Ցինիկի դաստիարակությունը

 (հատված վիպակից)

Ես հիվանդոտ տղա էի մեծանում՝ մշտապես գտնվելով մայրիկիս   խնամակալության ներքո, որը չէր կարողանում ինձնից հեռացնել իր հիացական-սիրահարված հայացքը։ Փոքր-ինչ մեծանալով և արդեն ինքնուրույն զբոսնելով բակում, տասնհինգ րոպեն մեկ ես ստիպված էի ծառերի արանքից դուրս թռչել մայրիկիս ճիչից․ նա պատշգամբից բարձրաձայն կանչում էր ինձ։ Համընդհանուր հսկողություն էր տիրում։ Իսկ այն վայրերում, որտեղ մայրս անկարող էր ինքուրույն հետևել ինձ, խնդրում էր ուրիշներին։ Օ, որքան թանկարժեք կոնֆետներով լի տուփեր էին բաժանվում դպրոցում՝ ուսուցիչներին։ Ձմռանն ինձ փաթաթում էին ամենով, ինչով հնարավոր էր և ինչ ընկնում էր ձեռքների տակ։ Շալվարիս տակից պարտադիր հագցվում էր երկու զույգ մանկական զուգագուլպա, իսկ մորթով գլխարկի տակից կապվում էր տատիս նրբախավ թաշկինակը։ Ամռանն ինձ սրատեսորեն պահպանում էին միջանցիկ քամիներից,  վառ արևից և անլվա խնձորներից։ Բայց ես հնար էի գտնում ինձ վնասել՝ դռների տակ ընկած մատների, ասֆալտին խփված ծնկների, կուլ տված առանցքակալերի, հազի և հարբուխի տեսքով, որոնք իմ՝ ընդհանուր առմամբ լիրաժեք սովետական մանկության  հավատարիմ ուղեկիցներն էին դարձել։ Եվ տարօրինակ էր․ որքան կամակոր էի ես դառնում, այնքան ավելի անողոք ձևեր էր ընդունում իմ անհանդուրժողականությունը։ Զուգագուլպաներն ու փոխաններս հանվում էին դպրոցական զուգարանում, գլխաշորը հանվում էր գլխիցս այնժամ, երբ անցում էի շենքի անկյունը։ Վարսավիրանոցում հարդարված մազերս անմիջապես գզգզվում էին իմ հնգամատով, տնական կալորիական ճաշը թաքուն  լցվում էր զուգարանակոնքի մեջ։ Ավելի լուրջ էին իմ ներքին «ես»-ի կերպարանափոխությունները․ տեսնելով՝ ինչպես են նրա վրայից սրբում փոշին, իմ միջի կռվասերը սրտմտում էր, բայց և նույն պահին զգում էր իր բացառիկությունը, յուրահատկությունը։ Այժմ անհրաժեշտ է խոսքս վերջացնել այն մասին, թե ինչ տեղի ունեցավ երկրորդ քննության ժամանակ։ Հիշեցնեմ, որ դա փոխադրություն էր։ Պահանջվում էր ընդամենը տեքստին շատ մոտ սեփական բառերով վերարտադրել հենց նոր հրապարակավ կարդացած Գորկու կարճ պատմվածքը։  Բոլորը հենց այդպես արեցին։ Բայց չէ՞որ քննությանը, մյուսներից բացի, ներկա էր յուրահատուկ, արտասովոր մի անհատ։ Նա չէր կարող հենց այնպես կատարել առաջադրանքը, օ՜, ոչ, նրան անհրաժեշտ էր որևէ կերպ ցույց տալ իրեն, առանձնանալ  բոլորից։ Եվ ահա, փոխադրության փոխարեն շարադրություն գրեցի, հանձնարարված թեմայի հետ վարվելով այն աստիճան ազատ, որ եթե նախապատրաստական կուրսերի իմ բարեսիրտ դասախոսի պաշտապնությունը չլիներ, ստիպված էի լինելու ևս մեկ տարի բոլորել Տվերսկայա փողոցով՝ ինստիտուտի պարիսպների շուրջ։ Բայց և այնպես, այստեղ բախտս բերեց։ Բախտս բերեց կրկին, երբ հանրագումարային քննություններից հետո, ինձ՝ քննություններին ընդամենը մեկ բալ չհավաքածիս, Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ինստիտուտ ընդունեցին։ Ռեկտորը, ով ներկա էր ընդունվածների ցանկը բարձրաձայնելու արարողությանը, իր կողմից ավելացրեց, որ ինձ ընդունում են «բանաստեղծությունների համար»։ Դե, ով էլ կասկածեր։ Հետո հանդիսադահլիճում հանդիսավոր հավաք տեղի ունեցավ։ Նորաթուխ ուսանողներին հանձնում էին ուսանողական տոմսերի կարմիր կազմերը։ Կատակասեր ռեկտորը իր ավարտական խոսքում ապագա Պուշկիններին և Տոլստոյներին ցանկացավ՝ «Անտեղի շաղ չտաք», և մենք անցանք լսարաններով։
Ես հայտնվեցի բանաստեղծ Ֆիկսովի՝ ծեր ճաղատ տղամարդու՝ ճմրթված ու չար դեմքով, Լենինի մասին բանաստեղծությունների հեղինակի, բնականաբար, Լենինի կոմսոմոլի մրցանակի դափնեկրի սեմինարին։

Ուսուցումը, եթե դա կարելի է այպես կոչել, ընթանում էր հետևյալ կերպ։ Սովորաբար մենք հավաքվում էինք ինչ-որ  կցված ամսագրի խմբագրությունում, որը վաղուց մոռացված էր բոլորի կողմից, ու այն ժամանակ գոյատևում  էր «Երիտասարդ գվարդիա» ամսագրի հրատարակչությում, որտեղ հասնելու համար իմ տնից  հինգ րոպեի ոտքի ճանապարհ  էր պահանջվում։ Մոտ քսանհինգ հոգի տեղավորվում էին կազմած շրջանում։  Շղթայաբար բանաստեղծություններ էին ընթերցում։ Մինչ մեկն արտասանում էր, մյուսներն իրենց հետ բերած օղին էին խմում, ընդ որում, ծերունի Ֆիկսովն էլ  ջահելներից հետ չէր ընկնում, հավանաբար, ըստ  դեռ վաղուց ձեռքբերած կոմսոմոլական սովորության։ Հարբեցողությունը ինքնանպատակ չէր, միշտ ստեղծվում էր համապատասխան առիթը․ մեկ որևէ մեկի ծննդյան օրն էր, մեկ Ֆիկսովին էին շքանշան շնորհում։ Թեթևակի կոնծելուց հետո ուսանողները լքում էին իրենց ուսուցչին․ մեկը տուն էր ուղևորվում՝ դեպի քաղաքի մյուս ծայրը, իսկ մյուսները՝ եկվորները, թփթփալով անցնում էին գրականության ինստիտուտի հանրակացարան, որը տեղակայված էր մոտակայքում՝ Ռուսթավելի և Դոբրոլյուբով փողողների անկյունում։ Ես երբեմն նրանց ընկերախմբում էի հայտնվում։  Հանրակացարանում շատ ավելի ինտենսիվ էին խմում, անդադար, ոչ թե առիթից առիթ։ Սենյակում, որտեղ նստաշրջանի ընթացքում ապրում էին իմ երեք համակուրսեցիները, դատարկ տարաներով պատված էր ոչ միայն հատակն, այլև սեղանն ու պատուհանագոգը։ Շշերից ազատ էին մնում միայն մահճակալի մոտ տանող նեղլիկ՝ կենդանական ծվարատեղի հիշեցնող անցատեղերը։ Ապագա թատերագիր Վոլոդյան, արտաքնապես նման դերասան Կոնկինին՝ Շարապովի դերում, հարբեցողության ընթացքում պառկում էր մահճակալին, նմանվելով  հին հույնի՝ խնջույքը վայելելիս․ ընդհանրապես, նա փայտիկով էր քայլում, իսկ հիմա մի բան էլ մրրկվեց խմածից․․․ Այնուամենայնիվ, ես շեղվեցի։ Ինստիտուտի միջանցքներում երբեմն երևում էր շիկնած Մաշան, ձևացնելով, իբր ինձ  չի նկատում։ Ես նույն կերպ էի պատասխանում։ Այժմ արդեն ես զղջում էի, որ կապ էի ունեցել նրա հետ․ նա ինձ ծուռթաթ  անճոռնիություն էր թվում։  Քթիդ մեջ օղ, հոգյակս, ու գնաս, գնաս  շուկա՝ զվարճացնելու։ Այսուհետ որոշեցի լինել ավելի սառնասիրտ և խտրաբարո։ Բայց այստեղ ինձ դառնագին հիասթափություն էր սպասվում՝ գրականության ինստիտուտի ուսանողուհիները փիտրած հավի տեսք ունեին։ Բացառությամբ, ըստ երևույթին, մեկի․․․ Նա ուներ յուրահատուկ ու հիշվող անուն՝ Նաինա, ծիծաղկոտ մուգ դարչնագույն աչքեր և շագանակագույն երկար վարսեր, որոնք շիկնում էին արևի լույսից։ Երբ նրան առաջին անգամ տեսա, նստած էր դասասեղանի առաջ և տետրի մեջ ինչ-որ բան էր գրում։ Այդ պահին նրա շուրթերը առաջ էին եկել հանց կոկոն։ Օ, ինչպես էի ցանկանում համտեսել այդ թաց վարդաթերթերի համը, նրա սվիտերի տակից զգալ կուրծքը, ներծծել նրա բույրը՝ օձիքից տարածվող, շուրթերով հպվել նրա վզի բաբախող երակին։ Օ, որքան էի ցանկանում ազդրս մտցնել նրա լի, պինդ ազդրի մեջ (այդպես հաճախ էի անում Մաշայի հետ), որպեսզի զգամ ինձ գրկախառնված, հարվող, իմ մեջ զարկվող մարմնի եռքը։  Այդ օրվա ողջ ընթացքում, երբ նրան շամփրում էի հայացքով,  թվում էր՝ նա ուշադրություն չէր դարձնում ինձ։ Հարկավոր էր ծանոթանալու առիթ գտնել, բայց ես հուզվում էի ու վախվորում․ նա, ով կարող էր ինձ ներկայացներ Նաինային, չգտնվեց․ աղջիկը բոլորի հետ հեռավորություն էր պահում։ Ու այդժամ ես՝ անհաջողական հիպնոսարարս, դասերից հետո, ինքս հիպնոսի մեջ գտնվելով, Բրոննայա փողոցից մինչև մետրո  քարշ եկա նրա հետևից։ Ես քայլում էի ու մտազուրկ նայում նրա սվիտերի սպիտակ լաքային, որն ինձնից հինգ քայլ առաջ  աղոտանում  էր։ Հանկարծ նա շրջվեց․
— Դու ի՞նչ է, հետևու՞մ ես ինձ։
— Ինչի՞ց ենթադրեցիր։ Պարզապես մետրոյի մոտ եմ գնում։
— Բայց կարող էիր չէ՞  ինձնից առաջ անցնել։
— Ես ոչ մի տեղ չեմ շտապում։
— Իսկ միգուցե քեզ դու՞ր է գալիս հետևիցս քայլել ու նայել ինձ հետևից։
— Չէ։
— Վե՛րջ տուր։ Միթե դու իրապես կարծում ես, որ չեմ նկատել, թե այսօր ոնց էիր աչքերդ վրաս չռել։

— Ոչինչ էլ չէի չռել։
— Լավ, պարզապես նայում էիր։
— Հա, ես նայում էի, բայց դու այդպես էլ չնայեցիր իմ կողմը, հետևաբար, ոչինչ նկատել չէիր կարող։
— Հակառակը, ես ուշադիր քեզ էի հետևում։ Ո՞նց, միթե դու չգիտես, որ կանայք խորքային տեսողություն ունեն։ Ուրեմն, ասեմ քեզ, պարտադիր չի, որ կինը նայի աչքերիդ մեջ, որպեսզի տեսնի, այն, ինչ անհրաժեշտ է իրեն։ Օրինակ, երբ կինը անցնում է մետրոյի վագոնով, տղամարդիկ շրջում են գլուխները, սկզբում դիմացից են զննում, ապա հետևից։ Դա այնքա՜ն ծիծաղելի է։ Հաճախ ինձ թվում է, որ  մետրոյում տղամարդիկ հայացքով մերկացնում են ինձ․․․ Իսկ կինը աչքի ծայրով տեսնում է տղամարդկանց և այլ կանանց, և դա իրեն լրիվ բավարար է․․․ Չե՞ս ուզում ինձ հետ միասին «Մաքդոնալդս» մտնել։
Ամաչած ու շփոթված՝ ես հետևեցի նրան։
—Այսպես,- ասաց նա, երբ մենք մեկական բիգ-մակ ու կոկա-կոլա վերցրեցինք և տեղավորվեցինք ազատ սեղանիկի շուրջ,- այսպես, պատմիր քո մասին։ Չէ՞որ ես միայն անունդ գիտեմ, իսկ դա, կներես, բավարար չէ։
Ի՞նչ կարող էի  պատմել  նրան։ Ես ակնդետ նայում էի նրան, երբ շրջում էր հայացքը, և պատկերացնում էի նրան պառկած սպիտակ սավանի վրա՝ լայն բացաց ոտքերով։ Պատկերացնում էի վարսերը՝ տարածված բարձով մեկ, երևակայում էի գալարվող մեջքը․․․ Ես պատմում էի նրան իմ ընտանիքի, Նովոսելցևի մասին, որտեղ սովորաբար անցկացնում էի ամառները, բազմաթիվ ծանոթների մասին, իսկ դրանց արանքում կամենում էի պատմել Մաշայի, Ղրիմյան կամրջի և Նեսկուչնի այգու, և այն մասին, թե ինչպես է նվնվում իմ աճուկային հատվածում, և մեկ էլ , որ նա ինձ սաստիկ, պարզապես աննկարագրելի սաստիկ է դուր գալիս։ Ի պատասխան, նա պատմեց իր պատմությունը։ Նաինան ծննդուդով սերում էր մերձմոսկովյան շրջանի ոչ մեծ Պրոտվինո քաղաքից։ Նրա ծնողները կապ ունեին գիտական մշակումների հետ։ Ողջ մանկությունը նա գրեթե մշտակաց անց է կացրել  Օկայի ափին, սովորել տեղի դպրոցում և հենց այնտեղ ծանոթացել ապագա ամուսնու հետ․ այո-այո, նա արդեն հասցրել էր ամուսնանալ՝ նախքան ինստիտուտ ընդունվելը։ Եվ ամուսնալուծվել։ Ավելին, տասնինը տարեկանում նա արդեն մեկուկես տարեկան փոքրիկ ուներ։ Երեխա ունենալու հանգամանքը, անկեղծ ասած,  շփոթեցրեց ինձ։ Բայց երեխան  հեռու է, նրա մայրիկի հետ, իսկ Նաինան այստեղ է՝ ինձ հետ, իմ դիմաց նստած, այսքան երիտասարդ ու այսքան փորձառու․ հենց այն, ինչը հարկավոր է ինձ, բավական է մեկնել ձեռքս ու ստանալ։ Գրականության ինստիտուտի գոյության մասին նա, ինչպես և առաջին կուրսեցիներից շատ շատերը, իմացել էր վերջերս։ Նրա մոտ կար ինչ-որ մի քանի պատմվածք, որոնք նա գրել էր դեռ դպրոցի բարձր դասարաններում սովորելու ընթացքում։
Ուրեմն ինչու՞ չփորձել ընդունվել։ Ամեն դեպքում, ինստիտուտը բարձրագույն կրթություն է ապահովում։ Մոսկվա է, վերջ ի վերջո։ Քաղաքի վրա արագորեն  վրա էր ընկնում դեռ ամառվա պես տոթ երեկոն։ Նաինան ասաց, որ հեռու է ապրում, ՄՊՀի հանրակացարանում, և ես անմիջապես պատրաստակամություն հայտնեցի ճանապարելու  նրան մինչև մետրո, գոնե մինչև «Համալսարան» կայանը։ Մինչ մենք ուղևորվում էինք երերվող վագոնի մեջ, ստիպված էինք լինում կայաններ հասնելու մեջտեղում  գոռալ իրար ականջի, ու ինձ մի քանի անգամ  հաջողվեց շուրթերով հպվել նրա մազերին։ «Ֆրունզենսկի» կայան հասնելուն պես գնացքը կտրուկ կանգ առավ, և Նաինան (մենք դռների մոտ էինք կանգնած, և նա մեջքով հենված էր բռնակին), պահելով իր վրա ընկնող իրանս, մատները կողերիս մեջ խցկեց։ Հետո տեղ հասանք, զրուցելով մոտեցանք Վորոբյովի լեռներում գտնվող բարձրաշենքին, շրջեցինք այգում տեղակայված շատրվանով մեկ, կանգ առանք աստիճաններին։ Նաինան առաջարկեց իր հետ միասին Գլխավոր շենք մտնել․ դրա համար անհրաժեշտ էր մուտքի մոտ անտարբեր պահակին ընդամենը ցույց տալ ուսանողական տոմսը՝ չբացելով այն։ Ես այդպես էլ արեցի։ Մենք վերելակով վերև բարձրացանք․ այստեղ տեղավորվել էր ոչ մեծ մի սրճարան, իսկ դրա պատուհաններից դուրս երեկոյան լույսերի մեջ ծփում էր քաղաքը։ Չեմ հիշում  արտաբերվեցին  արդյոք որևէ կարևոր, որոշիչ խոսքեր, բայց մենք ինչ-որ կերպ, հնարավոր է՝ լռությամբ պայմանավորվեցինք, որ այսուհետ  միասին ենք։

 

 

Թարգմանությունը՝ Սաթե Հովակիմյանի

 

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք