Ավելորդ կինը

Հեղինակ:

…Էլ ո՞նց կարող էի ես հորս տանը մնալ: Տանը որ կայի, կարծես պատերը սրտիս վրա էին դրել: Հենց մեկ էլ օրն էր, որ էս դեպքը պատահեց, բայց մի՞թե էս երկու գիշեր մի րոպե կարողացա հանգիստ ունենալ հորական տան մեջ: Կարծո՞ւմ եք՝ ընդհանրապես քուն եկավ աչքերիս: Բոլորովի՛ն: Մինչև առավոտ տեղաշորիս մեջ հա՜ շուռ եկա, հա՜ մտածեցի: Իսկի չէիր ասի, որ իմ միշտվա անկողինը լիներ, չէ՜, ճիշտ գերեզմանի նման լիներ, հոգիս դուրս էր գալիս, մինչև առավոտ հա՜ չարչարվեցի ու հա՜ մտածեցի, գլխումս հազար վատ միտք
պտտվեց, հազար վատ մտադրություն: Անկողինը նույն անկողինն էր, որի մեջ քնել էի տարիներ, տունը նույն տունն էր, որի խոհանոցում ամեն օր ճաշ էի պատրաստել, ամեն գարնան բակի բախչայում գիշերածաղիկ էի ցանել, ինչքան աման էի լվացել նրա ջրավազանի մոտ, գիտեի՝ երբ է փակվում պատուհանի ջրաճամփան, իսկ ջրամբարի ծորակը, եթե աջ պտտես, կաթոց կլինի: Ոչինչ չէր փոխվել, բայց ես խեղդվում էի, ինձ համար կարծես թե ամեն ինչ փոխվել էր: Էս երկու օրը մի կում ջուր չեմ առել բերանս: Խեղճ մայրս, թե իմ ցավից
կաթված չստանա, մեծ հունար է: Երեկ էլ հայրս վեր ելավ ու էլի Ղոմ գնաց: Երբ վատ բան է պատահում, վեր է կենում՝ Ղոմ է գնում: Եղբորս սրտին դանակ խփես՝ արյուն չի կաթի: Մի բառ անգամ չի խոսում ո՛չ ինձ հետ, ո՛չ իր կնոջը, ո՛չ էլ մորս հետ: Ախր ո՞նց կարելի է մարդ չհասկանա, որ ինքն է էսքան տանջանքների պատճառը, ինչպե՞ս կարելի է մարդ իրեն ավելորդ չզգա տանը: Էլ չէի կարողանում դիմանալ: Էսօր առավոտյան, երբ թեյը խմեցին, և եղբայրս դուրս գնաց, ես էլ չադրաս գցեցի գլխիս ու ճամփա ընկա: Բոլորովին չգիտեի, թե ուր եմ ուզում գնալ: Հենց էսպես ընկա փողոցներն ու փախա էդ դժոխային երկու օրից: Չգիտեի՝ ի՛նչ եմ ուզում անել: Մորաքրոջս տան մոտով անցա, ճանապարհին Սեյդ էսմայիլն էլ դեմս դուրս եկավ, բայց հեչ սիրտս չէր ուզում ներս գնայի՝ ո՛չ մորաքրոջս տուն, ո՛չ Սեյդ էսմայիլի: Ի՜նչ դարման պիտի անեին իմ դարդին: Հենց էսպես թեքվեցի դեպի բազար, շուկայի եռուզեռից տրամադրությունս բարձրացրավ, և սկսեցի մտքերս մի փոքր հավաքել: Միտք արեցի միտք՝ տեսա, որ էլ չեմ կարող վերադառնալ հորս տուն, էս խայտառակությունից հետո, էս անպատվությունից հետո, երեսունչորս տարի իր հացն ուտելուց և տան անկյունը նստելուց հետո: Շարունակ քայլում էի ու մտածում: Կարծում եք՝ ինչպե՞ս է մարդը խենթանում, ինչու՞ է իրեն ջրամբար նետում, ինչու՞ է ափիոն կուլ տալիս: Աստված էդ օրը չբերի, բայց չեք պատկերացնի, թե երեկ գիշեր ու նախանցյալ գիշեր ինչերի միջով անցա, խեղդվում էի, ամեն գիշեր տաս անգամ դուրս ելա բակ, տաս անգամ բարձրացա կտուր: Թե որքա՜ն լացեցի՝ միայն Աստված գիտի: Բայց մի՞թե հանդարտվեցի, նույնիսկ լացը չհանգստացրեց ինձ: Մարդ ո՞ւմ պատմի էս խոսքերը, մարդու սիրտը կպայթի, թե մեկին չասի էս խոսքերը: Ո՞նց կլինի հանդուրժել, որ երեսունչորս տարի հոր տանը մնալուց հետո, քառասուն օրվա գլխին քեզ հետ բերեն և նորից հորդ վզին փաթաթեն: Հիմա որ խալխն է ասում էս խոսքերը, ինքս ինչո՞ւ չասեմ: Մանավանդ որ ինքդ վկա ես Աստվա՛ծ, որ ես մեղավոր չեմ: Ախր ի՞նչ մեղք եմ արել, թեկուզ մի զույգ անարժան գուլպա չեմ պահանջել, որ նա ինձ համար առնի: Հենց ինքը՝ էդ Աստծուց բեխաբարը, ամեն ինչից խաբար էր, գիտեր՝ քանի տարեկան եմ, դեմքս ու կերպարանքս էլ հո մեկ անգամ տեսել էր, հայրս նրան ասել էր, որ մի
