Սայթաքած ժամանակ

Հեղինակ:

Բեթղեհեմ

 

Նախօրեին մարդահամարի

(կայսերական հրաման էր),

երբ ծեծեցին դուռը,

ներսում ու չբացողը ես էի:

 

Դուռը հաջորդող,

որ կիսով չափ բացվեց միայն,

իմ ձեռքն էր և փակեց նորից.

երկու ճամփորդ`

այր ու կին, ավանակին հեծած,

անցան քաղաքի բոլոր դռերով.

-Հեռացե’ք, տեղ չկա…

ներսում ես էի, դրսում`մանուկը,

որ խաղում էր որովայնում.

երևում էր, ու չէի տեսնում:

 

Ես փարախը ցույց տվեցի

(հովվական յափնջու մեջ կծկծում էր խիղճս դեռ),

որ գիշերեն ձմռան պաղին:

Բեթղեհեմի աստղը, որ տեսա,

սոսկ աստղերի գիտությամբ մեկնեցի,

իսկ գիշերակացի եկած մոգերը

թափառական էին իմ հայացքի մեջ:

 

Եզը ճանաչում է իր տիրոջը,

և էշը`իր տիրոջ մսուրը,

իսկ ես` Իսրայելս, չճանաչեցի Քեզ,

թեպետ լսում էի ավետիսը հրեշտակի.

և Արքան ծնվեց աղքատ քարայրում:

 

Հետո փութաջան փնտրում էի

նորածինների մեջ Նրան`

մանուկների կոտորածն իրացնողների հետ:

 

 

 

Ղազարոս

 

-Վե՛ր կաց, գնանք,

վերադարձած.

միշտ առջևում այգին է Գեթսեմանի,

որ պատահելու է դեռ,

գուցե այս անգամ լինի առանց մատնության:

 

Միասին էինք դժոխքում,

մի անգամ էր` ուղիղ չորս օր.

Նա կանչեց քեզ,

իմ անունը սպասում է դեռ:

 

Հավատի ու մատնության արանքում

ես չգտա ընտրությունը կանչված լինելու.

ու տանում է Ծիրկաթինը

քեզ՝ հարություն,

ինձ այդպես էլ՝ մնալ վրիպած:

 

Սակայն ես էի,

որ տարա խաչը Նրա,

երբ հոգնեց վերելքին Գողգոթայի.

այնտեղ էի,

երբ մեխը խփում էին փայտին:

 

Քո անունը կանչեց, ես երևացի,

բայց դիպվածը դուրս թողեց ինձ

ժամանակի հոլովումից:

 

Կա մեկը մեր մեջ, ով եկել է այն եզրից՝

նշան, որ կարող ենք վերադառնալ ամենքս,

միայն թե տեսնենք Նրան:

 

Պիտի՛ կատարվեր հրաշքը.

«Ձեր մեջ մեկը վկայելու է ինձ»,-

որ ասեր Նա:

 

Այդ ես էի քո փոխարեն`

ողջերի մեջ մեռածս.

ողջ լինեի մեռածների մեջ:

 

Ես հրաշքի դրսում էի.

-Վե՛ր կաց,- ոչ ոք չասաց ինձ:

 

 

 

Գեթսեման

 

Ինձ չվիճակվեց կուրանալ

Դամասկոսի ճանապարհին,

որ տեսնեն մարդիկ,

և չհարցրեցի` հո՞ երթաս.

իմ պատիժը Հռոմը չէր:

 

-Սա’ է մարմինը իմ,-

վստահեցիր, որ մատնեմ.

նրանք նստած էին մի մարդ հեռու,

ես մերձ էի քո անձին:

«Հեռու տար այս բաժակը».

ե’ս խմեցի քեզնից հետո…

նրանք քնած էին:

Այդ գիշերը մտել

ու դուրս չեմ գալիս

արդեն քանի ժամանակ.

ինքս ինձ եմ փոխարինում,

հաշվե՞լ ես` կյանքը թվով գումարած:

Այդ գիշերը չունի լուսաբաց:

 

Ինձ հետ էր իմ եղբայրը,

այն կույրը, որ տեսավ,

անդամալույծը, որ քայլեց,

և մեռածը, որ կենդանացավ.

հետևում էր ինձ ու մյուսներին

և չէր ընդդիմանում:

 

-Սա’ է մարմինը իմ,-

կյանք կյանքի դիմաց.

ու ճոճվեցի պարանին:

Դու ներեցիր`

եթե զղջաս` խոսքիդ համաձայն.

նրանք են համառում:

 

Ու հածում է հողի վրա

շարունակ ծնվող իմ մարմինը նոր,

որ դարձյալ մատնի.

դու ներել ես,

ինձ հավասարը`

իմ եղբայրն է ինձ մերժում:

 

 

 

 

Մարիամ, երկրորդ անուն

 

Լսվա՞ծ բան է, Մարիամ,

լինել այր մարդ

և խանդել կնոջ մեղքը:

Անարատ է տրորված մերկությունդ

մեղքի ստվերում պառկած`

ինչպես ոչ մի գեղեցկություն լույսի մեջ:

Իմ ձեռքում էլ կա անուշաբույր յուղով սրվակ,

որ վիճակված չէ հավատը քո մատների.

ես սայթաքեցի ժամանակը,

իմ մեղքը չհանդիպեց Լույսին:

 

Քեզ չնետած քարը

ինձ է սպասում,

ինչ խնայեցին քեզ

չի վրիպելու ինձ:

 

Քեզ քարկոծելու եկածն էի ես

և պահում եմ քարը մինչև հիմա ափիս մեջ,

երբ հասկացա, որ դու ես մեզնից անմեղը,

չգիտեմ, ինչպե՞ս վարվեմ այդ քարի հետ:

Ամեն այր մարդ երազում է փրկությունը քո.

նետված չէ քարը:

 

Կի’ն, որտեղի՞ց այդչափ երկիր

և այդքան երկինք քո մեջ,

որ ըմբոստ էին հենց սկզբից

և դարձրեցիր ներդաշնակ:

 

Մարիամ, երկրորդ անուն

մեր մեղավոր ընթացքի.

ինչ պահել ես քեզ փրկողից,

տուր քո ներումը երազողին:

 

 

 

Մայր Թերեզա

 

Աստված քայլում էր երկրի վրա`

սպիտակ խալաթի մեջ.

աղքատ, կնոջ տեսքով ու գթության քույր էր:

 

Աչքերի մեջ՝ երկինք,

ու թևերին երկիրն էր՝

շփոթված, մոլոր ու խեղճ.

սեր էր բարձրանում ամեն ոտնահետքից

և Աստծու սխալն էր ուղղում հենց ինքը,

որ աստված էր:

 

Ու սարքում էր կացարանը հոգնածների,

որ գալիս էին բեռնավորված ու անխաղաղ.

և խղճի տուն՝ հոգիներին,

որ խորթ էին երկրի վրա ու մերժված:

 

Գթության Կալկաթայից մինչև Արևելքի երկիր

և Հյուսիսի ծայրը՝ սառցի կտոր,

քո տաք ստվերն է բժշկում,

որպես էն աշխարհից ետ գալու հույսն է:

 

Ու չհասավ քո ձեռքը ինձ, քույր,

ես մնացի մոռացված,

հիմա կանչում ես հեռվից

ձեռքիդ շողակաթ հույսով,

անարժան եմ քո տաք հետքով քեզ մոտենալ.

թկուզ մի պահ, որքան էլ լինեմ կորած,

թեքվիր դատարկ խղճիս անանդորրին,

արդեն շատ եմ ինձնից հանված:

 

Աստծու ստվերն է սայթաքում երկրի վրա օտար.

գթության քույր չէ`աղքատ կնոջ տեսքով,

խղճի բարակ թելն է մեր հոգու մեջ,

լույսի փխրուն եզր,

որ կորցրել ենք:

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք