Հինգերորդ հարկի հարևանները

Հինգերորդ հարկի հարևանները դժվարությամբ էին բարձրանում իրենց բնակարան։ Երբ ծանր տոպրակներով շուկայից տուն էին գալիս, ամեն հարկում կանգնում, շունչ էին առնում, հետո շարունակում բարձրանալ։ Երբեմն պատահում էր՝ շենքի երիտասարդները մուտքի մոտ հանդիպում էին ու օգնում ՝բարձրացնել պայուսակները։

-Աստված օրհնի քեզ, տղա՛ս, բարի բախտի արժանանաս։ Դու Վարդա՞նի թոռն ես, -ամեն անգամ մոռանում էր՝ ով է օգնել իրեն։

-Չէ՛, Աշո՛տ պապ, Վարուժի թոռն եմ։

-Ո՞ր Վարուժի։

-Երրորդ հարկի Վարուժի, -համբերատար պատասխանում էր տղան։

-Հա՜, -երկարեցնելով ասում էր Աշոտ պապը, -էն, որ անցյալ տարի մահացավ, հա՜, հիշեցի, լավ մարդ էր։ Իջնում էինք բակ, նարդի կամ շախմատ էինք խաղում։ Գիտես չէ՞, Վարուժիկ ջան, պապդ լավ մարդ էր, բայց էդպես էլ շախմատ խաղալ չսովորեց, միշտ հաղթում էի նրան։

Մինչև հինգերորդ հարկ բարձրանալը  տղան հազարերորդ անգամ լսում էր նույն պատմությունը։

-Ախր, Աշո՛տ պապ, պապս էլ ասում էր, որ ինքն էր միշտ հաղթում, դու թույլ մրցակից էիր,- վրա էր բերում տղան ու թաքուն ծիծաղում։

Ինչպե՜ս էր բարկանում Աշոտ պապը, բարկությունից շունչը կտրվում էր։

Չափազանց դժվար էր Աշոտ պապի ու նրա կնոջ վիճակը։ Կենցաղը շատ էր չարչարում նրանց։

-Ամբողջ կյանքում արարեցի, տուն-տեղ ստեղծեցի, որ օր ծերության ուրիշի թոռներն ինձ օգնե՞ն, բա սա ճի՞շտ է։ Տղաներս երկու-երկու կողքիս չեն, ինձ պե՞տք էր նրանց արտասահմանի ուսումը, ի՞նչ է, էստեղ  չէ՞ին կարող կրթություն ստանալ, որ գնացին ու մնացին։

Ինքնիրեն կռվում էր Աշոտ պապը, երբ կողքի սենյակից, հողաթափերը քսթքսթացնելով, եկավ կինը։

-Աշո՞տ, ո՞ւմ հետ էիր խոսում, էրեխե՞քն էին զանգել։

-Ո՛չ, ոչ մի էրեխա էլ չէր զանգել, ինքս ինձ էի խոսում, գժվել եմ, -բարկացած պատասխանեց, վերցրեց վահանակն ու նստեց ճոճաթոռին՝ հեռուստացույցի մոտ։

Կինը ձայն չհանեց, լուռ անցավ խոհանոց։ Ինքն էլ գիտեր, որ ամուսինն իրավացի է, բայց ի՞նչ անի, իր ձեռքն ի՞նչ կա, երկու քարի արանքն է ընկել, ո՞վ է կարողացել վերևների որոշումները փոխել, որ իրենք կարողանային։

Գոհար տատը, գիտեր՝ ինչպես ամուսնու սիրտը շահի, երբ բարկացած էր լինում․ քառասուն տարվա ամուսիններ էին՝շնչառությունից անգամ հասկանում էին իրար։ Թեյի բաժակները ձեռքին գնաց ամուսնու մոտ։ Աշոտ պապը հեռուստացույցն անջատել էր, միացրել ռադիոն ու անթարթ նայում առաստաղին։

-Գոհա՛ր, մրսում եմ, ծածկի՛ր ինձ, -ասաց Աշոտ պապը։

-Թեյ եմ բերել, Աշո՛տ ջան, վե՛ր կաց, միասին խմենք։

Աշոտ պապը, հենվելով ձախ ձեռքին, դժվարությամբ բարձրացավ, նստեց, հետո առանց գլուխը կախելու ոտքերով շոշափեց, գտավ հողաթափերն ու մոտեցավ սեղանին։

-Չմիացնես լույսը, Գոհա՛ր, -ճչաց Աշոտ պապը՝ տեսնելով, որ կինն ուզում է միացնել լույսը, -թող կիսամութ լինի։

Արևի շողերը հազիվհազ կախվել էին հյուրասենյակի վարագույրից՝ ամուսիններին թողնելով կիսամութի մեջ։ Կիսամութ լռության մեջ ստեպ-ստեպ լսվում էին  իրար հաջորդող ֆռթֆռթոցներ։

