Lույսի տակ է Արմինե Բոյաջյանը

Ես լույսի տակ:

— Իսկ մի՞թե իմ էությունը երբևէ դուրս է լույսի ծածկույթից:

 

Ներկա,անցյալ և ապագա. Ո՞րն է ապրելու ժամանակը։

— Ապրելու ժամանակն այսօր է, հիմա: Սա ժամանակների հերքման բանաձև չէ, սա ժամանակը չմսխելու բանալին է:

 

 Ի՞նչ է հայրենիքը, պարզապես հո՞ղ,  թե՞ գենետիկ հիշողություն:

Հիշողությունն է այն հողը, որի վրա ես կանգնած եմ, որին կոչում եմ իմ երկիր, իմ ծննդավայր, իմ բակ, իմ տուն:

 

Ձեր «Նկարում եմ նապաստակ (location ծառի տակ)» գիրքը ինքնակենսագրական շերտեր ունի, որքանո՞վ է դժվար գրողի համար հիշողությունների վրա սյուժե կառուցելը, երբ կա ապրած իրականություն։

Այս վիպակը գրելուն շատ երկար եմ պատրաստվել: Սա իմ մեռելներին հարություն տալու զորավոր համարձակությունն էր` արտաշիրիմ կատարելու ակտի պես ծանր: Սկզբունքային էր, որ կարդացողը տողատակերից լսի փոքրիկ աղջկա ձայնը: Այդ ձայնը մռայլ պատմություններում անընդհատ պտտվող միակ լույսն է:

 

Ինչպիսի՞ն է երկրապտույտը համավարակի մեկուսացման օրերին։

Այս օրերին երկիրն ավելի է պտտվում իր առանցքի շուրջ: Պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ: Սա հոգևոր պատերազմ է: Ոչ մի գնով մարդը չպետք է համաձայնի մեկուսացման (ֆիզիկական մեկուսացման մասին չէ խոսքը). նամակներն ուղարկված են արդեն ընտրյալին Պրոմեթևսի` Օկեանիդային` ցամաքի մեկ երրորդ հատվածին (հատված նոր էսսեից): Հասկանալի է, որ ցամաքի մեկ երրորդ հատվածն Ասիան է, որի յոթ եկեղեցիներին ուղղված հորդորներ կան Հայտնության գրքում: «Հայտնություն» բառն անտեսել պետք չէ, մանավանդ, երբ այն ընդհանուր մատյանի վերջաբանն է:  Այդ հորդորների հիմնական խարիսխը դեպի Սկիզբ վերադարձն է: Մենք ուզենք, թե չուզենք, պտույտի մեջ ենք: Դա մեր ընտրությունը չէ, այդպես է շարժվում մոլորակը:

 

Արձակ թե՞ պոեզիա կամ ինչպիսի՞ ընթերցող է Արմինե Բոյաջյանը։

Ես լավ ընթերցող եմ: Կապ չունի` ինչ սեռ, ձև, ժանր: Սիրում եմ կարդալ այն, ինչի մասին ինքս երբևէ չեմ մտածել: Չեմ հասկանում բոլոր նրանց, ովքեր գրում են, բայց քիչ են կարդում: Չեմ բացառում, որ նրանք կան, եղել են ու կլինեն, պարզապես չեմ հասկանում:

 

Որպես կինոդրամատուրգ ինչպե՞ս ես տեսնում ներկայիս հայ կինոարտադրության հնարավորությունները, ի՞նչ ունենք և ի՞նչն է մեզ պակասում։

Մեզ հենց լավ կինոն է պակասում: Լավ դպրոցներն են պակասում: Եղած միջոցները ճիշտ օգտագործելն է պակասում: Սրտացավությունն է պակասում: Թայֆաների ու  մշակույթ ստեղծելու անվան տակ փող լվացողների ճանապարհները փակելն է պակասում, որի հետևանքում էլ պահանջարկի հետևից վազելու չարդարացված մոլուցքի ավելցուկ է գոյանում:

 

Ի՞նչ նորարարական լուծումների պետք է ձգտի գրողը իր ստեղծածը մրցակցային դարձնելու համար։

Ես հասկացել եմ կարևոր բան` առանց աջ ու ձախ նայելու պետք է գնալ տրված ճանապարհով: Այդ ճանապարհն անցնելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները կան, քեզ տրված են, դրանք քո անձնական` հոգու, շնչի, մարմնի ռեսուրսներն են: Շնորհողը երբեք չի սխալվում: Եթե քեզ տրված է տաղանդ, ուրեմն կա նաև այդ տաղանդը սպառելու հատուկ քեզ համար պատրաստված սցենար: Ճանաչիր քեզ, հասկացիր` դեպի ուր ես գնում, գտիր սեփական ներուժն օգտագործելու կերպը:

 

 

Ինչպիսի՞ն է ժամանակակից հայ գրականությունը ուրիշ մայրցամաքից։

Ես ինձ այլ մայրցամաքում զգում եմ միայն այն ժամանակ, երբ տնից դուրս եմ գալիս: Ու քանի որ հայ գրականությունն ինձ տնից է երևում, հետևաբար այնպիսին է, ինչպիսին ես դա տեսնում էի, ասենք, մեկ տարի առաջ, մեր մայրցամաքում, իմ տանը:

 

 

Երևանի դիմանկարը Բուենոս Այրեսից։

Հարցը շատ նման է նախորդին, պատասխանի էությունն էլ, բնականաբար, այդպիսին կլինի. Երևանն աշխարհի ամենասիրուն քաղաքն է, որովհետև այն իմ տունն է, ես նրան հոգուցս եմ նայում:

 

 

Զրուցեց  Հաս  Չախալյանը

 

Կարծիքներ

կարծիք