Անտանելին ժամանակի մեջ

Երկու խոսք

Սերգեյ Սաֆարյան Նեմրութը ծնվել է 1996 թվականին Արցախի  Մարտունի քաղաքում: Հաճախել է տեղի Ն.Ստեփանյանի անվան  N 1 դպրոցը: Այնուհետև՝ բարձրագույն կրթություն ստացել ՌԴում: Էկոնոմիկա և մենեջմենթ ֆակուլտետի շրջանավարտը վերադարձել է Արցախ, աշխատում է արվեստի դպրոցում, եւ պատերազմող երկրում  գրում է բանաստեղծություններ։ Ավելին՝ բանաստեղծական տեքստերը  ազատ են, երբեմն՝ անսպասելի  ու «ոչ պոետիկական», որտեղ կան տարբեր լեզվական իրողությունների բախում, որ երբեմն ստեղծում են հակադիր արժեքների համամասնություն, երբեմն էլ՝ մնում են չհիմնավորված։

համենայնդեպս՝ այս, կամ մի այլ կերպ՝ բանաստեղծը փորձում է գտնել ասելիքի իր  սեփական առոգանությունը։

Տպագրվել է արցախյան մամուլում։

Այս դժվարին որոնումներում  ու  ժամանակներում  էլ՝ Սերգեյ Սաֆարյան Նեմրութին հայաստանյան գրական դաշտում բարի ճանապարհ եմ մաղթում։

 Սլավի-Ավիկ Հարությունյան

 

 

 

***

Հեռանում եմ

այնտեղից,

որտեղ երբեք

չեմ եղել.

զգում եմ, որ

այս ճանապարհը

ինձ տանելու է այնտեղ

ուր

ես

չկամ:

Լավ է:

Վերջապես կապրեմ

առանց ինձ:

 

***

Անձրևաթաց

բույրդ

հավաքել

պահում եմ

ծոցագրպանիս մեջ.

երբ ավարտվեն

տարվա

բոլոր եղանակները,

ես

վերարկուս

կթողնեմ լուսնի

փեշերին,

որ մութն էլ իր

լուսնալույսով

ծաղկի

քո

բույրից:

 

***

Ե՞րբ եմ

լինելու

առանց

պատերազմի,

առանց

խաղաղության …

Ես մինչև հիմա

չեմ

հասկանում

որի

տուժածն եմ,

որի

շղթայված

շարունակությունը:

Ձեռքերիս

մեջ

և

արկեր են

և

աղավնիներ.

երկուսնել

թռչել են

ցանկանում:

Եթե

ինձ

վերապահեին

նրանց

ճակատագրի

ընթացքը,

ես

նրանց

կպսակեի

ամենաճոխ

հարսանիքով:

Ես

ե՞ րբ եմ

ապրելու

առանց պատերազմի,

առանց խաղաղության.

եթե

իմ

պատերազմն ու խաղաղությունը

փակագծերի մեջ

փակված են միշտ…

(Հարսանիքի խնամախոսներին գնդակահարեր մեկը …)

 

***

Ինձ

մոռացեք

ես

ձեր հիշողության հետ

խնդիրներ

ունենալ

չեմ

ցանկանում:

 

***

Կոշկարների

փոքրիկ

արհեստանոցների

կտուրներին

ժամանակը

ավելի

խիստ է,

որովհետև այնտեղ բոլորը

ոտաբոբիկ են:

Եթե

փողոցներն անցնեին

այդտեղով,

երևի հիմա

բոլորը

քայլելու սովորությունը

մոռացած

կլինեին:

Ամեն դեպքում

այդ բոլորն էլ

տանելի է.

անտանելին

ժամանակի մեջ,

ժամանակի կողքին

պպզած մնալն է…

…նամանավանդ,

երբ

պպզել են սկսում

ձեռքերը…

Կարծիքներ

կարծիք