Մագելան

Հեղինակ:

* * *

Իմ վրա արձակված

նետի առաջ —

ես՝ վազ,

նետը՝ խչմար

մահվան

ատաղձներից։

Ես դեռ պիտի ծաղկե՜մ

տարտարոսից այնկողմ,

դեռ իմ ողկույզները

խնդության հնձաններում

թևակիցնե՜ր պիտի

ճմլեն գիշերցերեկ,

մի պարերգի կարգավ,

ամեն քայլի վրա

անունն իմ երգելով։

Ախ, իմ գինին գրյանք

կարասներում ծփա՜ց,

բայց Երկիրը՝ մեկ է՝

իր գրունտով տարփոտ

արմատներս կըղձա ․․․

Երկնքից աստղերը

մշուշների միջից

ողկույզներիս թափանցիկ

խորքերը կփնտրեն՝

լույսն իրենց նրանց մեջ

ըմբոշխնելու համար ․․․

 

 

 

* * *

Մտնեմ վարդանոց,

գանգրահեր մի վա՜րդ

հաճոյախոսեմ –

ու ալ, բաց սրտից

մեղմիվ առհոսող

հղացումներն իր

գողանամ այսպես

ու տաղադարձեմ ․․․

 

Ախ, տողադարձվե՜մ

ես իր բորբ էջին՝

դեռ լուսանցքներին

կարգին չհասած –

այս ինչքա՜ն է ջինջ

հայացքը վարդի,

որ իր երազը

իմի՜ն լծորդվեց ․․․

 

 

 

 

Մագելան

 

Այն ճաճանչափայլ, ոսկեզօծ դարպասները,

որ բացվեցին շռինդով ու եռանդուն

ծնծղաների և գալարափողերի ժխորի տակ –

այդտեղի՛ց սկիզբ առավ մեր

կայտառ առագաստանավերի նավարկությունը։

Նավարկեցի՜նք մինչև արեգակը միջօրեի

և ապա գնացինք արևի խոնարհման հետ,

իջնելով ավելի ու ավելի դեպի հրվանդանն, ուր․․․

նորի՛ց նույն դարպասները տեսանք, այս անգամ սակայն՝

հանդարտ խաղաղության մեջ ու կապույտ լույսով

վառվող մոմերով հարդարված․․․

Եվ նրանք, ովքեր գիտեին Մագելանին՝

չտարակուսեցին, խորհեցին՝ թե ավարտվեց

կյանքի շուրջերկրյա ճանապարհորդությունը

և խաղա՜ղ իրենց աչքերը գոցեցին ․․․

 

 

 

 

Վաղորդյան  վարդ

 

Առավոտյան շամանդաղին ես պարտեզ մտա։

Վառվում-հուրհրատում էր վարդը,

բուրում-օրորվում էր – ու ես

մոտեցա այն փոքրիկ տղայի պես՝

թե մի քիչ իր բույրը առնեմ։

Ապա ցանկացա ունենա՜լ վարդը, բայց

փշերը չոր էին ու կատաղի

ցցված, ինչպես ․․․ ծեր Ալֆոնս Անդոն,

և մանկամարդ վարդն՝ իրենց

օղակման մեջ զրահախիտ ․․․

Ավա՛ղ ասեմ։

 

 

 

 

 

Սուրբ Նշան վանքի աղբյուրը

 

Միայն

խոնարհն է

խոնարհվում,

խմում։

Կենդանի ջրի

կարկաչը —

ճանաչ,

աղոթքից մամռած

սրտերի փարչում։

Ծնկիր, որ տեսնես

Բյուրեղը՝ խորքում։

Ապա նի՜րհ եղիր

ու մտիր խոր քուն՝

երազոտ, անցավ ․․․

Երկնքով այն ի՜նչ

սուրբ ջրեր անցան

/ կենդանի ջրի

կարկա՜չը

ճանաչ /։

 

 

 

 

* * *

Մի այսպիսի պատկեր

բացվեց հանկարծ, ինչպես

երեխայի ժպիտը

արցունքների միջից –

ասես արևն՝ ամպի

տակից՝ արևմաղին ․․․ —

 

Մենք մի՜շտ մի մեծ ծաղկի

պսակի պես բաց ենք

թիթեռի պես սահուն

իջնող Երանելի

մահվան հրեշտակի համար,

 

որ իջնում իր ժամին,

իր նեկտարն է տանում –

մեր հոգին՝ տառապանքի

սրբությամբ քաղցրացած ․․․

 

 

 

* * *

Պոեզիան արծիվների

փայլակեղեն սնունդն է,

որ բարձրանում է Երկրի

հովիտներից՝ ճիշտ է, բայց

որսվում է խոյընթաց

արծիվների ջանքով։

Պոեզիան արծիվների

փայլակեղեն սնունդն է ․․․

Իսկ այն, ինչ սողում է

ներքևում, գետնի վրա՝

կափկափող արագիլների

կերն է, որ մարսվում է

մի ոտքի վրա կանգնած, կամ

հորինվում ․․․ ոտքի վրա ․․․

 

 

 

 

Անողոք  ընթացքը  օրերի

 

Մի գետ, որ սկիզբ է առնում

անիմանալի մութ ծանծաղուտներից,

հոսում սահանքներով թեթևամիտ,

խփվելով մեկ խնդության ափին

մեկ՝ ցավի անամոք։

Մի քանի քույր սգավոր՝

ուռենիներ լացող,

խոնարհված։ — Մինչև

գետաբերանը Աստծո ․․․

Ողողք, ողողք, ողո՜ղք –

անողոք ընթացքը օրերի ․․․

 

 

 

 

* * *

Հեռավոր մի զանգակատան

պղնձե զանգերն են հուրհրատում

միջօրեի արևի տակ։ Ինչո՞վ է

համակված զանգն իր

երկու ղողանջների արանքում ․․․

 

Լռությունը պղնձի մեջ։ Եվ ոսկյա է

Մեծ Լռությունը նաև

անդրանցական թավուտներում խուլ,

ուր ոչ մի խլահավ

չի կարող այն խախտել ․․․

 

Եվ բանաստեղծը հարցնում է ․

«Իսկ ինչո՞վ է համակված սիրտը

տարագիր ՈՒխտավորի՝

իր երկու զարկերի արանքում ․․․ »։

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք