…օրերի նման իմ ու քո 

մեր ծնողներն ուզում են՝

մենք շուտ երեխաներ ունենանք,

որ երկրորդ շանս ունենան.

չէ՞ որ մեզ հետ ամեն ինչ պարզ է արդեն

 

մենք խաբված ենք. մեզ ասել են,

թե իմացության մեջ են պատասխանները,

բայց իրականում կյանքն այս ունի մի պատասխան,

որից մենք անդադար փախչում ենք

 

հուսահատությունն այդ մենք թաքցնում ենք սկզբում մեր մեջ

հետո՝ մեր ստեղծած կերպարների, որոնց մարդիկ հավատում են

հետո, երբ մենք մեզ էլ ենք դադարում հավատալ,

հուսահատությունն այդ թաքցնում ենք մեր որդիների մեջ,

բայց նրանք էլ մեր պես մի օր էլ չեն հավատում

 

հուսահատությունը թաքցնում ենք ժպիտների,

սիրո, գաղափարների ու անսահման նվիրման մեջ,

որի կարիքն առաջինը հենց մենք ունենք

կարիքների մեջ ենք թաքցնում հուսահատությունը

 

ամենադժբախտները նրանք են, որոնց մեջ մյուսները

թաքցնում են իրենց հուսահատությունը,

որովհետև այդքան մեծ թաքստոցները երկար կյանք չեն ունենում

նրանք մի օր պայթում են տերերի դեմքին

 

մենք գալիս ենք այս աշխարհ՝ ճանաչելու հուսահատությունը

ու նրան լայն ժպտալու

չէ՞ որ այդ ծանոթությունից հետո ենք մենք միայն պինդ սիրահարվում կյանքին

ու տարփանքի մեջ մեռնում այդ

 

երևի նախ պետք է

մեծ Հորից ներողություն խնդրել,

որ անկատար աշխարհում այս

Մենք իր ուզած որդիները չդարձանք

 

 

* * *

Ես վերցրի կաթոցիկը՝ թույնով լցված,

Ու այն կաթ-կաթ ցողեցի ձեզ վրա

Սկզբից՝ մեծը, հետո՝ փոքրը…

Ձեռքս միայն քեզ վրա դողաց ու հետ քաշեցի:

Քեզ դեռ կհասնեմ:

Իսկ մյուսները՝ կաթոցիկով կաթ-կաթ

Անէացան

Սկզբից՝ մոտը, հետո՝ հեռուն:

Այս թույնն ինձ այն կինն է տվել.

Նա ինձ ցույց է տվել գիտակցության այն սահմանը,

Որտեղ ես եմ որոշում՝ որ բջիջները պիտի կաթոցիկով հեռացվեն:

Բայց այդ բջիջները հիշողություն ունեն. նրանք հիշում են մեզ,

դուք հիշում եք ինձ, իսկ ես՝ էլ չէ:

Կաթոցիկից մեկ կաթ ընկավ ու քայքայեց դեմքդ կիսով չափ:

Ես բռնեցի մյուսը. բութս ու ցուցամատս հիմա չկան:

Բայց ես դեռ պահել եմ քո կիսադեմը սրտիս մեջ,

Որտեղ կաթոցիկները միայն ջուր են պարունակում:

 

 

* * *
չիմանալ, թե որտեղ ես

ու քանի փամփուշտ հենց հիմա անցան կողքովդ

վազ անցան օրերի նման իմ ու քո

չշշնջալ անունդ ու արգելել հիշել քեզ

քանի չկաս ու չկամ ես երազում այն

երազում` օրերի նման իմ ու քո

իջեցնել բառերն ու առանց հարցնելու

հող դարձնել, որ դու էիր

հող դարձած` օրերի նման իմ ու քո

չսպասել քեզ, երբեք չսպասել գալստյանդ

որ ամռանն այդ չփոխվի ոչինչ ու լինի սառը

մերկ ու սառը` բառերի պես վերջին իմ ու քո

չհորինել քեզ նորից, չծանոթագրել նկարները

չհորինել, չհորինել, չհորինել

հորինված` օրերի նման իմ ու քո

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք