Հին երգ

Հեղինակ:

Մեռած ես դու ու չգիտես,

Որ մարել է լույսն աչքերիդ,

Գունատվել է կարմիրը բերանիդ,

Դու մեռած ես, իմ անկենդա՛ն փոքրիկ:

 

Ամռան մի գիշեր ահասարսուռ

Ես տարա մարմինդ՝ թաղելու,

Եղերերգում էին սոխակները,

Իսկ դիակիդ ուղեկցում աստղերը:

 

Անտառի կողքով անցնող գնացքը

Արձագանքում էր սուգն ու շիվանը,

Եղևնիները՝ տրտմության շղարշով,

Մրմնջում էին մեռյալիդ աղոթքը:

 

Երբ Վայդենզեի կողքով էինք անցնում,

Նայադներն էին շրջանաձև պարում

Ու անշարժացան մեկեն, և թվաց՝

Նայում են մեզ տրտում ու ցավատանջ:

 

Եվ երբ մոտեցանք քո շիրմափոսին,

Լուսինն իսկույն վար իջավ երկնքից,

Ինչ-որ բան շշնջաց: Հեծկլտոց ու հառաչանք,

Իսկ հեռուներում հնչեցին զանգեր թախծաձայն:

 

 

 

***

Սի՛րտ իմ, սի՛րտ իմ, մի՛ վհատվիր,

Ճակատագրի՛դ հնազանդվիր:

Նոր գարունը հետ կբերի,

Ինչ ձմեռն առել է քեզնից:

 

Եվ որքա՜ն է դեռ քեզ մնացել,

Տե՛ս, ինչքա՜ն սիրուն է աշխարհն էլի:

Սի՛րտ իմ, սի՛րտ իմ, ի՞նչ եղավ քեզ կրկին,

Ամենքի՛ն դու կարող ես սիրել:

 

 

 

 

Նամակը, որ գրել ես դու

 

Գրածդ նամակը ինձ

Արդեն չի հուզում այնքան,

Սիրել էլ չես ուզում ինձ,

Բայց երկար է ստացվել այն:

 

Տասներկու էջ՝ մտերմիկ ու սիրաբար:

Կոկիկ ձեռագիր:

Այդքան մանրամասն չեն գրում սակայն

Հրաժեշտ տալիս:

 

 

 

***

Էմմա՛, ասա՛ ինձ անկեղծ,

Ես անմի՞տ եմ սիրո մեջ,

Կամ էլ գուցե խենթության

Հետևանք է սերը հենց:

 

Ավա՜ղ, Էմմա՛ անգին ու թանկ,

Իմ սիրուց խելառ,

Խենթությունից զատ

Տանջում է ինձ երկընտրանքն այս:

 

 

 

Իմ քաղցր սեր

 

Իմ քա՛ղցր սեր, գերեզմանում ես դու՝

Շիրմափոսում լուռ, մթին,

Ես այնտեղ դանդաղ իջնել եմ ուզում

Ու քեզ հետ լինել կրկին:

 

Ես համբուրում եմ, գրկում, սեղմում քեզ ուժգին,

Հանգիստ ես դու, սառը ու գունատ,

Ցնծում եմ ես, դողում, լալիս եմ մեղմագին,

Ուզում եմ քեզ պես լինել դիակ:

 

Մեռելները վեր են կենում, գիշերվա կեսին ձայնում,

Պարում են հանց օդային երամ,

Իսկ մենք իրարից անբաժան մնում ենք շիրմափոսում,

Ինձ գտնում եմ քո գրկում միայն:

 

Մեռելները վեր են ելնում, դատաստանի օրը

Ցավի ու հաճույքի է կանչում նրանց,

Իսկ մենք՝ երկուսս, սակայն միասին ու անխռով

Մնում ենք այդպես գիրկընդխառն պառկած:

 

 

 

 

Թարգմանությունը գերմաներենից՝ Սիրանուշ Փարսադանյանի

 

 

 

Կարծիքներ

կարծիք