Հետապնդողը

Հեղինակ:

ՎԱՍՆ ՎԱՐԱՆԱՑ ՎԱՐՈՒՑ

Ահա վարան նենգ, հսկա մողեսը
խայթելուց հետո հետապնդում է
զոհին՝ օրերո՜վ, տևական ժամանակ,
մինչև որ թույնը ներծծվի,
և գա հոշոտելու ժամանակը․․․
Չեմ․․․ վարանի ասելու,
որ վարանի պես,
հաճախ ժամանակը
քար լռությամբ հետևել է
իր Հանճարին,
որ հետմահու փառաբանի
նրա գործն ու ․․․ ոսկորները ․․․

 

 

ԳԻՍԱՍՏՂ ԿՅԱՆՔ

Քո այս ո՞րերորդ
դիմակայությունն էր,
գիսա՛ստղ,
ասա՛,
վերջին անգամ
ե՞րբ էինք
հանդիպել․․․
Քանի՜ ծնունդից-
ծնունդ է
ինձ հմայել
սառցե բոցերով
վառվող քո ագին․․․
Որտեղի՞ց ես ծագում,
ու՞ր ես մայր մտնելու,
ի՞նչ աչքի համար ես
այսպես
շողոմ
շողում․․․

 

 

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Եվ Երկիրն է թեքվում
իր առանցքի վրա,
ինչպես․․․ Գեան՝ կողքի՝
սիրառատ իր սնարին։ –
Ու խենթացած տարին
իր կտղուցն է թափում ՝
իբրև եռման գարուն։
Դաշտերն են շպրտում
վերմակները ձյունե՝
մերկանալով պագշոտ․․․
Զարթնում է ամեն ինչ։
Գեղգեղում է՝ անմեղ՝
բայց անթաքույց կրքով
սիրո հավքն ամեն տեղ,
իգական մութ ջանքով․․․

 

 

ՕՐՓԵՈՍ

Նվագարանով աստվածների
իջնել ստվերների թագավորություն,
ուր երկնային ածխահանքերի մրոտ
հանքափոր-ագռավներն են կռռում
սոդոմական տեմբրով․․․
Մագիլավոր կանայք են – զգոն —
համախմբվում, որոնցից՝ մեկից մյուսին,
պսևդոպոեզիան փոխանցվում է հանց ․․․ սեռավարակ,
և որ իրենց զեղումներն են ցփնում անճարակ ։
Մեջլիսների մի վայր, «Հարպիաների միություն»- ցուցանակ։
«Երգի՜չ, ետ մի՛ շրջվիր,- շշնջում են դափնյաց պուրակները,-
որքան էլ որ Եվրիդիկեն դա աղերսի․․․ ։
Եվ աղարձանների ժխո՛րն է այնտեղ —
անցյալը՝ ջրահեղձի պես ներքև քաշող․․․»։
«Դու գնա՝ ուր տանում է քո մեղեդին ամպշող, –
ասում են են դափնյաց պուրակները,-
նա՛ գիտի արգանդային լուսատու խորքերը
Մայր Եղջերափողի ․․․ Թեև
քեզ կբզկտի՜ իգական խանդը խավարի կույսերի,
բայց նվագիդ ոսկե ամպը անհասանելի՜ է նրանց։
Ապա կանցնես դու Երկրի մոտով։ Կողքանց»։

 

 

ԿԱՌԱՆՈՒՄ

Բլուրները
դողում էին
տաք գգվանքից
թխսկանի
ջերմություն էր
հաղորդվողը
և — տոնական
հավկիթների
իրարանցում
թացությունը
այնքան ծփաց
որ աչքերում
կայմ նշմարեց
ժիր նավազը
և ավազը
ջուր չէր պահում
և ջրի հետ
սերը գնաց

 

 

ՀԵՏԱՊՆԴՈՂԸ

Ես գնում եմ, և դու
կրնկակոխ հետևում ես ինձ՝
գիշեր թե ցերեկ,
ամպին թե զամպին․․․
Լա՜վ գիտես իմ ոտնահետքերը,
դադարները՝ շունչ առնելու համար ։
Նույնիսկ մտքերս ես
հեռվից-հեռու կարդում․․․
Արի՝ հետապնդողից
ինձ ուղեկից դարձիր –
տեսնեմ դեմքդ՝ հասկանամ ՝
գուցե գիտե՞ս տեղը,
ուր որ ես եմ գնում։
Շառագույնն է հուրհրատում
ծառերի սաղարթների միջով։-
Մայրամուտի սիրտը
կարեկցանքով է լի ․․․
Առանց հետ նայելու՝

գիտեմ ՝ ուր ես և
լսում եմ քայլերիդ ձայնը։
Մի անգա՛մ, վերջին անգամ
հետ կշրջվեմ Ղովտի
անխոհեմ կնոջ պես –
որ տեսնեմ արնամած
գերանդիիդ ցոլքը,
ծանրացած ունկերով
հոգնած ոսկորներիդ
ճարճատյունը լսեմ ․․․

 

 

ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐ

Բարձրախոսների ժխորն է կանգնած –
մինչդեռ լռության է հոգիս կարոտ։
Իմ մեջ ծխում են աստղերս հանգած՝
երբեմնի պայծառ, օրս զարդարող ․․․
Համբերիր՝ երրորդ բարխանն էլ անցնենք ՝
վերջին կհասնենք այս անապատի։
Մեր սցենարը այն ո՞վ էր նենգել,
որ ձգձգվում է ՝ ճակատ-ճակատի․․․
Ի՜նչ գեղեցիկ է կակտուսի վարդը –
ճիշտ է՝ փշոտ է, բայց մի կյա՜նք արժի․․․
Մինչև այս փորձանք գործի ավարտը,
նա՛ գուցե միայն մեր սիրտը շարժի ․․․
Եվ վերջին «մատո՛ռ» հրամանն ահա։
Դե, առաջ գնանք մի վերջին անգամ։

Դիմահարդարը գունատ է ահից –
ուրի՞շն է խաղում իմ տեղ – դեմք ․․․ չկա ․․․

 

 

* * *
Ահա հողմի երամակը
բաշը փետտեց մացառներում,
ապա ցանցառ ու բզկտված
քամի դարձավ, մտավ ցածրիկ
խոտերի մեջ։
Եվ մասրենուց
տեսլական մի ալ հովատակ
ելավ, արձակ դաշտերի մեջ
զի՜լ վրնջաց․․․
Քա՜ղցր տանջանք է տեսնելը
այս ամենը պոետների
աչքի համար — և՛ բառերի
վազքին տալը և՛ սանձելը

ժամանակին․․․
Զի երբևէ
ո՞վ է մրրիկ, երկթևանի Պեգաս տեսել
հելլենական լայն դաշտերում ՝
Պառնաս լեռան լանջին կռթնած
պոետական դասից բացի ․․․

 

 

ԱՐԿԱԾ

Չարագուշակ տեսի՜լք․․․-
Մոլորվել էի մի անապատում,
որի տեղանքը նույնիսկ ինքը՝
Ռախաբ պոռնիկը չգիտեր։
Անծայրածի՜ր թփուտներ սաքսաուլի,
որոնց տակ բյուրավոր մողեսներ էին
ջերմ արևի տակ տրվել․․․ սեքսաուլի․․․
Բարխանների թիկունքից ուրվագծվեցին-մոտեցան
շարքերը ուղտերի։ Ասում են, թե
դրանք կիսով չափ հալալ՝ ուտելի են

/ սապատի մեջտեղից /,- ուղտապանը՝
Քոռ Ահմադն էր՝ ասաց։ Դրանց մի մասը
թքում էր, մի մասը՝ միայն խռնչում —
բայց քաղաքական ուղտեր չէին դրանք․․․
Բևեռային աստղը փշփշոտել էր կակտուսի պես։
Մի սամում ՝ մոտենալով՝ դարձավ պտտահողմ,
ապա՝ վերածվեց պտտվող դերվիշի,
որ բարբառում էր զառանցանքի մեջ․
«Օազի՛սը մաքուր պահեք, Օազի՜սը․․․»
Ջրվեթի էին գնացել Քոռ Ահմադն ու Ազիզը։
Նա, ով առաջարկում էր քարերը հաց դարձնել՝
այսկողմերում չէր այլևս։ «Վաղու՜ց է հեռացել,-
ասացին,- գնացել՝ գտել է իր հացը։-
Մեդիամագնատ է հեռուներում մի տեղ․․․ »։

 

 

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՎԱՐՔ ՎԵՆԵՐԱՅԻ

Ամենավա՜ռն ու ծեքծեքունը
ողջ երկնակամարում․․․
Լուսամուտի շրջանակի
կոորդինատային առանցքների մեջ
հետևում եմ իր շարժմանը՝
վարքին ․․․ վեներական։
Գնում է՝ մի տեսակ
տարուբերվելով / ասել կուզի՝

․․․ հետույք խաղացնելով /։
Բայց էլի ի՛նքն է
ամենավառն ու՝ թեկուզ՝
ծեքծեքունը։ Լուսանում է․․․

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք