Աստծո կենացը

Հեյ, ո՞ղջ ես, արթնացիր, այստեղ Աստծո կենացն են խմում: Ես մի կերպ աչքերս բացում եմ ու հայտնվում սպիտակ  սփռոցով սեղանի կողքին: Էստեղ լսվում է բաժակների չխկոցը. «Աստված մեզ պահապան լինի, մենք էլ էսպես հավատով ապրենք»: Ես ինձ դրել եմ աստվածուհու տեղ ու վերևից քմծիծաղ եմ տալիս: Սեղանին դրված գառան միսը սրտխառնոց է առաջացնում: Մատաղ արեցին, Աստված ընդունեց, կերան, կամ կերան, որ ընդունի: Եկեղեցի են շինել, որ Աստված պահապան լինի, ես վերևից քմծիծաղ եմ տալիս: Մայրս հազիվ մեզ հետ սեղան է նստել, փոքր-ինչ ներողամիտ եմ դառնում գառան մսի հանդեպ: Հնչում է հաջորդ կենացը. «Կառուցված մատուռն էլ թող որպես հիշատակ մնա իմ հավատի»: Իսկ ես էդպես էլ չգնացի մոմ վառելու. գիրք էի կարդում, գրողը տանի, իսկ եթե պատժվե՞մ. գառան միսն էլ չկերա: Մեղքերը հերթով անցան առջևովս, մայրս կորավ տեսադաշտից, հորս վաղուց չեմ տեսնում: Քույրս բռնեց ձեռքս, գնացինք նրանց փնտրելու. Աստծո կենացն են խմում, գնանք փնտրելու: Միասին քայլում ենք, սեղաններ են դատարկ, մայրս ու հայրս չկան: Չէ, էսպես չի լինի, ավելի լավ է առանձին փնտրենք: Թողնում եմ քրոջս ձեռքը, գնում եմ դեպի դատարկություն, մայրս հաստատ էնտեղ կլինի, ախր միշտ էնտեղ է, դատարկության մեջ նստած: Քույրս գնում է էնտեղ, որտեղ աղմուկ կա: Հայրս աղմուկի միջից դուրս կգա, երևի կճանաչի նրան: Մենք բաժանվել ենք, որ գտնենք մեզ: Ես դողում եմ, հայտնվել եմ մի մեծ տան մեջ ու ոչ մի ելք չկա դուրս գալու: Քանդված պատեր են, բայց առաստաղը փուլ չի եկել, մայրս հաստատ էնտեղ է, ամենածայրի սենյակում, էնտեղ, որտեղ ավելի հեռու է, որտեղ ավելի մենակ է: Էստեղ ոչ ոք չկա, բայց ես փորձում եմ ուժեղ ձևանալ: Մի քանի քայլ ու մոտ եմ խելագարությանը: Գլխումս պատկերներ են գնում գալիս, սենյակից սենյակ դրանք ավելի անտանելի են դառնում, բայց, գրողը տանի, ես իրական չեմ, էլ ինչու՞ եմ վախենում խելագարվելուց: Գիտակցությունս ընդմիջվում է հեռվից եկող մլավոցով: Գնում եմ ձայնի ուղղությամբ, Հարրին է, նստած է պատուհանագոգին, բայց, Աստված իմ, պատուհանը ծածկված է տատիս գնած խալիով, որի վրա ինչ-որ մեկի ձեռքով Հիսուսն է արարվել գառների հետ: Դեղին կատուս կարմիր խալու ֆոնին, կատվիս հետևում գառներն են,  գառներից մեկին էսօր մատաղ արեցին: Կատուս մլավում է, գնում եմ, գրկում, նստում պատուհանագոգին: Եկել եմ մորս փնտրելու, Հիսուսին գտա, գառներին գտա, կատվիս գտա, մայրս չկա: Տեսնես քույրս գտա՞վ հորս: Էս գրողի արած տանը պատուհաններին խալիներ են, ես նորից եմ շրջում սենյակներով, բոլոր սենյակներում նույն խալին է կախված, վրան էլ բամբակով գրված է. «Սեր, երջանկություն»։ Ինչ-որ ծանոթ պատկեր է մեխվում ուղեղումս, հա, հիշեցի, հարսանիքի նկարն է, մայրս ու հայրս են, հետևի ֆոնին պատից կախված է նույն խալին, նույն գրությամբ: Աբսուրդ: Նկարն էլ գտա: Հայրս ու մայրս կորել են: Խելագարվում եմ, փորձում եմ ուժեղ ձևանալ, բայց էստեղ ոչ ոք չկա, ինչի՞ս է պետք ձևանալը: Կատվիս գրկած անցնում եմ բոլոր սենյակներով, գրողը տանի, ամեն հաջորդ սենյակում խալու վրայի գառներից մեկը պակասում է, հասնում եմ վերջին սենյակ, խալու վրայի կանաչն անհետացել է, որի վրա արածում էին գառները, Հիսուսն է մենակ՝ փայտը ձեռքին, կարմիր խալու մեջտեղում, հայացքը ներքև: Բամբակով գրված «սեր, երջանկություն»-ը նույնպես կորել է: Կատուս մլավում է, ես ուշքի եմ գալիս: Թողնում եմ կատվիս Հիսուսի մոտ ու վազում քրոջս գտնելու, մայրս չկա, քույրս հորս է փնտրում: Տունը սկսվում է փլվել, առաստաղը երկինք է դառնում, պատուհանների խալիները հայտնվում են գետնին, բա Հիսու՞սը, բա կատու՞ս: Ժամանակ չկա, մայրս տանը չէ, ես մի կերպ գտնում եմ դուռը ու դուրս նետվում: Դրսում էլի սեղաններ են, այս անգամ՝ ոչ դատարկ: Դրսում անտանելի աղմուկ է, երևի քույրս գտել է հորս: Վազում եմ, բոլորը Աստծո կենացն են խմում, ես վազում եմ: Քրոջս եմ տեսնում, նստած է նույն սեղանի մոտ, մայրս սեղանի մի ծայրին է, հայրս՝ մյուս, մնացածը կենաց են խմում: Նստում եմ քրոջս կողքին, բռնում ձեռքը, հարցնում՝ գտա՞ր պապային: Քույրս բաժակը բարձրացնում է ու կենաց ասում: Նայում եմ, սեղանին էլ ոչինչ չկա, նույնիսկ գառան միսն է վերջացել: Մորս ու հորս բաժակներն իրար չեն դիպչում, սեղանը գնալով լայնանում է: Բաժակների աղմուկը խլացնում է հեռավորությունը: Ես ինձ աստվածուհու տեղ եմ դնում ու քմծիծաղ տալիս: Իրենք չգիտեն, որ տունը փլվեց, որ բամբակյա սերն ու երջանկությունն անհետացան, որ կատուս մնաց Հիսուսի հետ փլատակների տակ: Իրենք Աստծո կենացն են խմում ու բաժակները չեն դիպչում իրար: Իրենք չգիտեն: Իսկ ես ինձ դրել եմ աստվածուհու տեղ, նայում եմ ու քմծիծաղ տալիս:

 

 

 

Կարծիքներ

կարծիք