Հիմա դու էլ չես վազում

Տարիներ են անցել ու դրա համար էլ հեշտ է պատմվում։ Ես Չոսերը չեմ, Քենթրբերիում էլ երբեք չեմ եղել, բայց ստիպված էի ինքս ինձ համար պատմություններ հորինել, որ ժամանակն արագ անցնի։ Ես էդպես էլ չհասկացա ինչպես կարելի է 16-րդ հարկից ներքև գցվել՝ թողնելով երեխաներիդ ճակատագրի հույսին միայն նրա համար, որ ամուսինդ դավաճանել է քեզ։ Չէի հասկանում նաև ինչու էին անընդհատ խաղալիքներս կորում, երբ տալիս էի ընկերներիս, որ իրենք էլ խաղան։ Տարիներ հետո միայն կհասկանամ, որ մեկը միշտ պիտի լինի մեզ ուժեղացնելու, կոփելու, հաղթելու համար։ Երևի պիտի զգաս անկումը, վազես էնքան արագ, որ ոչ ոք չհասցնի բռնել։ Շորերով կիսաքուն պառկած, պատրաստ ինչ-որ մեկի քնելուց հետո գիշերվա հազարին տանից փախչելու, ուրիշների տներում քնելու, մորդ կապտած աչքերին առանց արցունքների նայելու ու ձևացնելու, որ դեռ կյանքից բան չես հասկանում։ Հետո եթե ցավոտ լինի պատմելը կհիշես, որ 30 դրամանոց լիմոնադներ կային թարխունի ու տանձի համով, որոնք գնվում էին թոշակ ստանալու ժամանակ, երբ տատիդ խորըըըը պահած դրամապանակից մի քանի կոպեկ էիր թռցնում ու լիմոնադ հյուրասիրում էէէն ընկերներիդ, որ խաղալիքներովդ էին խաղում։ Մեկ-մեկ էլ երբ տանը մարդ չէր լինում հրավիրում էիր քո սենյակ ու հետո էլի չէիր հասկանում թե ուր կորան էն մյուս սիրուն խաղալիքները։ Բայց դու ժամանակ չունեիր տխրելու ու մտածելու իրենց հոգու փրկության մասին, որովհետև էլի պիտի վազեիր, շունչդ կտրվելով, մեկ-մեկ տնային շորերով, մի անգամ էլ ոտաբոբիկ։ Պիտի վազեիր ու գտնեիր մորդ, որ քեզնից առաջ էր տնից փախել ու քեզ էր սպասում կարմրած աչքերով, հույսով, որ էս անգամ էլ բարեհաջող վազորդ դուրս կգաս։ Էդպես էլ չհասկացավ ինչի էիր միշտ իրենից հետո դուրս գալիս։ Մեկ-մեկ փախուստը ճիշտ կազմակերպելու, իսկ հիմնականում հույսով, որ էս անգամ տանը կգիշերես, ստիպված չես լինի ուրիշի անկողնում քնել, իսկ առավոտյան գլուխդ կախել ու չկարողանալ մարդկանց խղճահարություն արտահայտող աչքերին նայել ու մտքում կրկնել, որ դու չես մեղավոր։ Դու մեղավոր չես։ Հարևաններին, բարեկամներին, որոնք տան դռները գիշերվա հազարին չէին բացում էդպես էլ չմեղադրեցիր, որովհետև ոչ ոք մեղավոր չէ քո չստացված ճակատագրի համար։ Կամ, գուցե մորդ, որ էդպես էլ ոչ մի ճար չգտավ ազատվելու տխմար վիճակից, որ մի ամբողջ կյանք տևեց։ Հիմա դու էլ չես վազում, ոչ էլ շքամուտքերում ես գիշերում, որովհետև որոշեցիր փոխել ճակատագիրդ, դառնալ մեկը ում չի կարելի նեղացնել։ Հիմա միայն մորդ զանգը կարող է հիշեցնել վազքդ, գիշերային վախերդ ու վերմակի տակ շունչդ պահած վայրկյանները, որ մի ժամանակ անհաղթահարելի էին թվում։ Հիմա էլ բան չի փոխվել, որովհետև էդ մեկը էդպես էլ չհասկացավ, որ կյանքը մի անգամ է տրվում, որ իր բախտը բերել է, որ երջանիկ լինելու համար ամեն ինչ ունի, որ եթե ուրիշ մարդիկ նրանց փոխարեն լինեին վաղուց մեռած կլիներ, կամ լավագույն դեպքում կկործանվեր։ Դու էդպես էլ լիքը բան չես ների նրան, որովհետև կարող էիր ավելի սիրուն ու խաղաղ մանկություն ունենալ, բայց միշտ շնորհակալ կլինես։ Շնորհակալ կլինես ճիշտ ընտրության, ուժեղ լինելու, աչքերը բաց քնելու, դժվարություններին դիմանալու, երջանկությունը գնահատելու ու լավ վազորդ լինելու համար։ Վազելու… բոլորից առաջ ու արագ։ Առանց հետ նայելու, շնչակտուր։ Վազելու, ոչ թե 16-րդ հարկից ներքև ցատկելու։ Վազելու նրա մոտ, որ քո կարիքն ունի ու դու ամեն ինչ պիտի անես, որ նա երբեք չվազի ու գիշերվա 4-ին ականջները չփակի Բոչելիին չլսելու համար։ Որ անսահման սիրի հորը, ով երբեք թույլ չի տա իրեն վազել։ Մարդիկ կան, որ մեզ ուժեղ են դարձնում ու կապ չունի ինչ գնով, միայն թե վերջում խաղաղ ավարտներ լինեն, որ վազքուղին պայքարի ուղի մնա, ոչ թե կործանման… Եվ հիմա դու էլ չես վազում…

 

 

Կարծիքներ

կարծիք