Ռմբակոծություն աչքերից

Հեղինակ:

Ռամադան էր։ Զեյնան կրծքերը սրած խմոր էր գրտնակում։ Մի կողմից գլխին թափվել էին հարսն ու թոռը, մյուսից էլ՝ ճանճերը։
—էս ֆուտբոլը անհավասար մրցաշարում է տեղի ունենալու, հաբիբի։ Համբերի՛ր, մինչև մնացածը կգան, կնստենք սեղան,-ասաց Զեյնան՝ ալյուրի մեջ թաթախված ձեռքով կսմթելով թոռան կարմիր այտը, որ կանգնել էր աթոռի վրա և ականջալուր չէր լինում ոչ մի կերպ։
—Գոլ,-գոռաց սևագանգուր տղան ՝ խմորից մի կտոր պոկելով ու բերանում ճպճպացնելով։ Համեղ թվաց՝ կարելի էր ուտել տատից թաքուն, Ալլահից թաքուն։
Խոհանոցը եռում էր քրտինքի մեջ։
Գարնանային տաքը նստել էր գազօջախին ու չէր գնում։
Զեյնան կտրում էր խմորը լուսնաձև ու հավասարաչափ, մեկիկ-մեկիկ դասավորելով կողք կողքի, լուռ ստուգելով՝ յուրաքանչյուր եզրագծի համաչափությունը։
—Կինը պետք է խստապահանջ լինի իր հանդեպ, դանակի ու դրա խրթխրթոցի, ինչ իմանաս՝ ի՞նչ է կտրում գուցե մատը կամ էլ փշեր, իսկ եթե փշերի ետևում վարդեր կան, որոնք կտրելուց հետո չեն աճի,-մտմտում էր Զեյնան՝ հիանալով մզկիթների նմանվող խմորի կտորներով, որոնք Ատտծո և մարդու հնազանդության կշռաքարեր կարող էին լինել։
Մատը չկտրեց, բայց արյուն եկավ։ Մի ծիտ ծրտեց խմորի վրա։
Վերջին կտորը, այնուամենայնիվ, խորդուբորդ էր։ Խմորը մնում է խմոր, ալյուրը՝ ալյուր, իսկ մարդը՝ ավազ։
—Հա-հա,-հռհռացին ճանճերը քթերը ցցած կանանց պես։
Հարսը ջնջոցից վիրակապ սարքեց Զեյնայի համար։ Զեյնան նեղվում էր իր կրծքերի ծանրությունից։ Երեք երեխա ու մի քանի ճանճ էր կերակրել։ Ձեռքերի արանքներում էլ գորտնուկներ ուներ թաքցրած։ Մի՛ զզվեք գորտ չէր որսացել երբեք, ոչ էլ երեխաներ։ Կանգնել էր ծորակի մոտ ու երգել,երգել անշունչ անապատի երգը։ Էդ երգը նվնվան օրերի մասին չէր, էդ ուղղակի ներսից հորդացող մի անձրևի  մասին էր, որ կուտակվել էր երկնքից ու քարացել Ալլահի երազներում։

Զեյնան սառեց, դղրդաց մի քիչ, կրծքերը ավելի փքվեցին, դարձան օդապարիկներ։ Ուզում էր կռանալ, սակայն չկարողացավ։ Ոչինչ չէին լսում խոհանոցի պատերը, ոչինչն էլ սարսափից էր ճչում։ Օազիսը հոսեց ափեափ՝ խառնվելով ավազի հատիկներին։ Ննջասենյակն ու լոգարանը էլ  մտան հյուրասենյակ ճաշելու։
Սեղանին ամեն ինչ կար դրված՝ կանաչեղեն, ընդեղեն ու անուշաբույր ուտեստներ, բայց մածունը վաղուց թթվել էր։
Մի կին էր քամել մեծ կրծքերով, երբ շերեփը գցել ու պայթել էր  ռումբի  հետ։
Թոռն ու հարսն էլ հասցրել էին ծպտվել սեղանի տակ։ Նրանց բոլորին միայն  տեսնում էր, նրանք բոլորը ընդամենը ծտեր էին՝ ճերմակ ու սև, որ մի քանի գարուն առաջ ապրում էին, իսկ հետո անշնչացան, որ չվեին։
Զեյնան քահ-քահ ծիծաղեց, կերավ իր պատրատած հում խմորի կտորները ու փոխեց հեռուստալիքը։
Ռմբակոծել էին հարևան շրջանները։Էլեկտրասյուների վրա մարդիկ էին մահացել, իսկ եթե՞ ծտերը արթնանային…
Պատերազմ էր։

 

 

 

Հաբիբի- սիրելիս /արաբերեն/

Ռամադան- Իսլամական օրացույցի իններորդ ամիս: Այն համարվում է մուսուլման աշխարհի պահքի ամիսը, որով նրանք ըստ իրենց հավատքի հիշատակում են  Մուհամմադ մարգարեի առաջին հայտնությունը:

 

 

Կարծիքներ

կարծիք