Երեկվա  աշխարհը

Հեղինակ:

Ե վ ր ո պ ա ց ո ւ   հ ո ւ շ ե ր  /հատվածներ/

Ես ծնվել եմ հազար ութ հարյուր ութսունմեկ թվականին, մեծ և հզոր կայսրությունում` Հաբսբուրգների միապետությունում, բայց պետք չէ այն փնտրել քարտեզի վրա. այն անհետ ջնջված է: Մեծացել եմ Վիեննայում` երկուհազարամյա վերազգային մայրաքաղաքում, որտեղից ստիպված եմ եղել հեռանալ որպես հանցագործ, երբ այն  դեռ չէր դեգրադացվել մինչև գերմանական գավառական քաղաքի աստիճան: Իմ ստեղծագործությունը այն լեզվով, որով գրել եմ, մոխրի է վերածվել նույն երկրում, ուր միլիոնավոր ընթերցողներ իմ գրքերը իրենց ընկերն էին դարձրել:  Ես այլևս ոչ մեկին չեմ պատկանում, ամենուր օտար եմ, լավագույն դեպքում` հյուր, և իմ իսկական հայրենիքը՝ իմ սրտի Եվրոպան, կորած է ինձ համար այն պահից, երբ եղբայրասպան պատերազմի հետևանքով արդեն երկրորդ անգամ բզկտվեց  մասերի: Հակառակ իմ կամքի` ես ականատեսը դարձա բանականության սոսկալի պարտության, դաժանության` պատմության մեջ ամենակատաղի հաղթահարշավի.  ամենևին էլ հպարտությամբ չէ, որ նկատում եմ սա, այլ ամոթով․ ոչ մի սերունդ չի ապրել այնպիսի բարոյական անկում այնպիսի հոգևոր բարձունքից, ինչպես մեր սերունդը: Այս կես դարի մեջ՝ կարճ ժամանակամիջոցում, մինչ մորուքս կաճեր ու կճերմակեր, կատարվեցին ավելի շատ արմատական տեղաշարժեր և փոփոխություններ, քան սովորաբար տեղի է ունենում մարդկային տասը կյանքի ընթացքում, իսկ դա անհնարինս շատ է. մեզանից յուրաքանչյուրը զգում է այն իր մաշկի վրա: Այնքան է իմ այսօր-ը տարբերվում իմ ցանկացած երեկ-ից, իմ թռիչքներն` անկումներից, որ երբեմն թվում է, թե ապրել եմ ոչ թե մեկ, այլ մի քանի միմյամց բոլորովին ոչ նման կյանքեր:

․․․Աշխարհը, որտեղ ծնվել և հասակ եմ առել, և այսօրվա աշխարհը, և նրանց միջև գոյություն ունեցող աշխարհը առանձնանում են իմ գիտակցության մեջ: Դրանք բացարձակապես տարբեր աշխարհներ են:

․․․Մենք թերթեցինք բոլոր հնարավոր աղետների գրացուցակները, ծայրեիծայր, և դեռ չենք հասել վերջին էջին: Ես ականատես եմ եղել մարդկության երկու մեծագույն պատերազմների և նրանցից յուրաքանչյուրը տարել եմ տարբեր ճակատներում` մեկը` գերմանական, մյուսը` հակագերմանական: Մինչև պատերազմը ես ապրել եմ անհատական ազատության գերագույն, իսկ հետո` ցածրագույն աստիճանը.․․ Ինձ փառաբանել և խարազանել են, եղել եմ ազատ և ճորտ, հարուստ և աղքատ: Ապոկալիպսիսի բոլոր աշխետ ձիերն անցան իմ կյանքի միջով` հեղափոխություն, սով, դրամի արժեզրկում, ահաբեկություն, համաճարակ, արտագաղթ. իմ աչքի առաջ ստեղծվեցին ու տարածում գտան մեծագույն զանգվածային գաղափարախոսություններ` ֆաշիզմը` Իտալիայում, նացիոնալ-սոցիալիզմը` Գերմանիայում, բոլշևիզմը` Ռուսաստանում և, ամենից առաջ, այն զարհուրելի ժանտախտը` նացիոնալիզմը, որը թունավորեց եվրոպական մշակույթի ծաղկումը։ Ես դարձա անպաշտպան ու անզոր վկան մարդկության աներևակայելի անկումի, բարբարոսության, թվում էր, վաղուց արդեն մոռացված ժամանակների` հակահումանիզմի կանխամտածված և ծրագրված վարդապետությամբ: Մեզ վիճակվեց նորից պատերազմներ տեսնել, չհայտարարված պատերազմներ, տեսնել համակենտրոնացման ճամբարներ, խոշտանգումներ, զանգվածային կողոպուտ, անպաշտպան քաղաքների ռմբակոծություն, այս ամենի սարսափը, որ վերջին հիսուն սերունդները չէին տեսել, գալիք սերունդներն էլ, հուսանք, չեն տեսնելու: Եվ որքան էլ պարադոքսալ է, նույն ժամանակ, երբ մեր աշխարհը հազարամյակներով հետ էր շպրտվում, մարդկությունը հասել էր աներևակայելի հաջողությունների տեխնիկայի ու գիտության բնագավառում` միանգամից գերազանցելով միլիոնավոր տարիներով ձեռք բերվածին` երկնքի հնազանդեցում օդանավերով, երկրային խոսքի ակնթարթային փոխանցում աշխարհի մի ծայրից մյուսը, տարածությունների հաղթահարում, ատոմի ճեղքում, հաղթանակ ամենազազրելի  հիվանդությունների դեմ, որի մասին երեկ դեռ միայն երազել կարելի էր: Մարդկությունը երբեք այդպիսի մոլուցքով չէր դրսևորել իր սատանայական և աստվածակերպ բնույթը միաժամանակ:

———

Էմիգրացիայի ցանկացած ձև  անխուսափելիորեն բերում է հավասարակշռության որոշակի խախտում: Դադարում ես քեզ ուղիղ պահելուց, երբ ոտքիդ տակ այլևս չես զգում հարազատ հողը, դառնում ես նվազ ինքնավստահ, ինքդ քեզ ավելի քիչ ես հավատում. սա պետք է ապրել, որպեսզի կարողանաս հասկանալ: Եվ ես, առանց մտածելու, ընդունում եմ, որ այն օրից, երբ սկսեցի ապրել այդ թղթերով կամ անձնագրերով, այլևս երբեք ինձ ինձ նման չէի զգում: Իմ իրական, բնական «ես»-ին հատուկ ինչ-որ բան ընդմիշտ կործանված էր: Ավելի զուսպ էի դարձել, քան սովորաբար կամ, և ինձ` նախկին աշխարհաքաղաքացուս, չէր լքում այն միտքը, թե արդեն պետք էր շնորհակալ լինել շնչածս ամեն ումպ օդի համար` ուրիշ ժողովրդից խլված: Սթափ մտածելով` իհարկե հասկանում էի այս տարօրինակ վիճակի անհեթեթությունը, բայց արդյոք բանականությունը երբևէ  հաղթե՞լ է զգացմունքին: Ինձ չէր օգնում այն, որ ահա արդեն  կես դար` սովորեցնում եմ  սրտիս` բաբախելու որպես«сitoyen du monde»։ Ոչ, այն օրը, երբ կորցրի անձնագիրս, ես` հիսունութ տարեկանում, հասկացա, որ հայրենիքի հետ կորցնում ես ավելին, քան սահմանազատված հողի մի շերտն է:

Բայց որ նույնիսկ հուսահատության ժամին բարձր բարոյականության և իմաստուն մտքի տեր մարդու հետ զրույցը կարող է անսահման սփոփանք և հոգու կորով պարգևել, իմ կյանքում անմոռաց կերպով ապացուցվեց այն փառավոր ժամերին, երբ մինչև աղետը եղած վերջին ամիսներին հնարավորություն ունեցա անցկացնելու Զիգմունդ Ֆրոյդի հետ: Մի քանի ամիս ինձ  տանջում էր այն միտքը, որ յոթանասունամյա հիվանդ մարդը մնացել էր Հիտլերի Վիեննայում, մինչև որ  անզուգական իշխանուհի Մարի Բոնապարտին` նրա անձնվեր աշակերտուհուն, հաջողվեց, Լոնդոն տեղափոխելով, փրկել ճորտացված Վիեննայում ապրող այդ ականավոր մարդուն: Կյանքիս ամենաերջանիկ օրերից էր այն օրը, երբ թերթում կարդացի, որ նա ոտք է դրել կղզի, երբ  տեսա Հադեսից վերադարձած ազնվագույն ընկերոջս:

Ես ճանաչում էի Զիգմունդ Ֆրոյդին` խիստ մտքի տեր այդ վսեմագույն մարդուն, որը, ինչպես որևէ այլ մտածող մեր դարաշրջանում, խորացրեց և ընդլայնեց գիտելիքը մարդկային հոգու մասին, Վիեննայում, դեռ այն ժամանակ, երբ այնտեղ նրան համարում էին ինքնահաճ, բնավ ոչ համակրելի, տարօրինակ անձնավորություն  և  անբարյացակամորեն էին վերաբերվում: Ճշմարտության նվիրյալ, բայց, միևնույն ժամանակ, ճշմարտության սահմանափակությունն իմացող (մի անգամ ինձ ասաց. «Հարյուրտոկոսանոց ճշմարտություն լինում է նույնքան հազվադեպ, որքան հարյուրտոկոսանոց ալկոհոլ»)՝ նա առանց վարանելու մերժեց համալսարանն ու նրա ակադեմիական զգուշավորությունները` խիզախելով թափանցել բնազդների երկրային-անդրերկրային աշխարհի` մինչ այդ անծանոթ, անհայտության մատնված գոտիները` ոլորտ, որի վրա ժամանակը հանդիսավորությամբ տաբու էր դրել: Օպտիմիստական-լիբերալ աշխարհը ենթագիտակցաբար զգում էր, որ այդ կոմպրոմիսներ չունեցող ինտելեկտն իր խորքային հոգեբանության տեսությամբ անխնա կերպով ոտնակոխ է անում  բանականության և զարգացման ուժով բնազդների  աստիճանական ճնշման վերաբերյալ իրենց թեզը, որ նա անսքող ճշմարտության իր մոլեռանդությամբ  վտանգավոր է անցանկալին անտես անող մեթոդի համար: Այնուամենայնիվ, միայն համալսարանը չէր և ոչ էլ սոսկ հնօրյա նյարդաբույժների հանցախումբը, որ համախմբված, պաշտպանվում էր այդ վտանգավոր անդենականից, այլ ամբողջ աշխարհն էր, ամբողջ հին աշխարհը, մտածողության հին ձևը, բարոյական «պայմանականության» ողջ դարաշրջանը, որ երկյուղում էր նրա բացահայտումներից:   Նրա դեմ կամաց-կամաց գործի է դրվում ողջ բժշկական աշխարհով ձևավորված կազմալուծող մեխանիզմը․ նա կորցնում է աշխատանքը, իսկ քանի որ նրա թեզերը և հարցի անգամ ամենահամարձակ դրվածքը գիտականորեն անհնար էր ժխտել, ապա քնի նրա տեսության հետ փորձում են հաշվեհարդար տեսնել վիեննական ձևով` հեգնելով այն կամ դարձնելով առօրյա խոսակցությունների անհամ կատակ: Միայն կրքոտ երկրպագուների   փոքրիկ շրջան է հավաքվում շնորհազրկվածի շուրջը ամենշաբաթյա բանավիճային երեկոներին, որոնց ընթացքում հոգեվերլուծությունը` որպես գիտություն, ձեռք էր բերում իր առաջին ուրվագծերը: Մինչ կկարողանայի հասկանալ Ֆրոյդի առաջին հիմնարար գործերով նախապատրաստվող մտավոր հեղաշրջման չափերը, արդեն խորը հարգանք ունեի այդ յուրահատուկ մարդու  բարոյական աներեր պահվածքի նկատմամբ: Նա գիտության մարդ էր, որին նվիրված էր իր երազին փարված պատանու պես, զգույշ ու շրջահայաց իր տեսակետների մեջ, քանի դեռ վերջնական ապացույց և բացարձակ համոզվածություն չուներ, բայց և անդրդվելի ամբողջ աշխարհի դիմադարձության առաջ, երբ հիպոթեզը վերջնական  համոզմունք էր դառնում. համեստ մարդ, երբ խոսքը պարզապես իր մասին էր, բայց անզիջում` իր ուսմունքի յուրաքանչյուր դրույթը պաշտպանելու հարցում՝ մինչև մահ հավատարիմ մնալով իր դրույթներում առաջ քաշվող իմանենտ ճշմարտությանը։ Հնարավոր չէ պատկերացնել հոգեպես ավելի խիզախ մեկին: Ֆրոյդը միշտ ասում էր այն, ինչ մտածում էր, նույնիսկ երբ գիտեր, որ իր կուռ, անողոք դատողությամբ մարդկանց իր դեմ է հանում և երբեք չէր փորձում թեթևացնել իր վիճակը թեկուզ ամենաչնչին, թեկուզ ձևական զղջումով: Համոզված եմ, որ Ֆրոյդը կարող էր, առանց ավանդական գիտության դիմադրության և խոչընդոտի, արտահայտել իր տեսության չորս հինգերորդը, եթե համաձայնվեր շրջահայացորեն երեսպատել այն, «սեքսուալ»-ի փոխարեն ասել «էրոտիկա», «լիբիդոյի» փոխարեն` «էրոս»,  ողջ ընթացքում ծայրահեղ եզրակացություններ անելու փոխարեն պարզապես  ակնարկեր դրանք: Այնուամենայնիվ, ուսմունքի և ճշմարտության հարցում նա անզիջում էր: Որքան ամուր էր դիմադրությունը, այնքան անսասան էր նրա կամքը: Եվ երբ բարոյական «խիզախություն» հասկացության համար՝ աշխարհում միակ այլ զոհ չպահանջող հերոսությունը, ես խորհրդանիշ եմ փնտրում, իմ առջև տեսնում եմ Ֆրոյդի հիասքանչ, առնականորեն շիտակ դեմքը` մուգ աչքերի անվրդով հայացքով: Մարդ, որը հեռացել էր իր հայրենիքից, որին  համաշխարհային փառք էր պարգևել, ծերունական հասակում էր,  ծանր հիվանդ: Բայց նա հոգնած մարդ չէր և ոչ էլ կոտրված: Սրտիս խորքում ես վախենում էի, թե կտեսնեմ դառնացած, իրեն կորցրած մեկին`  Վիեննայում ապրած տանջալի ժամերից հետո, բայց տեսա նրան` վստահ, նույնիսկ ավելի երջանիկ, քան երբևէ: Նա ինձ տարավ Լոնդոնի արվարձանում գտնվող իր տան այգին: «Մի՞թե առաջ ավելի լավ էի ապրում», -ասաց`  լուսավոր ժպիտը երբեմնի խիստ շուրթերին: Ապա ցույց տվեց իր սիրելի եգիպտական արձանիկները, որ Մարիա Բոնապարտն էր  Վիեննայից բերել նրա համար: «Մի՞թե նորից տանը չեմ»: Գրասեղանին բաց դրված էին գրասենյակային ձևաչափի մեծ թղթեր` ձեռագրի էջերը. ութսուներեք տարեկան՝ գրում էր, ամեն օր, գրում էր՝ նույն կլոր, հստակ ձեռագրով, նույն հստակ մտքով, ինչպես իր լավ օրերին, տքնաջան աշխատում. նրա հզոր կամքը հաղթահարում էր հիվանդություն, ծերություն, տարագրություն, նրանից հորդում էր պայքարի երկար տարիների ընթացքում զսպված բարությունը: Ծերությունն ավելի մեղմաբարո էր դարձրել նրան, փորձություններն` ավելի ներողամիտ: Վարմունքի մեջ երբեմն քնքշություն էր հայտնվում, որը նախկինում չէիր տեսնի չափավոր պահվածքի տեր այդ մարդու մեջ. ձեռքը դնում էր զրուցակցի ուսին, և աչքերը ակնոցի փայլող ապակիների միջից նայում էին մեծ ջերմությամբ: Ամբողջ այդ տարիների ընթացքում նրա հետ զրույցներն ինձ հոգեկան մեծ բավականություն էին պատճառում: Ե՛վ սովորում ես, և ՛ հիանում ես, և զգում ես, որ յուրաքանչյուր բառդ հասկացվում է նախապաշարմունքից ազատ այդ մարդու կողմից, որին չի վախեցնում որևէ խոստովանություն, չի զայրացնում ոչ մի եզրակացություն, որի համար մյուսներին տեսնել ու զգալ սովորեցնելը դարձել էր կենսական մղում: Երբեք ավելի մեծ երախտագիտութամբ չեմ զգացել մեր անվերջանալի զրույցների անփոխարինելի հմայքը, որքան նրա կյանքի վերջին տարվա ընթացքում: Նրա սենյակ ոտք դնելու պահից արտաքին աշխարհի խելագարությունը դադարում էր: Ամենասարսափելին դառնում էր վերացական,  ամենախճճվածը` պարզ ու հասկանալի, րոպեականը հլու միանում էր պարբերական մեծ փուլերին: Առաջին անգամ ես հասունացա ինքն իրենից վեր բարձրացած իմաստունի աստիճան, որի համար ցավն ու մահը անձնական ապրումներ չեն, այլ հայեցման, դիտելու վերանձնական օբյեկտ. մահը նույնպես բարոյական սխրանք եղավ նրա համար, որքան և կյանքը: Ֆրոյդն արդեն տառապում էր այն հիվանդությամբ, որը պիտի խլեր իր կյանքը: Արհեստական ատամնաշարի պատճառով խոսելն ակնհայտորեն մեծ ջանքեր էր խլում. անհարմար էիր զգում լսածդ ամեն բառի համար` տեսնելով, թե որքան մեծ հոգնություն է պատճառում նրան արտաբերումը: Մի բան չէր կարող թույլ տալ. նրա պողպատե ոգին լցված էր յուրահատուկ փառասիրությամբ` ցույց տալու ընկերներին, որ իր կամքն ամուր է մնում ունայն մարմնի փուչ տառապանքների դեմ: Բերանը ցավից ջղաձգված` մինչև վերջին օրը, գրասեղանի առջև նստած, գրում էր, և երբ գիշերները ցավից քունն ընդհատվում էր, նրա ամուր, առողջ, փառահեղ քունը, որը ութսուն տարի եղել էր ուժերի աղբյուրը, հրաժարվում էր քնաբերից, ցավազրկող ներարկումներից: Չէր ուզում  մշուշել մտքի հստակությունը  և ոչ մի անգամ. ավելի լավ է տառապել սթափ, ավելի լավ է մտածել չարչարանքների մեջ, քան չմտածել. մտքի կիսաստված՝ մինչև վերջին, ամենավերջին վայրկյանը: Զարհուրելի պայքար էր դա և որքան ավելի էր երկարում,այնքան ավելի ու ավելի հրաշափառ էր դառնում: Մահը գնալով ավելի էր իր ստվերը դրոշմում նրա դեմքին: Այտերը փոս էր գցել, ճակատից ասես հատիչով քանդել, հանել էր քունքերը, ծամածռել էր բերանը, փակել բառերի ճանապարհը. դժխեմ հոգեառը անզոր էր միայն աչքերի վրա՝ այդ արթուն փարոսի, որտեղից աստվածային միտքը  դիտում էր աշխարհը. աչքերը և միտքը, նրանք մինչև վերջին վայրկյանը մնացին հստակ: Այցելություններից մեկի ժամանակ ինձ հետ տարա Սալվադոր Դալիին` նոր սերնդի ամենատաղանդավոր նկարիչներից մեկին, որն անսահման մեծարանք ուներ Ֆրոյդի նկատմամբ, և մինչ ես զրուցում էի գիտնականի հետ, նա էսքիզներ արեց, բայց ես չէի կարող նկարը ցույց տալ Ֆրոյդին, քանզի նկարչի խորաթափանց հայացքը նրա մեջ արդեն բնակեցրել էր մահը:

