***

Երկար տողեր եմ գրում, ու
կախված մարդու պարանի ծայրից
դողում են իմ տողերը,
թե ժամանակի մեքենա ունենայի
կսկսեի ավելի կարճ գրել,
ասել են ինձ մարդկանց
չի կարելի մասերի բաժանել
բայց պոեզիան՝ կարելի է.
առաջին մասում ես նախանձում եմ,
երկրորդ մասում ինձ են նախանձում,
երրորդ մասում պարանը կտրվում է,
ու հույսերը նրանց թափվում են գետնին…

Ես աշխարհը տեսնում եմ բաժակի մեջ,
այնտեղ ես եմ իմ մտքերով
ու այնտեղ նրանք են իրենց հայտնությամբ,
իրենք գրում են, իրենք հաղթում են,
ես նայում եմ, ես նայում եմ…

Նրանք ինձ չեն տեսնում,
հողմաղացներ են նրանք դարձել,
ես փորձում եմ դրանց հաղթել,
բայց մի տեղ արտասվում է
Սերվանտեսը, իսկ կողքին
ոչ մեկը…

Ես բանականությունից դուրս եմ,
ես ընթացք եմ,
ժամանակ,
ժամանակ,
տարածություն,
ու էլի տարածություն,
ես անցնում եմ բորենիների միջով
ես անցնում եմ,
ես չեմ անցնում,
նրանք արդեն անցել են…

Մի Ջուլհակ գործում է ամպերը,
իսկ Հովիվը չի հասցնում սիրահարվել նրան…

 

 

 

***

Եվ ձեռքեր, որ ինձ հարվածում են,
տանջված մայրամուտի
ու փտած բշտիկների պատճառով,
պտտվում են գլխիս վրայով՝
ինչպես հսկայական թռչուն,
ու թևեր, որ հարվածում են,
ու թևեր, որ հարվածում են,
հարվածում են հարվածներից,
և մարդիկ գոռում են,
գոռում են կեղծ գույների միջից,
ու մղձավանջները կոտրվում են
զգացմունքների արյունոտ շղարշից…

Ես պայծառության մի մասն եմ,
ու սպիտակ եմ ոմանց նման,
ես լույս եմ, որ չգիտեմ որտեղից եմ գալիս,
Սատանան գիտի միայն՝ ինչու են աչքերս լալիս,
Ես ուզում եմ միյանակ մնալ նրա հետ,
բայց բոլորն են կյանքում մենակ մնում,
ինձ կանչում են անծանոթ ձայները,
բայց ես այդ աշխարհը չեմ ճանաչում…

Կաշկանդվում եմ ու հայհոյում,
աշխարհում ոչինչ ինձ չի կանչում,
միայն ուղեղիս մեջ ոսկե սկավառակ
աչքերս փակելով՝ վախենում է անհայտից …

Ի՞նչ փառք ինձ տվեց այս ջուրը,
ես չեմ հասկանում,
կրծքիս ամբողջ դժոխքը թույնի գագաթ է,
ու պատկերները վստահ լողում են փակ հանդերձում,
բայց հոգուս ցավը նոր է միայն ծաղկում…

Ո՛չ ափիոնը, ո՛չ կոկայինը և ո՛չ էլ կրակը,
ինձ ոչինչ չէին տալիս,
միայն այս ալկոհոլն է, որ սրտիս մեջ է,
բոլորին կախաղան հանում:

Այն փոխարինում է արյունս և
մթնշաղն է իմ մեջ անմահանում…

 

 

***

Գույները թաղվել են կեղծիքի մեջ
ու աշխարհն երգում է վերջին հորովելը,
հիմա մարդիկ ավելի շատ ստում են,
քան ջուր են խմում,
հիմա մարդիկ ավելի շատ մեղք են գործում,
քան ջրհեղեղից առաջ,
հիմա մարդիկ ատում են իրար,
հիմա Աստված վերջնականապես մեռել է,
ու մարդիկ են սպանել նրան,
հիմա դժվար է գտնել հենարան,
ու աշխարհն առնել ոտքերի տակ,
թերևս անոտք մարդիկ մնացել են աշխարհի տակ,
հիմա դժվար է դիմացինին սիրել,
քանի որ դաշտերում գարուն է,
ու ծաղիկները սկսել են աճել,
որքան էլ բնությունը զարթոնք է ապրում,
մահանում է դարը,
մահանում է օրը,
մահանում է վայրկյանը,
մահանում եմ ես,
մահանում են բոլորը…

գույները թաղվել են կեղծիքի մեջ
ու ես մոռացել եմ տարվա եղանակերը…

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք