Пластիրin

1841թ․ Էդգար Ալլան Պոն, ով երբեք չէր եղել Փարիզում, հնարեց այնտեղ փողոց՝ Մորգ անունով, որտեղ մեռցրեց երկու հոգու և ինքն էլ բացահայտեց հանցագործությունը։ Դա համարվեց դետեկտիվ ժանրի առաջին ստեղծագործությունը, որը փոխեց գրականության պատմությունը։  Պոյի վերլուծական ոճաձևը կիրառեցին դետեկտիվի այնպիսի ավանդական հերոսներ, ինչպիսիք են  Շերլոք Հոլմսը և Էրքյուլ Պուարոն։ Խառնվածքը դարձավ Կլիշե։ 1832 թվականին պատմությունն էկրանավորվեց, սակայն սյուժեն ուրիշ էր և հերոսական։ Տղան փրկեց աղջկան՝ սպանելով Օրանգուտանին, որն էլ իր հերթին հիմք հանդիսացավ «Քինգ Քոնգ» ֆիլմի ստեղծման համար։ 1965 թվականին Բոբ Դիլանն իր “Just Like Tom Thumb’s Blues” երգում մատնանշեց Մորգ փողոցը, իսկ դրանից հինգ տարի առաջ, 1960 թ․ Buddy Morrow-ն իր ջազ նվագախմբի հետ, Պոյի գործերի հիման վրա ձայնագրեցին ալբոմ, որի «Սպանություն Մորգ փողոցում» կատարումը մենք լսում ենք հիմա, Ծերեթելիում՝ իմ վարձով տանը։

 

Մաս 1

27 հունիսի 2018 թվական

 

― Ասենք ի՞նչի ա էս շունը ժամերով, անշարժ նայում դիվանին։

― Վերջին մի տարին դրանով է զբաղված։

― Չիպոոոոոո՜՜՜՜՜՜

― Ինչքան ուզում ես գոռա, տանձին չէ, ինքն անսահմանություն է գտել։

― Պլատոոոոո՜՜՜՜՜ն

―  Լրի՜վ․․․․․ մի օր բարձրացրի դիվանին։ Հետո ընկերներով սկսեցինք հաց ուտել։ Իր բարձր դիրքից նայեց, նայեց ու սկսեց անանիզմով զբաղվել։ Ցինիկ լակոտ է։

― Տասը տարի եղա՞վ ինչ պահում ես։

― Տասներեք։

― Սպասի երգը փոխեմ։ Էսօր Fugees-ի օրն ա, ―Fusees “Fu-Gee-La”,―Պատկերացրու էսքան տարի հետո որոշես Չիպոյին ազատություն շնորհել։ Բաց թողնես։ Գնա։

― Հա՞ չէ․․․ հետո ժամանակ անցնի, Պրոսպեկտի վրա, հանկարծ, հեռվից նկատենք իրար` ինքը ուրիշ շների հետ, ես նույն մարդկանց․․․ անխոս նայենք մեկս մյուսին,  ու էդ լռության մեջ ինչ պետք է հասկանանք և առանց հետ նայել՝ ճախրենք մեր անհատական ուղիներով․․․

HA HA HA A boy on the side of Babylon

― Ո՞նց կարելի ա 365 օր նույն բանը անել։

― Արի մինչև պրիպևը թվենք, թե ուրիշ ինչ կարելի է անել։

― Դավայ։

― Կարելի ա արթնանալ անհավանականության զգացումով ու նայել բանանին։

― Կարելի է ի վերջո ընդունել, որ բանանն ուղղակի միրգ է։

― Կարելի ա ջուրն էնքան սիրել, որ չխորտակի քեզ։

― Կարելի էր էն ժամանակ երաժշտություն միացնել։ Ու չէին բաժանվի։ Ու աշտարակը կհասներ երկինք։

― Այ, Այ, թու՜յն, շատ լավն էր, է՜։ Երբ սպանություն գործեմ, կամ գողություն՝ միակը կլինես, ով կիմանա։

― Կարել է անկեղծ լինել։

― Իսկապես։

― Նրբին ու կտրուկ։

― 365 օր 36500 ակորդ հիշողությամբ։ Ըստ Չիպոյի․․․

― Կարելի է քանդել ու հավաքել,

― քանդե՜լ․․․․

― հավաքել ու նորից քանդել։

Oooh La La La,

It’s the way that we rock when we’re doing our thang

Oooh La La La

Մտապատկերը նկատում է սեղանին դրված դինամիկը, հետո Չիպոյին, որը նայում է իր գույնի բազմոցին։ Մտապատկերն աչքի է անցկացնում Մուլեն Ռուշի նկարը, նվագարկիչը, ձայներիզները, կիթառն ու նայում բաց պատուհանին . “Торговый центр CiԵրևանty”:

Մտապատկերը դուրս է գալիս պատուհանից՝ թիկունքում թողնելով մեր ծիծաղն ու ինքնաբեր միացած երգը՝ Շադե  “Smooth Operator”։ Քաղաք Երևան։ Քաղաք, որը ջազ է լսում, բայց լավագույն դեպքում ապրում է փոփ, վատագույն դեպքում՝ մոդեռն հուզմունք։ Ցերեկ է։ Մտապատկերն անշտապ թռչում է Բագրատունյաց փողոցով` ի վեր դեպի հրապարակ։ Ցերեկ է։ Մարմնավաճառները՝ բարձրագլուխ, նստած են մեքենաներում։ Շաուրմա պատվիրող ջահելը թաքթաՔուր երազում է, որ նրանք նախկինը լինեն։ Չարենցինը։ Երևանը լսում է ջազ, սակայն կենաց է ապրում, տակտի փոխարեն խորհրդավոր են զրույցները բոզերի մասին։

Շաուրմա ուտող տղան ուզում է «Ավինյոնի աղջիկներին» ու երազում է տանը խաբել, որ աշխատում է պահակ գիշերային։ Երևանը ջազ է լսում, բայց առաջաԴԵՄին շփոթում է օտարամոլի հետ։ Մտապատկերը հասավ հրապարակ, ուր Նժդեհն իրեն չի ճանաչում։ Բայց Սպանդարյանին զրկել է տարածությունից։ Այո սա ջազ է, անհեթհեթ, բայց ճշմարիտ։ Ճշմարտություն, որն ապրում է ինքնուրույն։ Շաուրմայով տղան վերջացրեց իր շաուրման Երևան CIty-ի մոտ, իսկ մտապատկերը հասավ Айреник։ Ճշմարտություն, ինչը պարտավոր չես հասկանալ, այդ նա է քեզ հասկանում։

Քաղաքում ջազ են նվագում։ Երևանը շաբաթվա ամեն օրվա համար հատուկ ջազմեն ունի, և Ջազվեներով կանանց և ոսկեպատ քառակուսիներ, որոնք ծանոթ չեն սևի հոմանիշներին։ Մտապատկերը նայում է ներքև։ Կանգառ։ Մարդ։ Մարդ։ Մարդ։ Կոֆե։ Կոֆե։ Կոֆե։  «Արտիստ»։ Օղի։ Կոֆեի մեջ ջուր չկա․ կոկորդները դառնում են լեղի։ Մտապատկերն անցնում է թթու դեմքերի կողքով ու տեսնում քառակի ծայրահեղություններ՝ չափազանց սեր ու չափազանց ատելություն, հայհոյանք և ուշադրություն։ Կանգառում դեռ վաղուց էին կանխորոշել, որ արտիստները պիտի տվայտվեն և օղիով դեմքեր լվանան, կանայք էլ պարզեն իրենց սրտի ԳԵՂագետներին։

Եկավ 44 համարի կապույտ ավտոբուսը։ Մարդիկ ներս մտան սուրճով լցված։ «Արտիստը» օղիով քայլեց դեպի Արշակունյաց։ Երևանյան ավտոբուսում կար տասնհինգ ականջակալ։ Ջազ էին լսում միայն երկու հոգի։

Տղան մարսում էր շաուրման մեջքով դեպի  “торговый центр City”-ին, ու հանկարծ, նայեց վերև՝ Ծերեթելիի իմ վարձով տան պատուհանին, որտեղ մենք շատ բարձր լսում էինք Dire Strates “Sultans of Swing”: Ես ցույց եմ տալիս նրան մեքենաներում նստած հովազակաշվով կանանց։ Գոռում եմ ու զրկում նրան տարածությունից․

― էս կանայք իրենց ինքնուրույն ջազն ունեն, ապեր։

Ու 3D հետույքներ։ Դեռ չգիտեն, որ արվեստի գործ են։ Համարյա չեն տարբերվում Ավինյոնի աղջիկներից։

Բայց Դու լավ կանես հետևես մտապատկերին, (հասնում է կրկես)։

Սուտինյորն էլ պապադ է, լակոտ։

Երևանը ջազ է լսում՝ չմոռանալով ֆուտուրիզմը, բայց տրամաբանորեն չի տարբերում արքետիպը կարծրատիպից։

Տրամաբանում է ու չի տարբերում

մերօրյան ու ժամանակակիցը

Հայաստանն ու աշխարհը

ծնողին ու ապագան

գենետիկան ու ներկան

որովհետև ժամանակ չունի։

«Արտիստը» օղու շիշը պարզել է Արշակունյաց փողոցին ու նայում է քաղաքին օղու ֆոկուսով։ Հուզվում է անհիմն,  ուրախանում անբնական, ջազ քաղաքն առել ու խեղդում է շշի մեջ։

ԱՆասուուուոււուուուուուուուն

Մտապատկերը հասավ կրկես։ Կրկեսի կտուրին կա ծխնելույզ, որից ծուխ է դուրս գալիս ու Շեփոր-բարձրախոս, որից լսվեց խռպոտ հազ և ձայնը հավաքելու փորձեր։ Խոսեց ներսում նստած ինչ-որ մեկի ձայնը․

― Հարգելի՛ համաքաղաքացիներ, կրկեսը սիրով տեղեկացնում է, որ մեծացրել է իր դիապազոնը և հայտնվել է բոլորիդ ձեռքերում։ Խա-խ խա-խա-խա-խա։

Շինության երեսին սկսում են իրար հաջորդել գովազդային հայտարարությունները։

 

Դու չես կարողանում ծախել քո մտքերը, քեզ հիշելու են միայն մահից հետո։ «Ստալինյան գրասենյակ» ավիաընկերությունը գեղստեղծագործությունների հրապարակային կատարողներին տեղեկացնում է, որ վերաբացվել են նոր, միակողմանի չվերթները դեպի Սիբիր։

 

«Լավ է կույր աչքով, քան կույր մտքով» Ակնաբուժական կենտրոնը առաջարկում է մտքի թերապիայի աննախադեպ ծառայություններ։

 

Կրկեսի գովազդային դեմքը փակվում է։ Խավար։ Սևերես։ Շեփոր-բարձրախոսից սկսում է հնչել Glenn Miller “Moonlight Serenade”։ Մտապատկերը նայում է կտուրին, որտեղ կանգնած էր ինչ-որ ցերեկային լուսնոտ, հավանաբար հին Օռլեանից։ Կերպարը չի երևում, ուրվապատկեր է, բայց ձեռքում լապտեր կա, որից լույսի փոխարեն արձակվում է խավար։ Մտապատկերը նայում է «Գրիգոր Լուսավորիչ» փողոցի երկայնքով։ Լապտերից բաց թողնված խավարը կիսում է փողոցի հորիզոնական պատկերը։ Խավարագծի մեջ հայտնվում է մանրիկ երաժշտական գործիքներով տողագրված նախադասություն։

 

Երևակայությունն արագ է բոլոր միջոցներից։

 

Հոգևոր երաժշտությունը դիմում է Աստծուն, բլյուզը դիմում է մարդուն, ջազը անդրադառնում է բոլորին: Ջազ ապրողները լուռ են, ի վերջո՝ ուրախ, քանի որ տխրել են բլյուզից և հասկացել՝ շարունակելն անիմաստ է։ Ջազն ապրում են իմաստունները, ովքեր պատի առջև անկյունադարձ են գտնում, կենացներով էլ լուռ են, իսկ ոճով՝ ուրախ։ Մեր Երևանը ջազի ու դասականի հիբրիտն էր։ Մենք նայում էինք Երևանին, ինչպես նախկինում երևացել էր Նյու Յորքը։ Պոյի նման, ով չէր եղել Փարիզում։ Մենք չենք եղել Փարիզում, բայց պատկերացնում էինք հետևանքը, որ եթե մի օր աշխարհը դադարի նայել Փարիզին, իբրև Փարիզ, այդ օրն արվեստին կզրկեն մոդայից։ Ու մենք սիրում էինք Երևանը Փարիզի նման, դու՝ որպես տուրիստ։ Ես տեսնում էի մեծ կրկես՝ գունային բաղադրություն, որը սև ու սպիտակ չեմ կարող պատկերել։ Մեր Երևանը Playlist էր, որը հնարավորություն ունի արտահայտելու արվեստի բոլոր ժանրերը և իր  դուրեկան անկատարությամբ կստիպի ստեղծել

հավաքել ու քանդել

քանդել ու հավաքել

քան․․

 

Տո՛ւկ-տո՛ւկ-տո՛ւկ

 

Ծեծում են կրկեսի դուռը։

 

 

 

Շարունակելի

 Նվիրվում է Ա․ Մուրադյանին։

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք