Արևամոր հորդորով

Խենթանո՜ւմ եմ…
Խամաճիկային հպարտությամբ:
Հետո ի՞նչ:
Հետո ի՜նչ…
Հետո ի՞նչ:
Միևնույնն է,
կյանքն ապրելու եմ:
Տարածվելով:
Խեղճանալով ու կծկվելով:
Այդ ե՞ս եմ, թե՞ դու ես:
Միևնույնն է:
Մենք բոլորս միմյանց
շարունակություն ու
միմյանց լրացում.
լրացո՜ւմ…
Հետո ի՞նչ:
Խամաճիկային հաղթանակ:
Խամաճիկայի՞ն…
Թե՞…

 

 

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Ներսումս բեկվեց

ճառագայթը

սիրո:

Շարունակությունը

կանգ առավ,

սպասեց,

գունազարդվեց ու…

կրկին բեկվեց:

Գիշեր չէ, ու…

առավոտ էլ չէ

կարծես…

ամեն մի նորմալ

գյուղում

աքլորականչ է:

Խմբում եմ բառերը

սրտիս,

որ գոռամ՝

անքնությո՜ւն է…

և ես այնքա՜ն արթուն եմ,

որքան քնած ես

գուցե

դու,

և  չգիտես, որ

այս պահին

քեզ եմ երազում…

 

 

Oրը:
Չէ,
սուտ եմ ասում`
լուսաբացը:
Երեքամսյա տապից հետո
անձրևաշոր այգ:

Արևածաղկի դեղին-դեղին
թերթերից պոկված առավոտ:
Աղմուկը վազում է

գլորվող
անիվների հետ

համբուրվող
սալարկին:
Մայրս սպասում է:

 

 

Հեռու,

միջմոլորակային

տարածությունից

մեզ է հասնում

ճառագայթը

լույսի…

ճեղքում երկրագնդի սիրտը,

լուսավորում ինձ,

հակոտնյա որևէ էության

միտքն ու…

հեռանում հեռու

միջմոլորակային

տարածություն…

 

Բոլորը սիրում են…
Ջուր դիր, որ ափսեները լվանաս:
Խոհանոցը գրավված է կեղտոտ ափսեներով:
Բոլորը տխուր են:
Միթե այդքան դժվար է լվանալը:
Չէ՞ որ միայն հարկավոր է
տաք ջրի մեջ լցնել օճառափրփուր և
ափսեները հերթով ողողել ջրում:
Ամեն ինչ ունայն է:
Ջուրը շատ տաք չանես,
այլապես ձեռքերդ կայրես:
Նա այնտեղ է որտեղ չկամ:
Վերջացրու վերջապես, և զգույշ
չջարդես,
ափսեներն իրար գլխի մի լցրու,
նրանք անհավասար են:
Ամեն ինչ անհավասար է:
Որտե՞ղ է ներդաշնակությունը,
որ
խոսվում է անդադար:
Ահա, վերջապես մաքուր են,
այս փնթի ափսեները, որոնք
անընդհատ կեղտոտ են, և
անընդհատ թափված են խոհանոցում:
Տխրություն:

 

 

Աշնան ծառերը
լապտերալույսով ողողված
դիմավորում են:
Ժպտում եմ:
Ինձ հետ ժպտում են
ծառերը:
Տերևները թափվում են:
Հայտնագործություն:
Պարզվում է ժպիտից թափվում են.
տերևները:
Այդպես ժամանակն է հեռանում:
Ուզում եմ հետ գնալ:
Կարոտը կանչում է:
Ժամանակը գինով լի բաժակ,
հարբած.
հանգերում տողերս խեղդվում են.
գոռում եմ…
Ծառերը գունագեղ
ժպտում են:
Ժամանակը գինով`
հեռանում է:

 

 

 

ՅՈԹ ՄՈՒՍԱՆԵՐԻ ԱՅԳԻ

Ծիրանները ժպտում են ծառերին,
ծիկրակում, ինչպես
Արևի զավակները քնաթաթախ,
ճպճպացնելով կոպերն արթնանում են.
արևամոր հորդորով:
Հպվում եմ ծակ-ծակ որձաքարին
և արյունս
հին հիշողություն արթնացնելով
երգում է`
հաղթականչ:
Արդեն ջնջված սեպագիրը
նման
ծերունական հիշողության,
իր գոյությամբ դարերն է
ընդգրկում ու
դառնում
վկայական:
Եվ
ապշում եմ
հսկա
քարերի դասավորությամբ,
մտածում
նախամարդու հզոր բազկի մասին,
որ հղկելով
քարերն ու
ափերով կորացնելով

դրել է
քարը` քարին
ու
պատսպարվել:
Պարուրվում եմ ծակոտկեն
որձաքարի հիշողությամբ:

 

 

Այսպես չի լինում:
Հեռացումի խոսքերն անգամ
չասվեցին:
Դու իմ մտքում,
ուղեղիս մեջ
քայլում ես ինձ հետ:
Հիշողություն:
Ժամանակը վերանում է:
Կանգ առնում ու
պտտվում անէությանդ շուրջ:
Այդ դու ես, և…
Այդ` երբեք էլ դու չես…
Այլևս:

 

 

Օրերն` ակնթարթ:
Հեռանում են:
Ժամանակը, որ
չկա
գոյությունն է հաստատում
անզորության ճիրաններում:

 

 

Բեմի վրա քայլող մարդը
կանգ առավ:
Բեմը շնչում էր:
Բեմի շնչառության մասին
վաղուց էր լսել,
բայց այս պահին այն
իր ոտքերի տակ էր:
Մերկ ոտնաթաթերը
զգում էին
փայտե հատակի
տրոփյունը:
Քիչ առաջ
ինքը…
ծնվել էր:

 

 

Մայրամուտը կիջնի ու
կբերի իր հետ
իր տխրությունը:
Կհիշեմ հեռացած կարոտներս ու
կդադարեմ…
հավատալ աշխարհին:
Մայրամուտը կթափառի ինձ հետ ու
ականջիս կշշնջա.
-Սիրում եմ:
Գու՜ցե:
Կհավատամ:

 

 

Կարծիքներ

կարծիք