անգամ տեսնելը հալալ է, գլխիս մազերի պատմությունից էլ տեղյակ էր: Հիմա կարծես թե ինքն ի՜նչ մի ալվան ծաղիկ էր՝ չոլախ, տգեղ, փրչոտ, էդ իր հաստ ու երկաթակոթ ակնոցով, երեսի վրա էդ իր գունդ քթով: Ա՛յ Աստված, թեկուզ դու էլ նրան ներես, ե՛ս չեմ ների: Ա՜խր ես հո ջանուղուրբանի նամակ չէի ուղարկել նրան, ինքն էլ հո տեղյակ էր ամեն բանից, բա ինչո՞ւ էս փորձանքը բերեց իմ գլխին, բա ինչո՞ւ էս
խայտառակությունը սարքեց գլխիս: Աստվա՛ծ, նրա մեղքին թողություն չտաս: Հենց ինքը՝ էդ անիծվածը, չորս անգամ եկել էր հորս մոտ ու երկու ոտքը դրել մի կոշկի մեջ: Աստված անիծի պատճառողին ու դասավորողին, որ հենց ինքը՝ էդ անիծվածն էր պատճառողն ու դասավորողը: Հիմնարկում եղբորիցս լսել էր իմ մասին, հետո բոլոր գործերն ինքը դասավորեց: Ուրբաթ օրերը գալիս էր հորս մոտ ու միասին առնում-տալիս էին. պայմանավորվեցին, որ հաջորդ ուրբաթ օրը գա՝ ինձ մի անգամ տեսնելու: Աստվա՛ծ, ինքդ վկա ես. մինչև
հիմա որ միտս է գալիս էդ ժամն ու րոպեն, դող է ընկնում մարմնիս: Հիշում եմ, երբ աստիճանները բարձրանում էր, նրա լնգռտացող ոտի ձայնից ու աղյուսների վրա թխկթխկացող ձեռնափայտի ձայնից, ասես, սիրտս ուզում էր տեղից քանդվեր: Ճիշտ կարծես, ձեռնափայտի ծայրն իմ սրտի վրա էր դնում: Վա՜խ, չգիտեք ինչ օրուարևի ունեի: Եկավ, ուղիղ գնաց սենյակ՝ եղբորս սենյակը, որ մեր հյուրասենյակն էլ էր: Եղբայրս մի քանի րոպե նստեց կողքին, հետո ինձ կանչեց, որ ջուր տանեմ իրենց համար, իսկ ինքը ծխախոտ բերելու համար դուրս եկավ: Ես շարբաթը լցրել ու պատրաստ էի պահել: Չադրաս առա գլխիս, մինչև հյուրասենյակի դռան հասնելը, սիրտս տակնուվրա եղավ: Չորս քայլ ավել չէր, բայց մի կյանք տևեց: Հայրս տանը չէր, եղբայրս էլ իջել էր ներքև՝ իր կնոջ մոտ, որ ծխախոտ բերի, մայրս էլ դռան շեմին կանգնել ու ցածր ձայնով ասում էր. «Նանի՛ ջան, գնա՛, Աստված քեզ ապավեն»:
Բայց մի՞թե ոտս առաջ էր գնում: Դռան մոտ որ հասա, ուժերս պրծան: Սինին էնքան էր դողացել ձեռքերումս, որ շարբաթը բաժակից կիսով չափ թափել էր, իսկ ես չգիտեի՝ ի՞նչ պետք է անեմ. վերադառնամ շարբաթը լցնե՞մ, թե՞ հենց էդպես ներս մտնեմ: Մինչև մազերիս արմատը քրտնել էի, մարմինս սառույց էր դառել, սիրտս տեղից պոկվում էր: Աստվա՜ծ իմ, եթե ինքը ձայն չհաներ, ես ի՞նչ էի անելու: Հենց էդպես ոտ-ոտ էի անում, երբ իր ձայնը լսվեց: Անիծվածը հետ դառավ ու ասաց.
-Խանո՛ւմ, եթե դուք ամաչում եք, թույլ կտա՞ք ինքս մոտենամ ձեզ:

Աստվա՛ծ, դու վկա ես՝ խոսքը որ պրծավ, էլի իր թուլացած ոտի ձայնը խալու վրա լսեցի, եկավ ու բացեց դուռը և ձեռքս բռնելով կամաց ներս քաշեց ինձ: Հիմա էլ որ հիշում եմ էդ րոպեն, դաստակս այրվում է, կարծես թե դաստակիս շուրջը կրակե թևնոց դրած լինեն: Ինձ ներս քաշեց, սինին առավ ձեռքիցս ու դրեց սեղանի վրա: Ինձ նստեցրեց աթոռին, ինքն էլ նստեց դեմս: Մտածեցի՝ չլինի՞ չադրաս էլ վար քաշի գլխիցս: Բայց չէ, էդքան էլ անամոթը չէր էդ Աստծուց հետ դառածը: Չադրաս վրա բերեցի, բայց դեմքս ու պատկերս,
բուգս ու վիզս երևում էին: Երեսս վառվում էր, չգիտեմ ինչ օրի էի, երբ ինքը էլի խոսք բացեց ու ասաց.
-Խանո՛ւմ, Աստված ինքը թույլատրել է:
Եվ հետո տեղից վեր ելավ ու իմ աթոռի շուրջը պտույտ արեց, հետո նորից իր տեղը նստեց: Իմացա, թե ինչի համար է էդպես անում:
Եվ ավելի շատ վառվեցի ու չգիտեի՝ ինչ ասել: Ախր պետք էր մի բան ասեի, որ չկարծեր, թե բութ եմ: Ինչքան մտածեցի՝ ոչ մի բան մտքովս չանցավ: Ա՜խր ինձ պես մի աղջիկ, որ երեսունչորս տարի հոր տանն իր եղբորից բացի ոչ մեկին չէր տեսել և իր երեսը թաքցրել էր բոլոր օտար տղամարդկանցից, միայն օտար կանանց հետ էր խոսել՝ էն էլ բաղանիքում կամ բազարում, ինչպե՞ս կարելի էր օտար տղամարդուն, էն էլ խոսք առնելու եկած օտար տղամարդուն դեմդիմաց հանդիպելով՝ ձեռուոտը չկորցներ: Ես հո հիմիկվա դպրոց գնացած, ճակատ ճղած աղջիկներից չէի, որ հազար օտար տղամարդու հետ չանա չանի տված լինեի: Իսկապես պապանձվել էի, որքան մտքիս զոռ տվեցի՝ բան չգտա ասելու: Բայց հանկարծ Աստված ինքն ինձ օգնության հասավ. աչքերս սեղանի վրա էդպես պիշ արած՝ շարբաթը հիշեցի ու վռազ ասացի. «Շարբաթը կտաքնա, աղա՛»:
Բայց աղա բառը չկարողացա լավ արտասանել, թուքս թռավ կատիկս, ու խոսքս կիսատ թողեցի: Բայց երբ նրա ձեռքը դեպի շարբաթի բաժակը մեկնվեց, ես ավելի շատ համարձակություն գտա և ասացի. «Աղա՛, ծխախոտ կցանկանա՞ք»: Եվ դուրս թռա սենյակից, ա՜խ, էդ ինչ էր իմ վիճակը: Եթե եղբայրս չլիներ, ստիպված կլինեի ինքս նրա համար ծխախոտ տանեի, բայց Աստված երկար արև տա իրեն՝ ինչ ազիզ ախպեր ունեմ: Եթե իրեն էլ չունենայի, ինչ պիտի անեի: Երբ իմ վիճակը տեսավ, որ ինչպես եմ սարսափահար իջնում աստիճաններով, ասաց.
-Քույրի՛կ, քեզ ի՞նչ պատահեց: Ի՞նչ կա որ, բոլոր մարդիկ էլ ամուսին են առնում:
Ինքը բարձրացավ վերև ու նրա համար ծխախոտ տարավ: Գործը գլուխ եկավ: Սա առաջին անգամն էր, որ ես նրան էի հանդիպում, նա էլ՝ ինձ: Վկա է Աստված, սենյակում եղած ժամանակ շարունակ ուզում էի մի կերպ գլխի ընկներ, որ ես կեղծամ եմ դնում, բայց մի՞թե կարողանում էի խոսել, հոգիս բերանս էր եկել, հետո երբ ուշքս տեղն ընկավ, մորս ասացի մտահոգությունս, նա ասաց.
