Տատյանայի խնձոր թշերը

Տատյանայի խնձոր թշերը՝ շեկ մազերի արանքից ու ժամադրություն՝ Մոնտալի և ծխախոտի բույրով

Տաքսին՝ սարալանջին, ես առավոտվա մեջ խցանվել ենք։ Վարորդի վեջը չի. ջահելությունն ա պատմում, ասում ա՝ ձեր բախտը չի բերել, ձեր սերնդի կյանքը դժվար դասավորվեց։ Ասում ա ՝ 30 ռուբլի աշխատավարձ էինք ստանում, «տղամարդիկ»֊ի դիմացի մայթին Սպուտնիկն էր. ուղեգիր էինք վերցնում՝ սաղ սովետը ոտնատակ տալիս։ Մենք սովետը, սովետը՝ մեզ… Ասում ա ՝ Կիևի դատախազի աղջիկն էր, ասում էր՝ աստանսյա, բուձեմ ժիծ նա բերեգու րեչկի, նիվչյոմ նինուժդատցա, ձիտիշեկ նառաժայեմ… շան աղջիկը չգիտեր, որ Երևան տուն ու տեղ ունեմ՝ կնիկ, երեխա։
Հետո ինքնագոհ ավելացնում՝ վայեննի բիլետս էի ցույց տվել պասպորտիս տեղը։
Ասում ա՝ 7 տարի առաջ Դեբեդի ափին հող առա, 7 տարի ա՝ չեմ կարում տունս սարքեմ՝ պրծնեմ… տունս՝ նա բերեգու րեչկի…

«Տատյանայի կապույտ աչքերը, խնձոր՝ թշերը, շեկ մազերի արանքից, թմբլիկ թևերը… դատախազ հերը, շան աղջիկը… »

Հարցնում ա՝ ամուսնացա՞ծ ես:
«20 տարեկան եմ», իբր՝ ինչի՞ մասին ա խոսքը: «20 տարեկան եմ», իբր, թե 30 լինեի հաստատ «հա» էի ասելու:
Ընկեր ունե՞ս: «Մի րոպե, սրա պատասխանն էդքան միանշանակ չի», ու ամեն դեպքում՝ «Չէ»:
«Ընկեր ունե՞ս»,- չգիտեմ հարցն ում մասին էր, բայց ես երեկվա բերումով քո մասին պատասխանեցի:

Սերնդակիցդ էր, ժամանակին երևի դու էլ ես Սպուտնիկից ուղեգրեր վերցրել, Տատյանաներին թողել նա բերեգու րեչկի: Դու էլ «տուն ու տեղ ունես, կնիկ…երեխա»:

Մեծ բան չէր մեր ուզածը՝ մի երեկ: Մեծ բան չէր մեր ուզածը՝ կողքներովս անցնողները մեզ նայեին, ոնց փողոցների բոլոր անկաշկանդ սիրահարներին:

Ընկերներիդ տեսանք. նրանցից՝ տղամարդիկ բարևի հետ՝ ենթատքստով քեզ ասում էին՝ «լավն ա, մալեդեց», նրանցից՝ տիկնայք ինձ չբարևեցին՝ կնոջդ սերնդակից, կնոջդ բախտակից տիկնայք, տիկնայք, որոնց բոլորին միաժամանակ դավաճանում էիր՝ ինձ հետ սրճելով:

90-ականների ջահելները, նրանցից՝ դու, կինդ, ձեր պրադվինուտի շրջապատը, որ անվերապահորեն հավատում էիք, թե դուք էս աշխարհի առաջին ու վերջին ջահելությունն եք…

Ինչևէ:

Քեզ հետ, հոգիս, հարմար ա. ուրիշ բաներ չմտածես: Երկուսս էլ մի մտավախություն ունենք, իրար ասում ենք՝ «Ինձ շատ սրտիդ մոտ չընդունես»: Ես ասում եմ, որովհետև կշեռք եմ՝ չյոռտվ մարդասեր: Դու եթե ասում ես, արդեն իսկ վատ ա, ուրեմն ինձ շատ ես սրտիդ մոտ ընդունել:
Քեզ հետ, հոգիս, հարմար ա, քանի դեռ ես անտանելի տգեղ եմ առավոտյան՝ առանց շպարի, և անասելի սիրուն երբ շպարս մաքրված է քեզնից հետո:

Մի մտահոգվիր:

Ինձ լավ ա, քանի դեռ քեզ հետ սիրուն լինելու հարկ չունեմ, քեզ հետ երիտասարդ լինելս հերիք ա:

Դու՝ 80-ականների երեխա, 90-ականների ջահել, 2000-ականների տղամարդ… ես՝ 2020-ականներին, 30-ականներին դեռ նույնը կլինեմ՝ կնճիռների ու սերերի տարբեր քանակությամբ: 40-ականներին դու, երևի, էլ չես լինի, բայց ուրիշներն էլ չեն լինի, որովհետև ես իմն ապրել եմ էնքան, որ մի օր իմ համակարգչի դիմաց նստած մի լրագրող հոդված կգրի՝ «Մեր՝ բոլորիս պապերի քնքուշ սիրուհին» ու թե բախտս բերի մինչև էդ «մի հեծանիվ հայտնաբերած լինեմ» ընթերցողն ինձ կների, կսիրի, կխղճա տեղ-տեղ: Էդպես ա. կյանքը «մի բան արածներին» սեփական կյանքի հետ տված խաղերը ներում ա:

Տեղ հասանք, մեքենան խցանումից դուրս եկավ, ես ՝ չէ: Վարորդն ասում ա՝ «ձեր բախտը չբերեց, աղջիկ ջան, ձեր կյանքը բարդ ստացվեց»:

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք