Մեմֆիս կայարանում

Johannes V. Jensen / 1873-1950

Բժշ­կութ­յուն է ու­սա­նել Կո­պեն­հա­գե­նում, ուս­ման տա­րի­նե­րին էլ սկսել է գրել բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, նաև վե­պեր: Ն­րա գրա­կան մուտ­քն ազդա­րար­վեց 1896 թվա­կա­նին՝ «­Դանս­կե­րե» վե­պի հրա­տա­րակ­մամբ: Բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն լույս է տե­սել 1906 թ.:  Սկ­սել է ստեղ­ծա­գոր­ծել որ­պես հե­քիա­թա­գիր, գրե­լով հար­յու­րից ա­վե­լի հե­քիաթ­ներ, ո­րոնք ծնվել էին հե­ռա­վոր ար­ևելք կա­տա­րած իր ճամ­փոր­դա­կան տպա­վո­րութ­յուն­նե­րից, ին­չի հա­մար նրան ան­վա­նում էին դա­նիա­ցի Քիփ­լինգ: Յեն­սե­նի «­Թա­գա­վո­րի գա­հըն­կե­ցութ­յու­նը» վեպը, որ պատ­մա­կան հո­րին­վածք է Դա­նե-մարքի Ք­րիս­տիան II թա­գա­վո­րի մա­սին, 1999-ին հռչակ­վեց «Դա­րի դա­նիա­կան վեպ»: Կ­յան­քի վեր­ջում, կրկին վե­րա­դառ­նա­լով պոե­զիա­յին, հրա­տա­րա­կել է 1901-43 թթ. ընդգր­կող իր բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ամ­բող­ջա­կան ժո­ղո­վա­ծուն: Յեն­սե­նի պոե­զիան ա­զա­տութ­յան շատ յու­րօ­րի­նակ դրսևո­րում է հյու­սի­ս-եվրոպական պոե­զիա­յում: Նա այդ­պես էլ չու­նե­ցավ իր ժա­ռան­գոր­դը: Կոտ­րե­լով բո­լոր կա­ղա­պար­նե­րը՝ նա ձեռք է զար­կում վեր­լիբ­րին, նպա­տակ ու­նե­նա­լով, ստեղ­ծել բա­նաս­տեղ­ծութ­յուն՝ զերծ բո­լոր պայ­մա­նա­կա­նութ­յուն­նե­րից. գ­րե­թե լրագ­րո­ղա­կան պոե­զիա, որ­պես նյութ, թե­մա ու­նե­նա­լով ակն­թար­թա­յի­նը, ան­մի­ջա­կա­նը, ամ­բող­ջա­կան  լե­զվի ու ն­րա գրան­ցա­մատ­յան­նե­րի ողջ ներ­կապնա­կով հանդերձ, պատ­կեր­նե­րի ողջ հա­մա­խում­բը՝ բա­նաս­տեղծ­ման հա­մար հնա­րավոր կամ անհ­նա­րին, ան­կախ են­թա­տեքս­տից ու բո­վան­դա­կութ­յու­նից:  1944-ին նրան շնորհ­վեց գրա­կա­նութ­յան Նո­բել­յան մրցա­նակը:

 

 

Մեմֆիս կայարանում

 

Կես արթուն ու կիսաքուն,

Մռայլ իրականությունից խոցված, բայց դեռ կորսված

Դանայական անուրջների ծովամշուշում

Կանգնած եմ ես ատամներս կրճտացնելով

Թենեսիի նահանգի Մեմֆիս կայարանում:

Անձրև է տեղում:

 

Գիշերն այնքան ամայի է ու հանգած,

Եվ անձրևն է թափվում գետնին

Եռանդուժով մութ, անիմաստ:

Ողջը կպչուն է, անթափանց:

 

Գնացքն ինչու՞ է ժամերով սպասեցնում մեզ այստեղ:

Ինչու՞ է իմ տեղանքն ահա՛ այստեղ լռվել-մնացել:

Արդյոք փախչեի՞ ես պիտի անձրևից այս ու թմբիրից մտքի

Դանեմարքում, Հնդկաստան ու Ճապոնիայում,

Որ անձրևի տակ թրջվե՞մ, նեխահոտե՞մ Մեմֆիսում

Թենեսի, ԱՄՆ.