-Բան չկա, նանի՛ ջան, ախպերդ ինքն ամեն ինչ կդզի քեզ համար:
Ախր գիտեի, որ եթե հենց սկզբից խնդիրը նրան չհասկացնենք, օգուտ չունի: Ախր ես պիտի նրա կինը դառնայի, ո՞նց կարելի էր գլխի չընկներ, որ պարիկ եմ դնում, վերջ ի վերջո նա կիմանար, ինչո՞ւ սկզբից չհասկացնենք: Ախր գիտեի, որ եթե իր տանն իմանա պատմությունը, չորս օրվա գլխին վերջս կտա, բայց մի՞թե հիմա նույնը չի արել, ինձ ասա, որ էդքան մտահոգ էի էդ պատճառով: Աստվա՛ծ իմ, եթե դու էլ նրա մեղքը ներես, ես չեմ ների:
Ախր ես ի՞նչ էի արել, ի՞նչ գլխարկ էի դրել գլխին, որ էսպես վարվեց ինձ հետ, պատրաստ էի՝ գոնե մի տարով հետաձգեր, և էդ մի տարվա ընթացքում իր մորն ու քրոջը աղախնությունն անեի: Բայց չհետաձգեց: Գիտեի, որ մարդիկ կնստեն կասեն, թե այսինչը քառասուն օրվա տարած-հետ բերած է: Եթե գոնե մի տարի իրենց տանը մնայի, էլի ոչնչից լավ էր: Չէ թե կարծեք թե ուշքս գնո՜ւմ էր նրա համար, Աստված գիտի՝ չէ, էդ իր գրողի տարած ռեխո՜վ-մռութո՜վ, էդ իր չոլախ ոտո՜վ, չէ՛, ախր միգուցե նրա համար մի թուլա բերեի, իսկ մինչև հաջորդ տարի՝ Աստված մեծ էր: Էս ամենը հանդուրժել էի, որ այլևս հորս հացը չուտեմ, հոգնել էի արդեն. երեսունչորս տարի արթնանալ միևնույն տան մեջ և գիշերը նույն տնում քնել: Էն էլ ին՜չ տուն. տարիներ շարունակ էնտեղ ոչ մի նոր լուր չկար, ոչ մի գնալ-գալ, ոչ մի հարսանիք, լեզուս լալանա՝ ոչ մի սուգ: Երբ եղբայրս կին առավ, տունը մի պահ աշխույժի եկավ, դրանից հետո մեր տան միակ իրադարձությունը
ջրի գիշերների իրարանցումն էր, էլի ոչնչից լավ էր, բայց դա էլ հազիվ ամիսը մեկ անգամ էր լինում: Նույնիսկ աման-չաման վաճառող չարչու ձայնն էլ չէր ելնում մեր փողոցում: Չեք պատկերացնի՝ ինչ եմ ասում: Չեմ ուզում ասել, թե հորս տունը վատն էր, չէ՛, խեղճ հայրիկ, բայց ես արդեն հոգնել էի, ինչ արած, ես հոգնել էի արդեն: Իմ արևին՝ ուզում էի իմ սեփական տան խանումը լինել: Տան խանու՜մ, չէ մի չէ, նրա մայրն ու քույրն էին տան խանումը: Ես պատրաստ էի բոլորին աղախնություն անել, միայն թե մի տարով հետաձգեր, բայց չարեց: Նոր եմ հասկանում, թե ինչո՛ւ էր իմ գլխագնի՝ կալիմի կեսից շատը կանխիկ վճարում, ընդամենը յոթ հարյուր հիսուն թուման էր իմ կալիմի
գումարը, որից հինգ հարյուր թումանը կանխիկ վճարեց, մենք էլ էդ փողը լրիվ տվեցինք՝ կահկարասի գնեցինք, մայրիկս մի չորս կտոր օժիտ պատրաստեց: Երկու հարյուր հիսուն թուման էլ պարտք էր մնացել, երբ ինձ վերադարձրեց հորս տուն, ասաց՝ ապահարզանի ժամանակը լրանալուն պես կվճարի մնացածը: Հիմա եմ հասկանում, թե ինչքան էշ եմ եղել: Կարծո՞ւմ եք՝ իսկի կռիվ ու վեճ ենք ունեցել իրար հետ, կամ թե ես ուշունց եմ տվել իրեն, որ էս փորձանքը բերել է գլխիս: Երբե՛ք, քավ լիցի՛: Էս քառասուն օրվա ընթացքում թեկուզ մի անգամ ձայներս դուրս չեկավ մեր սենյակի դռնից՝ ո՛չ իմ ձայնը, ո՛չ էլ հենց էդ այլանդակ հերամեռի ձայնը: Բայց ես հենց էն սկզբից, որ տեսա՝ կեսուրի հետ պիտի ապրեմ, սիրտս ահ ընկավ: Գիտե՞ք, ախր բաներ կան, որ մարդ զգում է: Տեսնում էի, որ վեճ ու կռիվ կբացվի, ճարս հատած հարմարվում ու հանդուրժում էի: Հավատացե՛ք, դառել էի մի սև փող, նույնիսկ աղախնի հետ նման ձևով չեն վարվում: Երեսունչորս տարի հորս տանը պատվով-հարգանքով ապրելուց հետո, հիմա կեսուրիս ու տալոջս համար դառել էի ջուր տանող-բերող:
Բայց էլի բան չէի ասում, էլի գոհ էի: Իսկի մեր հարսանիքին էլ չեկան. մորն ու քրոջն եմ ասում: Հրավիրեցինք, բայց չեկան: Եվ հենց էդ տապալեց մեր գործը. հենց էդ, որ ամուսինս էր ամեն բան դասավորել, խոսք առել ու խոսք տվել, մայրն ու քույրը ոչինչ չէին արել: Ինքն ասում էր՝ մայրս ու քույրս գործ չունեն մեր գործերին, բայց սուտ էր խոսում: Մի՞թե հնարավոր է, մայրն իր մարմնի հյութն է տալիս մարդու, ինչպե՞ս կարելի է գործ չունենա մարդու գործերին: Աստված վկա է, որ վերջը հենց էս մայրն ու քույրն իրենց սև գործն արեցին՝ ինձ նրա աչքից գցեցին: Մեր հարսանիքը շատ համեստ էր, նշանդրեքն ու հարսանիքը միասին կատարեցինք: Ախպերիկս նախապես ապրանքներս ու օժիտս տարել և դասավորել էր տունը: Տուն ասածս ո՜րն է, ընդամենը երկու սենյակ ուներ. սենյակներից մեկն իմ օժիտով կարգի էին բերել: Երեկոյան ընթրիքից հետո մեզ ձեռք-ձեռքի տվեցին ու տարան: Վա՜յ, բնավ չեմ ուզում նորից միտս բերել էդ գիշերը: Աստված հեռու պահի, ուրախությունն էլ էդքա՜ն կարճատև, միայն էն եմ հիշում, որ երբ հարսանիքի ծեսը պրծավ, նա մոտեցավ երեսս համբուրելու, իսկ ես հայելու միջով նայում էի նրա ակնոցավոր դեմքին, ականջիս ասաց.
— Քեզ համար հարսանեկան նվեր մի սիրուն կեղծամ եմ պատվիրել, կյա՛նքս:
Չեք պատկերացնի ո՜նց վատացա: Երևի պիտի ուրախանայի. ուրախանայի, որ խնդիրն իմացել է ու իր երեսին չի բերել, ամեն ինչով հանդերձ՝ ինձ հենց էսպես ընդունել է, բայց ոնց որ մուրճով խփեին գլխիս, սիրտս ուզում էր ձեռքս մեկնեի ու ակնոցի տակից հանեի էդ իր պլուզ գորտի աչքերը: Գեշ անտաշի մեկը, էլ ուրիշ ժամանակ չկա՞ր, որ հարսանիքի սեղանի մոտ ինձ հիշեցրիր իմ դժբախտությունը: Թո՛ղ խեր չտեսնի իր կյանքից, Աստվա՛ծ իմ: Մի պատառ հաց կուլս չգնաց, արյունս գլուխս էր զարկել: Եվ եթե փողոցում, երբ քայլում էինք, էն խոսքն ինձ չասեր, հայտնի չէ, թե բանն ինչով կվերջանար: Բայց Աստված ինքը նրա օգնությանը հասավ, այսինքն մեր օգնությանը հասավ: Փողոցում, որ դեպի իրենց տուն էինք քայլում, ճանապարհի կեսին ականջիս ասաց. «Չեմ ուզում մայրս ու քույրս իմանան, գիտե՞ս ինչու»: Եվ ես անկախ ինձանից ցանկացա համբուրել իրեն, բայց զսպեցի ինձ: Սրտիս վրա դարսված ամբողջ քենն ու ոխը հալվեցին: Ճիշտ կարծես, էս մեկ հատիկ խոսքով նրա գորովը պատեց իմ սիրտը, գրողի տարա՛ծ: Հիմա արդեն ինքս ինձանից ամաչում եմ, որ էսպես խաբվել էի նրանից, ո՜նց էլ ուրախացել էի: Հենց էդտեղ ինչ-որ բաներ գլխի ընկա, բայց երեսիս չբերեցի: Երբ մարդու ամուսինը ուրախ է լինում, մարդ ինչպե՞ս կարող է վատ բան մտածել: Ես կարևորություն չտվեցի, բայց հենց հաջորդ առավոտվանից սկսվեց: Հենց գիշերով գնացի նրա մոր ձեռքը համբուրելու: Ինքը սովորեցրել էր, որ մոր մոտ սրտնեղեմ, թե ինչո՞ւ հարսանիքին չի եկել: Ես էլ էդպես ասացի: Վա՜հ, վա՜հ, Աստված վատ օր չտա, բնավ չամաչեց ու իմ՝ նորահարսիս և իր տղայի երեսին ոչ տարավ, ոչ բերեց, թե՝.
-Հեչ չեմ ուզում տեսնել էն հարսի տիպը, ում հարսանիքին ինքս ներկա չեմ եղել: Հասկացա՞ք: Էլ իրավունք չունես էս կնկա ձեռքը բռնես ու բերես իմ սենյակ:
Ճի՛շտ էդպես: Աստված անի՝ մեռելատան սեղանին պառկեցնե՛ն քեզ: Տեսնու՞մ եք, հենց առաջին գիշերվանից իմ բանը բուրդ էր: Պառավ շո՛ւն: Բայց ինքն էնքան մեղմ վարվեց ու էնքան նազս տարավ, որ սրտիցս հանեց էդ ամենը: էդ գիշեր, ոնց էլ լիներ, անցավ: Գիշերները, ինչ էլ լիներ, վերջապես մի կերպ անցնում էին: Կարևորը ցերեկներն էին. ցերեկները, երբ ամուսինս տանը չէր լինում, և ես մենակ էի մնում
երկու հոգեառի հետ: Ամուսինս նոտարում էր աշխատում: Ցերեկները մինչև կեսօր, երբ վերադառնում էր և կեսօրից հետո մինչև իրիկուն, որ տուն էր գալիս, ես դժոխքի մեջ էի: Իսկի նրանց սենյակի կողմը չէի մոտենում, մեն-մենակ իմ գործն էի անում, որքան հնարավոր էր, իմ սենյակից դուրս չէի գալիս, մեր երկու սենյակն էի սրբում, ամբողջ բակն ավելում, ամանները լվանում: Ինքն ինձ արգելել էր մերոնց տուն գնալը, ես էլ՝ հիմարս, համաձայնվել էի, բայց մի շաբաթ չանցած էնքան ստիպեցի՝ ընդունեց, որ երկու շաբաթը մեկ հինգշաբթի երեկոները գնանք հերանցս տուն, գնանք ընթրենք և քնելու համար վերադառնանք մեր տուն: Հետո երկու շաբաթը դարձրի մեկ շաբաթ, բայց էլի չէի համարձակվում ցերեկները ոտս տնից դուրս դնել: Առանձնապես գործ էլ չունեի, շաբաթը մեկ բաղանիք գնալը հո անհրաժեշտ էր: Առավոտները ինքն էր գնումներն անում և ինչ որ պետք էր, տուն էր բերում ու գնում: Մեր ծախսերը իրարից բաժան էին: Մեզ համար
առանձին, իր մոր ու քրոջ համար առանձին՝ միս, կանաչի ու մանր-մունր բաներ էր առնում, դռան շեմին տալիս ու գնում: Եվ ես մինչև կեսօր սիրտս ուրախ էր, որ դատարկ ձեռքով տուն չէր գալիս: Երեկոյան որ գալիս էր, նախ իր մոր ու քրոջ սենյակն էր այցելում, նրանց քեֆուհալը հարցնում, մեկ-մեկ էլ թեյը որ պատարաստ էր լինում, նրանց հետ մի գավաթ թեյ խմում, հետո գալիս էր ինձ մոտ: Վատն այն էր, որ տունը պատկանում էր նրանց, այսինքն մորն ու քրոջը: Երկրորդ շաբաթվա գլխին ինձ պարտադրեցին իրենց ամաններն էլ լվանալ, ես դրան էլ համաձայնվեցի, ծպտուն չհանեցի, բայց մի՞թե նրանց լեզուն դադար առավ: Երբ ամուսինս տանը չէր լինում, հազար դիտողություն էին անում, հազար դառն ու թունավոր խոսք ասում, գալիս սենյակիս դռան մոտով անցնում և խայթում էին, թե՝ ես կեղծամ եմ դնում, երեսս ծաղկատար է, քառասուն տարեկան եմ: Բայց իրենց տղան մի՞թե ինչ մի չքնաղ վարդ էր: Եվ վերջը հենց էս կեղծամի
պատմությունը վարի տվեց ամեն ինչ: Ախր ո՞նց կլիներ էդ բանը թաքցնել նրանցից: Վախից, որ չլինի թե իմանան, առաջվա պես հերանցս թաղի բաղանիքն էի գնում: Բայց մի օր էլ իր մայրը եկել ու մեր բաղանիքի քիսաչուց հարցուփորձ էր արել, էն էլ ինչպիսի՜ հնարքով. իրեն անծանոթ կին էր ձևացրել և իբր իմ ամուսնու համար սիրտ ցավացրել, թե բա էսպես-էնպես պառաված ու ծաղկատար դեմքով մի կին է առել: Աստված անիծի էս քիսաչիներին, կարծեմ հինգ ղռան ավել էր վճարել նրան, սա էլ շատախոսության կծիկը բացել ու իմ կեղծամի նաղլն էր արել, հետն էլ ծաղրել էր ինձ: Աստվա՛ծ, չներես նրանց: Ես ի՞նչ վատություն էի արել նրանց, էս խեղճուկրակ երջանկությունն ու անդուրեկան ամուսինը, որ ինձ բաժին էին հասել, ինչո՞վ էին նրանց կյանքը խանգարում, ինչո՞ւ էին նախանձում: Աստված գիտի ինչե՜ր էր ասել: Մյուս օրը բաղանիքի ջուր թափողն ինձ պատմեց. նույնիսկ իմ տնազն էր արել, թե ոնց եմ պարիկը վերցնում գլխիցս ու դնում ծկներիս վրա, սապոնում ու սանրում: Ես իհարկե դրանից հետո չգնացի էդ բաղանիքը, բայց ձայնս դուրս չեկավ: Ինքս էի լվանում գլուխս ու մարմինս և այլևս ոտ չդրեցի էդտեղ, ախր ինչպե՞ս կարելի է նայել էդ տեսակ մարդկանց երեսին: Ինչ որ է, բանը բանից անցել էր՝ չիմանալիքն իմացել էին արդեն: Իմ օրը սև դառավ. երկու երեք գիշեր էր, երբ ամուսինս վերադառնում էր, ավելի երկար էր մնում նրանց սենյակում: Մի երեկո էլ հենց նրանց սենյակում ընթրեց ու վերադարձավ: Ես էլի ձայն չհանեցի: Իրոք, ինչքա՜ն էշ էի: Կարծես թե մեղք գործած լինեի, մեղավորը ե՛ս լինեի, կարծես կեղծամի համար ե՛ս էի նրան խաբել: Հեչ խելքիս չեկավ մի բառ նրա հետ խոսեի: Դեռ էս ամենը հեչ, դրանից հետո ինձ ստիպեցին մեր ծախսերը միատեղ անել, առավոտ ու երեկո նրանց սենյակը գնալ և նախաճաշն ու ընթրիքն էնտեղ ուտել: Էլ կերակուրը կուլ չէր գնում կոկորդիցս: Աստվա՛ծ, որքա՜ն էշ էի ես: Էս բոլոր խաղերը գլխիս խաղացին, ու ես ձայնս դուրս չեկավ: Ախր ինչո՞ւ խորը չմտածեցի, ինչո՞ւ չստիպեցի ամուսնուս, որ ջոկվենք իր մորից ու քրոջից: Պատրաստ էի՝ գոմում ապրել, բայց առանձին լինել: Հողն իմ գլխին, որ հենց էսպես ձեռքը ձեռքի վրա դրեցի, ու ինչքան բեռնեցին, շալակեցի: Ամենն իմ մեղքն էր: Երեսունչորս տարի նստեցի հորս տանն ու միայն խոհանոցի ու բաղանիքի ճամփան սովորեցի: Ախր ինչո՞ւ էս երեսունչորս տարվա ընթացքում չգնացի որևէ արվեստ ձեռք բերելու, գրել-կարդալ սովորելու: Կարող էի ամսական մի չնչին փող դեն դնել և հորեղբորս աղջկա՝ Բաթուլ խանումի պես վարկով մի հատ զնգզնգան կարի մեքենա վերցնել, կարուձև անել ինձ համար: Մեր հարևանի աղջիկները գնացին գուլպագործության և տարվա գլխին իրենց համար գուլպագործության մեքենա գնեցին, իրենց ապրուստը վաստակեցին, իրենց հարսանիքի օժիտը պատրաստեցին, վերջում էլ տասը բեռ օժիտ տարան իրենց համար: Ախպերիկս ինչքա՜ն փորձեց ինձ
գրել-կարդալ սովորեցնել, բայց ես՝ անձեռուոտս, ես՝ հողագլուխս…սաղ իմ մեղքով էր: Հիմա նոր եմ հասկանում, էս երկու օրն էս բաներն էի անընդհատ մտածում, որ էդպես վատ մտադրություններ եկան գլխումս: Երեսունչորս տարի նստեցի հորս տան անկյունն ու սև սուգ բռնեցի իմ կեղծամի համար, տգեղությանս համար սգացի, ամուսին չառնելու համար սգացի: Մի՞թե բոլոր կանայք արևին ասում են դուրս
մի արի՝ ես եմ դուրս գալիս: էսքան մարդիկ, որ կեղծամ են դնում, ինչո՞վ են պակաս, մի՞թե միայն իմ երեսն էր ծաղկատար: Սաղ հենց իմ մեղքով էր: Հա՜ նստեցի ու հա՜ իր մոր ու քրոջ կծու խոսքերը լսեցի՜, հա թողեցի՜,  որ գնա նստի նրանց կշտին ու իմ մասին վատաբանություններ լսի, մինչև իր աչքից ընկա: Աչքից ընկա որ ընկա: Վերջին գիշեր, երբ իր մոր սենյակից եկավ, դրսի շորերը չհանեց, դռան շեմին կանգնած մնաց ու ասաց.
-Չե՞ս ուզում՝ հորդ տուն գնանք:
Հանկարծ սիրտս փուլ եկավ՝ երկու օր առաջ հինգշաբթի երեկո էր, միասին գնացել էինք հերանցս տուն ու էնտեղ ընթրել: Ես միանգամից հասկացա ինչն ինչոց է, գլխի ընկա, ասացի.
-Ինչպե՛ս որ կկամենաք:
Եվ էլ ուրիշ բան չասացի: Էդպես լուռ նստած էի ու նրա գուլպան էի կարկատում: Նորից հարցրեց, և ես նորից նույն պատասխանը տվեցի: Վերջում ասաց.
-Վեր կաց, ջանի՛կս: Արի գնանք նրանց քեֆուհալը հարցնենք:
Ինձ՝ էշիս, ասա՛, էլի ինքս ինձ հույս տվեցի, թե գուցե նման բան չկա: Կարուձևի բոխչան հավաքեցի, չադրաս գցեցի գլուխս ու ճամփա ընկա: Ճանապարհին ոչ մի բառ չխոսեցինք. ո՛չ ես բան ասացի, ո՛չ էլ ինքը: Ընթրիքը չէինք կերել, կաթսան օջախի վրա էր, ես պիտի կերակուրը լցնեի ու տանեի նրա մոր սենյակ և միասին ընթրեինք: Բայց կաթսան վրա դրած էր, երբ մենք ճանապարհվեցինք: Սիրտս էնպես էր ալյուր ձավար լինում, որ էլ մի ասա: Կարծես գուշակում էի գլխիս գալիքը, բայց էլի երեսիս չէի բերում: Մեր տունը շատ հեռու չէր: Երբ տեղ հասանք, ու ես թակում էի դուռը, ճիշտ էն օրվա օրուարևն ունեի, երբ հյուրասենյակի դռան մոտ կանգնած էի, և ինքը մոտեցավ, ձեռքս բռնեց ու ներս քաշեց: Դեռ գուցե էդ օրվանից էլ ավելի վատ էի, ամբողջ մարմնով դողում էի: Եղբայրս եկավ ու դուռը բացեց: Հենց որ աչքս դիպավ եղբորս, աշխարհի ամբողջ ցավն ու դարդը մոռացա, մտքիցս լրիվ թռավ, թե ինչ եղելություններ են պատահել: Եղբայրս իր երեսին չբերեց, բարև-աստծու բարին արեց, ու ներս գնացինք: Դալանից անցանք, բակ որ հասանք, եղբորս
կինը բակում էր, իսկ մայրս վերևի սենյակի պատուհանից գլուխը դուրս էր բերել՝ տեսնելու, թե ով է եկել: Ինքն էլ իմ հետևից էր գալիս, երբ հասանք բակի մեջտեղը, բարձր ձայնով դիմեց բոլորին, թե՝
-Սա ձեր Ֆաթեմեհ խանումը, ձեր ձեռքն եմ հանձնում: Էլ մի՛ թողեք, որ հետ գա:
Ես մինչև գայի աղաղակեի թե՝ «Ախր ինչի՞ համար, ես չեմ մնում, հենց էսպես քեզ չեմ թողնում»:
Ինքն էդ իր անդամալույծ ոտով թռավ դալանն ու փողոցի դուռը փակեց իր հետևից: Ես անվերջ բղավում էի. «Չեմ մնում, քեզ չեմ բաց թողնում»: Սկսեցի հեծլկտալ: Լաց էր, որ լացում էի: Խեղճ մերիկս վռազ իրեն հասցրեց ու ինձ ներս տարավ, անընդհատ հարցնում էր. «Ի՞նչ է պատահել»:
Եվ ես ինչպե՞ս կարող էի նրան ասել, թե ոչ մի բան էլ չի պատահել, ո՛չ կռիվ, ո՛չ վիճաբանություն, ո՛չ ղալմաղալ: Երբ լացս հանդարտվեց, ասացի, թե կռվել եմ նրա հետ, հայհոյել եմ նրա մորն ու քրոջը, էսպես ու էնպես եմ արել: Սաղ՝ սո՛ւտ: Ինչպե՞ս կարող էի ասել, որ ոչինչ չի եղել, ու էդ հոտած տերաթաղը, հենց նույն հեշտությամբ, որ ինձ առել էր, վերադարձրել է ինձ, բերել հորական տուն ու հեռացել: Բայց բանը բանից անցել էր արդեն, այլանդակի մարդամեկը գնացել էր որ գնացել: Հաջորդ օրն էլ գնացել էր եղբորս հիմնարկը և նրան հասկացրել, որ ինձ ապահարզան է տվել, իսկ կալիմի գումարի մնացյալը կվճարի, երբ ապահարզանի ժամկետը լրանա: Նաև ասել էր, թե՝ «Մեկին ուղարկեք, որ Ֆաթեմեհ խանումի ապրանքները հավաքի ու տանի»: Տեսնու՞մ եք: Մայրս էլ գիտեր, որ ամեն ինչ նրա մոր ու քրոջ ձեռքի գործն է եղել, բայց ախր ես ինչպե՞ս կարող էի էլի հորս տանը մնալ: Ինչպե՞ս էի կարող: Էս երկու օրը, որ էնտեղ մնացի, հենց
գիտենաս՝ բանտում լինեի: Երանի՜ բանտում լինեի, գոնե էնտեղ մարդ իր հորն ու մորը տեսնելով՝ ամոթից ջուր չի դառնա, գետինը չի մտնի, իր եղբոր կնոջ հայացքներից էդքան չի քաշվի: Մեր տան պատերը, որոնք էդքան հարազատ էին ինձ, հիմա կարծես իմ սրտի վրա դրած լինեին, կարծես թե տան առաստաղն իմ գլխի վրա լիներ: Ո՛չ մի բաժակ ջուր խմեցի, ո՛չ մի պատառ հաց կուլս գնաց: Խեղճ մերիկս, դարդից եթե անդամալույծ չդառնա, մեծ հունար է: Եվ խեղճ ախպերս, հաստատ, ո՛չ երեսիցն է գալիս իմ ապրանքների հետևից գնալ, ո՛չ
ուրիշ բան է ձեռքից գալիս: Ախր էդ խարդախ անճոռին, ինքը նոտարում է աշխատում և ձևերը լավ գիտի, թաց տեղը պառկողներից չէ: Ո՜վ գիտի՝ հազար ուրիշ թշվառի գլխին նույն խաղը չի խաղացել: Բայց չէ, ոչ մի տերամեռի հողագլուխ իմ չափ հողագլուխ ու թշվառական չէ: Մորն ու քրոջն ասա է՜, հա երեսովս էին տալիս, թե ֆլան-ֆստանի տուն են գնացել՝ իրենց տղայի համար հարսնախոսի… Բայց էդ ո՛ր մի տերաթաղը կընդուներ ապրել էս զոռբաների հետ, բացի ինձանից՝ իմ նման հողագլխից, որ հա՜ ձեռքերս ծալեցի ու նստեցի մինչև էս մի բռաչափի կյանքն ու ապրուստը ավերեցին գլխիս…

 

Հուլիս, 1950թ.

Պարսկերենից թարգմանեց՝ Էմիկ Ալեքսանդրին

 

 

Կարծիքներ

կարծիք