և մենք մա՜մ

Հեղինակ:

____________ և մենք մա՜մ

 

փողոցով անցնում է

մի ճմռթված կին.

 

և բոլորը ժպտում են նրան.

և կինը այդ հղի է այնքան.

և կինը այդ հղի է՝

մի տղամարդուն

երջանկացնելու

չափաբաժնով.

 

և կինը այդ.

որ հղի է՝

երբեք չի ունենա նրան

ում կուզեր ունենալ…

 

և մենք մայր.

համատեղ ջանքերով.

վերջնականապես

ունեցանք ինձ.

ու հասկացանք

որ ես նա չեմ

ում կուզեիր ունենալ.

բայց ես նա եմ.

ով ունեցավ քեզ

ամենայն պատասխանատվությամբ.

 

ու մենք մա՜մ

տեղերով փոխվել ենք

ես մեծացել եմ շատ.

ու փոքրացել ես դու.

ու չգիտեմ

զգում ես թե չէ

բայց դու երեխան ես իմ

վերջինը երևի.

ում փոխարեն

երբեք չեմ որոշի

մասնագիտություն ու սեռ.

ում կմեծացնեմ.

տրորելով նույնիսկ բանաստեղծություններս

քո մասին.

 

ներիր ինձ.

իմ չլինելու

ու լինելու համար

հավասարապես.

 

և հասկացիր.

եթե նույնիսկ չուտես ճաշդ

ես այն իմ գլխին կլցնեմ։

 

 

 

____________ չի կարելի

 

ամեն օր

արթնանալ նույն տանը.

և համոզել

կողքիդ քնող կատվին

որ դու նրա տղամարդը չես.

և որ անիմաստ է

շարունակ մլավելը.

 

որովհետև

բոլորն ունեն

բոլորին.

որովհետև

ոչ մեկը

չունի

ոչ մեկի կարիքը.

 

որովհետև՝

մարդը

արդեն չի ուզում մարդուն.

 

որովհետև

լավ է այնտեղ.

որտեղ՝

հղիության 3֊րդ ամսում

մեզ հեռացնում են.

 

որովհետև

մենք ցավում ենք

ինչպես ատամը.

մենք բռնվում ենք

ինչպես մկանը.

մենք

բռնվել ենք.

 

և շուտով.

չենք հասցնի

ռիսկի դիմել.

իսկ ռիսկը՝

կդիմի մեզ

դու-ով.

 

չի կարելի՝

այդքան շատ

վերջացնել վերջը.

 

չի կարելի՝

այդքան շատ արթնանալ

նույն տանը.

 

չի կարելի՝

գեղեցիկ չլինել

այս տգեղ.

տգեղ մարմնում.

 

նայում եմ ինձ

ու հարցնում

-ծանո՞թ ենք սիրելիս.

նայում է ինձ

ու պատասխանում ՝

-աստված չանի.

 

 

 

________Հ Ա Յ Ր Ե Ն Ի Ք

 

սա փոքր երկիր է.

փոքր ու նիհար.

նիհար ու ցմահ.

 

սա երկիր է

որը սրտի խնդիր ունի

և դիաբետ շաքարային.

 

սա երկիր է՝

ցոգոլի ու ծիրանի

խիստ անձնական

ընտրության մասին.

 

երկիր՝

որտեղ ճտերին

աշնանն են հաշվում.

իսկ ձմռանը ստիպված

մորթում նույն ճտերին.

 

սա երկիր է.

 

երկիր՝

պարտքի տետրում

բարոյական լինելու

և նամանավանդ

երազ իմ երկիր

որի հոգսերը՝

բնական մի բան է.

իսկ հույսերը՝ ծուռ.

 

էս երկիրը պահողները՝

կուլ են գնում.

և հավասարապես

կուլ են տալիս՝

չպահողները.

 

բայց

այնուամենայնիվ

 

սա փոքր երկիր է.

փոքր ու նիհար.

նիհար ու ցմահ.

 

սա

երկիր է.

խոստանում եմ.

 

 

 

_______________գտիր  ինձ

 

գտիր ինձ

եթե նույնիսկ

ես լավ եմ թաքնվել.

 

գտիր այնպես.

ոնց գրողը

բառեր է գտնում

նկարելու համար

մի բանաստեղծություն.

երկու բանաստեղծություն.

երեք.

 

գտիր որպես

շատ կարևոր

կետադրական նշան.

 

գտիր.

թեկուզ

հորս պես.

ով գտավ մորս

բայց կարգին չսիրեց.

ու գտիր ինձ

մորս պես.

ով ամեն օր

ճաշ է գտնում.

պատրաստելու համար

այսօր երեկոյան.

 

գտիր ինձ

ու պատահիր ինձ հետ.

որովհետև արդեն

շատ երկար ժամանակ է.

ինչ

ինձ հետ

ոչ մեկ չի պատահել.

 

գտիր ինձ.

որովհետև ոտքով

ձեռքից գնում եմ.

որովհետև գրքերը

էլ չեն օգնում.

որովհետև

զզվում եմ որովհետև բառից.

 

գտիր ինձ.

եթե նույնիսկ լսես

որ ինձ արդեն գտել են.

 

գտիր ինձ

ոնց արևածաղիկն է գտնվում

գրպանի խորքերից

ու կորցրու.

կորցրու ինձ

քո բերանում.

 

 

 

ինձ ասել են

որ ես պոետ եմ.

պատկերացնու՞մ ես

ինչ կլիներ

եթե ես հավատայի նրանց.

 

ես գրում եմ

ու Բուքովսկին

դագաղի մեջ շուռա գալիս.

խեղճ մարդ.

 

ես գրում եմ

ու առաջինը կարդում եմ

Հրանտ Մաթևոսյանի համար

որ մարդը տեսնի

թե իրենից հետո

ինչքան են շատացել

ինձ պես

ինձպեսները

 

ես գրում եմ

որ փողոցի անտեր շները տեսնեն

ու ասեն.

-հաա՜ֆ

 

ես գրում եմ

որ աստված կարդա

ու մտածի

որ աստված չկա.

չկա.

 

գրում եմ

էն հույսով

որ Թեքգյոզյանը կկարդա

ու կասի

-ապրես երկարուկ

թքած թե ինչ կասի Թեքգյոզյանը

 

ես գրում եմ

բաց-բաց բառերով

փակ֊փակ մարդկանց մասին.

անցնում են կողքովս

լայք շոյում գլխիս

սիրտ դնում վրաս

ու հեռանում.

 

առավոտ.

հույս չունենաք

որ ես կարմիր խաղացող եմ.

որովհետև գրում եմ

ուրիշի բառերով.

գողացված բառերով

ես իհարկե հանճար եմ

իմ երազներում

ու անճար ձերինում

բայց.

ընկեր իմ

ես իմ անուշ Հայաստանը

չեմ ճանաչում.

ինձ իմ անուշ Հայաստանից

վռնդել են.

ի՞նչի ես Չարենցին չտեսա

մի երկու հարց ունեմ.

որոնց պատասխանը ինքը

գիտի.

բայց մի րոպե

Թեքգյոզյանին էլ չեմ տեսել.

վախենում եմ

որ կմեռնեմ

առանց դրան տեսնելու.

ու ինչ կլինի հետո

թքած.

ցեխ.

ուղիղ ինձ վրա.

ես համաձայն եմ.

 

բայց

ինձ ասել են

ինձ հաստատ ասել են

որ ես պոետ եմ.

պատկերացնու՞մ ես

ինչ կլիներ

եթե ես հավատայի նրանց.

 

 

 

Կարծիքներ

կարծիք