Լույսի տակ Ռուզաննա Պետրոսյանն է

 

Ես՝ լույսի տա՞կ…
-Ես միշտ լույսի տակ եմ, իսկ երբ մութ է, փորձում եմ ներսիս լույսը վառ պահել, լույսը և՛ սկիզբ է, և՛ սեր է, և՛ հույս է,
և՛ բարություն է, և՛ գիտելիք։ Լույսի մյուս կողմը մութն է, բայց ոչ երբեք խավարը, որովհետև խավարի մեջ ավարտ կա,
իսկ մութը անսահման սիրուն է, մութը օգնում է հավաքել մտքերդ, երազանքներին տրվել, մտապատկերում քո
պատկերացրած երազը ուրվագծել, վաղվա օրդ գծել:

Ժամանակակից հայ գրականությունն աշխարհի համայնապատկերում որտե՞ղ է և որքանո՞վ է ներկայանալի նույն այդ
աշխարհին։
-Ես առավել հաճախ ընթերցում և վերընթերցում եմ դասականներին՝ ուշադրությամբ հետևելով նաև ժամանակակից
գրողներին, հատկապես` պոետներին, որովհետև գուցե պոեզիան ավելի հոգեհարազատ է ինձ: Նրանցից շատերը իմ
ընկերներն են, անուններ չեմ տալիս, որպեսզի չնեղացնեմ մյուսներին: Այսօր գրողները ճանաչում են ձեռք բերում
նաև սոցիալական ցանցերի շնորհիվ, իսկ դրսում ճանաչում ձեռք բերելու առաջին քայլը, կարծում եմ՝ նախ և առաջ
թարգմանվելն է, երկրորդ քայլը` լավ փիառը:

Ի՞նչ ճկունություն ունի հայերենը օտար լեզվի հետ համակցման մեջ։
-Հայերենը իմ մայրենի լեզուն է, հարուստ է, շքեղ, բայց որքան գեղեցիկ է, երբեմն նույնքան էլ կամակոր կամ քիչ ճկվող
է, հատկապես մասնագիտական տերմինների, նորագույն տեխնոլոգիաների, ակադեմիական տեքստերի թարգմանության
հարցում, գեղարվեստական գրականության մեջ հրաշալիորեն համադրվող և մեղմորեն ձուլվող լեզու է:

Ո՞րն է այն հիմնարար սկզբունքը, որը առաջնորդում է գրական գործի ընտրության և թարգմանության հարցում։
-Երբ դեռ նոր էի սկսել թարգմանել, ավելի կտրուկ էի, նաև փոքր-ինչ կամակոր` առաջնորդվելով ինքս ինձ համար
սահմանած սկզբունքով, այն է` թարգմանել միայն այն, ինչ ինքս եմ ուզում, հիմնականում նախապատվությունը տալով
էքզիստենցիալ գրականությանը, սակայն ժամանակի և փորձառության հետ նշածս սկզբունքը այն աստիճան մեղմվեց, որ
թարգմանեցի լատինամերիկյան թերևս ամենաարյունալի և բռնապետական վեպերից մեկը, նկատի ունեմ ՝ Լյոսայի
«Սոսկալի ժամանակներ» վեպը: Այնուամենայնիվ, ինչ սկզբունքով էլ՝ ընտրված լինեն թարգմանածս գրքերը, տարօրինակ
ձևով շատ նման են ինձ, այնպես որ մինչև այս պահը հակված եմ կարծելու՝ գրքերն էլ իրենց հերթին գտել են ինձ:

Անփոխարինելի է գրողը, թե՞ գիրքը։
-Երկուսն էլ, քանի որ անփոխարինելի դարձած գրքի արարման համար շնորհակալ ենք գրողին և հակառակը` գրողը իր մի
քանի կամ բազում գրքերի շարքում գիտի, թե դրանցից հատկապես որ մեկն է անփոխարինելին գոնե իր համար: Մյուս
կողմից, երբ օրինակ` ինձ հարցնում են, թե իմ թարգմանած գրքերի մեջ ո՞րն է ամենալավը, ամենահետաքրքիրը կամ
նախընտրելին, ներքին ինչ-որ մղումով անմիջապես մտաբերում եմ Սևակի տողերից մեկը. «Եվ զուր մի՛ հարցրու, թե ո՞րն
է եղել իմ ամենամեծ սերը…»: Կռահելով բանաստեղծության հաջորդ տողերը` հավանաբար շարունակելու ենք, որ
սերերը, ինչպես մեր մատները, նույնիսկ եթե անհավասար են, միևնույն է, վնասելիս նույն ցավն ենք զգում, և
ուրեմն՝ անհավասար մատների և ցավի անքակտելի միացության մեջ չենք կարող բաժանման նշան դնել գրողի և գրքի միջև,
ստացվում է` անփոխարինելի են թե՛ գրողը, թե՛ գիրքը, ավելի ճիշտ` երկուսը միասին:

Արձակ և պոեզիա, ինչո՞վ է արտահայտվում նրանց տարբերությունը թարգմանչական գործընթացում:
-Տարբերություն, իհարկե կա, արձակի դեպքում շատ ավելի հեշտ է այն առումով, որ թարգմանիչը սկզբունքորեն գործ ունի
զուտ տեքստի հետ, պոեզիայի դեպքում ավելի դժվար է` կապված բանաստեղծական պատկերների փոխանցման և
հատկապես` տաղաչափության հետ: Ընթերցողներին ևս մեկ անակնկալ է սպասվում` այս անգամ արդեն «Իսպանալեզու
պոեզիայի անթոլոգիայի» տեսքով, որի շրջանակներում օրինակ` խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ քննարկում ենք
թարգմանաբանական` հատկապես որոշ բանաստեղծությունների հանգերին վերաբերող խնդիրներ: Հանգավորված
բանաստեղծություն, թե առանց դրա… սրա շուրջ հաճախ վեճեր կան նաև հայ ժամանակակից պոեզիային առնչվելիս,
ընթերցողների մի մասը համոզված է, որ չհանգավորված տողերը չեն կարող բանաստեղծություն կոչվել, և հակառակը, որ կարևորը ձևը չէ, այլ բովանդակությունը: Շատ թարգմանիչներ միտումնավոր խուսափում են պոեզիա թարգմանել, ինքս
հասկանում եմ պոեզիա թարգմանելու ծանրությունն ու պատասխանատվությունը, բայց նաև գիտեմ, թե որքան կարևոր է,
որպեսզի հայ ընթերցողը բնագրից կատարած թարգմանությունների միջոցով ճանաչի և ընթերցի Բեկկերին, Խիմենեսին,
Մաչադոյին, Ալբերտիին, Սալինասին, Լորկային, Ներուդային, Պասին, որպեսզի Սերվանտեսին, Լոպե դե Վեգային,
Բորխեսին և Ունամունոյին չընկալի որպես սոսկ արձակագիրների: Այնուամենայնիվ, թե՛ պոեզիայում, թե՛ արձակում ինձ
համար կարևորագույն սկզբունքը` բնագրին հավատարիմ մնալն է:

Նոր թարգմանություններ, գիրք սպասվո՞ւմ է առաջիկայում։
-Անշուշտ: «Անտարես» հրատարակչությունը շատ շուտով լույս կընծայի Խավիեր Մարիասի «Սիրահարություններ» վեպը,
որին ընթերցողները, վստահ եմ՝ շատ են սպասում: Ընդամենը երկու օր առաջ խմբագրին եմ հանձնել նաև Նոբելյան
մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսայի «Սոսկալի ժամանակներ» պատմաքաղաքական, փաստագրական վեպի հայերեն
թարգմանությունը: Գիրքը, ի դեպ, լույս է տեսել 2019 թվականի հոկտեմբեր ամսին, այսինքն` միանգամայն վերջերս, և
Հայաստանը առաջին երկիրն է, որն արդեն տպագրության է պատրաստում վեպի հայերեն թարգմանությունը, կարծում եմ`
գիրքը մեծ հաջողություն է ունենալու` նկատի ունենալով վեպում արծարծվող թեմաները` բռնապետություն,
հեղափոխություն, հակահեղափոխություն, պետական հեղաշրջում, քաղաքական ինտրիգներ, դավաճանություններ, մյուս
կողմից` հաշվի առնելով մեր երկրում երկու տարի առաջ տեղի ունեցած քաղաքական իրողություններն ու
փոփոխությունները, վստահաբար, վեպի հանդեպ հետաքրքրությունը էլ ավելի մեծ է լինելու:

Թարգմանությունը արվեստ է, սակայն թարգմանիչն ասես մնում է ստվերում, թե՞ այնուամենայնիվ․․․
-Եթե թարգմանությունը արվեստ է, կնշանակի` թարգմանիչը արվեստագետ է, որը ստեղծում է արվեստի գործեր: Ես
հաճախ եմ կրկնում, որ թարգմանիչը պակաս հեղինակ չէ, Խավիեր Մարիասին Իսպանիայում սիրում և մեծարում են որպես
իսպաներեն «Corazón tan blanco» վեպի հեղինակի, և Հայաստանում նույն կերպ կամ գուցե ավելի շատ սիրեցին
«Այնքան սպիտակ սիրտը» հայերեն թարգմանված վեպի համար, և ուրեմն, թարգմանիչը` որպես երկու լեզուների և
աշխարհների կայացման կամուրջ, չի կարող անտեսված մնալ: Ընթերցողները սիրում են ինձ, և մեր սերը փոխադարձ է։

Խորհրդային տարիներից հետո Հայաստանում թարգմանչական դպրոցը նորովի վերաձևակերպման ընթացքում է, ի՞նչ
է պետք լավ թարգմանիչներ, ձևակերպված դպրոց ունենալու համար, բուհը ստեղծո՞ւմ է այդ հնարավորությունը։
-Հետաքրքրիր է, մենք միշտ հպարտանում ենք Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությամբ, նշում ենք Սուրբ
Թարգմանչաց տոնը, բայց կարծես ՝այնքան էլ չենք կարևորում թարգմանչաց դպրոցի անհրաժեշտությունը կամ գոնե
անհրաժեշտ ջանքեր չենք գործադրում դրա ստեղծման համար: Մյուս կողմից, հասկանալի է նաև, որ նմանատիպ դպրոցի
ստեղծումը ենթադրում է մեծ ռեսուրսների ներդրում, ընդ որում` մարդկային, այսինքն` որակյալ թարգմանիչների, թե՛
ֆինանսական: Ինչ վերաբերում է բուհերին, ապա բացի գեղարվեստական գրականության ոլորտում թարգմանիչներ
պատրաստելուց, նաև մասնագիտացված ոլորտների` իրավական, քաղաքագիտական, ֆինանսատնտեսագիտական և
հատկապես` համաժամանակյա թարգմանիչների կարիք կա:

Ինչպե՞ս ինքնամեկուսանալ՝ չհեռանալով ինքդ քեզնից։
-Որքան մեկուսանաք ,այնքան մոտենալու եք ինքներդ ձեզ, որովհետև ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ չեք
կարողանա հեռանալ ինքներդ ձեզնից…Սիրե՛ք ձեզ, համակերպվե՛ք ձեր սխալների, առավելությունների, թերությունների
հետ, հաշտվե՛ք ձեր ես-երի հետ և ձեզ բավարարված, գոհացած կզգաք ձեր անձի հետ մեկուսացման մեջ, որքան արագ
հասնեք դրան, այնքան շատ ժամանակ կունենաք, որպեսզի սկսեք հաշտվել այլոց ներկայության հետ:

 

 

Զրուցեց  Հաս Չախալյանը

 

 

Կարծիքներ

կարծիք