-Է՜հ, Գոհարի՜կ, -հանկարծ լռությունը խախտեց Աշոտ պապը, -ինչի՞ է էսքան դժվար, որտե՞ղ ենք սխալվել, սա՞ էր մեր բաժինն այս կյանքում, ամեն օրվա լավի հույսով մեզ խաբենք, թե վաղն ավելի լավ կլինի, մինչև… Էլ ի՞նչ մինչև, սա է վերջը, էլ խաբելու ո՛չ տեղ է մնացել, ո՛չ էլ՝ ցանկություն, ու՜ֆ, չգիտեմ,  մի կյանք ես մաշում մենակությունդ, չգոյությունդ հասկանալու համար։ -Խոր շունչ քաշեց, ափով շոշափեց ճակատն ու դուրս եկավ հյուրասենյակից։

-Աշո՛տ, բա թե՞յդ, -հետևից ձայն տվեց կինը, բայց հետո զգաց, որ հեչ տեղին  չէր ասածը։

Մի տխուր ալիք էր օդում թափառում, երկուսն էլ լուռ էին, քառասուն տարի իրար մխիթարելու, իրար թև տալու բառեր գտել էին, այս ինչպես է, որ հիմա բառեր չկան․․․

Գոհար տատի լվացքն էր մնացել, պիտի փռեր. հոգնել էր արդեն, ձեռքերի մեջ ուժ չէր մնացել,  բայց, ոչինչ, չէր դժգոհում։ Նա երբեք չէր բարձրաձայնում կյանքի անարդարությունները, լուռ կուլ էր տալիս ամեն դառնություն։ Երևի դրա համար էր այդքան շուտ ծերացել։ Երևի ծերանում են լռելու՞ց…

-Աշո՛տ, իջնեմ Աստղիկենց տուն ու գամ, -ասաց Գոհար տատը՝ դարակազմիկ թիկնոցն ուսերին գցելով և ձեռքի փոքրիկ տոպրակն ափի մեջ տեղավորելով։

Առավոտյան Աշոտ պապը, դեղի տուփը ձեռքին, կանգնել էր կնոջ մահճակալի մոտ.

-Գոհա՛ր, երեկ ես դեղ չունեի, սա  որտեղի՞ց: Տղաներիցդ փո՞ղ ես խնդրել, հազար անգամ ասել եմ, որ ոչ մեկից ոչինչ չխնդրես։

«Էնպես է ասում տղաներիցդ, կարծես իր տղաները չեն», -մտքում բարկացավ Գոհարը։

-Տղաներիցս փող չեմ խնդրել, -բարկացավ Գոհարը։

-Իսկ որտեղի՞ց, -շարունակում էր ամուսինը, -թոշակն էլ դեռ չենք ստացել։

Մի քանի րոպե հետո, կարծես գլխի ընկնելով, բարձրաձայնեց.

-Սպասի՛ր, սպասի՛ր, երեկ ո՞ւր  գնացիր շտապ-շտապ, ձեռքիդ էլ ինչ-որ բան կար։

-Դե, ձեռնոց էի գործել Աշոտիկիս, բայց…

-Բայց ի՞նչ, վաճառե՞լ ես։

-Նրանք էլ հետ եկողը չեն, Աշո՛տ ջան, իմ գործած ձեռնոնցն ինչների՞ն է պետք,- չկարողանալով արցունքները զսպել՝ բարձրաձայն հեկեկաց, հեկեկաց տարիների լռությունը։

Աշոտ պապը մոտեցավ, գրկեց կնոջը, համբուրեց ճակատն ու ամբողջ ուժով սեղմեց կրծքին։

-Ոչի՛նչ, Գոհարի՛կ ջան, լացի՛, հանգստացի՛։

Հետո բռնեց կնոջ գլուխը՝ ափերի մեջ պահելով Գոհարի սիրուն, մի քիչ կնճռոտ երեսը․

-Ա՛յ կնիկ, ինչի՞ է էսքան դժվար…

***

Մի քանի ամիս է՝ հինգերորդ հարկից ուրիշ կին է լվացք փռում։ Հետո իմացա, որ ամիսներ առաջ տղաները Աշոտ պապին մի փոքր «հողակտոր» են թողել հայրենիքում, իսկ Գոհար տատին իրենց հետ տարել։

Ամեն անգամ նրանց պատուհանին նայելիս սպասում եմ, որ Գոհար տատը պիտի լվացք փռի, ու մարմնովս դող է անցնում։ Տեսնես՝ այդ տան բնակիչները գիտե՞ն՝ Գոհար տատն ինչ խնամքով էր փռում  լվացքը, գիտե՞ն՝ Աշոտ պապի  ճոճաթոռը որքա՜ն զրույցներ է լսել, գիտե՞ն՝ այդ տան պատերը ինչքա՜ն ծխախոտի ծուխ են կուլ տվել Աշոտ պապի բարկության պահերին։ Չէ՛, չգիտեն, իմանալու համար մի քառասուն տարի միասին ապրել  է պետք, և Աշոտ պապի ու նրա կնոջ նման սիրել է պետք։

 

 

Կարծիքներ

կարծիք