Սլոն

Սլոն մեր գյուղի որբն էր: Ծնողները վաղուց էին մահացել, կարծեմ՝ ավտովթարից: Սլոն ազգականներ չուներ, կամ գուցե ուներ, բայց նրանք ձուլվել էին գյուղի անդեմ գթասրտությանը ու բոլորի հետ հավասարապես խնամում էին տղային: Գյուղի կանայք տան ավել պատառը Սլոյին էին տալիս ու երեխաների հնացած շորերը: Սիրտը փափկած ժամանակ նաև շոր ու կոշիկ էին առնում Սլոյի համար ու ավել պատառից բացի՝ պաղպաղակ, թխվածք ու մուրաբա էին տալիս, որ Սլոն ուտում էր ճաշի գդալով ու հաճույքից հալչելով: Սլոյին երբեմն նաև փող էի տալիս: Փողը գթասրտության սահմաններում չէր տեղավորվում, ու Սլոյի հետ գին էին խոսում:

— Էսքան փայտը քանիսով կջարդե՞ս:

-Ինչ կտաս, տուր:

Հաստատ գիտեին, որ Սլոն ասելու է՝ ինչ կտաս, տուր, բայց որպես բարեխիղճ գործատու, հարցնում էին՝ քանիսո՞վ…

Ես վախենում էի Սլոյից: Սլոն հազիվ 14-15 տարեկան լիներ, բայց ես շատ փոքր էի այդ ժամանակ, ու Սլոն ինձ թվում էր խոշոր ու ահարկու՝ կորամեջք, կոստյումը՝ վրան մեծ, երկար ձեռքերը՝ անկանոն կախված (ասես մի կերպ կցմցած լինեին լայն ու վտիտ ուսերին ), հայացքը՝ վախեցած, բռի մեջ՝ քար… Սլոյի բռի մեջ միշտ քար կար: Սլոն քայլում էր մայթի եզրով, բռի մեջ՝ քար, գլուխը՝ կախ… ու անընդհատ հետ էր նայում, ասես՝ ինչ-որ հետապնդումից փախչելով: Երբ խոսում էիր հետը, քարով բռունցքը սեղմում էր կրծքին, ամեն պահի պատրաստ քարը վրադ նետելու: Գյուղի 10-12 տարեկան հրոսակախումբը հանգիստ չէր տալիս Սլոյին, օր չկար, որ մի օյին չբերեին նրա գլխին: Գորտ էին գցում գրպանը, տակը ասեղ էին դնում, թաքուն կտրում էին մեջքին թափված բաց շիկավուն գանգուրները: Սլոն վեր էր թռչում, վախեցած, անփայլ աչքերով տենդագին փնտրում հերթական հակառակորդին ու չգտնելով՝ բռի քարը նետում էր հավաքվածների վրա և հետ-հետ նայելով՝ վազում դեպի իր փոքրիկ, հողաշեն տնակը: Բայց Սլոն չէր խրատվում: Երևի տղան մենակություն չէր սիրում: Ու հաճախ գալիս, միանում էր գյուղամիջում խռնված մարդկանց: Նստում էր մի անկյունում ու հայացքը մեկից մյուսին փոխանցելով՝ լսում նրանց անվերջանալի զրույցները՝ թանկացումներից մինչև Քենեդու սպանությունը… Ես տեսել եմ, թե ինչպես է Սլոն ծիծաղում: Երբ Սլոյի հոգու հետ խաղալուց հոգնած մարդկանց սիրտը նորություն էր ուզում ու սկսում էին իրար հետ կատակներ անել, Սլոն ծիծաղում էր` սպիտակ ատամները բացած, ուսերը շարժելով, բայց նույնիսկ ծիծաղելիս քարը բռան մեջ էր պահում:

…Աշնան պայծառ օր էր: Ցրտերն ընկել էին, արևի տաքությունը հաճելի էր ու մարդկանց քաշել, հանել էր տներից, հավաքել գյուղամիջում՝ Հայրենական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի մոտ: Մայրս գյուղի մշակույթի տան տնօրենն էր, ու նրա աշխատասենյակի լուսամուտը ուղիղ նայում էր հուշարձանին: Ես լուսամուտի մոտ էի այդ ժամանակ: Հանկարծ անսպասելի բան կատարվեց: Մարդիկ, որ հանգիստ նստած էին, սկսեցին այս ու այն կողմ վազել: Հետո ես տեսա՝ Սլոյին. կոստյումը հետևի կողմից այրվում էր: Մարդիկ հռհռոցով, հարայ-հրոցով հանգցրին կրակը: Սլոն այս անգամ ձեռքի քարը չնետեց հրոսակախմբի վրա ու տուն չգնաց: Նստել էր նստարանին ու ձեռքով փորձում էր հարթել կոստյումի վառված հատվածը: Մնացածը ես չեմ տեսել: Մնացածը ամիսներ շարունակ մարդիկ պատմում էին իրար: Հետո սկսեցին չպատմել, որովհետև բոլորը անգիր գիտեին կատարվածը: Ուրեմն՝ Սլոն մի քանի րոպե անշարժ կանգնել էր մայթին, հետո նետվել զառիթափով իջնող բեռնատարի անիվների տակ: Սլոն մահացավ հիվանդանոցում: Ասում են՝ Երբ բժիշկը հանբուրել էր Սլոյի ճակատը, տղան ձեռքի քարը աննկատ դրել էր սեղանին:

 

 

 

Կարծիքներ

կարծիք