Պատմել սիրով ու սիրելով ընթերցողին

 Զրուցակիցս գրող, հրապարակախոս, լրագրող Գայանե Պողոսյանն է

 

-Մարդը գրող է դառնում, կարելի է ասել, ինքնաբերաբար: Չկա որևէ բուհ, որտեղ մարդուն սովորեցնեն վեպ կամ պատմվածք գրել: Իսկ ինչպիսի՞ն է, այդ առումով, լրագրողի ճանապարհը: Դու և լրագրությունը. ո՞վ է ում ընդառաջ քայլել, հիշո՞ւմ ես որպես լրագրող՝ առաջին հոդվածդ:

 -Ես ուզում եմ հերքել կարծրատիպերն ու սահմանել լրագրողի ու գրողի միակ տարբերությունը՝ լրագրողը գրում է իրական պատմություններ, գրողը՝ հորինված: Լրագրողին ու գրողին չեն կարող զատել գրի որակը, ստեղծագործելու բնատուր շնորհը, տաղանդը, նրանցից ակնկալվող պահանջները: Ավելին՝ գրողը հնարավորություն ունի իր պատմությունները համեմել մտացածին և գայթակղիչ սյուժեներով ու կերպարներով, իսկ լրագրողը պիտի հավատարիմ մնա ճշմարտությանը ու, այդ ամենով հանդերձ, ստեղծի գրի բարձր որակ: Ակնհայտորեն, սա ավելի բարդ է ու ավելի մեծ տաղանդ է պահանջում: Տեղեկություն փոխանցելը լրագրության ամենապարզունակ ձևն է, բայց հենց դա էլ իշխում է մեր լրատվական դաշտում: Կան լրագրության ժանրեր, որոնք հետզհետե դառնում են գրողների մենաշնորհը՝ ակնարկ, էսսե, ֆելիետոն, որովհետև լրագրությունը իր չափանիշներն ամփոփել է տեղեկություն փոխանցելու, կամ ուղղորդված ցածրակարգ քարոզչության շրջանակում (հօգուտ կամ ի վնաս ), առանց խորքային ու մասնագիտական վերլուծությունների: Ես չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչպես են այսօր լրագրող դառնում, որովհետև եթերից հնչող խոսքն ու մամուլի հրապարակումները վկայում են, որ դաշտը լի է պատեհապաշտներով: Այսօր ճիշտ հայերենն արդեն մեծ ակնկալիք է լրագրողից:

…Մանկուց որոշված էր, որ ես պետք է բժշկուհի դառնամ: Հայրս պատմությունների մի ամբողջ շարք էր հորինել՝ կապված բժշկուհի Գայանե Հայկովնայի աշխարհացունց հաջողությունների հետ. նա գիտեր, թե ինչով պետք է գայթակղել ինձ: Բայց փառասիրությունս շոյող այդ պատմություններն էլ չօգնեցին: Ես չորս տարեկանում արդեն գրադարանի ընթերցող էի ու սիրում էի պատմություններ պատմել: Անընդհատ ինչ-որ բան էի պատմում ինձ շրջապատող իրականության մասին, իսկ մարդիկ կլանված լսում էին (հիմա էլ նույնն է, բան չի փոխվել): Տպագրվել սկսել եմ չորրորդ դասարանից: Մայրս մշակույթի տան տնօրեն էր ու մեր շրջանային «Արտաշատ» թերթում լուսաբանում էր իր կազմակերպած միջոցառումները: Մի օր էլ խնդրեցի թույլ տալ, որ հոդված գրեմ մի գրական ցերեկույթի մասին (մանկական գրողի հետ հանդիպում էր): Ու այդպես սկսվեց: Ես մասնագիտական կրթություն եմ ստացել Պետական համալսարանում, որտեղ սովորել եմ հայերեն, կարդացել եմ արտասահմանայան գրականության դասականներին, լսել եմ գրականագետների վերլուծությունները… Իսկ արվեստագիտության ֆակուլտետում սովորելիս ծանոթացել եմ համաշխարհային արվեստի պատմությանը Լևոն Չուքասզյանի, Գրիգոր Օրդոյանի, Տավրոս Դաշտենցի դասախոսություններով: Եթե կա պարարտ հող, հակվածություն, այս ամենը անպայման հետք թողնում է մարդու հայերենի իմացության, գեղարվեստական մտածողության ու ճաշակի վրա, ձևավորում է հոգու շերտերը, խտացումները, բարձրացնում է դիտողունակության ու զգայունության շեմը: Իսկ ա՛յ պատմելու ձիրքը լիովին բնատուր է, և ոչ մի բուհ այն չի կարող արարել:

