Ամրոցի առեղծվածը

Հեղինակ:

 

Լուսնի երկրում

մի գաղտնի կիրճ կա որտեղ երբեք չի լուսանում

այնտեղ երազի մեջ մի հսկա ամրոց որտեղ լույսը աճում է

բայց չի զարգանում

և այն կողմերում որտեղ մարդիկ

չգտնելով անհրաժեշտ բառեր

ծառերի փոխարեն հույս են աճեցնում

ոսկին ժանգ է դառնում հանքերում

նավթը նեխում է աշխարհի դիակարծր ծնոտում

մինչ կախարդները ահռելի կաթսայով

աշխարհի համար ապուր են պատրաստում

մինչ զինվորները մարմինը կասկածի

քաղցկեղի պես մեր մեջ ճյուղեր նետած

զոհաբերության են տանում

ամեն մեկն իր սեփական

երազի մեջ փակված

մասնատված է պարում

ամեն բան

 

չնայած որ

այս կողմերում կլիման չոր է

խորտակված իրենց էության մեջ

մարդիկ ամենաիսկական մետաֆորներ են

նրանք սպասում են համբերատար

նրանք կարծում են իրենց արածը մեծ գործ է

սակայն նրանց արածը ինչպես տեսքը հրեշտակների երբեք լիարժեք չէ

նրանց երգերը ինչպես ձայնը անկոկորդ երբեք լիարժեք չէ

չնայած որ այս կողմերում արևն այրող է

ոմանք քարը քարին են դնում տներ ու ջերմոցներ կառուցում

ոմանք վարդագույն ներքնակների վրա իրենց

երեխաների տակաշորերն են փոխում

ոմանք ապահով թաքստոցներ են հորինում

վախերի ու պարկերով հացահատկի համար

ոմանք իրենց կյանքն են վերադասավորում

ոմանք իրենց երազն են ննջում

ոմանք շատ երկար լուսնին

են նայում

 

հրեշտակների պես են չունեն տեսողություն

նրանք կարծում են թե երջանիկ են

չեն տնքում հիշողությունից

հանձնված երազին  ու նետված

երազի միջից նրանք ապրում են

նրանք մեռնում են նավաստիների պես

 

լեզվակների միջից ամրոցի հեռավոր զանգերի

անկոկորդ սակայն նրանք երգում են

նրանց չենք լսում

 

 

Ամառ

 

Ամառային երեկոներին

մենք ջին ու վիսկի էինք խմում

մահվան ծնկներին նստած չընդհատվող

եսասիրական բանաստեղծություններ էինք գրում

տաք ագահ պաթետիկ և սենտիմենտալ այնքան

և զրույցներում աստծո մասին նույնպես եսասեր էինք

մինչև ամենահեռու քարանձավներում

հուլիսյան խտության մեջ  մեղուներն էին բզզում

մինչ կատուները դեղին ավազի մեջ

գույնզգույն խեցիներն էին ճանկռոտում

մինչև ծղրիդները տարակուսում էին մի պահ

այնտեղ որտեղ ավելի շատ էին պատուհաններն

ու քիչ էին դռներն ավելի

հայելիների միջից աստղակույտերի

խշշոցի միջից ամենաիմաստուն ծառերի

կանաչի միջից տերևների

շրթունքների վրայից համր ձկների պատմված

ավելին գիտեինք քան առաջ

այնտեղ որտեղ պտտվում էր գաղտնի սկավառակը աշխարհի

ու յոթն անգամ տիեզերքը խոնարհվում էր մեր առաջ

թոթափված էկրանների գրքերի պատկերների

ու երազի սթափության գլխի միջից

մենք քույրերն ու եղբայներներն էինք երջանկության

մենք քրքջում էինք խենթ քանի որ ամառը

չէր երազում մահվան մասին

մեզ մղել են դեպի դեղին կույր լույսը

երազում որ ապրեցինք միասին որտեղ

չգիտեինք ինչպես աղոթել

սա է աստծո գթությունը

նույն հողագնդին ամուր կանգնած

ուշադրությամբ երկնքին նայելով

նույն տեղում սպասել  այն

հսկա երկնաքարին որ

այդպես էլ դեպի մեզ

չի գա

 

 

 

Ձուկը

 

Դու էիր խաչված
թե Հիսուսը չեմ հիշում

ես քո Մարիամ
ես մի քիչ Մագթաղինէ քո
իջիր խաչից
ու մի մեռիր
բոլոր խաչից իջեցվողների պես

 

ճերմակ գլխաշորով փաթաթված
քեզ համար ձուկ եմ բերել

մի օր ձուկը կուլ տվեց քեզ
ձուկը կուլ տվեց
իմ միոտքանի զինվորիկին
ձուկը սահում էր ձեռքերիս միջով
բայց ես չկարողացա

ես չկարողացա փրկել իմ զինվորիկին
որն ինքն էր նետվել ձկան կոկորդը

 

խաչից իջեցվողների պես
մարդկանց պարանոցներից կախված
այդպես ոսկեզօծ մի մեռիր

մի մեռիր
մի մեռիր
մի մեռիր այդպես
թող քո խաչը
չգլորվի ինձ վրա

ես քո Մարիամ
ես մի քիչ Մագթաղինէ քո

 

 

 

Կարծիքներ

կարծիք