Ճակատագիրը հղիացավ

***

Ես չգիտեի, թե դու էլ ինձ պես
լացել ես թաքուն
ուրիշի ճերմակ անկողիններում։
Որ դու էլ ինձ պես
սեր ես շպրտել
ուրիշի փափուկ ծնկներին ննջելու համար։
Որ քո չստացված բախտը ծաղրելով,
պարպվել ես անհայտ մոլորակներում։
Ու չգիտեի, որ քո թևերի խաչված անկյունում,
դեռ տեղ ես թողել
իմ հեգ գլուխը հակելու համար…

 

***
Ճակատագիր՝ փորված մատնեմատով,
Միասնության դաշինք՝ այլախոհի,
Ու ներդաշնակ առևտուր է Տիեզերքում,
Ի՜նչ փույթ, թե չի սազում Քոնը Իմին…

 

***
Դու եկար ուրիշ հեռուներից
Ու շինեցիր մենությանս ավերակները:
Ճակատագիրը հղիացավ իր Աստվածներից
Ու մեկնվեց ավազաբնում:
Ես պաշտում եմ քո մատղաշ հրումները…

 

***
Դու որտեղից եկար միամտորեն,
Այդ ի՞նչ կապով կցեց Տերը
Քեզ իմ կողին։
Ջանա’ եղբայր,
Արի քիչ էլ վերև,
Ձուլվենք աննյութեղեն, կամայածին։
Դեռ չպղծված, թարմ զարմանքիդ օտարական,
Կարեմ թևեր, հասնենք Աստվածներին։
Ու չզբոսնած՝ Նրանց պարտեզներում փարթամ,
Ուժգնանա վախը՝ մայրանալու,
Տու’ր ձեռքդ ինձ, Եղբայր,
Մենք պարտվում ենք անկման ժամին։
Հեռանալուց առաջ մատաղեաղ ցանիր,
Արդեն իմաստնացած՝ տառապանքիս։

 

***
Քեզ նետել ես վշտիս
հեռաստանը կարմիր,
Եվ հրատարփ կնոջ մեղրամոմե`
Գգվանքներից անհագ ու կրքահար,
Հմայքներիդ ջահել հեղեղումն է հորդում,
Բորբոքելով երջանկափառ
Խնդությունը վերջին…

***
Երբ ծնվեցի ես
Սատանա ու Տեր
Նստեցին դատի…
Մասնատեցին ինձ հավասարաբար.
Նախ Տիրոջ աջը մերկ մարմնիս հպվեց
(մեղքն ինձ դեռ չդիպած),
Հետո տատմորս մեծ ատամներից ես սարսափեցի.
Կապկպեցին ինձ խանձարուրներում
Ու Տեր-Սատանան ճշմարիտորեն արտասվեց հանկարծ:
Իմ կամովի միակ ընտրությունը`
Մորս հետ կռիվ տալով մեծանալս էր պտղաջրերում…
Ով արդարություն.
Ես մեղապարտս ու երկու հսկա դատավորներ:
Չեմ հիշում երկունքի ցավից
Մորս աչքերը ինչ գույն ունեին.
Ոչ էլ կաթնահամը շոշափելիքիս:
Հետո սովորույթ դարձած քաղցր սրճաբույրն եմ հիշում,
Ու դաժանաբար ծաղրանքներս` սիրահետողներիս:
Հետո սուրճը` առանց շաքարի.
սիրեցի ամենքին:
Նրանք ինձ լքեցին.
Սպասում եմ իմ վերջին դատին…

 

 

Կարծիքներ

կարծիք