Ես մեծանալ եմ ուզում

Հայրս թաց փայտի խորքերում  պահած մի կապ չոր փայտը ձեռքին՝ ցախանոցից տուն մտավ։  Վառարանի այտերը մեկեն կարմրեցին։ Վառարանում տոն էր, մեր տանը՝ նույնպես։ ՈՒրախացանք։

Մայրս ոչ մի տարի իր ծննդյան տոնը չէր նշում, ես որ․․․ չէի հիշում։ Այս տարի շատ էի խնդրել, չմերժեց։ Իր ունեցած միակ շրթներկը համոզեցի, որ քսեր, չհամաձայնեց։ Մերոնցից թաքուն ներկեցի շուրթերս, մորս տեղն էլ ներկեցի, կյանքում շրթներիկի համ ու հոտը չտեսած՝ տատիս տեղն էլ, մեր ապրած անգույն ու դատարկ օրերի տեղն էլ․․․ Հայրս նկատեց, ամաչեցի։ Սկսեցի թևքերով արագ-արագ սրբել, տարածվեց դեմքիս։ Մերոնք ծիծաղեցին, ես՝ էլ։

Մեր տանը տոն էր։ Տատս կտրեց հավի վիզը։ Տոնական սփռոցով ծածկեցինք սեղանի հինն ու մաշվածը։ Արդուկած չէր, ոչ մեկ վատ չզգաց։ Քույրս մեր ամենասիրուն ափսեները սեղանին շարեց։ Ես չեխական երկարավիզ բաժակները ներս բերեցի։ Մորս սրտով չէր, բա որ ջարդվե՞ր․․․ Բաժակները չգիտես տաք սենյակի՞ց, թե՞ ամոթից քրտնեցին։ Հետ տարա։ Մորս սիրտը տեղն ընկավ։

Թեժ վառարանի գրպանիկի մեջ թխված խմորեղենի մի մասը վառվել էր։ Մայրս մտքում վառարանի հետ կռիվ էր տալիս, զգացի։ Նորը թխել չէինք կարող, էլ ձու չունեինք։ Ամենալավ ածող հավին տատս արդեն մորթել էր։ Մայրս թանձր կրեմով թաքցրեց խմորեղենի սևացած հատվածը։ Ես մտքումս նշան արեցի, որ այդ մասից չուտեմ։ Քույրս դեմքիս նայեց, ժպտաց, երևի ինքն էլ դա էր մտածում։

Մեր տանը տոն էր։ Տատս լցրեց վառարանի վրա դեռևս բլթբլթացող տաք մսապուրը։ Աչքս կաթսային գցեցի, հավի աչքերը բաց էին մնացել։ Աչքով արեցի, չնկատեց։

Սեղան նստեցինք։ Հայրս սալորօղու շիշից քաշեց խցան հիշեցնող կոլոլված թուղթը։ ՈՒզեցի ծափահարել, քույրս չթողեց։ Փաստորեն միայն շամպայնը բացելիս են ծափահարում, հա՞, չգիտեի։ Հյուր չունեինք։ Տխրեցի։ Հորս կենացի բառերը խառնվեցին օղու կծվահոտին։ Քույրս մորս էր համբուրում։ Ես հուզմունքից ամաչեցի մայրիկին մոտենալ։ Բոլորից աննկատ դուրս թռա։

Մարտն իր  կեսն ապրել էր արդեն ու հասել մորս ծննդյան տոնին։ Մայրս երեսուն տարեկան էր դառնում, ըստ իմ պատկերացրածի՝ արդեն մեծ ու ծեր կին էր։ Փաստորեն այս օրը մորս այնքան մեծացրեց, որ նույնիսկ իր  միակ շրթներկն էլ չէր քսելու։

Արցունքներն աչքերիս մեջ պահելու համար երկնքին նայեցի։ Մայրամուտը ճայթեց ամպերի մեջ։  Կրակագույն լեզվակները թուխպերի սավանի տակ մտան։ Արցունքները թափվեցին աչքերիս մակույկներից։ Ներսից տատիս երգի ձայնն էր գալիս, անուշ ձեն ուներ, բոլորն էին ասում։

Մեր տանը դեռ տոն էր,  իսկ ես  արտասվում էի։

․․․Հիմա արդեն քառասուն եմ կամ էլ շուտով կհասնեմ իրեն։ Իսկ տեսնես ես ե՞րբ եմ լացելու իմ մեծ ու ծեր կին դառնալու համար։  Ինձ տարիները չեն վախեցնում, մա՛մ, ես  կարոտից եմ վախենում, ես մեր սեղանի շուրջը դրված դատարկ աթոռներից եմ վախենում, մա՛մ, ես հեռուներում թողած  երազից եմ վախենում։

Ես ձեզ  գրկելով՝ մեծանալ  եմ ուզում, մա՛մ։

 

 

Կարծիքներ

կարծիք