայնը»…

Եվ ահա, այս էլ քանիերորդ անգամ խավարի մեջ խնկագունած թփուտների վրա կայծոռիկներ նշմարող մանկան հիասարսուռով նորիցնոր կարդում ենք.«Հովին ձայնն է, նոճիներուն խորունկ գիշերվան հովին ձայնը: Գոց պատուհանին ետև, լամբարիս կէս գիշերուան լոյսին հետ որ անխլիրտ կը վառի հովին մեծ շրջանին մէջ, մենաւոր ու անշարժ  կ`երազեմ իր բոցին հառած, ծխախոտի եղկածուփ շղարշների մէջէն որ զայն կը պարուրեն, իր լուսեղէն ապակին ի վեր կհածին, օրորուն, մենութեանս ճրագին մելանուշ բարութեանց մէջ ցնդելու: Քնացող տունին խորքերը ձայն չի կայ: Վարագույրներուն ծալքերը տարտամօրէն կծփան, բնականոն հիքութեան մը խաղաղութեան մէջ, բնականոն ու հանդարտ վիշտի յայտակերպումներուն մէջ իրերուն ու կահերուն, սենեակին բնակչին անաշխարհայնութիւնը, խոկուն, անանց զանազանութեանց ետև, ազատապէս միացած և անսահման  գրգանքի մը մէջ հեռացած անշրջագծուած  երանական համադրոյթի մը կը ձգտի: Կիպարիսներու քանի մը ոստեր, լեռի պտերներու խառն, ցամաք անոթի մը մէջ գոս, անսարսուռ կը ցցուին, ու որմին վրայ ցրուած իրենց խորաձև ստուերն ալ անհնար հողմածփում մը կը քնարերգէ, լռին: Կաղամարս, բերանաբաց, կը շլանայ լամբարէն, որ անոր խաւարը կը քաղցրացնէ հիրային կայծով մը: Գիրքեր, գոց, Էբինոսի բրածոյ մը որ դարերու անհավատալի կծիկը գմբեթեր է դիմացս, գրասեղանիս ծայրը պալարուած: Պատերուն վրայ քանի մը լուսանկարներ, ցանցառ կարմրածառի չոր ոստի մը վրա անցուած՝ հեռաւոր վարդապետի մը կենդանագիրը կայ: Անդին, մէկը մեռած Ադամեանն է, Համլէթի դերին մէջ: Միւսը՝ մեռած հայրս…»:

Ինտրայի /Տիրան Չրաքյանի/  «Ներաշխարհի» առաջին իսկ ընդարձակ այս  պարբերությունն այնքան հեռու և միաժամանակ մոտ է թվում, որ ուզում ես մեղվի պես բառերը հոտոտել, շրջել, ննջել դրանց թավ բզզոցի մեջ, ծաղկափոշին շաղ տալ ամենուր, սրտիդ մեջ կուտակել ածականները, բայերը, ձեռքերով տնտղել մակդիրները, ինչպես երբեմն լքված մատուռների մամռապատ քարերը, քնքշորեն շոյել ու քո մեջ թաքցնել նախադասությունը, ռիթմը, սլացքը, լռությունը: Ինչը որ անում էին մի ժամանակ մեր միջնադարյան քերականները, մեկնիչներն ու տաղերգուները, որոնք իրենց գերակշռող մասով մնում են համարյա նույնքան հայտնի-անհայտ, որքան և Տիրան Չրաքյանը…

 

Տիրան-Ինտրան

Որքան արշալույսներ կան,

Որոնք դեռ չեն շողացել:

