Լույսի տակ Աննա Ավետիսյանն է

Ես լույսի տակ

Նույնն եմ, ինչ նրա ալիքից դուրս… Թաքնվելու վախեր չկան։ Նույնիսկ լույսի տակ ես գտել եմ ստվերիս հետ հաշտ ապրելու և ներդաշնակ լինելու բանալին։

 

Մարդը բեմ է…

Որտեղ պոռթկում են ամենաքաոսային կոնֆլիկտները, վերաձևավորվում են չասված երկխոսությունները, փոթորկվում են անպատասխան մոնոլոգները, կնքվում են երջանիկ ու մահաբեր վերջաբանները, գծագրվում են ամենաանհավանական միզանսցենները, որտեղ պայմանական են ժամանակն ու տարածությունը, որտեղ պատից կախված հրացանն անպայման կրակում է։

 

Թատրոն որպես վերացող արվեստ, թե՞․․․

Թատրոն — իր չգնահատված լինելու մեջ մրցակիցը չունեցող ու անտեսված լինելու մեջ երբևէ չգերազանցված արվեստ։

 

Ժամանակակից արվեստի առարկայական խնդիրները…

Արվեստը ծնվում է մարդուց և մարդու համար։ Բոլոր առարկայական խնդիրներն անհեթեթ են դառնում, եթե արարողն իր ստեղծածով նպատակ չունի լուսավորելու, բարձրացնելու և վերափոխելու նրան, ում համար ինքն արարում է։

 

Երբ հանդիպում են կինոն, գրականությունը և դերասանը…

Վաղո՜ւց նրանք չեն հանդիպել:

 

Եթե տիեզերք նետել կոշիկը…

Ես կոշիկի փոխարեն տիեզերք կնետեմ ճանապարհներում անկոշիկ անցած ոտքերիս հոգնությունն ու բեռը, որ ժառանգեմ խոստացված խաղաղությունս։

 

Միակ ծովահենը…

Ում տաք տանիքը հազիվ է նշմարվում հազարավոր կտուրներից այն կողմ, ում երազները գտնում են իրենց հասցեները ցամաքում, այլ՝ ոչ ջրերում, ով նույնիսկ քամու ու փոթորկի հետ կռիվ տալու ժամանակ աչքը ափին է ձգում և ոչ ծովի գանձերին։ Անհանգիստ ջրերի այդ միակ ճանապարհորդը, ով վերադարձ ունի և ում սպասում են, հայրս է՝ ծով չսիրող ծովահենը։

 

Աստծո պոեզիան…

չես գնի գրախանութներում:

 

Երևանը համավարակի պատուհանից…

Երևանը չչափվող անսահմանություն է, համավարակն՝ ընդամենը պատուհան։ Քաղաքիս չես զարմացնի փակված բերաններով. նա կխոսի քեզ հետ երբ կամենա. նրա շուրթերը լռեցնող չկա։ Մի օր մենք կփակենք բոլոր անհաճ ու նեղ պատուհանները, կգժվենք նրա ամենատաք գրկում և անհագ կշնչենք նրա անեզրությունը։

 

 

 

Զրուցեց Հաս Չախալյանը

 

 

Կարծիքներ

կարծիք