Օրոր, օրոր

Հեղինակ:

***

Օրոր, օրոր

օրոր, օրոր

օրոր ասա մայրի՛կ․

ես օր օրի մեծանում եմ

քնեցրու իմ ներսում եղած մանկանը

օրոր շշնջա

երբ ցավն ինձ առնում է իր գրկի մեջ

օրոր ասա,

իմ ներսում խռովված մանկանը

նորից մանուկ դարձրու

ու փակիր բոլոր դռները,

որ ինձ բաժանում են իմ մանկությունից։

Օրո՜ր, օրո՜ր․․․

 

 

 

***

Ես ազատ եմ հայրիկ,

դու ազատ ես

նրանք ազատ չեն,

նրանք ազատ չէին ի սկզբանե,

մենք գրեթե ազատվում ենք,

մենք հասնում ենք վերջաբանին

կամ շարունակում ենք ազատվել

քծնանքից,

թշնամանքից

սևությունից

մարդկանց մեջ եղած,

եղած մարդկանց խիստ անտաշ

բարեկամությունից,

ազատվում ենք

դեռ, դեռ, դեռ․․․

 

 

 

***

Օրը

գուցե անավարտ է

կիսատ փռած շորի պես,

թերի ու ծուռ,

բուրմունքով լի,

քամու օրորի պես անհասանելի

նման չոր շատ չոր մի մագաղաթի,

որի վրա ձեռագիր զգացողության պես

թանաքը ծնում է տառ, հետո բառ

հետո նախադասություն,

հետո օր․․․

 

 

 

***

Նախադասություններ՝

խառը, անկարգ

ինչպես տեսնված

առաջին տհաճ զգացողություն,

նման մեռնող զգացմունքին,

ձեռքերս թմրում են

առաջին ասված նախադասության պես

նախա-լինելու պես`

չհանգավորված․․․․

 

 

 

 

«Ալեքսիթիմիա»

 

Դու  առանձնահատկություն ես,

տառապում ենք ալեքսիթմիայով ․

չենք կարողանում զգացածներս արտահայտել ՝

երկա՜ր լռում ենք։

Դու բառի կեղևն ես,

որ լեզվիս վրա հասունանում ու դառնում է խոսք,

ես սովորել եմ խոսել քո շնորհիվ,

քո պատճառով իմ անցած զգացողությունները

ճզմվել են դռան տակ այն պահին

երբ իրենց մասին չէի կարողանում խոսել,

ես տառ առ տառ տառապում եմ քեզնով։

 

 

ԱլեքսիթիմիաՀին հունարենից թարգմանաբար այս բառը նշանակում է «զգացմունքներ առանց բառերի»։ Այլ կերպ ասած՝ սա մի վիճակ է, որի ժամանակ մարդը բառերով չի կարողանում արտահայտել իր զգացմունքները և ապրումները։

 

 

 

Կարծիքներ

կարծիք