Մենիկ

-Լավ, թարմ կալաներ ունեմ: Կալաներ կուզե՞ք:

-Տվեք… Չէ-չե՜… Կալաներ պետք չեն: Մի ավելի զուսպ, աչքի չընկնող բան առաջարկեք: Էնպիսի տեղ եմ գնում, որ չեմ ուզում իմ ծաղկեփնջով աչք ծակել:

-Ո՞ւր եք գնում:

-Հանգուցյալին հյուր: Գերեզմանատուն:

-Վա՜յ, ցավակցում եմ: Բարեկա՞մ մարդ էր:

-Այո՛, բայց…

-Էնքան էլ մոտ բարեկան չէր, հա՞:

-Մայրս ու նա հակոտնյա էին ամբողջ կյանքում. անվերջ վազում էին մեկ-մեկու հետևից ու տեղ չէին հասնում: Մշտապես կեսկատակ-կեսլուրջ կտցահարում էին իրար:

-Բա ինչո՞ւ եք գնում նրա գերեզմանին:

-Դե՜, ընդունված կարգ է: Ինքը ձևացնում էր, թե մեր բարեկամն է, ես էլ ձևացնում եմ, թե հարգում եմ իր հիշատակը:

-Էս փունջը հարմա՞ր է:

-Այո՛, դա կարծես թե հարմար է, տվեք:

Մորս անունը Մելանյա էր, բայց բոլորդ ասում էիք Մենիկ: Շատ հետո ես պիտի սիրեի տարօրինակ թվացող էդ անունը՝ կարդալով դրա արևմտյան տարբերակը «Երեք Դյումա», «Քամուց քշվածները»  գրքերում ու որոշեի մորս անակնկալ մատուցել՝ իմ աղջկան կոչել Մելընի…

Մայրս, որ իմ ամեն ինչն էր, էդպես էլ չազատվեց մենության ճիրաններից: Ամբողջ ջանքս ուղղված էր դրան, հատկապես՝ կյանքի վերջին տարիներին: Ամեն տեղ կողքիս էր, անթաքույց հրճվանք ու հպարտություն էր գծագրվում դեմքին, երբ միասին հայտնվում էինք նշանավոր մարդկանց միջավայրում, երբ իր չափազանցված ընկալումներում իմ ու նրանց միջև հավասարության նշան էր դնում ու հետո ոգևորությամբ բոլորին պատմում, թե մեզ ուր էին հրավիրել, ոնց էին ընդունել-հյուրասիրել, աղջկան հանել-ամպերին հասցրել, իրեն էլ՝ պոչից կպած:

-Ես գիտեի՝ էդ տեսակ բաներ մենակ կինոներում են լինում. ի՜նչ մարդիկ էին, ի՜նչ ճաշակ, ի՜նչ վերաբերմունք,- ամեն անգամ գոռոզ-գոռոզ պատմում էր քեզ մայրս:

Դու հայտնի գիրք ու թերթ կարդացող էիր: Մեկ էլ հայտնագործություն արածի պես մի անուն կգտնեիր, կսկսեիր մորս պատմել, թե ի՜նչ մեծ արվեստագետ է, ի՜նչ հաջողություններ ունի, ի՜նչ ճանաչված է ամբողջ աշխարհում: Պատմում ու մտածում էիր, թե մայրս գիքոր-գիքոր պիտի զարմանա ու հիանա քո գիտելիքներով: Մանկությունից դրան էիր սովոր. բոլորը դմբո են, մենակ դու ես գրքեր կարդում ու լուսավորում քեզնից փոքր քույր-եղբայրներիդ, հարևաններիդ, ծանոթներիդ:

Մայրս հանգիստ լսում-լսում էր քեզ ու հասցնում շշմեցնող հարվածը.

-Հա՛, ճանաչում եմ, աղջկաս ընկերներից ա, մի շաբաթ առաջ ենք հանդիպել:

Հետո դառնում էր ինձ.

-Էն օրվա նկարները ցույց տուր մորքուրիդ:

Դու էդ պահերին թակարդն ընկածի պես էիր: Չգիտեիր՝ կարդացացի՞դ կասկածեիր, թե՞ լուսանկարներին, որոնցից մեկում էդ հանրահռչակը սովորական մահկանացուի նման ժպտում էր՝ մորս ուսը տնավարի գրկած: Տեսնես՝ ինչի՞ էիր էդքան հուզվում: Չէ՞ որ պահուստում էնքա՜ն փամփուշտ ունեիր՝ մորս սպանելու համար:

-Իմ տղեն ուրիշ ա. ամեն ամիս է՛լ փող ա ուղարկում, է՛լ սնունդ, է՛լ շորեղեն… Ինչքան ասում ենք՝ հերիք ա, ի՜նչ ես էդքան ուղարկում, ճար չկա: Պասիլկեքի յաշիկներից տունս տրաքում ա: Հոր համար առած սպիտակ Մերսեդեսի մասին՝ է՛լ չասեմ:

Մայրս էստեղ բերանը ջուր էր առնում ու հիշում իր չխոսկան որդուն: Էնքան չխոսկան, որ բոլորի աչքում անսիրտ-անտարբերի մեկն էր երևում: Էլ չասած, որ փող ու պասիլկա հազվադեպ էր ուղարակում, որովհետև իմ գործի անունն ի՞նչ էր: Բա ես է՞դ աղջիկն էի, որ մորս թողնեի թափառական եվրոպացիների հույսին, մանավանդ որ նրանք երկու երեխա էին մեծացնում էդ եվրոպաներում, ես հայրենիքում՝ ոչ մեկը:

Բայց ոնց որ եղբայրս, էդպես էլ ես խաբված էինք մեր պատկերացումներում: Ես՝ իբր գունագեղ ծերություն եմ ապահովում մորս համար, եղբայրս՝ իբր մայրը ոչ մի բանի կարիք էլ չունի:

Իրականում, մայրս, որտեղ էլ լիներ, ինչպիսի մարդկանցով էլ շրջապատվեր, մնում էր ինքն իր ցավի, որդու տիեզերաչափ կարոտի հետ մեկուսացած, բախտից խռոված.

-Ես մենակ եմ՝ իմ անունի պես: Ոնց ասացին Մենիկ, էդպես էլ մենակ մնացի:

Բայց որովհետև կարողանում էր թաքցնել ներսում եղածը, հաճախ մարդկանց աչքին ինքնահավան ու գոռոզ էր թվում: Դա իր զենքն էր՝ ուղղված իրեն խոցելու պատրաստ մարդկանց դեմ: Եվ պիտի ասեմ, որ էդ զենքը անվրեպ էր կրակում, թե չէ ինչի՞ պիտի մորս մոտ տեղի-անտեղի նեղսրտեիր ու քրթմնջայիր՝ բախտի տերը թաղեմ:

Դուք միշտ էլ կյանքի հակառակ բեևեռներում եք եղել, նույնիսկ՝ երբ մի անկողնում եք քնել ձեր հայրական բազմանդամ ընտանիքում: Մի տեսակ մոցարտասալյերիական խլրտոց կար ձեր արանքում՝ դեռ է՜ն գլխից: Մայրս փոքր տարիքում քո չափ կարդացած չէր, բայց երևակայության թռիչքը՝ գնա-գալիս եմ: Դու կարդացածներդ անգիր անելուց ու պատմելուց էն կողմ չէիր անցնում, թեև, խոստովանեմ, շատ համով էիր պատմում: Մամաս անվերջ հորինում էր ու հորինում: Դու ամեն հորինվածքից հետո ավագի, տան մեծ երեխայի հեղինակության դիրքերից ծեփում էիր բերանը.

-Էլի ստերի տոպրակը բացե՜ց: Փչա՛ն, հերի՛ք ա, վե՛րջ տուր:

Մամաս խեղճանում էր ու սսկվում, մի կերպ լռեցնում մեջը քլթքլթացող մեկը մեկից հետաքրքիր պատմությունները: Էդպես դու հատևողականորեն թաղում էիր մորս մեջ գրողին, բայց ոնց էլ լիներ, նա մի հարմար պահ գտնում էր ու տրվում իր երևակայության վայրիվերումներին: Մեկ-մեկ էլ, հորինելու տարերքին հանձնված, չափն անցնում էր: Հատկապես՝ երբ պետք էր մորը՝ իմ Անի տատին, տանջող մտքերից, կասկածներից ազատել: Մի անգամ զավեշտալի պատմություն էր հորինել ձեր հարուստ հարևանի մասին, որի ունեցվածքի առաջ տատս միշտ իրեն խեղճ ու նվաստացած էր զգացել: Նպատակին հասել էր. տատս զարմացած լսել էր սիրուն հորինվածքը, մի քանի ճշտող հարց տվել՝ համոզվելու համար, որ լսածն իսկություն է, հետո եզրակացրել՝ հարստությունը ոչինչ է, կարևորը խելքն է, ճաշակը: Մայրս թեթևացած շունչ էր քաշել. իր երևակայության սլաքը դիպել էր նշանակետին: Բայց հետո, երբ լսել էր, թե տատս ոնց է, խելքի ու ճաշակի հաղթաղուղթը թափահարելով սրա-նրա առաջ, բարոյապես ոչնչացնում էդ հարուստ, քիթը ցից հարևանուհուն՝ վկայակոչելով աղջկա պատմածը, ամոթից գետինն էր մտել: Չգիտեր՝ ոնց ասի, որ դա իրականություն չէ, այլ իր հորինած պուպուշ սուտը: Վախենում էր. հա՛մ մայրը կբարկանար, հա՛մ իր ոչ մի ասածին էլ չէր հավատա, հա՛մ էլ, որ ամենավատն է, ինքն այլևս չէր հորինի հետաքրքիր, զարմանալի պատմություններ, ու  մուսան կխռովեր իրենից: Էդպես էլ ապրում էր տարիներ շարունակ՝ հուսալով, թե մայրը մի օր կմոռանա իր մոգոնածը: Բայց չէ՜: Ախր շատ դիպուկ էր մոգոնել, մայրն էդ համեղ խորտիկից ձեռք քաշողը չէր: Փա՛ռք Աստծո, քիթը ցից հարևանը մի քանի տարուց անվերադարձ մեկնել էր Ամերիկա, ու դրանից ամենաշատը գոհ էր մնացել բարի հեքիաթասաց մայրս:

Մորս բարությունը տարիների հետ փոխում էր իր բովանդակությունը: Անմեղ պատմություններ հորինելուն հարջորդեց նյութական-կենցաղային հորինումների շրջանը:

Մանկությանս ամենամռայլ հիշողությունները հենց էդ վերջինների հետ են կապված: Հայրս աշխատող, գործունյա մարդ էր, ամուսինդ՝ բանսարկու գլուխգովան:

Ամեն անգամ մեզ համար հագուստ գնելիս մայրս խորամանկորեն փոքր չափեր էր ընտրում, որ հաջորդ տարի դրանք տա քո երեխաներին:

Հայրս, հետո էլ՝ մենք հասկացել էինք մորս միամիտ դիվանագիտությունը:

Ամեն անգամ մեր գրեթե չհագած շորերով ու դրանց արանքներում պարտակված մթերքով լեցուն պայուսակը Ձեր տուն բերելիս մի թունդ վեճ էր ունենում ամուսնու հետ ու տանում հերթական Պյուռոսյան հաղթանակը, որից հետո զգալիորեն խարխլվում էր մեր տան հիմնասյունը:

Էնքան խարխլվեց-երերաց, որ մի օր վերջնականապես փլվեց: Ու դրանից հետո քո մեներգերի հայտագիրը հարստացավ ևս մեկով.

-Ես մարդ ունեմ, ուրիշների նման անգլուխ ձիավոր չեմ:- Կատարյալ եռերգություն՝ «բախտի տիրոջ» ու մերսեդեսախառն պասիլկեքի համադրությամբ:

Կարևոր չէ, որ էդ երգդ երգելուց առաջ, հետո, արանքներում բոլորի գլուխը տանում էիր մարդուդ ու իր «բոզի» /քո եզրույթն է/ արկածների մասին շռայլ պատմություններով, որոնց շնորհիվ իսպառ դատարկվել էին « պասիլկեքի յաշիկներն» ու մաշվել սպիտակ Մերսեդեսի անիվները:

