Շիզոֆրենիա

Հեղինակ:

Այն, ինչ կարող ես երևակայել, իրական է ։ Պաբլո Պիկասո

Ես վախենում եմ, որ մի օր իմ գլխի ձայները ինձ հաղթեն…
Կոպերս ծանրացել են, զգում եմ արյանս դանդաղ հոսքը արյունատար անոթներիս մեջ,
հյուսվածքներս լցվում են ինչ֊որ հեղուկով, սիրտս դանդաղում է, զգում եմ՝ ինչպես են
ուղեղիս մեջ նյարդերը տրաքում, թոքերս փոքրանում են, մազերիս մեջ հոսանք է մտնում,
մարմինս դղրդում է, ներսից ինչ-որ բան է ուզում դուրս գալ, չի կարողանում, պայքարում
եմ, պայքարում եմ ինքս իմ դեմ, մարմնիս, հոգուս դեմ, պայքարում եմ` դուրս պրծնեմ, ցավը
ներխուժում է, ցավի հետ հաճույքը, հաճույքի հետ անտարբերությունը…

Ինձ կապել են, թփրտում եմ, աչքերս փակվում են ու բացվում, տեսնում եմ մարդկանց՝
ընտանիքով կանգնած, հետո շատանում են, քչանում, մնում է մեկը՝ ձեռնափայտով, նայում
է ինձ դատարկ սենյակի մեջ, ավելի ճիշտ՝ երեկ է դատարկվել, պատերին նկարներ են,
անհայացք նկարներ, հեռացողները չեն տարել իրենց հետ, թողել են, որ նայեմ ու
տանջվեմ։ Նկարի մարդիկ վաղուց լքել են սենյակը, այս սենյակը միշտ են լքում, երբ
մարմինդ չի դիմանում փորձերին…

Ես խենթ եմ, հա գիժ եմ, ես տեսնում եմ կադրեր, որոնք սովորական մարդիկ չեն տեսնում.
տեսնում եմ մարդկանց, որոնք ոչ ոք չի նկատում, հիմա բոլորը պայքարում են իմ գլխի
պատկերների դեմ, բժիշկների հետ սև շորերով ստվերներ են գալիս, հետևներից նայում են
ինձ, ես աչքերով ծափ եմ տալիս, որ թեքվեն, տեսնեն, սև սենյակի բնակիչներին զգան,
շոշափեն: Չէ, դուք մենակ իմ դեմ եք պայքարում, իսկ նրանք ինձ սպանում են։ Ներարկեք,
խմեցրեք, խենթ եմ: Մտնուկները՝ անտեսանելի արարածները, որոնք մտնում են ուղեղի
մեջ, ներխուժել են հիվանդանոց, ավելի ճիշտ՝ խենթանոց, օդում թռվռում են հեռացած
խենթերը, գետնի տակից դուրս են գալիս՝ կողքի գերեզմանոցից կիսատները, նրանք, ովքեր
դեղերից մեռան, մեր սենյակը լցված է ճիչերով, դեղերի սուր հոտերով, մեզի մնացուկներով,
ծխախոտի մնացորդներով։

Թարթում եմ, մարդ չկա
Թարթում եմ, մեկը հայտնվեց
Թարթում եմ, մոտեցավ
Թարթում եմ, կանգնել է դիմացս,
Վախենում եմ թարթել, ամեն թարթելուց սենյակում մի բան է շարժվում, մի բան
ավելանում, պատից կախված նկարներից մեկն է դուրս գալիս, ծխախոտ է ուզում, որ
վերջին անգամ ծխի ու տեսնի, թե ինչ հիմար սենյակում ենք հայտնվել, որտեղից ելքը
ինքնասպանությունն է։

Դեղի ազդեցությունը անցել էր, ես աչքերս բաց, մի քանի ժամ չթարթած, նայում էի բաց
երկնքին, առաստաղը բացել էր ուղեղս, այնքան եմ թմրանյութ ընդունել, որ երբ ուզեմ,
կարող եմ աստղին համբուրել, խոսել նրա հետ, հարցեր տալ.

— Բարև աստղ, հիշում ես՝ փոքր տարիքում նայում էի քեզ ու երազանք պահում, նայիր,
երազանքս իրականացել է, ես կարողանում եմ անմարդկային բաների հետ շփվել, բայց
հաճախ նրանք շատանում են ու ես ստիպված պետք է կարմիր, կապույտ կամ դեղին հաբեր
ընդունեմ, որ անցնի, նայիր կողքս հարդարված անկողիններ են, որոնց վրա մինչև հիմա
խենթերն են պառկած, փսփսում են, դեռ մտածում են` ողջ են, դեռ գիտեն՝ մեկը գալու է ու
խնձոր բերի, ծխախոտ տա, կպցնի, հավատա, որ տեսնում են։ Ինչ է պետք խենթերին,
գիտե՞ս աստղ, որ մարդիկ հավատան, որ մենք տեսնում ենք, ամբողջ կյանքում փորձել եմ
ապացուցել, որ ինչ կա իմ ուղեղում, իրականում գոյություն ունի… Հիմա նայում ես ինձ,
նայում այս սենյակին ու մտքումդ չի՞ արթնանում մի հարց, որը կարող ես ինձ տալ, չե՞ս
ուզում հետս խոսել, լավ գնա, մի ուրիշին խենթացրու, այն ժանանակ այնքան նայեցի քեզ,
որ հիմա էստեղ պառկած եմ, հենց աչքերս փակեմ, սենյակս կլցվի ստվերներով, տեղ չի
լինի: Ինչ որ հիվանդ է տեղափոխվել կողքի սենյակ, մենք կտկտոցներով իրար հետ շփվում
էինք, էս երկու օր է լուր չունեմ իրենից, էլ չի խփում պատին. տեղյա՞կ ես նրանից, երկու
կտկտոցով ասում էր, որ լավ եմ, մեկով՝ որ շատ են տանջում, խենթերը իրար լավ են
հասկանում…

Կտ

Թարթում եմ, սենյակը կարմրում է
Թարթում եմ, լցվում է
Թարթում եմ, շատանում են
Թարթում եմ, գլխիս վերևում են հավաքվել, ուզում են տանել ինձ, ո՞ւր եք ուզում ինձ
տանել,- հարցրի ես, անպատասխան մնացի, դատարկ աչքեր էին նայում ինձ, անծանոթ
աչքեր, դեղերս մոռացել եմ խմել, խմեմ, դանդաղեցնեմ ստվերներին։ Սենյակս լցվել էր
մեռյալների հոգիներով, խենթերը, երբ մեռնում են, ոչ մի տեղ չեն կորում, մնում են,
չարանում են, չեմ ուզում մեռնելուց գիժ լինել…

Կապված եմ անկողնուս, հազիվ եմ կարողանում ձեռքերս շարժել, աչքերս չեմ փակում, բա
որ քնեմ, չէէէ, պետք է մի բան անել, չտեսնել. գլխով հարվածում եմ մահճակալիս երկաթին,
աչքերիս դիմաց սևանում է, նորից եմ հարվածում, փակվում են, բայց նորից բացվում,
սենյակի մեջ ավելանում են մարդիկ, ես անկողնովս տեղափոխվում եմ ինչ֊որ պալատ,
հեշտոցի դիմաց պառկած եմ, սուր ձայներ են լսվում, կինը գոռում է, պատերը
արձագանքում են, սրտի զարկերակները իջնում են ու ելնում, բժիշկները փսփսում են, թե չի
ծնվի, հիշողությունս է կողքից, տեսնում եմ գլուխս, դուրս է գալիս, մա, ես եմ, խենթ ես ծնել,
հետ ուղարկեք քանի շուտ է…

Թարթեցի.

Օդում ճախրում եմ, եղանակը այնքան գեղեցիկ է, ես թռչում էի վեր, իջնում ներքև, փոքր եմ,
ժպտադեմ երեխա, մա, ինչու՞ չսպանեցիք ինձ այն օրը…

Կոպերս նորից ծանրացել են, նայում եմ, թե ինչպես եմ հայտնվում մի վայրից մյուսը,
դպրոցից եմ տուն գալիս, ծեծված, ջարդված, գլխիս սպիեր, պետք է սպանեիք ինձ, տղերք,
ուշացել եք, ուշացել եմ…

Թարթեցի.

Կիսալուսին էր, նայում էի աստղերին ու դանդաղ ծիծաղում, ծիծաղս արյունալի էր,
ծիծաղում էի բոլորի վրա,
ահահհահահահահահահահհհաահահահահահաահահահհաահհահահահաահահհահահա,

փորս ցավում էր ծիծաղից, իսկ դիմացս մարդկանց սառը մարմիններն էին, դանակիս
հարվածներից անէացել էին, ես նայում էի ու փսխելս գալիս էր, ինչու՞, ախր ինչու՞ ես դա
արեցի, ձայները, ձայները ինձ հրամայել են, ես չէի ուզում, օգնեք ինձ, փրկեք, ես բոլորին
սպանել եմ, ով ինձ սիրել է ժամանակին ես վերացրել եմ, ես չեմ արել դա, ստիպել են,
ստիպել…

Թարթեցի.

Սենյակումս եմ, խուլ լռություն էր իջել, գլուխս անտանելի ցավում էր հարվածներից,
դիմացս հավաքվել էին հարևաններ, ընկերներ, բարեկամներ, ամեն մեկի հայացքում
դատարկությունն էր, խոր անդունդ, որտեղից եկել էին իմ հետևից, ես թարթում էի, էլ չէի
դիմանում, թարթում էի, որ մոտենան, մոտեցեք, տարեք, մարմինս ջղաձգվում էր, կարծես
էպիլեպսիան նոր-նոր գլուխ էր ուզում բարձրացնել.

Թարթեցի, մոտենում են
Թարթեցի, գլխիս վերևում են
Թարթեցի, մա՞, դու էլ ես եկել
Թարթեցի…

Թարթոցից հետո հայտնվեցի մեծ միջանցքում, որտեղից խենթերի ձայներ էին թափառում։
Երկար ձգվում էր միջանցքը` կիսաստվեր, հոգիներով լի. քայլում էի միջանցքով, ամեն
քայլից հետո մի լույս էր անջատվում ու վառվում, բայց չէր հասկացվում: Օդ չկար շնչելու,
կոկորդս լցված էր փոշով, դատարկությունը պատել էր քարերին, մարդիկ դռների
անցքերից գլուխները հանել և գոռում էին, գոռում սեփական մտքերի մեջ։
— Դեղերս բերեք, թե չէ կսպանեմ ինձ,- բղավում էր ձախ դռնից տղամարդը։ Արամն էր, ամեն
շաբաթ ինքնասպանության փորձ էր անում, որ փախչեր այս պատերից, փրկվեր դեղերից,

ամբողջ մարմինը կապտուկներ էր, այ թե ինչ է լինում, երբ հրաժարվում ես հաճույքներից,
քո ստեղծած իրականությունից։

Լույսերը նորից հանգչում են, մթության մեջ տեսնում եմ դեմքեր, հոգիներ, մորս եմ
տեսնում. օդով ճախրում է, սպիտակ շորը հագին, վրան արյուն, երգում է, իսկ ես քայլում
եմ, նրա երգերը միշտ դեղի պես են ազդել, բայց նա էլ չկա… արդեն սովորական է մորս
տեսնել օդում։
Ձախ կողմից մեկի ոսկորների ձայնն է լսվում, Մարիան է, 20 տարի է ինչ այս պատերի մեջ է,
չի բուժվում, այստեղ ոչ ոք չի բուժվում, ստեղծում են իրենց աշխարհը ու ապրում, ապրում
են սեփական դևերի հետ, անգամ պայմանագիր կնքում, լավ կին է, կորցրել է բոլորին՝
երեխաներին, ամուսնուն, ինքն իրեն. էլ ինչպե՞ս չխելագարվես։ Դեղերը չեն օգնում,
ամբողջ գիշեր բարձր խոսում է ընտանիքի հետ, կարծես նրանք տեղափոխված լինեն այդ
սենյակ։
Խենթերը աշխարհը ընկալում են իրենց աչքերով, իրենց ֆանտազիան շատ ավելի մեծ է և
չափից դուրս իրական այս պատերի մեջ, գժերը ավելի շատ դրսում են, ոչ թե ներսում, միշտ
կրկնում էի, կրկնում էի…

Մի մեծ ընտանիք ենք, առավոտները խաղեր ենք խաղում, երեկոյան հեռուստացույց
դիտում, սարսափ ֆիլմերի ժամանակ խնդում։
Մտքերով փոխանակվում ենք, քանի օր առաջ անգամ Մարիային համոզեցի, որ սեքսով
զբաղվենք, չհամաձայնեց, ասում է՝ ես գիշերները իմ ամուսնու հետ եմ քնում, չեմ կարող
նրան դավաճանել, քանի իմ հետ է…
Քայլում էի այս խենթերի լաբիրինթոսում, դիտմամբ են այսպիսի լույս դրել, որ համ
շարժվի, համ էլ վառվի, հանգի, վառվի, հանգի…

Ամեն շարժումից հետ եմ գնում,` հիշողություն, թե ոնց մահացա ու հայտնվեցի այստեղ.

Երեկո: 9:10
Ժամացույցը կախված է գլխիս վերևում, առաստաղը սեղմում է, պատուհաններս փակել եմ,
որ դրսի աղմուկը չլսեմ: Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, ժամացույցի սլաքների հետ հավասար
հաշվում եմ, աղմուկ չկա, բայց տան անաղմուկ վիճակը ավելի ցավոտ է, քան…մեկ, երկու,
երեք։

Ուղղահայաց պառկել եմ, մարմինս կպցրել իրար, ցուրտ է, գիշեր է, բայց դրսում արև է,
ներքևի հարևանը գործ է անում, վերևինը՝ սեքսով զբաղվում: Աղմուկները գալիս են,
հասնում դիմացս ու դառնում պատկեր. ես տեսնում եմ, թե ինչպես է կնոջ դեմքը հաճույքից
գահավիժում…

Շոգ է, ցուրտ է, մերկ եմ, շոր չունեմ, ունեմ բայց հեռու է, դարակի մեջ, գլխի վայր կախված,
տանը մութ է, դրսում՝ լույս, բայց երեկոն խեղդում է դրսից ծնված մարդածին լույսերով:

Աստղերին նայել չեմ կարողանում, անիծում եմ մարդկանց, սեքսը, Եվային, անիծում եմ
աստծուն։
Ձայներ. աշխատանքի էի, կանգնած նայում էի տղամարդկանց և կանանց զուգարաններին,
որոնք առանձնացված են: Մտա կանանց զուգարան, աղմուկներ, ետ դարձա՝
տղամարդկանց, նորից հաչոցներ։ Աշխատանքային սեղանի վրա սառած թեյ է դրված,
տաքացնեմ, մերկ եմ, սառած խմեմ, որ մարմինս կուլ տա հոգուս հանդեպ դաժանությունը,
սիրտս խառնում է, ուզում եմ փսխել, նայում եմ ծաղկին, մեջը հարմար է, կարելի է սկսել,
մեջիցս հանել, կուլ տվածս բառերը:

Փողոցում եմ, անցնում են կարմիր լույսի տակով, ժամանակ չունեմ սպասել 90 վայրկյան,
ցուրտ է, ես դեռ մերկ եմ: Ահա Թումանյան փողոցը, Աբովյան, գրատուն, գիրք եմ կարդում
ամբողջովին մերկ, ներսում մարդիկ են, գրքերի ներսում էլ են մարդիկ: Գրատունը որբանոց
է. մեկ, երկու, երեք, չորս, պատիս ժամը ուզում եմ ընկնի գլխիս, վերադառնանք գրատուն.
ձեռքումս որբ գիրք է, անունն էլ «Որբանոց»: Որբ գիրքը կապ չունի որբերի հետ, թերթում
եմ, տառեր չկան, աաաա, հասկացա, երբ ինքդ որբ ես, չես կարող տեսնել, սկզբնական
ընտանիքի մասին պատմությունը, գրքի էջերը տնքալով թերթվում էին, մատներս
սեղմվում էին նրանց թվերի մեջ, ես տառերը մոռացել եմ, թվերն եմ հիշում:
Քայլում եմ փողոցով, գրքի սպիտակ էջերում ինձ եմ ման գալիս ու ամենատարօրինակը, որ
գտնում եմ, մեկ, երկու, երեք, չորս, Սայաթ֊Նովա, Խանջյան, աչքերս գրքի մեջ, երրորդ աչքս
անցորդների վրա, քայլում եմ կարմիր լուսակիրների տակով, կարմիրը միշտ եմ սիրել, իմ
ներսում ամբողջը կարմիր է, գիրքը ամբողջովին կարմրով է գրված, փողոցները կարմիր են,
կերածներս կարմիր, հոգիներս կարմիր, մերկ մարմինս կարմիր է, արյունը դուրս է եկել ու
ծորում է գետնին: Ուր հասա, հա, Խանջյան, ուղիղ իջնում եմ դատարկ փողոցներով, թե
գրքի հետ եմ խառնել, կանգնել եմ փողոցի մեջտեղում, մեքենա չկա, լուսակիրը մեկ
կարմիր, մեկ կանաչ է վառվում, աչքերս գրքից հետևում է շողքին, իմ շողքն է, նա միշտ
մերկ է, տանը, դրսում, փողոցում…Բարև Վաղիկ ձյա, անպատասխան, Բարև Լյուդա ջան,
անպատասխան։ Բարև, էլ ոչ ոքին չեմ բարևում, բարձրանում եմ տուն, ցուրտ է,
սառնարանը միացրել եմ, որ սառի տունը, վաղը նորից կարթնանամ, եթե քնեմ։ Կգնամ
փողոցներով շողքիս հետևից, շողքս ինձանից առաջ է միշտ ընկնում, համբուրվում ուրիշ
շողքերի հետ:

Տան դիմաց կանգնած եմ, մարդ չկա, գիրքը ձեռքս, իմ տո՞ւնն է, չէ շատ եմ եկել, մի հարկ
շատ եմ բարձրացել, պատերով եմ քայլում, աստիճանները շատ մեծ են, որպեսզի
տեղավորվեմ նրանց մեջ, հասա, բացեք, մարդ չկա, մա՞, գրքի դատարկ էջերի մեջ է, պա՞,
գրքի հակառակ կողմից է՝ գլխիվայր ընկած, գրված է խմբագիր, ո՞վ ես, պա՞, դու ես, ո՞ւր
էիր, գրքի մեջ քեզ եմ ման գալիս, չկաս, բացիր դուռը, ես եմ, գրքի հերոսը, պա՞, էլի գնացել
ես սիգարետ առնելու, կուզե՞ս ես բերեմ, որ մի քիչ մեծ լինեի կբերեի…
Դուռը վերևից բացում եմ, բանալին միշտ թողնում եմ դռան վրա, մարդ ես՝ պապան եկավ ու
ես տանը չեմ, պա՞, էլի չես եկել, խռռացնում է, գիրք եմ բերել քո մասին, դատարկ էջերով,
ամբողջ պատմությունը էնքան նման է մեզ, նայիր, բաց, շոշափիր, պա՞, էլի սիգարետ ես
ծխում ու ասում ես կթարգեմ, հլը էն մեր սիրած երգը միացրու, լսեմ, հաա, ճիշտ է մենք
սիրած երգ չունենք, բոլոր երգերը հետդ ես տարել, ինչ֊որ անօրինական սիգարետի
մոլորակ։
Կարդում եմ դատարկ էջերը, արդեն ամեն ինչ հասկանում եմ, գիտեմ, որ հոգնել էիր
ինձանից դեռ չծնված: Երեխաները միամիտ են գալիս էս աշխարհ, թանաքը մոր արգանդից

վերցնելով, գիտե՞ս, մաման եկել է հետևիցդ, մի օր ասեց՝ գնում եմ հորդ հետևից, սիգարետ
առնելու, գնաց, հիմա քո մոտ է, իրար հետ թոքերդ եք մաշում, կամ արդեն մաշել եք, արյուն
եք թքում, թքեք մի երկու կաթիլ գրչիս վրա, որ կարողանամ գրել, թե չէ էս որբերի մասին
գիրքը ինձ հեչ դուր չի գալիս։
Տանը հով է, լույսի գումարը չեմ մուծել, զգում եմ ինձ էն ցուրտումութ տարիների միայնակ
զավակ, ով էդքան էլ չի տխրել, որ լույս չունի, շորերիս վրայից սիգարետի հոտ է գալիս, քո
ու մորս դեմքն եմ աղոտ շոշափում, բանալին թողել եմ դռան վրա, հետներդ գալուց ինձ
շոկոլադ կբերեք, կամ՝ սիգարետ, ուզում եմ ծխեմ ձեր հետ, խաղամ թոքերիս արյան հետ,
ուզում եմ մոխրամանը լցվի, բուրգ դառնա, թոքերս սևանաՆ… Նայի՛ր, պարան եմ կապել
տան մեջտեղից, էնքան մռայլ տուն է, որ ճանճերը անգամ չեն մտնում, ժամանակին էնքան
եք ծխել, որ ամբողջ գերդաստանին սպանել եք։ Սիգարետը ստեղծված է նրա համար, որ
սպանեք ձեզ ժամանակից շուտ, կամ գնաք հետևից ու ծուխի պես կորեք տարածքիցս, երևի
ծխելով եք ինձ ծնել, կամ բերանս մի սիգարետ եք դրել ու ասել. «Ծխելով ծնվի, որ ծխելով
մեռնես»:
Պարանը օրորվում է, ես փակում եմ դատարկ գիրքը, ամբողջ գիրքը ընտանիքի մասին էր…
աթոռ, օճառ, որ սղլիկ լինի, սիգարետ, բերան, աթոռ, սիգարետ, վիզ, բերան, ծուխ, դուրս
եկավ, աթոռ, կանգնեցի, սիգարետ վիզ, բերան, ծուխ, դուրս եկավ, աթոռ, կանգնեցի,
սիգարետ, ես եմ, մա, եկել եմ, սիգարետ եմ բերել, որ չգնաք, թոքեր, վիզ, դատարկ գիրք,
ծուխ, աթոռ, սիգարետ, պարան, թոքեր, մեկ, երկու, երեք, չորս, հիիիիիիիինգ, ծուխ, ժամը
կանգնեց, երեկո: 9:30…

Խենթերի ձայները պատում էին ինձ, ես գնում էի ուղիղ դիմացիս լուսավոր սենյակը. կտ-
կտ-կտ-կտ. ոտնաձայներս շատ բարձր էին լսվում, մի պահ բոլոր ձայները կտրվել էին և
մնացել էի միայն ես, կարծես խենթերը հասկանում էին, թե ուր եմ գնում և անձայն
ճանապարհում էին, գնում էի վերջնական բուժվելու. կտ-կտ-կտ-կտ. ինչ տարօրինակ լույս
էր վառվել դիմացս, միայն այդ դուռն էր լուսավոր, կիսափակ էր, այնքան մեծ էր լույսը, որ
լուսավորում էր ամբողջ միջանցքը, խենթերի սենյակները, առնետների բները, բայց այդ
լույսը օրվա մեջ երկու անգամ էր վառվում, երբ տանում էին ամենածանր շեղումներ
ունեցողներին։
Կտ-կտ-կտ. հասա, ներս մտա դռնից, նստեցի աթոռին, բժիշկս եկավ, նայեց ինձ և դեղ տվեց.
միանգամից երեք գույներն էլ կուլ տվեցի, մինչ աչքերս կապելը բոլոր նրանք ում ցավեցրել
եմ բժշկի հետևում էին կանգնած, եկել էին: Գլխիս ինչ֊որ տարօրինակ սարք ամրացրեց, ես
սկսեցի դողալ, մարմնովս հոսանք էր անցնում, գիտեմ ինչու կապեց աչքերս, որ չտեսնեմ էլ,
որ չթարթեմ…
Բերանը մոտեցրեց գահավիժող գլխիս ու ասաց.
— Չվախենաս, ցավոտ չի լինի, կբուժվես, այս սենյակից դեռ ոչ ոք հիվանդ դուրս չի եկել։

 

 

 

Կարծիքներ

կարծիք