Ռիգվեդա

Նուրբ և անքննին էության ընդունարաններ

Եվ երկրատեսակ հայելիներ՝ բազմաբորբոք ճառագայթների,

Մշտաթափ և սքանչալուր ձայներով գետեր հորդառատ,

Որ առ երամներն հրեղենների վառվում եք՝ ծով մշտածավալ…

Վարդան Անեցի

Տիրան անունից տառադարձությամբ ստեղծված Ինտրա անունն իսկ արդեն, որ հենց հեղինակի հավաստմամբ անդրանցումն ու անդրադարձն է նաև կայծակող Ինդրայի, ով դիվաց Խավարի արքա Վշիտրուի դեմ տարած Լույսի հաղթանակի վերապրումն էր, թերևս,  ուզում նաև ծավալել Տիրան Չրաքյանն իր «Ներաշխարհ» ինքներգության մեջ՝ նմանվելով նաև մեր Վահագն Վիշապաքաղին, կամենալով գրկել անպարագրելին, իր մեջ անվերջորեն կրելով առասպելի ու իրականության անեզրական կապը, որի մասին, ասես, իր երբևէ չլսած ու չընթերցած Ինտրային բնութագրելով, պիտի ասեր հետո նրա հոգեղբայր, հեռավոր Դրոգոբիչում ծնված ամենաինքնեկ հայտնի-անհայտներից մեկը՝ Բրունո Շուլցը իր 1936 թվականին արարված հատվածական գրություններից մեկում, որ անվանել իրը՝ կնշանակի կապել այն համընդհանուր իմաստին, և հետո, փոքր-ինչ առաջ գնալով, պիտի նկատեր նաև, որ նախասկզբնական բառը ստվերի պես հածում էր աշխարհի իմաստի վրա, և մեծ, համընդհանուր ամբողջություն էր: Այժմյան գործածության մեջ բառը միայն բեկոր է, ինչ-որ հինավուրց, համընդգրկուն, միասնական առասպելաբանության մնացուկ: Այստեղից էլ նրա ձգտումն առ վերականգնում, մինչև նախնական իմաստի լիալրումը: Բառն ապրում է այն բանով, որ հազարավոր թելերով պրկվում է մեկում, հանց առասպելական վիշապի հատված մարմինը, որի մասերը միմյանց են փնտրում համաշխարհային գիշերվա մեջ:

Առտնին միապաղաղության մեջ մենք շատ հաճախ մոռանում ենք առասպելական ժամանակի մասին /հիշենք «Սասունցի Դավիթ»  էպոսի բյուրավոր «պարականոն» պատումներից մեկում հայտնված,  Ագռավաքարում տարիներով կորած աղջկա զարմացական պատասխանը համերկրացիների հարցին. «Ես հենց նոր գնացի ու եկա»:

Աստվածների մոտ ժամանակն այլ է…

Ինտրա վերանվանյալ Տիրան Չրաքյանը դա գիտեր: Գիտեր նաև վերը հիշատակած իր հոգեղբայրը, որ ասում էր. «Բանաստեղծությունը բառերի միջև եղած կարճ միացումն է, նախնադարյան ակնթարթային համբարձումը»: Եվ գիտեին նաև, որ «Տիեզերքի առասպելարարումը դեռես լրման չի հասել»:

Եվ մինչ Սկյուտարում 1875 թվականին ծնված Տիրան Չրաքյանը անցկացնում էր իր մանկության տարիները նոճիների ստվերամած հոծության մեջ, նոճիների, որոնք հիշատակելով, այժմ, գուցե թե, ամենահայտնի-անհայտներից մեկն ասում էր.«Չրաքեանը իր գոյացման ձեւը տեսնում է նոճիի դասական կառուցուածքի մէջ, իր եսը որոնում է խոնարհ բոյսերի անմիջական ճարտարապետութեան մէջ, իր էութեանը խորհուրդը ալիքների վրայ թառած ճառագայթների  մոտ», կլանելով իր մեջ բոլոր դյուրաբեկ թրթիռներն ու բեկբեկումները, որ մթին հայելում արտացոլված արևաշողի նման պիտի կենսավետեին նրա տպավորապաշտ ոգին, մինչ Տիրանը տվայտում էր Ռետթեոս Պերպերյանի և իր պարտեզում տնկված նոճիի /որ ըստ Տենի ամենամտավորական ծառն էր/ «մեծապայծառ իմացականության» և Եղիա Տեմիրճիպաշյանի՝ ինքնասպան «Շանթահարված նոճիի» անդրանցական վայրիվերումների միջև, մինչ նա փթթեցնում էր իր մեջ Սկյուտարի խորհուրդը՝ վերասլաց երկնքի հետ խոսող «նոճին, աստղը, բլուրը և ծովը շղարշող վերջալոյսը», մինչ նա տեղից տեղ անցնելով ուսուցչություն էր անում տարբեր վարժարաններում տարատեսակ առարկաներ դասավանդելով՝ քաղաքակրթության պատմություն, շարադրություն, ֆրանսերեն, ֆրանսիական գրականություն, դրանց շնորհիվ լինելով նաև, ինչպես ինքն էր վկայում  «հոգեբանության, գեղագիտության և բարոյականի ուսուցիչը», մինչ նա  «թափառական ֆաքիրի մը պէս» աշխարհներ էր չափում՝ Եվրոպա, Ասիա և Աֆրիկա, հայացքն ու հոգին լցնելով բուրգերով, սֆինքսներով, քողածածկ կանանցով, տարաշխարհիկ բույսերով, տարակերպ զգայնություններով ու Սորբոնի ուսումնառությամբ, մինչ 1899 թվականի փետրվարին չորս տարվա սիրահարությունից հետո Վերժին Պեյազյանի հետ նշանվելը, ով «Ներաշխարհում» հայտնվում է Իռենա անվամբ՝ դառնալով նրա մուսան և իրականն ու անիրականը շաղկապող այն լուսածիր աստղը, որ հար շողշողում է «Ներաշխարհի» մթին, խորունկ, բայց և լուսավետ ջրերում, մինչ այս ամենը և մինչև Տիրան Չրաքյանի ոգեհարցության ու շաբաթապահ քարոզչության ծանծաղուտները հասնելը և աքսորի ճանապարհը բռնելն ու շղթայակապ քշվելով Անատոլիայի խորքերը տարվելը, ՙիր դիակը կոխկտուած ունենալու համար թուրքին մոյկերովը», մինչ Սլիվանի կամրջի աջ եզրին ծվատված ու մերկ թաղվելը, մինչ այս ամենն ու դրանից շատուշատ հետո Տիրան Չրաքյանը «Ներաշխարհի» իր իսկ անդրանցական վերտառությամբ ապրում է Ինտրայի մեջ, Վահագն Վիշապաքաղի ու կայծակող Ինդրայի նման շարունակելով իր բնազանցական որսորդությունը:

Ինչպես արդեն նրբորեն նկատվել է, ՙԱնդրատառն այսպես է զանցում մարդկային չափը, ան-մարդկային է, որովհետև չափազանց է՚, և այդ պատճառով էլ, Ինդրայի նման, կարողանում է պատռել կուտակ-կուտակ ծանրացած թանձր մութը, ազատագրելով բանտարկյալ երկնային կովերին՝ ամպերը, ու կթում է դրանց կենսավետ կաթը, երկնքի ծանրությունը թոթափելով ու երկիրը ծաղկեցնելով…

 

Ինտրան և զոհաբերությունը

Ծառը կարող է վերածվել միայն ծաղկող հրի, մարդը՝ խոսող, կենդանին՝ հածող:

Նովալիս

 

Բոլոր սրբազան գրերն իրենց մեջ կրում են զոհաբերության խորհուրդը, որը և միաժամանակ փոխակերպության տոն է: Եվ սա է Նարեկացու «Մատյան Ողբերգություն» աղոթամատյանի և Ինտրայի «Ներաշխարհի» թաքուցյալ ընդհանրության ամենակարեւոր զսպանակներից մեկը, այլ ոչ թե զուտ բառային արտաքնացված համահնչունություններն ու նմանությունները, ինչը բազմիցս շեշտել են գրականագետները: Երբ բառի մեջ մեր աչքի առաջ ծնվում է աստվածայինն ու աստվածային ժամանակը, ապա խոսքանցումն առ Բանը շատ հաճախ աննշմար է լինում, ինչպես ծիածանի հայտնությունը երկնքում, և միայն այդժամ է պտղաբերում մեր ամենագաղտուկ իղձերի ու ցանկությունների հուրհրատող Խաչելության Ծառը, իր ճյուղերից կախ լաթի կտորները վերածելով, Եղիայի ասած, բառ-զգայնիկների…

Ինչպես ասվում է հնամենի ավանդույթով Ինդրային վերագրվող «Ռիգվեդային» նվիրված ուսումնասիրություններից մեկում, երբ երգասացությունը չի վերածվում աստվածության, մնում է երգ, և այն կոչվում է Սաման, այդպիսի երգերի ժողովածուն կոչվում է Սամավեդա, երբ զոհաբերական Յաջուս բնորոշումը ուղեկցում է զոհին, այդ զոհաբերական սահմանումը բնավ էլ զոհի չի վերածվում, և այդպիսի սահմանումների ժողովածուն կոչվում է Յաջուրվեդա: Ի տարբերություն դրանց, կա մի բառ, որը ոչ խոսք է, ոչ երգ և ոչ էլ բացատրություն, այլ ճառագայթ, փայլ, շողանք, այդ բառն է Ռիգ-ը, նաև իր սրբազան հիմներգություն, բանաստեղծություն երկրորդ իմաստով: Այդ բառն իսկ զոհ է և ինքն իր լուսաբանումը, և այդպիսի բառերի ժողովածուն կոչվում է Ռիգվեդա:

Եվ այս լույսի ներքո բնավ էլ պատահական չէ Տիրան Չրաքյանի Ինտրա անդրատառությունն ու անդրանցումը, և «Ներաշխարհ» երկն էլ ընկալելի է լոկ իր զոհաբերական, անբացատրելի ինքնաշողանքով կամ ներքնափայլով:

Ահա դարձյալ գարնանային պայծառ մի օր, պատշգամբում արևի շողերով ջերմացած, բացում եմ «Ներաշխարհի» պատահած էջերից մեկն ու կարդում.

«Դարձեալ ճառագայթը, օ՛ն, օ՛ն, աւելի շատ, աւելի պայծառ: Իրերը ի՛նչպես կլուսաւորուին, ի՛նչ խեղճուկ երանութեամբ, մարդերը ի՛նչպես կը կանաչնան: Ո՛րքան պիտի զուարթանամ, ուրախ պիտի ըլլամ հիմա, եթէ նորէն չկորսուի աս լոյսը»:

 

Ինտրան և լույսը

Ան ամենուն զինքը կուտա, ամենուն,

Կը բաժնըվի, եւ կը մընա անբաժան…

Դանիել Վարուժան

Եթե մտովի պատկերացնենք հայոց մեջ «Անմատույց Լույսին»  նվիրված մի Ծաղկաքաղ՝ Վահագնի ծնունդից մինչև մեր օրերը, ապա դրա մեջ զգալի տեղ կգրավի Ինտրայի «Ներաշխարհը», որ ինքնին լուսերգություն է, որ շողում է ինքնիրմով, և որն իր մթին սահանկումներով, մռայլամածություններով ու տագնապներով ավելի է շեշտում իր մեջ ներփակված շլացուցիչ լույսը, որն այսօր ոչ միայն չի նկատվում, այլև ասես շարունակությունն է վերը մեջբերված հատվածի, որ ահա շարունակում ենք կարդալ.

«Ինչ պարզմտութիւն, ահաւասիկ ճառագայթը կը խաւարի, կը խուսափի, անհուն անգթութեան կը թողու զիս նորէն: Աստուած իմ, պիտի տեւէ՞ այս ամպամածութիւնը: Աշխարհքին արտաշնչութեան այս մոխրային, այս տղմային թանձրացումը պիտի շարունակէ՞ լուսապայծառ երկինքին տեղը բռնել, ա՛հ, ինչպես աշխարհքը արժանի է իր ստեղծած այս մռայլ երկինքին»:

Ինչ տխուր են այս տողերը հիմա, երբ ամեն ինչ, չնայած գարնանային, արևոտ այս օրվա պայծառությանը կամ գուցե հենց այդ պատճառով, ասես, առավել քան խավարել ու վերադարձել է իր թշվառությանը, երբ կեղծապատիր -կուրացնող լույսի շողանքները մեզանից թաքցնում են վերուվարող «Անմատույց Լույսի» ճառագայթները, որ մարում են որբ մանուկների երազների նման…

Եվ այժմ, հայացքս հառելով պատշգամբի պատուհանից դուրս, վիթխարի թթենու տերևների մեջ ճնճղուկների պես պահվտող արևաշողերին, իսկ հետո առտնին հոգսերի տակ կքած կախուս ու շվարած հատուկենտ անցորդներին, ավտոտնակների արանքում տխուր ու մոլորուն կանգնած երեխաներին ու նրանց շուրջը բոլորած անճոռնի շենքերին ու խայտաբղետ բակերին, հայացքս փախցնում ու նորիցնոր սկսում եմ կարդալ «Ներաշխարհի» լուսաշող էջերը, քանզի, անկախ ամեն ինչից, լույսը փարատվում է միայն լույսով, որքան էլ տղմային թանձրացումը ջանա երկնքի տեղը բռնել…

 

Ինտրան և անեզրությունը

Մարմինն, աւաղ, տխուր է, եւ ես ինչ գիրք չեմ սերտել,

Փախչել, փախչել այլուրեք: Զգում եմ, որ անընտել

Փրփուրի մէջ, երկնքում թռչուններ կան սրարբած:

Ստեֆան Մալարմե

Ինտրայի բառակերտության մեջ իսկ նշմարելի են «հնարավոր նշանակության» անեզրական կարոտը, մարմնի մեջ բանտված ներաշխարհի ցոլացումները Տիեզերքի Գրքի էջերի վրա, որ այնքան խուսափուկ, անորսալի ու անհատնելի են, որքան ուռկանից դուրս պրծնող ձկները ծովածավալ ու հարափոփոխ անսահմանության մեջ: Նա, ով մահանում է գրի մեջ, ինչպես սերմը հողում, գուցե կենդանանում է այդ Գրքի էջերից մեկում՝ մնալով անկատար ու անավարտ, բայց և կրելով իր մեջ կատարելության այն անեզրական տենչը, որ հար ու անհատնում ծավալվում է սերմի մահից շատուշատ հետո, և ինչը Մանդելշտամին դրդում էր ասելո՝  «Ես գրում եմ արդեն վաղը», և ինչը Ինտրային ստիպում էր շշնջալու՝ «Ինչո՞ւ կը հալածէ զիս: Անորոշ, անասելի զգայութիւններ, յաւիտենական բաներու խուլ հեռազգայութիւններ կ`ելլեն ներսերէս, ճշմարտութեան դէմ մարմնաւորութեամբ թանձրափակուող խղճին ամենէն թշուառ որջերէն հծծուած: Ինչո՞ւ կը հալածէ զիս, ո՛վ Քրիստոս, կատարելութեանց մղձաւանջը: Միթե ե°ս սպանեցի քեզի»:

Իր մեջ Բան կրող ստեղծագործությունը ոչ թե պարզապես մոտենում է անմատչելիին՝ խորացնելով ու տրոփեցնելով այն, ուր  իրականանում է հուրը նետվող թռչնի զոհաբերմամբ, որ մղվում է «դեպի ակունքը լույսի»՝ ի դերև բերելով գոյը այն բացասող ազատության մեջ, այլ նաև ըմբռնում է տրտմաթաքուր հեծքն առ այն, որ վերջնակետն այստեղ, իրավամբ, անհասանելի է:

Եվ այստեղ է, որ ծլարձակում է հնարավոր իմաստի Սիրո Համասփյուռ Ծաղիկը, որ ապարդյուն փորձում է համրել քամու բերանն ընկած իր թերթիկները:

«Ներաշխարհը» իր հղացքով շատ հոգեհարազատ է, այդպես էլ չիրականացրած ու իր անսահմանությամբ գրից խուսափող «Գրքին» Մալարմեի, որ իր մեջ պիտի ընկլուզեր բոլոր այն գրքերը, որոնք իրենց մեջ պարունակում են մի կետ /ինչպես մատնանշում էր Մորիս Բլանշոն «Մալարմեի փորձը» խոհագրության մեջ/, որտեղից այդ գրքերն արդեն չեն ենթարկվում ոչ տեսանելիության տատանումներին, ոչ էլ տեսածիրի շարժմանը: Մենք դրանք, անշուշտ, տեսնում ենք արդեն չամփոփված, այլ ամփոփվածությունից կորզված՝ հենց տարածության մեջ տարածությանն իշխողներ, այն փոխարինելով և կամ վերափոխելով՝ դրանց ներհատուկ անշոշափ, անգո խորությամբ:

Վերոնշյալ խոհագրության մեջ անդրադառնալով Ջակոմետիի քանդակներին, քանի որ, ի վերջո, ոչինչ ինքնիրմով չի մեկնվում, ասում էր, որ այն կետը, ուրկից մենք տեսնում ենք դրանք չմիավորված, հենց այն է, որ մեզ տեղադրում է անսահմանության, անեզրության մեջ, և դա այն կետն է, ուր «ահա այստեղը» համընկնում է «ոչ մի տեղին»: Գրել նշանակում է գտնել այդ կետը, և ոչ մի ճշմարիտ գրող, ի վերջո, չի գրում, լեզուն չդարձնելով պիտանի այն բանին, որպեսզի պահպանի կամ ստեղծի կապն այդ կետի հետ:

Եվ  «Ներաշխարհի»  անպարագրելիության և ուրեմն անավարտության, ինչպես նաև հատվածական գրի մեջ /ինչի համար բազմիցս մեղադրում էին նրան, և ինչի մեջ հաճախ պարսավում էր Ինտրային և իր «Ներաշխարհը» նաև Տիրան Չրաքյանն իր ինքնադատության մեջ/ անվերջորեն առկա է կապն այդ կետի հետ, ուրկից ծավալվում է անեզրությունը:

Անդին 5, 2014

Կարծիքներ

կարծիք