Հող չտալու արվեստը

1996-ի վաղ գարնանը տամուկ ու սրսփուն օրով գնում էինք Կարս` Ազգային ժողովի պատվիրակությանը ճանապարհելու Անկարա: Ինչպես հին ու մոռացված ժամանակներում՝ Գյումրիով անցանք սահմանը, եւ մեր երթը հուզախռով էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք անցնում այդ ճանապարհով եւ առաջին անգամ էինք տեսնելու Կարսը, որտեղ Չարենցը թողել էր Կարինե Քոթանջյանին եւ իր տունը գետափին` շինած անտաշ քարով…

Մեր ուշադրությունը այնքան սեւեռ էր տեսանելի ամեն ինչի հանդեպ, որ չնկատեցինք էլ, թե ինչպես հասանք Կարսի օդակայան, որտեղ մեզ ուղեկցող թուրքական անվտանգության եւ ոստիկանության աշխատողները հրավիրեցին օդակայանի պետի սենյակ` մի բաժակ թեյի: Թալին անունով Պոլսում ծնված թարգմանչուհին, որ Կարսում թուրք ինժեների կին էր, հրաշալի էր խոսում արեւմտահայերեն եւ փորձում մեզ համար տաք ու հարազատ մթնոլորտ ստեղծել: Ես թեյ չեմ սիրում, սուրճ էլ ոչ ոք չառաջարկեց, ուստի դռների մոտ նստած մեկուսի ծխում էի` հետեւելով երկուստեք օտար քաղաքավարի զրույցին, երբ մեր վարորդներից մեկը կիսաբաց արեց դուռը եւ ինձ հրավիրեց դուրս: Նա ինձ ցույց տվեց ձեռքի մոմլաթե տոպրակը եւ շինարարությունից առաջացած սեւահողի հսկայական բլուր եւ ասաց, որ ուզում է մի բուռ հող վերցնել, տանել, շաղ տալ իր պապի գերեզմանին, պապը ծնունդով կարսեցի է եղել, բայց ոստիկանները թույլ չեն տալիս: Ես կատաղեցի` այ տղա, երեւի իրենք մեր պատմական հողերն են հասկացել, ոչ թե մի բուռը, եւ իմ հերթին դուրս հրավիրեցի Թալինին, որ բացատրվենք:

Ոստիկանները ուշադիր լսեցին եւ ասացին` ո՛չ, հող չի կարելի տանել, մի քիչ հետո կմտնեք Կարս, խանութներում ամեն ինչ կա, կգնեք` ինչ կուզեք: Ոստիկանը խոսում էր հանգիստ, նույնիսկ բարեկիրթ, բայց միջադեպն այնքան անսպասելի էր, որ ես ցնցված էի, ու չկար ոչ մի ասելիք…

Մեր պատվիրակությանն Անկարա ճանապարհելուց հետո մենք եղանք Կարսում, տեսանք Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին, Կարսի հին բերդը: Նույնիսկ ինչ-որ ռեստորանում խմեցինք, ու ես այնտեղ դարձյալ Չարենց արտասանեցի եւ երգեցի «Կարկուտ տեղաց Խանասորա դաշտումը»: Երգում էի եւ տպավորություն ունեի, թե մենք ահա հաղթում ենք թուրքերին, բայց մեր երկիրը նրա՛նց ձեռքում էր: Ուստի եւ խնդրեցինք, որ մեզ թույլ տան տեսնել Անին… Մեզ հետ էր նաեւ իմ Անի աղջիկը, որ համբուրում էր մեր կիսավեր եկեղեցիների պատերն ու լաց էր լինում` մեզ հսկող ոստիկանների զարմացած հայացքների ներքո:

Դժվար օր էր: Բոլորս առաջին անգամ էինք Անին տեսնում: Անի աղջիկս լաց էր լինում, մենք` տղամարդկանցով, մեր ներսում էինք լալիս… Ես հնագույն աշխարհի բազմաթիվ հուշարձաններ էի տեսել, բայց դրանցից ոչ մեկը կիսավեր Անիի տպավորությունը չէր թողնում: Դա զարմանալի մեծ քաղաք էր` շրջապատված անառիկ պարիսպներով, որոնց վրայով նույնիսկ ինքը` Արեւելքի մեծ զինվոր Լենկ Թեմուրը երկու անգամ փորձեց ու չկարողացավ անցնել: Եվ Բագրատունյաց վագրը մնաց մենակ, բայց կանգնուն, ափսոս, սակայն, քանդված-թալանված մայրաքաղաքը հսկելու…

Վագրը, սակայն, մեղավոր չէր: Մեղքը անցյալում էր, երբ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը` անհասկանալիորեն սուրբ հռչակված, Անին ոսկով վաճառեց Բյուզանդիային` այդ նույն վագրի հայացքի տակ: Չգիտեմ` ինչպես էր Վագրը նայում Անիի հզորության օրերին, սակայն մեր օրը տխուր էր Վագրը…

Ի՛մ վագր, ի՛մ հող, ի՛մ երկիր, ի՛մ հայրենիք… Մտածում էի ես, այնինչ հեռվում մնացող Անի մեծ քաղաքի վրա անձրեւ էր գալիս: Եվ երբ արդեն վերադառնում էինք տուն, սահմանի մոտ նույն ոստիկանը ժպիտով ինչ-որ բան ասաց հող ուզող մեր վարորդին, որը թուրքերեն գիտեր: Հարցրի` ի՞նչ ասաց, վարորդը երկար լռեց, հետո պատասխանեց. ասում է` մեքենաների անիվներին ցեխ է կպել, տար պապիդ գերեզմանին շաղ տուր…

Հետո պատվիրակությամբ վերադարձանք տուն: Բայց ես մի բան սովորեցի` հող չտալու… արվեստը:

 

 

Կարծիքներ

կարծիք