…ծնվել լուսնի ներսում

Ես ուզեցի երգել գովքը Աստծու,
Երգել փառքը պայծառ սիրո ու հացի.
Սիրտս լցվեց… բայց չգիտեմ, թե ինչու —
Գորշ օրերի տաղտկությունը երգեցի…
Ե.Չ.

 

***
Ես կուզեի ծնվել լուսնի ներսում՝
փափուկ դեղին հագած,
պառկել նրա մեջ և ճոճվել երկնքի եզրերով,
տեսնել վերևից գիշերվա սառը թափանցող լռությունը,
որի տակ քնում է աշխարհը:
Կուզեմ արևից այն կողմ գտնվող հրաշալիքը՝
պատմի ինձ իր արկածների մասին,
որտեղ ցերեկը բացակայում է,
մարդկանց աչքերը փակ են, և գորշ կապույտի մեջ լողում է նա,
ինչպես նավը ջրում:

 

 

***

Շրջանայինի կանգառում
Շաբաթ է…
Երկինքը իր գիշերային հանդերձով
Նայում է վերևից,
Օտարականները ինձ նման սպասում են

Երթուղուն,
Որպեսզի հասնեն իրենց գիշերին:

 

 

***
Քո հետ կապված իմ զուգորդումները
Միշտ ուտելիքի հետ են հյուսվում.
Դու չիր ես,
Ընդ որում՝ ծիրանի,
Իմ մտքերին հաճելի եղանակ հաղորդող…
Անոթի,
Սոված ժամանակներում
Նմանվում ես միաժամանակ բոլոր բանջարեղեններին,
Ես այն ուտում եմ դանդաղ,
Հանգիստ,
Առանց շտապելու։
Իսկ երբ ներսս հանգիստ է,
Աստիճանաբար փոխակերպվում ես դարչինի,
Ինչի համը փակում է աչքերս և ուղարկում ինձ դեպի երազներ:

 

 

***
Նստեցի քառասունվեցը,
Ինձ հետ էլ մի դրկից՝
Մազերով գանգուր:
Տարածությունը ավելի նեղ էր,
Քան սովորական նկուղում,
և դա ինձ թույլ էր տալիս
առիթից օգտվել:

Երկուսս էլ հմուտ էինք
Թեթև,
Միամիտ հպումների արվեստին։
Իմիջիայլոց գլուխներս թեքած,
Իրար հակառակ:

 

 

 

***

Փողոցի նրբանցքներով անցնելիս հիշեցի վարդագույն կամարներդ:

 

 

 

***
Մեր թաղի տղերքը ծխում են…
Հավես չկա փեշի հետևից ընկնելու.
Ատամների տակ կծխեն բարակ գլանակը և նրան նույնպես։

 

 

 

***
Այն օրերը,
Երբ նվաճում էի մարմինդ,
Ինչպես Ոդիսևսը գրավեց իր զինակիցներով
Տրոյան,
Դու տապալվեցիր ողջ փառքով՝
Շքեղ քաղաքիդ դեմքը կորցնելով իմ մեջ:

 

 

 

***
Եթե ունենայի նորմալ ծաղկաման,
Ապա թափթփված,
Փնթի,
չխնամված մորուքի պես հուշերս

Կտեղավորեի նրա մեջ, և մի մեծ փնջից
Կերևար սպիտակ ծաղիկը քո դեմքով:

 

 

***
Բոլոր պարտություններս բազմապատկելուց ստացա քո պատկերը:

 

 

***
Իմ եթեր,
Մի՛ փշաքաղվիր կյանքի սարսուռներից,
Հագի՛ր մորթե զրահ և պաշտպանվի՛ր նրա հողմերից,
Թեև զգայուն ես ու կավի պես շուտ փշրվող քո մեջ:
Հավաքի՛ր բեկորներդ,
Դարձի՛ր խճանկար, ու թող տեսնեն մարդիկ hոգուդ պատկերազարդ փառքը։

 

 

***
Բոլորն էին քեզ մեկնաբանում…
Միակ հեղինակը ես էի՝
Քո մասին գրելով կարճ վեպեր:

 

 

***
Համաստեղություններով հողի տարերքին էինք պատկանում։
Երկուսս էլ եղջյուրներ հագած.
Ես՝ գարնան սկիզբը խորհրդանշող,
Իսկ դու՝ ձմեռը:

 

 

***
Տձև իրականության անմեղ հոգի,
Ձյան պես փափուկ,
Հալվող,
Իջնում ես դեպի ինձ
Քո հպումները բնավ ձմեռային չեն
Դու ամբարել ես քո մեջ
Իմ բոլոր կարիքները և փխրուն դաշտումդ փորձում ես
Ցանել սերմը երջանկության,
Որպեսզի հնձելու պահին զգաս հավիտենությունը:

 

 

***
Մորս հոգնությունը մի ընդարձակ գիշեր է,
որ ննջում է իր կոպերի տակ,
աչքերը անքուն են,
ինչպես տիեզերքը,
կնճիռները աստղեր են,
որոնք լուսավորում են հոգու մթությունը,
նրա ձեռքերին դիպչելիս զգում եմ երկու ավետարանների գոյությունը,
որտեղ ամփոփված է Աստծո խոսքը,
իսկ քայլվածքը մաքրության հաղթահարշավն է`
հողին ամեն օր բարևող:

 

 

Կարծիքներ

կարծիք