 

Բայց բացվում է օրը ահա: Լույսը դժգույն

Սողոսկում է բանտախուցն այս խունացած:

Օրն անողոք ողջը դնում է ի ցույց՝

Երկաթգծերը պաղած և սևացեխը համակ,

Սպասասրահն այս՝ քաղցրավենիքի իր սարքով,

Նարնջի կեղև, ծխախոտի մնացուկ, վառված լուցկիներ,

Օրը բացվում է ջրհորդանների միջով ջրցան

Եվ անձրևի մաղացանցով հարընդմիշտ,

Անձրևների, որ տեղում են երկրի վրա երկնքից:

 

Որքան խուլ է աշխարհը ու անչեղարկելի,

Որքան զուրկ է տաղանդից ստեղծողը նրա:

Եվ ինչու եմ շարունակում իմ տուրքերը վճարել

Գոյության այս ստորակարգ ջրբուժության համար:

 

Հանգի՜ստ… Տես, թե շարժիչն ինչպես է գործում,

Հարմարանքն այդ հսկայամեծ եռ է գալիս իր տեղում

Ծխով պատում ինքն իրեն – համբերատար ու խաղաղ:

Դե՛ ծխամորճը վառեք ստամոքսին ձեր դատարկ,

Աստծուն անէծք կարդացեք և կուլ տվեք ցավը ձեր:

 

Դե ուրեմն գնա ու կա՛ց Մեմֆիսում:

Քո կյանքն ինքն էլ ոչ այլ ինչ է ի վերջո,

Քան ջրհեղեղ խոնավ ու թաց, դա՛ է եղել

քեզ վիճակված մշտապես՝ հետաձգման գերի մնալ

սպասասրահում մի քնձռոտ —

Մնա՛ դու, կա՛ց Մեմֆիսներում, Թենեսի…

 

Որովհետև գովազդներով պաստառապատ տնակում

Երջանկությունն է քեզ սպասում, ու բերկրա՛նք,

Եթե միայն զսպել զորես քո բնույթը անհամբեր —

Տե՛ս, քնած է սպասուհին՝ փարթամ ու ջահել

Ունկը՝ թաղած մազերի տակ,

Նա կգա, որ քեզ կհանդիպի

Փողոցներում, պայծառ մի օր

Օծանելիքն անուշահոտ ժայթեցնելով

Իր հայացքում, ասես գիտի քեզ վաղուց:

 

Գարու՞ն է, միթե:

Միթե տեղատարա՞փ չէ սա հորդառատ ու ճոխ:

Արդյոք վավաշոտ մրմունջի նման չի՞ հնչում դա,

Երկարատև ու հուշիկ քչփչոց է, ղունղունում

Բերան բերանի

Անձրևների ջրերի ու երկրի միջև:

Օրը բացվեց մորմոքուն այնքան,

Բայց տե՛ս, շողում է անձրևը հիմա:

 

Քեզ դուր չի՞ գալիս իրավունքը իր օրապայքարի:

Ի վերջո, հիմա լուսավոր է, լու՛յս: Եվ հոտը հողի

Նստում է ժանգոտ երկաթգծերին կառամատույցի

Միաձուլվելով անձրևափոշու զորավոր շնչին —

Ակնարկ Գարունի:

Մխիթարություն չէ՞ միթե սա:

 

Եվ հիմա տե՛ս, թե ինչպես է Միսիսիպին

Ջրհեղեղված անտառների իր անկողնում

Զարթնում օրվան ընդառաջ:

Տե՛ս, ինչպես է գետը հսկա ոլորմունքն իր վայելում:

Բարեպատշաճ ի՞նչ նազանքով է կորանում՝

ցնցում տորմիղը ծառերի ու բները պատռված,

մրրիկի մեջ ողջն առնելով:

Տե՛ս, ինչպես է ողջն իր հետ տանում շոգենավը այն հսկա

Ջրհեղեղային-գրկախառնության իր արբունքի մեջ,

Ինչպես պարորդը՝ պարահատակը կհետախուզեր:

 

Տե՛ս հրվանդանը խորտակված – օ՜ ինչպիսի՜ հանդարտություն

Հետնախորշին անտառների կիսախարխուլ:

Տեսե՛ք, ինչպես են հորդառատ հոսքաջրերը տվնջյան

Օրվա թույլիկ լույսն զգենում՝ մղոններով ձգվող

Եվ ուղևորումն այս բարեբաստիկ՝ անձրևած ամպերի ներքո:

 

Հանգստացի՛ր և դու, դու՝ անողոք հոգի, անբարեգութ:

Չմոռանա՛ս երբեք, որ քեզ հավերժական կյանք էր խոստացվել:

Երկրից թաքցնու՞մ ես դու քո ապերախտ հոգին:

Ի՞նչ ես ուզում, ապա, սրտով սիրահարի:

 

Հանգստացի՛ր, հավաքի՛ր քեզ և մնա Մեմֆիսում,

Քաղաքացիությու՛ն փնտրիր շուկայի հրապարակում,

Մտիր և ստացի՛ր, ի թիվս այլոց, ապահովագրությունը կյանքիդ,

Վճարի՛ր անսրտության պարգևը քո,

Որպեսզի ապահով զգան նրանք իրենց,

Եվ դու չհամալրես բանակը գործազուրկների:

Սիրահետի՛ր օրիորդին այդ վարդերով ու մատանիով ոսկի

Եվ բոլորի նման մի սղոցարան էլ դու՛ հիմնարկիր:

Նայի՛ր շուրջդ, ծխամորճդ ծխի՛ր իմաստնության

Սֆինքսից լքված Մեմֆիսում,

Ամրակապի՛ր ռետինե կոշիկները քո՝ առանց տատամսելու …

 

Ա՜խ, գալիս է ահա գնացքն այդ բեռնատար, թշվառական,

Որին մենք սպասեցինք վեց ժամից էլ ավել:

Այն գալիս է դանդաղ՝ ծռմռված կողերով,

Սուլում է կամացուկ, երեք անիվներին հենված՝ գայթիգայթ,

կաղլիկ վագոններով,

Հող ու ցեխ էր կաթում տանիքին ծխանի:

Բայց վագոնում պահեստի, ածուխների մեջ

Պառկած էին մշտանշարժ չորս կերպարանքներ

Արնաշաղախ բաճկոններով ծածկված:

 

Այնուհետև մռնչում է մեր գնացքը ճեպընթաց

Փոքր-ինչ առաջ է շարժվում և կանգ առնում խոր տնքոցով՝

Պատրաստ առաջ ցատկելու: Մայրուղին բաց է, մաքուր:

 

Եվ մենք ճամփա ենք ընկնում

Ջրհեղեղին կուլ գնացած անտառների միջով,

Ջրարգելների տակով տեղատարափ հեղեղների:

 

 

 

Միջամխություն

 

Կապույտ գիշերն այնքան լուռ է: Այստեղ պառկած եմ ես անքուն:

Լռությունը ընդարձակվում է ու հնչում:

Հազարավոր մղոններով ձգվող դատարկության ձայնն է դա:

Տարածության մենազրույցներն են դրանք, օղակները որոնց

շրջանակներին են դիպչում համրացած ժամանակի:

Զարկերակն իմ, սրտիս խստությունը ջերմող արթնացնում են ինձ,

բայց սառը ուղեղով եմ ես իրերին նայում:

Մի ուժ է անցնում նյարդերիս միջով,

և պառկում եմ ես այստեղ, կարծես անկյանք:

Երկար ժամանակ մտածում եմ ես սառցե սառնությամբ

այն բոցավառվող անհամբերության մասին, որ բախտն է իմ:

Հանկարծ ինքս ինձ վստահ եմ զգում բավականաչափ և, անշարժացած,

գիտակցությանս մեջ անտանելի ցավ է բռնկվում

ու թուլանում կրկին:

Վաղը ես վեր կկենամ

բեռնավորված խոստումներով ու կենսախինդ վառքով

ինչպես մնացյալ առավոտները բոլոր:

Վաղը կբախվեմ ես լվացարանին, կոշկաթիակին,

ատամի խոզանակին և պատմութանն այդ ամբողջ,

ծխախոտին և արևալույսին ու Տուբորգին լցնովի:

Եվ խոստովանում եմ ես.

սա կամ ամենաբարձր գինն է մարդկային երջանկության,

հավատարմորեն պատճենված,

կամ հիմար ու խղճուկ գեղարվեստական գրականություն:

Այն մերժելը իմաստ չունի,

Ես խառնակչության իրարամերժ գործընթաց եմ գլխումս սնուցում,

հենց որ ես սկսեմ մտածել:

Գիտակցությունն իմ գործում է կտրող, սուրսայր եզրերով:

Ոչնչացնում եմ ես մի ինչ-որ պնդում, հակառակ ինքս ինձ:

Ոչինչ ճիշտ չէ: Ոչինչ չարժե, որ վրդովվես:

Երբեք ավելի ցավալի հպարտություն չի զգացվել

քան այն, ինչը ես եմ միայն զգում իմ մտքի սուր դանակների համակարգերի տիրապետմամբ:

Երբ աշխարհային հրաշքի գաղափարը գերարտառոց

հանդիպում է բոլոր իրերի վերջավորության համոզմունքին,

ես ինձ կենդանի եմ զգում:

Առանցքների ճեղքումը այս,

ֆիզիկական հնչյունների դիվային բախումը

ազատ է արձակում ցավի անդրենական թրթռոցները,

որոնք իմ եսի ձևն են բանիբուն՝ ամենաներքին:

 

Գիտակցությունն իմ ինքնարտահայտվում է որպես մտավոր միջամխություն:

Բոլոր այլևայլ ներդաշնակ իրողությունների միջև ճչացող կապը

ծակող բանալին է իմ ներքին կյանքի:

Երկու տրամագծորեն հակադիր կենսագիտակցությունները հանդիպում են իրար

և սրվում են իմ սրտի միջուկում:

Կապույտ գիշերն այնքան լուռ է: Ես այստեղ պառկած եմ անքուն:

Լռությունը ընդարձակվում է ու հնչում, ճչում, ճղճղում,

հազարավոր մղոններով ձգվող դատարկության ձայն է դա՝

շաղափվող քարե մոլորակների միջև:

Տարածության մենազրույցներն են դրանք, օղակները որոնց

շրջանակներին են դիպչում համրացած ժամանակի:

 

 

 

Ճաշի ժամ

 

Օրհնյալ լինի սուրճը:

Շնորհակալ եմ, տե՛ր, թավշի համար բազմոցի:

Համակրանքով եմ ես նայում մատուցողին,

նստած եմ հարմար, թարմ սափրված,

ոտքով եմ բարը գտնում մի կերպ

և իմ քիթն եմ դնում հոտին քլորացված սփռոցի:

 

Ինձ գարեջուր բերեցին:

Ես գովեստներս եմ շռայլում դեղնասաթե գարեջրին տակառի:

Փրփրափայլ ու սառցե:

Գրողի ծոցը ամեն ինչ, ատամներս են այդպես ուզում:

Իմ կոկորդը խմում է այն՝ տեսնելուն պես:

Ես կոկորդիս մեջ խորտակվել եմ ուզում…

Տոչորվում էի ես ծարավից… անցյալ գիշերն ինչպե՞ս անցավ:

 

Հիմա ես ինձ լավ եմ զգում:

Չորս կտոր հաց ու կարագ՝ իմ առաջ դրված:

Նախ ես ուտում եմ այն մեկը՝ ծովատառեխ ու ձվով —

Օ՜, թույլ ակնարկ ծծմբաջրածնի ու յոդի

օվկիանոսի ջրիմուռների անտառների:

Այնուհետև ատամներս եմ ես խրում ջահել ու նուրբ տապակայի մեջ տավարի մսով,

և կամացուկ՝ համն է իմ մեջ զարգանում:

 

Գառան երշիկեղենի և ուտեստների փունջը յուղալի

թափ հավաքելով, բարեկեցությունն են իմ բարձրացնում:

Պանիրը խառնում է սրտումս խռնված զգացումը անկման և սիրո:

 

Բայց հիմա իմ կուրծքն է դողում օղու տենչանքով,

որ ինքս ինձ մատուցեցի շշից սառցակալած:

Իրոք, ինչպե՜ս է այն փայլում, ու ծիծաղում պայծառ,

Ես իմ առաջ ունեմ ահա՝ մեծ, կենդանի մի ադամանդ,

Կարճ ասած՝ հացահատկից քաշած բրենդի, Դանեմարքա…

Ահա և ես հանգիստ նստած՝ պատրաստվում եմ չքնաղ պահին:

Այստեղ լավ է: Գլխարկներ են պատուհանի մոտով անցնում,

և փողոցն է բազմամարդ:

Ինքս ինձ ասում եմ, որ կյանքը և համակարգն արևային

փայլուն գործարք է, իրոք:

Անու՛շ…

 

Ես դառնացած բողոքս չեմ բարձրացնում վալսի դեմ երկրի

երկիր՝ մեջտեղում աստղաբույլերի,

քանզի ինքս էլ այլ բան չեմ, քան արևածաղիկ:

 

Ավելի լավ է երջանկությունն իմ քաղաքավարի դուրս ճառագեմ իմ սրտից

բոլոր ուրախ աղջիկների և փողային գործիքների հետ միասին:

Երջանկությունը և ես երբեք իրար չենք հասկացել :

Ես միշտ խոսում էի բարբառով, որտեղ էլ որ լինեի:

Ճշմարտությունն այն է, սակայն, որ ես կորցրել եմ Էմմային:

 

Ինչու՞:

Արդյոք նա թա՞րմ չէր: Արդյոք նիհա՞ր չէր ու սլացիկ,

չէ՞ր գալարվում մեջքի վրա,

ջահել ու մեծ ախորժակը՝ ինչպես ցուրտը չընկրկող

մի՞թե նրա կուրծքը խորունկ, առաձգական չէր բավական

զամբյուղի պես հյուսածո՝ թարմ պատրաստված երեքնուկով,

մի՞թե չուներ ճերմակ ձեռքեր և ատամներ մաքրամաքուր,

մետաղահոսք՝ մուգ մազերից և աչքերից

հրացանի փողերի պես:

Ինչու՞ էի ես պատմությունն այս սառցահամ միավորում

ծայրաստիճան զվարճալի արշավախմբին հյուսիսային բևեռի:

Էմմա, քանզի ես աղջկան, որն ինձ բնավ չի հուզում,

բացի այն, որ պատահաբար սիրատածում եմ նրան, չեմ կարող խնդրել

տասնիննամյա մարմինը իր լվանալ:

Ես ատում եմ կմախքը ինքնաթիռի, յուղաթթուն և հոտավետ այլ հեղուկներ,

դու անմաքուր էիր, Էմմա, չնայած զերծ էիր մեղքից:

Դե ինչ, լուռ եմ, ես ոչ մի բան չասացի, բայց քեզ ինձնից վանեցի:

 

Ինչ լավ է, որ  նույն ժամանակ գրեթե

դու էլ նողկանք զգացիր անտանելի

գլխի հանդեպ իմ անսանձ, իմ եսասեր երանելի

հոգու հանդեպ կոպտատաշ:

Ինչքան լավ էր, առողջարար՝ մեր երկուսիս համար էլ, որ հենց սկզբից մենք ատեցինք իրար:

Ինչպե՜ս էինք ծաղրում իրար: Ես ձանձրացած ու զզված՝ ինձ Լեհաստան գցեցի:

Դու այնուհետ ամուսնացար մի մարդու հետ ջութակահար,

որի մատները բնավ չէին խորշում խեժից,

նա, որ հետո, ավելի ուշ, մաքրամաքուր հնչյունները կհնչեցնի քո ականջին:

 

Այսպես ահա ես կորցրեցի Էմմային:

Ցավակցում էին բոլորը ինձ: Կարծում եմ ես շատերին եմ վիրավորել

անհոգությամբ այն ցինիկ, որով ինձ էի մխիթարում:

Իմ կյանքը իմ միանվագ փոխհատուցումն է միակ:

Ո՞վ է ասում, որ մարդ պետք է երջանիկ լինի:

Նույն գարունն ինձ փոխհատուցեց քաջախրոխտ ու քաջառողջ

նոր հայտնությամբ հրապուրիչ Օլգայի:

 

Նա լվացված էր միշտ ու թարմ,

կարծում եմ, նա միանձնուհի էր հասարակաց բաղնիքում

(Էմման սերում էր արքունի ազնվական բարձր խավից):

Օլգան այնքան անկեղծ էր, բաց, նրա հագուստը ամուր գրկում էր նրան:

Օ՜, ներբանները նրա այնքան թարմ էին ու զով

տերևն ինչպես թեյավարդի ակնաղբյուրում մարգագետնի,

որի մեջ ես լողացել եմ, երբ մանուկ էի տակավին:

 

Ու երբ Օլգան ինձ մոտ եկավ, իր հետ բերեց նա բուրմունքը

վուշով լցված մառանի, որ ես սիրում եմ անչափ,

կապտաթույր ու առաքինի, ամիդոլի փոքրիկ մի ամպ:

Օլգա, սիրելիս, քաղցր էր շնչել ուրախությունն այն, որ հոսում էր շուրջը քո

դու թարմ էիր խուրձի հանգույն ծղոտի

Աստված գիտի, թե ով է քեզ ավելի ուշ ծղոտաբույր փարախը բերել:

 

Ես ևս մի բաժակ օղի և շիշն ամբողջ սառցակալած դատարկեցի:

Ես այն իմ ներսն առա առանց վարանելու:

Օղին սառն է ու շատ թունդ և վառում է ներսից…

Ախորժակս դեռ այնքան մեծ է, անհագուրդ,

որ ինձ հեռվում թափառող հրաշափառ մարդանման էակների

մեջտեղում

զգետնում է հաճախակի և վերստին ոտքի հանում:

Դու նեղսրտու՞մ ես ինձնից, երբ ես երգում եմ այնքան, մինչև որ սև

փառ կկապի աչքերիս առաջ:

Ա՜խ, իմ Էմմա, ա՜խ իմ Օլգա…

Ու՞ր եք դուք հիմա:

Հուշերի գավա՞թ:

Ես զգում եմ ջերմությունը բուժարար, ահա սիրտս է ցատկոտում,

կարծում եմ, որ երջանիկ եմ ես՝ չնայած իմ ցավին:

Օղին սառն է ու շատ թունդ, և վառում է ներսից…

Անու՜շ:

 

 

Թարգմանությունը շվեդերենից՝ Աշոտ Ալեքսանյանի

 

 

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք