Անձրևահոտ

Ամառվա շոգ կեսօր է: Հրեն մեր գյուղը: Իր բաժին երկնքի տակ ծույլ փռված` հորանջում է լեզուն ատամների տակ մի կերպ ծամծմելով… Արևը կծում է: Անխնա խայթում ծոցում տաքացրած, անաղուհաց օձի նման. մեծ ու փոքր, մեր ու մանուկ չի հարցնում անաստվածը… Թռչունները ցածր են թռչում, շեշտակի վերուվար անում, խուճապահար եղած` ցիրուցան լինում ու բարձր կանաչների մեջ կորչում իզուր ու անտեղի արտասանված բառերի նման… էլի անձրև է գալու…

Կապույտ ու անամպ երկնքից հանկարծ անսպասելի, անզուսպ հեղեղ է թափվում` փայլուն, թափանցիկ ճիպոտների նման, բայց չի դաղում, խնդմնդում, չարախնդում է անատամ ու ծեր գյուղի վրա: Երբ արևոտ երկնքից հանկարծակի հեղեղ է թափվում, մեր գյուղում բոլորը միաբերան նույն բանն են ասում.

— Գելը ծնեց…

Արևոտ երկնքից շողարձակող անձրևը երջանկության արցունքների նման է թափվում: Երբ նորածին երեխային դնում են երջանիկ մոր կրծքին, մայրը` մի արևոտ ու ծիծաղկոտ երկինք, ուրախության արցունքի հեղեղ է թափում իր թանկ ու նորածին աշխարհի վրա… Անձրևից հետո օդում թարմ ու ապրեցնող հոտ է տարածվում: Բարուրում նոր ծնված, ժպտացող աշխարհին…

…Իմ մայրը չի զգում թարմ անձրևահոտը: Ինքը սովոր է անձրևահամ գյուղահոտին: Բերանը չի բացել ագահ-անկուշտի նման, քթանցքները չի լայնացրել ինձ պես, որ մաքուր անձրևահոտ լցնի թոքերի մեջ: Լցնի էնքան, որ հերիքի մինչև մյուս անգամ գյուղ գալն ու մյուս անձրևահոտը: Մեծ քաղաքների ասֆալտահոտն իրեն երբեք չի նեղացրել: Թարմ կանաչի անձրևահոտ է եկել միշտ իր կյանքից: Հողի ազնվության հոտ է եկել: Մեծ քաղաքի տոթն ու տապն իրեն երբեք չեն հարկադրել, որ ասի.

-Չեմ հագենում, էս ջուրն ընդամենը ծարավս կոտրեց, չհագեցրեց:

Իմ մայրը երբեք ծարավը չի կոտրել մեծ քաղաքի ջրերով: Հիմա էլ ձեռքերը խաչել է կրծքին, կանգնել ճանապարհի կողքին: Չի զգում, չի տեսնում կոկորդիս մեջ վերվարող բառակույտը, չի լսում, թե ոնց են աղմկում, անկարգ հրմշտում իրար… Որ միտք դառնան, ասելիք դառնան… Սպասում է թուրք առևտրականին, որ մեքենայի ազդանշանի ձայնն այնպես է զլել ու տարածել գյուղով մեկ, կարծես ոչ թե վարունգ ու լոլիկ է բերել վաճառելու, այլ թարմ անձրևահոտ, որի գրկում մի ծերացող ու նորացող գյուղաշխարհ է կարկաչում` կանաչ ու կապույտ ժպիտով…

-Օրու’ջ, տղադ ընդունվե ՞ց բարձրագույն,-մայրս է, թուրք առևտրականին հարցախույզ անում: Թուրքը մաքուր հայերենով պատասխանում է մորս հարցերին. Վրաստանի թուրքերը հայերի հետ շատ են շփվել, լավ գիտեն հայերեն: Խոսում է ու աչքի պոչով տնտղում նորեկիս:

Անտառներում նոր ծնված գայլաձագերի քթերը խուտուտ են գալիս, ու անձրևահոտը երևի ժպիտներ է նկարում նրանց նորելուկ դեմքերին… Անձրևահոտը մի կուշտ մարսելուց հետո ես դեռ պիտի նոր հնձած խոտերի ու մեղուների փեթակների բույրերի մասին գրեմ: Քամիները լավ գիտեն հասցես: Դրա համար էլ դրանք ինձ են հասցնում անսխալ:

…իմ գրած հոտերը միգուցե երբեք էլ գրականություն չդառնան: Մաքուր օդն ու առողջ թթվածինը գրականության մեջ միգուցե անելիք չունեն… Բայց մեր թոքերին հաստատ պետք կգան: Թռչունները ցածր են թռչում: Անձրևահոտը ներծծվում է ու մաքրագործում ներսս: Օտարության մրահոտից կծկված թոքերս սիրամարգի պոչիկների պես բացվում են կրկին:

-Ջա՜ ն…

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք