Եսիմ

Հեղինակ:

Բոլոր հարցերին պատասխանում էր` եսիմ: Հարցնում էին` սովա՞ծ ես, կլողանա՞ս, իսկ կուզե՞ս թագավոր դառնաս, կամ աշխարհի ամենահարուստ մարդը, բայց պայմանով, որ գլխիդ խառը կանաչի աճի…
Ոչ քուր ուներ, ոչ ախպեր, բայց դա հեչ, ոչ հեր ուներ, ոչ էլ մեր: Ոչ մեկը չգիտեր, թե ոնց է հայտնվել էդ փոքր քաղաքում, ոնց է մեծացել: Որտեղ տղամարդիկ խորոված էին անում, գնում էր կանգնում: Չէ, շնորհքով մարդիկ էին, հարցնում էին.
-Նոլիկ, խորոված կուտե՞ս:
Ինքն էլ պատասխանում էր` եսիմ…
-Դե որ ուզենաս, չամաչես,- ասում էին ու աշխարհաքաղաքականության մասին լի հոդվածներով թերթերով քամի անում, որ խորովածի տակի կրակը չմարի հանկարծ:
Իրեն Նոլիկ ասեցին, երբ չկարողացավ պատասխանել, թե անունն ինչ է: Սկզբում մտածեցին իքս ասեն, բայց հետո հասկացան, որ իքսը մեջը գոնե բան ունի, կամ կարող է ունենալ, բայց նոլիկը դատարկ է, փուչ: Ճշտեցին էլ.
-Հը՞, անունդ դուրդ գալի՞ս է:
Ինքն էլ ասաց` եսիմ: Ամենահաճախը լինում էր շուկայում, մեկ էլ քաղաքի ֆուտբոլի դաշտի մոտ: Շուկա գնում էր, որ սոված չմեռնի, դաշտ էլ գնում էր, որ մենակ չմեռնի: Երկուսն էլ ստացվում էր: Ամեն առավոտ, ժամն արդեն գիտեր, Անո տոտան տաք-տաք չեբուրեկի էր տալիս, Աբո ձաձան էլ ապարատի տաք չայ: Անո տոտան ու Աբո ձաձան իրար կողքի էին աշխատում: Կանգնում էր երկուսի մեջտեղն ու իրեն հորից-մորից ծնված զգում: Հետո վազում էր ֆուտբոլի դաշտը: Տղերքից մեկը մի անգամ ասաց` խաղալ գիտե՞ս, ինքն էլ պատասխանեց` եսիմ: Հետո որ իմացան, թե անունն ինչ է, որոշեցին, որ լավ դարպասապահ կլինի: Այդպես էլ կար. ոչ մի գոլ չընդունեց սեփական դարպասը, գոլ խփողի չափ ուրախացել էր, նույնիսկ հաջորդ օրը Անո տոտայի ու Աբո ձաձայի մոտ չգնաց: Երկուսն էլ անհանգստացել էին, երկուսն էլ երեխա չունեին, ամուսնացած չէին: Չէին էլ ուզում: Մանավանդ իրար: Անո տոտան նույնիսկ ականջները քաշեց: Հա-հա: Ու ասաց, չէ գոռաց.
-Սրանից հետո, եթե էլի սաղ քաղաքում ընկել քեզ եմ ման եկել, ականջներդ պոկելու եմ: Ուրախացե՜լ էր…Բա ոնց, սաղ քաղաքում իրեն ման եկող կա: Հետո երկու օրվա տեղ չեբուրեկի կերավ, բայց չայը մի բաժակից ավելի չկարողացավ: Տաք էր, համ չայը, կամ եղանակը: Հենց էդ օրն էլ Անո տոտային հարցրեց.
— Իմ մաման դու ես, չէ՞:
Խեղճ կինը լացեց:
-Ինչի կուզե՞ս,- իրեն հավաքելով ասաց Անոն:
-Եսիմ,- ասաց ու վազեց: Միշտ վազում էր, որ լացող մարդ էր տեսնում:
Անոն էդ իրիկունը որոշեց, որ պիտի լողացնի: Տարավ իր տուն, ջուրը միացրեց ու ասաց` շորերդ հանի: Մենակ շապիկը հանեց: Կարմրել էր: Անոն զոռով հանել տվեց շալվարը: Ավելի ճիշտ` քաշեց ու հանեց, չհանեց, պատռեց: Կծկվել էր, ոնց որ դեռ չծնված պտուղը: Անոն քաշ տվեց լոգարան ու ջուրը պահեց վրան:
Առավոտը թուրինջի հոտ էր գալիս վրայից: Թուրինջի ու ձեթի, որովհետեւ Անոն ամենաձեթոդ չեբուրեկիներն էլ տալիս, որ ուտի, կարծելով, թե շատ ձեթը շատ սննդարար է: Անոն Աբոյին աչքով արեց: Աբոյին կյանքում ոչ մեկն աչքով արած չկար, մանավանդ Անոն: Շշմած մոտ եկավ: Անոն Աբոյին քաշեց մի կողմ ու շշնջաց.
-Սրանից հետո դու տար լողացրու, արդեն մեծ ա, ամաչում ա: Ինքն էլ, ես էլ:
Աբոն էլ Անոյին աչքով արեց: Դրանից հետո արդեն անանուխի հոտ էր գալիս վրայից: Չնայած մեկ-մեկ թուրինջի: Մեկ-մեկ մնում էր Անոյենց տանը: Աբոն էլ: Աբոյից էլ:
Հոտը շատ բան է փոխում: Մի քանի ընկեր ունեցավ ու չորս անքուն սիրո գիշեր: Հետո Լուսոն թռավ Ամերիկա, ասաց` հրեշտակների քաղաք ու ինքը չորս գիշերվա մեջ այդպես էլ չհասկացավ, թե եթե հրեշտակների քաղաք կա ու Ամերիկայում է, բա Լուսոն ի՞նչ էր անում այստեղ…
Երեւի գարուն էր կամ աշուն, ամեն դեպքում էդ ճերմակ շորով կնոջ ոտքերը ցեխոտ էին: Եկավ-մտավ Անոյի պոնչիկանոցն ու նայեց: Անոն էլ նրան նայեց: Էդ կինը ժպտաց, բայց Անոն չէ: Ինքը ընկերների հետ կինո էր նայում: Ինքը էդ կնոջը չտեսավ: Անոն ոչ մի բան չխոսեց, մենակ խմորի գունդը ծեփեց սեղանին ու դրա վրայի ալյուրով լի բաժակն ընկավ ու կոտրվեց: Էդ կինը կամ խոսել չգիտեր, կամ բառեր չուներ: Ամեն դեպքում հեռացավ: Լացելով: Եթե ինքը այդ պահին ներկա լիներ, կվազեր, որովհետեւ միշտ վազում էր, երբ լացող մարդ էր տեսնում: Էդ կինը մնաց քաղաքում: Գալիս էր ու հեռվից նայում, թե ոնց է ինքը չեբուրեկի ուտում ու չայ խմում, ոնց է ֆուտբոլ խաղում ու կինո նայում, ոնց է նորից սիրահարվում ու նորից մոռանում, ոնց է առաջին անգամ ծխում…Հենց ծխելուց էլ մոտեցավ: Իրար նայեցին: Էդ կինը հուզված էր, ինքը` չէ: Էդ կինը սպիտակ մազեր ուներ, ինքը` սեւ մորուք: Էդ կինը կնճիռներ ուներ ու էլ չէր աշխատում, որովհետեւ կնճիռներ ունեցող կանանց մոտ ոչ մի տղամարդ չի գնում, ինքը վաղվանից առաջին անգամ գործի պետք է գնար` արտասահման: Էդ կինը թարգել էր ծխելը, ինքը նոր էր սկսում: Իրար նայեցին: Երկար իրար նայեցին: Էդ կինը կանգնած էր, ինքը` չկանգնեց: Թուրինջի հոտ էր գալիս:
-Չես գալի՞ս հետս,-ասաց էդ կինը:
-Չէ,-պատասխանեց ինքը:
Էդ կինը ավելորդ բառեր չէր ասում, ինքն էլ մորն էր քաշել:
Հաջորդ օրը նստեց ինքնաթիռն ու գնաց: Փողը ստեղից-ընդեղից էր հավաքել: Փախչողը միշտ գտնում է ճանապարհը: Էդ կինը մնաց քաղաքում: Անոն առաջին չեբուրեկիները նրան էր տալիս: Տաք չայ չկար: Աբոն էլ: Անոն ու էդ կինը միասին էին ապրում: Անոն պատմում էր, որ տղան ամենաշատը սիրում էր կծու չեբուրեկի, նույնիսկ փոքր ժամանակ: Էդ կինն էլ ժպտում էր: Անոն էլ:

 

 

 

Կարծիքներ

կարծիք