Երդվում եմ Արարատով

Նախանձում եմ, ազնիվ խոսք, նախանձում եմ պատմություն չունեցող ժողովուրդներին: Երանի իրենց, իրենց թեթև սրտներին. հոգիներն՝ անխռով, մտքերը՝ պարզ, իրենք էլ՝ ջահել ու անհոգ: Աշխարհը՝ լիքը, դեմները՝ բաց, իրենք էլ կանաչ աշխարհով ընկել, գնում են ազատ: Ժանտախտից չեն վախեցել, մորեխից, տիֆից, թուրք ու մոնղոլից չեն վախեցել: Ուրիշ ազգերն այդ համաճարակի դեմն առել են, փոխարենը գրականություն, փիլիսոփայություն, կրոն, բարոյականություն են ստեղծել, ինքնաթիռ, մեքենա, հեռուստացույց, գնացք են ստեղծել, տվել են ջահել ժողովուրդներին, նրանք էլ վերցրել, դրել են տակներն ու կոլեկտիվ խանդավառությամբ գնում են կանաչ աշխարհով: Գնում են, և ամեն մեկը նախահայր է իր սաղմնավորվող ազգի համար. գրականության, նկարչության, սպորտի հիմնադիր է, դասական:

Գնում են և իր արթնացող մարմինն առաջին անգամ գիտակցողի անկազմակերպ ոգևորությամբ ժպտում են մեզ՝ հին պատմությունների մեջ խճճվածներիս, քաջալերում, թե՝ մի վախեցեք, եկեք մեր ետևից, մենք ճանապարհը ցույց կտանք, եկեք, մի վախեցեք, մենք ձեզ հետ ենք, մենք ճանապարհը գիտենք, եկեք:

Երանի իրենց:

Հողը փորում են, որ շենք կառուցեն, տակից պատմություն, քաղաք, թագավոր դուրս չի գալիս: Հողը կույս, նախաստեղծ, ինչպես աշխարհաստեղծման առաջին օրը. մաքուր, մամոնտի հետքը վրան: Փորում ու գնում են առաջ, փողոցները քանոնով գծում ու կառուցում են. դեմը վեցհազարամյա տաճար չկա, բերդ ու եկեղեցի չկա, քանոնով գծում ու կառուցում են:

Երանի իրենց:

Խեղճ Ալեքսանդր Թամանյան: Ուզում էր իր քաղաքն այնպես կառուցել, որ բոլոր փողոցները դեպի Արարատ բացվեին: Խեղճ Ռաֆայել Իսրայելյան: Թանգարան էր կառուցում, ուզում էր անպայման մի պատուհանից Արարատը երևար, մյուսից՝ Արագածը: Հայոց երկու սուրբ լեռները ճարտարապետներին հանգիստ չէին տալիս, չէին թողնում ազատ երևակայել, ինչպես հինգ հազար տարի և դրանից առաջ էլ հանգիստ չէին տվել իրենց նախնիներին:

Խեղճ հայ ճարտարապետներ, ո՞րն էր ձեր մեղքը…

Կամ իմ մեղքը որն է, որ փոխանակ խոսքս միանգամից սկսեմ, անմիջապես բացեմ ասելիքս, Մսրա Մելիքի պես գնում հասնում եմ մինչև Դիարբեքիր, գնում եմ, որ թափ առած գամ, գամ… ու նորից վրիպեմ: Եվ արդեն որերորդ անգամ արդարանամ, թե ինչու եմ խոսքս այդքան հեռվից սկսում, ինչու եմ նախանձում ջահել ժողովուրդներին, և ինչից է, որ վախենում եմ չհասկացվելուց, թեև հայ լինելն արդեն ենթադրում է չհասկացված լինել:

Եվ ինչպես ասում է ռուս նշանավոր մարդաբան Ելիսեևը՝ այս ազգը պատմության համար մի մեծ հանելուկ է: Ասում է ու բացատրում, հիմնավորում, թե ինչու: «Զարմանք է պատճառում նաև գոյության կռվի տեսակետից այս փոքր երկրի ուժերի հարաբերությունը, որ այդքան դարեր սեպի պես խրված է հզորների մեջ: Կործանվեցին մեծն Ասորեստանն ու Բաբելոնը, պարսից, մակեդոնական, հռոմեական, արաբական հզոր տերությունները, մեծամեծ ազգերը բնաջնջվեցին, անհետացան աշխարհի երեսից, իսկ հայոց ազգը ոչ միայն կենդանի մնաց, այլև կյանքով ու հույսով լի մղվում է գիտության և աշխատանքի»: Ասում է գիտնականը, ասում է ու շարունակում. «Հակառակ հայերի բազմադարյա պատմության, հակառակ հազարավոր աղետների՝ հայկական տիպարը գրեթե մնացել է անաղարտ, մինչդեռ Փոքր Ասիայի մնացած ցեղերը շատ են այլափոխվել: Այնպես որ, ամենամաքուր արյուն ունեցող ազգերի մեջ պատվավոր տեղ են գրավում հայերը»…

…Եվ ես այսօր լրիվ պատահաբար կարդալով ուղիղ երեսուն տարի առաջ մայիսին գրած իմ հերթական անտիպ էսսեն (ի դեպ, ձեռագիրը ոչ թե ես եմ գտել, այլ իմ Անի աղջիկը` հին թղթերը դասավորելիս. երիցս ճիշտ է Բուլգակովը, որ ձեռագրերը չեն այրվում)՝ հիշեցի, որ այն տարիներին էսսեն մերժել էր ժամանակի գրաքննությունը: Բայց էսսեի առաջաբանը իմ սիրտը տեղահանեց, և որոշեցի, որ այն մեր Հաղթանակների Մայիսին տպագրվի: Եվ ասել նաև, որ թերևս կարող էինք ավելի լավը լինել այն տարիներին, բայց այսքանը կարողացանք:

Ներեցեք… Ու թույլ տվեք դարձյալ երդվել Արարատով:

 

«Անհայտի սահմանը» գրքից

Կարծիքներ

կարծիք