 

Երեք հարյուրից ավելի հարցազրույցներ անվանի արվեստագետների հետ՝ մեծատաղանդ մարդիկ, լուսավոր անուններ, որոնց մի մասն արդեն հուշ են դարձել երկրային կյանքում, և քո զրույցները փոխանցում են նրանց կենդանի խոսքը: Արդյոք եղե՞լ են բարդ, «կամակոր» զրուցակիցներ, ի՞նչ հետաքրիր դրվագներ, դիպվածներ են մնացել «կադրից» դուրս:

 -Իմ կյանքի ամենագեղեցիկ պահերը ես ապրել եմ Խորեն Աբրահամյանի, Հասմիկ Պապյանի, Կարպ Խաչվանքյանի, Տիգրան Մանսուրյանի, Գոհար Գասպարյանի և մեր մյուս մեծերի հետ զրուցելիս: Այդ զրույցների շարքը սկսել եմ 2000 թվականից ու այսօր էլ շարունակում եմ: Վերջինը օրեր առաջ էր. հարցազրույց արեցի Ֆրանսիահայ դերասան, ռեժիսոր Սերժ Ավետիքյանի հետ և շատ տպավորված եմ: Մեր մեծերը որքան ինքնատիպ ու չքնաղ են արվեստում, նույնքան անկեղծ ու գեղեցիկ են կյանքում և մեծ ազդեցություն են ունեցել իմ ներաշխարհի վրա: Անհնար է շփվել նրանց հետ ու չզգալ, թե ինչպես է նրբանում հոգիդ, ինչպես է թավիշով պատվում ներսդ … Ես ուզում եմ, որ սա զգա նաև ընթերցողը:

Մի օր, երբ որոշեմ ավարտել իմ լրագրողական գործունեության ակտիվ փուլը, կգրեմ հիշողություններս՝ գզրոցներից կհանեմ մեր մեծերի հետ զրույցների՝ կադրից դուրս դրվագները: Դրանք այնքան շատ են: Իսկ հիմա մի քանի պատմություն կհիշեմ՝ քո առաջարկությամբ:

Հարցազրույցից առաջ ես Սիլվա Կապուտիկյանին պատմեցի, որ պապս՝ իր համալսարանական ընկերներից մեկը, որը Շիրազի հետ ուսանողական հանրակացարանի նույն սենյակում էր ապրում, սիրահարված է եղել իրեն և մորս իր անունով է կոչել: Տիկին Կապուտիկյանը հիշեց պապիկիս ու շատ հուզվեց: Կատակեց՝ սխալ է արել, որ չի խոստովանել իր սերը, շատ հնարավոր է, որ ես նախապատվությունը տայի իրեն, ոչ թե Շիրազին (Ի դեպ, պապս գեղեցիկ, կապուտաչյա, բարձրահասակ տղամարդ էր): Հետո երևի հին օրերի հուշից, թե անակնկալ հուզմունքից՝ Սիլվա Կապուտիկյանը ինձ անընդհատ շոկոլադ էր հյուրասիրում, նա շոկոլադներով լի տուփը բարձրացնում էր ու այնքան էր պահում օդում, մինչև ես շոկոլադ վերցնեմ: Արդեն 3 հատ շոկոլադ էի կերել, երբ բանաստեղծուհին շոկոլադի նոր տուփ բացեց…. Այդ օրը ես 6 հատ շոկոլադ կերա մեկ բաժակ սուրճի հետ:

Խորեն Աբրահամյանենց տանը հեռուստազրույց պիտի անեի «Զինուժի» համար: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի և օպերատոր Դավիթ Վարդանյանի հետ էի: Գնացինք պայմանավորված ժամին: Խորեն Աբրահամյանենց դարպասը բաց էր, բայց տանը մարդ չկար: Ես սկսեցի կերակրել ճագարներին, իսկ Սուրենը խաղում էր ծառի տակ ընկած պարսատիկով: Թե ոնց արեց, պարսատիկ պոկեց: Քիչ անց Խորեն Աբրահամյանը կնոջ ու տղայի հետ տուն եկավ: Տղան կլիներ ամենաշատը տասը տարեկան: Նկարահանման պահին հանկարծ երեխան միայն կիսավարտիք հագին՝ հուզված ներս ընկավ ու պոկված պարսատիկը մեկնելով ինձ՝ ասաց՝ էս ի՞նչ ես արել: Բայց ինչի՞ց ենթադրեցիր, որ հատկապես ես եմ պոկել՝ հարցրի: Երեխան չհասցրեց պատասխանել: էս ի՞նչ տեսքով ես ներկայանում աղջկան ու ի՞նչ տոնով ես խոսում ՝ իր բամբ ձայնով մռնչաց Խորեն Աբրահամյանը: Կնոջը հետ պիտի մեծարանքով ու սիրով խոսել: Երեխան գնաց, բայց բանակի մասին մեր զրույցը կտրուկ փոխեց թեման: Մոտ մեկ ժամ տեսագրեցինք, թեև մեզ ընդամենը 10 րոպեանոց սյուժե էր պետք, որովհետև Խորեն Աբարահամյանը սկսեց խաղալ: Դա հիասքանչ էր: Մեկ դերասանի թատրոն: Ասում էր՝ մի ցուցահանդեսում լիքը մերկ կանայք էին պատկերված, բայց այդ կտավների մոտ մարդ չկար: Բոլոր տղամարդիկ հավաքված էին մի նկարի մոտ, որտեղ կինը բարձրացրել էր ձեռքը, ու փորիկը մի քիչ բացվել էր: Եթե քամին կնոջ փեշը բարձրացնում է, կինը պետք է ձեռքով պահի այն, դա է սեքսուալը: Իսկ եթե կինը մի բան էլ քամուն օգնեց, որ փեշը բարձրանա, կորցնում է իր ձգողական ուժը…

Մի բան էլ պատմեմ: Գոհար Գասպարյանը հարցերին շատ երկար էր պատասխանում: Ինձ թվում էր՝ հարցը չի լսում. պատմում էր ու պատմում: Ես, բնականաբար, չէի ընդհատում նրան: Վերջում, երբ արդեն հրաժեշտ էի տալիս, ժպտալով ասաց՝ սա իմ վերջին հացազրույցն է, դրա համար էլ ինչ հիշում էի, պատմեցի: Հետո պետք կգա: Կարճ ժամանակ անց մեծ երգչուհին մահացավ:

 

-Ապրիլյան պատերազմի մասնակիցների մասին քո հերոսապատում- ակնարկաշարը մեծ արձագանք ունեցավ, առանց բացառության՝ յուրաքանչյուր ակնարկ հասավ ընթերցողի սրտին, հուզեց: Այդ ակնարկները գրական մրցանակներ շահեցին: Դրանք գեղարվեստական պատկերայնությամբ են հարուստ: Ո՞րն է սահմանագիծը պատմածքի և ակնարկի միջև: Ո՞րն է Գայանե Պողոսյանի ակնարկների գրավչության գաղտնիքը:

 — Ակնարկն ու պատմվածքը ունեն մեկ տարբերություն՝ մեկը հորինված է, մյուսը՝ իրականություն: Ուրիշ տարբերություն չպիտի ունենան: Այսօր ասպարեզում շատ գրքեր կան՝ ակնարկների հավաքածու, որտեղ զետեղված են մարդկանց կենսագրությունները՝ համեմված մերկապարանոց էպիտետներով ու նրանց մասին հնչած կարծիքներով:  Ակնարկներ են գրել  Հրանտ Մաթևոսյանը, Վարդգես Պետրոսյանը… Ինձ համար նրանք են չափանշում ակնարկի իրական բնութագիրն ու որակը: Ակնարկ գրելը շատ բարդ է: Դու պիտի դիմանկարես իրական մարդու: Գեղանկարես, ոչ թե լուսանկարես: Այսինքն՝ գրես գեղարվեստական պատում, ոչ թե կենսագրություն: Ո՞րն է իմ ակնարկների գրավչության գաղտնիքը… Երբեք չեմ ձգտում ապրումներ պարտադրել ընթերցոողին, կամ գրել ազդեցիկ, ցույց տալ իմ մասնագիտական հմտությունները: Ես ուղղակի պատմում եմ՝ գեղարվեստորեն, վառ գույներով, հետաքրքիր: Ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես կարելի է գրել, հետո աշխատել գրածի վրա, հղկել: Այդպես, ըստ իս, կորչում է անկեղծությունը, ընդհատվում է էներգիայի, հույզերի փոխանցումը: Ես մտքիս մեջ պատմում եմ ու արագ սղագրում պատմածս՝ սարսափելի ձեռագրով: Գրելու կանոններ չկան: Նա, ով գրում է կանոններով, տանուլ է տալիս: Պատմիր, ինչպես ուզում ես, ինչպես զգում ես, մի հաճոյացիր ընթերցողին, մի ջանա գոհացնել նրան: Քո հաճույքի համար պատմիր, և դա կլինի ամենաճիշտ գրականությունը: Խոսքս պատմելու շնորհ ունեցողների մասին է, իհարկե: Մյուսների համար ամենաճիշտը լռելն է, որովհետև չի կարելի գրական մթնոլորտը աղտոտել՝ այդքան շատ թափոն արտածելով: Ես գրական մթնոլորտ ասելով՝ նկատի ունեմ նաև լրագրությունը;

 

 -Երկար տարիներ աշխատում ես ՊՆ «Զինվոր» թերթի խմբագրությունում: Փոխգնդապետի ուսադիրները, զինվորական պաշտոնը չե՞ն սահմանափակել քո ստեղծագործողական ազատությունը:

-Պաշտոնը պատվանդան է, որը առերևույթ կարող է մեծացնել մարդու հասակը, եթե ի վիճակի չես զատելու պատվանդանը մարդու չափսերից: Բայց խորաթափանց հայացքի ներքո կատարվում է հակառակը՝ պատվանդանի վրա մարդու իրական չափսերը ավելի լավ են երևում: Անհամեստ չհնչի, որպես լրագրող՝ իմ կշիռը պայմանավորված է բացարձակապես իմ մասնագիտական վաստակով: Ես շնորհակալ եմ Աստծուն իմ անցած ճանապարհի համար, շնորհակալ եմ, որ չեմ ունեցել այնպիսի պաշտոն, որը կխանգարեր ակտիվ գրելուն: Պաշտոն-պատվանդանները ինչպես բարձրանում, այնպես էլ ընկնում են, իսկ քո ստեղծագործական վաստակի պատվանդանը քեզնից ոչ ոք չի կարող խլել: Պաշտոնի տերը պետք է պաշտոնից մեծ կշիռ ունենա, որպեսզի իրենով փառավորի պաշտոնը, ոչ թե դառնա պաշտոնի գերին: Հակառակ դեպքում՝ այո, պաշտոնը կարող է կառավարել քեզ, դարձնել խամաճիկ, ձևախեղել քո անպաշտպան ներքին աշխարհը, շրջանցել քո թույլ դիմադրողականությունը: Ինչ վերաբերում է ուսադիրներին, ես շատ գոհ եմ, որ բանակում ինձ սովորեցրին բերանը բացելուց, կամ գրիչ վերցնելուց առաջ մտածել՝ ասածդ ի՞նչ օգուտ կբերի երկրիդ ու քո հայրենակիցներին: Այս քաղաքացիական կեցվածքն ու տարրական բարեխղճությունը պիտի ունենան յուրաքանչյուր լրագրող ու գրող: Մի անգամ, երբ ես քննադատել էի ինչ-որ անհաճո հասարակական երևույթ, մեկը իմ Ֆբ էջին գրեց՝ իսկ ինչո՞ւ նույն եռանդով չեք խոսում բանակի թերությունների մասին: Ես հրապարակավ խոստացա ներողություն խնդրել այդ մարդուց ու ընթերցողներից, եթե ինքը բանակում առկա որևէ թերություն նշի, ու ես չկարողանամ ցույց տալ համապատասխան հոդված, որտեղ խոսել եմ այդ մասին: Ներողություն խնդրելու առիթ չեղավ:

 

— Խաչիկ Մանուկյանը, Նարինե Աբգարյանը, Ռոլանդը Շառոյանը, Վրեժ Սարուխանյանը, Դավիթ Մուրադյանը, Լևոն Չուքասզյանը, Աբգար Ափինյանը և բազմաթիվ այլ ճանաչված արվեստագետներ ու գրականագետներ բարձր են գնահատում քո գործերը, դրանց գեղարվեստական լեզուն, հորդորում են գիրք դարձնել համացանցում հրապարկված պատմվածքներդ ու ակնարկներդ, քեզ համարում են ինքնատիպ ձեռագիր ունեցող ու կայացած գրող: Այդուամենայնիվ, դու համառորեն քեզ լրագրող ես անվանում, ի հակադրություն այլ հեղինակների, որոնք մեկ — երկու ստեղծագործությունից կամ տպագրված նյութից հետո իրենք իրենից պարգևատրում են գրողի կոչումով: Լրագրողի մասնագիտության հանդեպ մեծ սե՞րն է պատճառը, թե՞ գրող ձևակերպման առաջ՝ պատասխանատվությունը:

-Ես չունեմ որևէ հորինված գործ: Եվ ապրիլյան պատերազմին վերաբերող ակնարկաշարը, և իմ մանկության մարդկանց մասին 50 -ից ավելի պատումները իրականության գեղարվեստական մատուցումն են: Իմ բոլոր հերոսները իրական մարդիկ են, իրենց իրական անուններով: Իմ շուրջը, իմ գլխի մեջ այնքան հրաշալի իրական պատմություններ կան, որ մի կյանքը հազիվ հերիքի ազատվել դրանցից ու անցնել հորինելուն: Ինձ դուր է գալիս պատմել իրական մարդկանց մասին, որոնց անձամբ հազարավոր մարդիկ են ճանաչում: Ու այդ մարդիկ ասում են՝ ինչ տիպիկ ես նկարագրել, ինքն է, որ կա: … Տես, դու նույնպես այն կարծիքին ես, որ գրող լինելը ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում, քան լրագրող լինելը: Մինչդեռ ճիշտ հակառակն է: Ես հենց սա եմ ուզում հաստատել: Քո պատմվածքների հերոսները քեզ երբեք չեն ասի՝ այստեղ ինչ-որ բան այն չէ, սա ինձ նման չէ, բայց այդ մտավախությունը ես միշտ եմ ունենալու:

 

-«Սլոն» իրապատում պատմվածքը հրապարակեցիր քո ֆեյսբուքյան էջում: Պատմվածքը սիրվեց ընթերցողի կողմից, արժանացավ մասնագետների բարձր գնահատականին, մրցանակ ստացավ: «Սլոյին»հաջորդեցին տարբեր դրվագներ մանկությունից, անկեղծ, հումորով, գունեղ պատումներ՝ համեմված բարբառով ու վառ կերպարներով: Ինչո՞ւ ես դրանք քո ֆեյսբուքյան էջում հրապարակում, ինչո՞ւ չգնացիր ընդունված ճանապարհով՝ հրապարակել գրական կայքում, կամ սպասել, որ տպագրվի գրքում, և նոր միայն հասանելի դարձնել ընթերցողին՝ ինչպես անում են հեղինակներից շատերը:

 -Միանգամից պատասխանեմ օդում կախված հարցին՝ դա իմիջի ու ինքնատիպության համար չեմ արել: Կա կարծիք, որ հավակնությունների ցուցադրական բացակայությունը խոսում է դրանց ընդգծված առկության մասին: Անկեղծորեն ասեմ՝ կա նման բան: ես շատ նախանձախնդիր եմ իմ ստորագրության հանդեպ ու մեծ պատասխանատվություն եմ կրում ընթերցողի առաջ: Ես չեմ ուզում գիրք հրապարակել ու սրտատրոփ սպասել ընթերցողի ու գրաքննադատների գնահատականին: Ես Ֆեյսբուքյան ստատուսներ եմ գրում, ի դեպ՝ անվերնագիր, ու երկրի լավագույն գրողներն ու գրականագետները ասում են, որ դա լավ գրականություն է, ու հարկավոր է գիրք դարձնել, ֆիլմ նկարել… Ընթերցողը մշտապես հարցնում է՝ թե երբ, որտեղից գնի դեռ չտպագրված գիրքս: Սա շոյում է իմ ինքնասիրությունը: Սա իմ ոճով է: Ես չեմ սիրում մի կտոր տարածքի համար մարտնչողներին, ճանկռելով բարձրացող մարդկանց: Այդ առումով՝ ես շատ անփույթ եմ ապրում: Ի վերջո, կարևորը լավ գործ անելն է ու ստեղծագործելու հաճույքը: Իսկ փառքը սովորաբար փախչում է իրեն հետապնդողներից:

 

— Երբ ընթերցողը սպասի Գայանե Պողոսյանի գրքերին: Եվ, առհասարակ, ի՞նչ ծրագրեր ունես ապագայի հետ կապված:

 -«Անտարեսը» շուտով կհրատարակի ապրիլյան պատերազմի մասին ակնարկներիս ժողովածուի առաջին գիրքը: Եթե չլինեին կորոնավիրուսի հետ կապված դժվարությունները, մենք նախատեսել էինք «Իմ մանկության մարդիկ» խորագրով պատումները հրատարակել ամռանը, բայց հիմա կդժվարանամ խոսել ժամկետների մասին: Մտադիր եմ, Աստծո կամոք, մի քանի գրքով հրատարակել նաև մեր մեծերի հետ գեղարվեստա-կենսագրական հարցազրույցների ընտրանին: Կան նաև ազգային բանակի սպաների մասին պատմող ակնարկներ ու էսսեներ, որոնք նույնպես կուզենայի գիրք դարձնել: Ես երբեք մեծ նպատակներ չեմ ունենում, որովհետև իմ փորձառությունը հուշում է, որ նախախնամությունը ավելի վառ երևակայություն ունի: Այդուհանդերձ, մի երազանք ունեմ. եթե մի օր հարստանամ, լրագրության դպրոց կհիմնեմ: Գիրք կարդացող ու պատմել սիրող մանուկներին կհավաքեմ մի հարկի տակ ու կհորդորեմ պատմել ազատ, առանց կանոնների: Ինչպես զգում է սիրտը, ինչպես հաճելի է հոգուն: Պատմել սիրով ու սիրելով ընթերցողին: Մենք միասին կվերագտնենք հայերեն բառերի անխաթար իմաստները: Կլսենք հայերեն շարահյուսության ներդաշանակ մեղեդին: Մենք անկեղծորեն, ճիշտ ու գեղեցիկ հայերեն կպատմենք այս հրաշալի աշխարհի ու նրա գեղեցիկ մարդկանց մասին:

 

 

Զրույցը վարեց Աղավնի Գրիգորյանը

 

 

 

Կարծիքներ

կարծիք