Մինչև հիմա մի բան չեմ կարողանում հասկանալ. երբ մայրս  ամեն անգամ մեր տան ամենամեծ, վանդակավոր կտորից կարված պայուսակը՝ իր բաժին «ճիտին պարտքը», ձեր տուն էր բերում ու թեթևացած մտածում, թե երեխաներդ մի քանի օրվա ուտելիք կունենան ու մի քանի տարվա հագնելիք, ինչո՞ւ մտքներովդ չէր անցնում, որ էդպիսի դեպքերում առնվազն պիտի շնորհակալ լինել: Մորս գնալուց հետո ամուսինդ իր խոցված արժանապատվության վրեժը լուծում էր շուտասելուկի պես իրար հետևից թափվող հայհոյանքների տարափով, իսկ դու ներդաշնակ ձայնակցում էիր նրան՝ հայտնի «բախտի տերը թաղեմ» -ով: Շատ ուշ՝ տարիներ անց եմ գլխի ընկել, թե ինչ խորհուրդ ուներ մորս հեռանալուց հետո ճշգրտորեն կրկնվող ձեր ընտանեկան այդ ծեսը: Ու երբ գլխի եմ ընկել, պայուսակային այցերից հետո է՛լ չեմ մնացել ձեր տանը՝ զարմիկներիս հետ խաղալու: Արդեն գիտեի՝ ովքեր են թե՛ ամուսնուդ հայհոյանքների, թե՛ քո՝ համառորեն թաղվող-հառնող «բախտի տիրոջ» թիրախները:

 

—-

 

Հիմա կասես՝ ինչ ունեիր ասելու, էն ծաղկի խանութում ու ճանապարհին ասեցիր-պրծար, էլ ի՞նչ իմաստ ուներ էս երկար ճանապարհը կտրել-էստեղ հասնելդ: Բայց դեռ չեմ վերջացրել:

Քանի որ մինչև հիմա ասածներս լավ էլ լսել ես, շարունակեմ ընդհատված տեղից:

…էլ մորս նախանձելու պատճառ չունես: Հիմա նա էլ է քեզ նման հանգչում հողի տակ: Ուղիղ երեք ամիս դիմացավ առանց քո կսմիթների:

Հա՛, թե դա քեզ կմխիթարի, ասեմ, որ մի հարցում նրան առայժմ հաղթում ես: Դու արդեն բազմաբովանդակ գերեզմանաքար ունես՝ չտեսության սպասելի չափաբաժնով համեմված, իսկ մայրս դեռ անտապան է: Որդին եվրոպաներում լավագույն գերեզմանաքարի էսքիզն է որոնում: Դեռ չի գտել: Հաստատ կգտնի, թե չէ էլ ո՞նց ապացուցի, որ մեր մորը, ինչ ճիշտ՝ ճիշտ, ինձնից պակաս չի սիրում:

Երեկ քեզ զարմացրածներից ու մորս գոռոզացրածներից մեկի հոգեհանգիստն էր: Չգնացի: Էնքան զբաղված եմ, որ սեփական հոգեհանգստիս էլ երևի ներկա չլինեմ: Բայց, ոնց տեսնում ես, քեզ մոտ եկա. գուցե, այնուամենայնիվ, սիրում եմ քեզ, մանավանդ որ հիմա մեկ-մեկ ինձ ճիշտ քեզ նման եմ պահում, հետո անակնկալի եմ գալիս ու քթիս տակ ծիծաղում. հաստատ էս էն դեպքն է, երբ արյունը ջուր չի դառնում:

Ես, չնչին բացառություններով, կարողացել եմ ներել իմ թշնամիներին, սակայն դա երբեք չի հաջողվել, երբ հերթը հասել է մորս վիրավորողներին: Գուցե Աստված ու մորս հոգևոր գրադարանը կօգնեն ինձ էդ հարցում: Չգիտեմ: Էդ գրադարանի միակ ընթերցողը հիմա ես եմ: Գրքերից մեկում մայրս ընդգծել էր մարդկանց ուղղված Աստծու խոսքը. « Հավատն ինձ համար է, սերը՝ ընկերների, հույսը՝ ձեր»։ Հիմա ես հույս ունեմ, որ դուք ձեր նոր աշխարհում էլի գտել եք իրար ու ինձ նման ծիծաղում եք ձեր անկատար խորամանկությունների վրա: Գերեզմանը նույնիսկ սապատավորին է ուղղում, ուր մնաց ձեզ նման չճկվող-անկոտրում-թիթիզ-… աղջիկներին չուղղի: Մանավանդ որ, ձեր գոյամարտն այլևս ավարտված է: Խաղաղ հաշվով՝ ոչ-ոքի:

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք