Ամենալավ թռչունը

Տղան դուրս վազեց, արևը կանչում էր: Մայրն արդեն դրսում էր, զրուցում էր ծաղիկների հետ: Նա ամեն օր է զրուցում իր ծաղիկների հետ: Ծաղիկները սիրում են մորը համարյա որդու չափ:Մայրը երկուսին էլ սիրում ու խնամում է, բայց  ոչինչ չի պահանջում դրա դիմաց: Տղային ու ծաղիկներին միայն մի բան է մնում՝ գունավորել նրա կյանքը…

-Քանի՞ թռչուն կա աշխարհում, մա՛մ:

-Շատ:

-Այնքա՜ն կուզեի թռչուն լինել:

-Դու էլ ես թռչուն, իմ սիրուն թռչունը:

-Չէ, իսկական թռչուն, թևերով թռչուն:

-Դե…Դու կարող ես թևեր հորինել քեզ համար:

-Երկինք է՞լ:

-Երկինք էլ կարող ես հորինել:

-Բայց…Դա ինչպե՞ս  սովորեմ անել:

-Թռչուն լինելու համար մարդ լինելն էլ բավական է. այնպիսի մարդ, ով հմուտ ճարտարապետի   եռանդով գծում է իր երազանքների բարձրությունը, գծում է երկրից դեպի երկինք, ով գծում ու սկսում է կառուցել իր երազանքները, ով կառուցելիս չի ծուլանում, չի նախանձում ուրիշների կառուցածին, չի չարախոսում նրանց մասին, չի գողանում ուրիշից, որպեսզի ինքն ավելի շուտ բարձրանա…Երբ կառուցես, վերջացնես երազանքդ, կնկատես, որ մեջքիդ թևեր կան: Դու կհասկանաս, որ թռչելու համար պարտադիր չէ թռչուն ծնվել, մարդն ամենալավ թռչունն է, եթե կամենա: Հասկացա՞ր:

-Մի քիչ, բայց կաշխատեմ ավելի լավ հասկանալ:

-Ցանկանալը շատ կարևոր է…

Տղան նորից նայեց երկնքին. ամպի ծվեն անգամ չկար, իսկ արևը կաթում էր ուղիղ ափերի մեջ, թարթիչներին, ծնկներին, այն ամենի վրա, ինչով քայլում, շնչում, տեսնում, լսում ու շոշափում էր: Նա նստեց ծառի տակ ու սկսեց խաղալ արևի հետ: Միշտ էլ հաճելի է, երբ ինչ-որ մեկը քեզ տաքացնում է ու փոխարենը ոչինչ չի պահանջում: «Արևի հետ պետք է միշտ մտերիմ լինել, նա լավ խաղընկեր է: Եթե կարողանայի նրան ավելի մոտ գնալ, մենք ավելի երկար կխաղայինք: Այ, եթե թռչուն լինեի…»,- մտածեց:

Մայրը քաղհան էր անում  եւ գլխաբաց էր: Քրտինքը ցած էր գլորվում, ու նա չէր հասցնում սրբել: Մոր մատները արագ պոկոտում էին պարտեզի մոլախոտերը, եւ հետզհետե տարածքն ավելի գեղեցիկ տեսք էր ստանում, ծաղիկներն ու թփերը  սկսում էին ազատ շունչ քաշել, եւ այդ ազատության մեջ նրանց բույրն ավելի զգլխիչ էր թվում, քան առաջ:

-Մա՛մ, դու մի՞շտ ես ծաղիկներ աճեցրել:

-Ո′չ, հայրիկիդ հեռանալուց հետո:

-Ինչու՞:

-Որովհետեւ  մենակությունը պետք է լցնել ծաղիկներով, ավելի ճիշտ՝ այն պետք է ամեն օր զարդարել ծաղիկներով: Դա նրա համար է, որ մենակությունը հասկանա՝ դու նրան չես ատում, դու ուզում ես նրա հետ ընկերություն անել, դու ուզում ես, որ նա գեղեցիկ լինի, որովհետեւ նա քո ուղեկիցն է: Կարող է պատահել, որ նա միշտ քեզ հետ լինի, բայց եթե մի օր նա ստիպված լինի հեռանալ, դու նրա մասին վատ հիշողություններ չես ունենա, դու նրան ծաղիկներով կճանապարհես եւ կշրջվես դեպի կյանքը…Ընդհանարպես, մենակությանը միշտ պետք է  ինչ-որ բանով զարդարել: Նա շատ պճնամոլ ընկեր է, բայց նաեւ երեխայի միամտություն ունի: Երբ դու նրան զարդարում ես, նա  երեխայի պես մի կողմ է քաշվում. երեխայի, ով ստացել է իր ուզած քաղցրավենիքը եւ գնում է մի թաքուն տեղ վայելելու: Երեխայի, ով ուտելուց հետո նորից գոռալու է՝ էլի՜…Այսքան ծաղիկները հենց նրա համար են, եւ ինձ թվում է՝նա գոհ է ինձանից, որովհետեւ չի փորձում ինձ խանգարել: Համ էլ, գիտե՞ս, ծաղիկներն ինձ օգնում են, որ չմոռանամ աշխարհի վառ գույները, թե չէ ես  վատ հիշողություն ունեմ եւ մուգ գույներն եմ միայն մտապահում…

Տղան նայեց ծաղիկների գույներին:

-Դու շատ բարի ես նրանց հանդեպ, մա՛մ:

-Չէ՛, այդ նրանք են իմ հանդեպ շատ բարի, նրանք չեն թողնում, որ  չարանամ:

-Ես ուզում եմ քո չափ բարի լինել, բայց ես չեմ ուզում ինչ-որ մեկին կորցնել, հետո բարիանալ:

-Դու ճիշտ ես մտածում, այդպես մտածում են ուժեղները:

-Եթե այդպես մտածեմ, կարո՞ղ եմ մի օր թեւեր ունենալ:

-Միայն մտածելը քիչ է, մտածածը պետք է ապրել, ամեն օր ապրել:

-Մա՛մ, դու ինձ կօգնե՞ս կառուցել իմ երազանքը,  ուզում եմ գտնել իմ թեւերը:

-Աստված արդեն օգնել է քեզ:

-Ինչպե՞ս:

-Նա քեզ կյանք է տվել:

Մայրը շարունակում էր պոկել պարտեզի մոլախոտերը եւ դարձյալ չէր հասցնում սրբել քրտինքի կաթիլները:

-Դու գրեթե պոկեցիր բոլոր մոլախոտերը, ինչու՞ ես անընդհատ չարչարում քեզ:

-Որովհետեւ մոլախոտերը պետք է պոկել անընդհատ, որովհետեւ հաճախ մի քանիսը մենք չենք նկատում, իսկ նրանք աճում են ու բազմանում: Այդպիսիներին մենք միշտ ուշացումով ենք նկատում, ու հետո դժվար է լինում պոկելը, որովհետեւ հողն արդեն ընտելացած է լինում նրանց: Մոլախոտերի հանդեպ միշտ պետք է զգոն լինել, եթե ցանկանում ենք, որ մեր ծաղիկները  մշտապես թարմ տեսք ունենան եւ հաճելի բույր: Հիշի՛ր, դա շրջապատի մարդկանց համար չէ. դա, առաջին հերթին, ինքներս մեզ համար է:

-Ես երբեք չեմ սիրել ծաղիկներ աճեցնել:

-Ոչինչ, կարեւորը՝ դու քո տարածքը մաքուր պահիր մոլախոտերից, հետո կորոշես՝ ծա՞ռ ես տնկում այնտեղ, բու՞յն ես սարքում , նստարա՞ն, թե մեկ ուրիշ օգտակար բան…

Տղան վազեց դեպի ծաղիկները, մեղվի  պես հավաքեց ծաղիկների բույրը: Նա բերանում անարատ մեղրի քաղցրություն զգաց, իսկական մեղրի, որի հետ արհեստական ոչինչ խառնած չէ, անգամ՝ շաքարի չնչին չափաբաժին: Այդպես բուրում են միայն մոր պարտեզի ծաղիկները, որովհետեւ այնտեղ էլ արհեստական ոչինչ չկա, որովհետեւ ծաղիկները ջրված են քրտինքով եւ խնամված են այն մատներով, որոնք նորածնին բարուր անել գիտեն, որոնք գույնզգույն թելերով գուլպա գործել գիտեն, որոնք տաք վառարանի վրա համով ապուր եփել գիտեն, որոնք թոնրի թարմ հացով բոլորին հյուրասիրել գիտեն, որոնք սիրել գիտեն ու սիրով աշխատել գիտեն…Այդ մատները չեն սպասում, որ մեկն իրենց շնորհակալություն կասի կամ գովեստի կենացներ կշռայլի նրանց մասին: Նրանք անգամ չեն սպասում, որ մեկը կհամբուրի իրենց, թեեւ նրանց արժե ամեն օր համբուրել…Նրանք գիտեն բարության գինը եւ չեն սպասում, որ մեկը  հենց այնպես նվիրի  իրենց. նրանք վաստակում են այն…

-Մա՛մ, իսկ հնարավո՞ր է, որ թևերս միանգամից աճեն:

-Համբերությունն է ամրացնում թևերը, առանց համբերության նրանք թույլ են ու անհույս:

-Կարո՞ղ ես ինձ մի բան խոստանալ,- շարունակեց մայրը:

Տղան գլխով համաձայնության նշան արեց:

-Չմոռանաս, որ երազանքներիդ ճանապարհը նման է գետի. այն սրտիդ միջից է սկիզբ առնում: Ակունքդ  պետք է մաքուր պահես…

Արեւը նորից այրեց: Լռության մեջ տղան դարձյալ տեսավ կռացած մորը,  եւ նրա քրտինքի բույրը չէր տարբերվում ծաղիկների բույրից…

 

 

 

Կարծիքներ

կարծիք