Գնալով ավելի կատաղի էր դառնում մեր ժամանակի ամենախորաթափանց մտքի, ամենահզոր կամքի պայքարը մահվան դեմ. միայն այն ժամանակ, երբ մտքի բարձրագույն շնորհով տեսավ իր գոյության հստակ սահմանագիծը, զգաց, որ այլևս չի կարողանում գրել, չի կարողանում աշխատել, հռոմեացի հերոսի պես բժշկին արտոնեց` վերջ դնելու ցավին: Վսեմագույն կյանքի վսեմագույն ավարտ, մահ, որը նշանավոր էր նույնիսկ մեր մահաբեր ժամանակներում, երբ շուրջն անթիվ-անհամար մարդիկ էին մեռնում: Եվ երբ մենք` իր ընկերները, նրան գերեզման էինք իջեցնում անգլիական հողում, գիտեինք, որ այդ հողին մենք պահ էինք տալիս մեր հայրենիքի լավագույնը:

Ֆրոյդի հետ հաճախ էինք խոսում հիտլերյան  աշխարհի և պատերազմի  սարսափների մասին: Որպես մարդ` նա խորապես ցնցված էր, բայց որպես մտածող` բոլորովին զարմացած չէր գազանայինի բռնկումով: Ասում էր, որ շարունակ մեղադրվել է հոռետեսության մեջ, քանզի ժխտում է մշակույթի գերակայությունը բնազդների նկատմամբ և, ահա, անշուշտ ոչ հպարտությամբ, այլ, սոսկումով,  տեսնում է իր կարծիքի հաստատումը․ բարբարոսությունը, ոչնչացման տարերային բնազդը հնարավոր չէ արմատախիլ անել մարդկային հոգուց: Թերևս անցնող հարյուրամյակների հետ հաջողվի մի ձև գտնել այդ բնազդների սանձահարման համար՝ գուցե ազգերի համակեցության ոլորտում, բայց առօրյա կյանքում և նախաբնության մեջ նրանք հարատև են, հնարավոր է, նույնիսկ անհրաժեշտ են` որպես ձգողականությունը պահպանող ուժեր:

 

Թարգմանությունը գերմաներենից՝ Ամալյա Ալեքսանյանի։

 

Կարծիքներ

կարծիք