Բարաբբա

Հիսուսի վերջին խոսքերը

Ինձ ազատ արձակեցին ու Նրան ընտրեցին, սակայն Նա վեր հառնեց, իսկ ես վայր ընկա: Նրան
ձերբակալեցին որպես զոհի ու զոհաբերեցին Զատիկի համար:
Ես ազատվեցի իմ կապերից ու բոլորի հետ միասին քայլեցի Նրա ետևից, սակայն ես ողջ, ապրող
մարդ էի, որը գնում էր դեպի իր սեփական գերեզմանը:
Առաքինությունը ստիպեց ինձ, որ փախչեմ անապատ, որտեղ ամոթը կայրվի արևի
ճառագայթներից:
Սակայն ես քայլում էի նրանց հետ, ովքեր ընտրեցին Նրան՝ իմ հանցանքը կրելու համար:
Երբ Նրան խաչին գամեցին, ես այնտեղ կանգնած էի:
Տեսնում էի ու լսում, սակայն թվում էր, թե ես իմ մարմնից դուրս էի:
Նրա աջ կողքին խաչված գողն ասաց.
-Քո արյունն իմ արյան նման թափվում է, ով Հիսուս Նազովրեցի:
-Եթե այս մեխը գամված չլիներ իմ ձեռքի մեջ, ապա ես ձեռքս կպարզեի իմ աջ կողմը և կսեղմեի
քո ձեռքը,- պատասխանեց Հիսուսը:
-Քանի որ մենք միասին ենք խաչված, թող նրանք Քո խաչը իմ խաչի մոտ բարձրացնեն:
Հետո նայեց ներքև ու հայացքն ընկավ մոր դեմքին ու մոր կողքին կագնած պատանու դեմքին.
-Մա՛յր իմ, ահա քո որդին կանգնած է քո կողքին:
-Ո՜վ կին, ահա այն մարդը, ով կտանի իմ արյան կաթիլը Հյուսիսային երկիր: Երբ լսեց
Գալիլեայի  կանանց դառնագին ողբը, ասաց.
-Նայե՛ք նրանց, նրանք լալիս են, իսկ ես ծարավ եմ:
-Ինձ այնքան վեր են բարձրացրել, որ չեմ կարողանում հասնել նրանց արցունքներին:
-Ես քացախ ու դառնություն չեմ խմում՝ այս ծարավի կրակը հանգցնելու համար:
Հետո աչքերը վեր բարձրացրեց, նայեց երկնքին ու ասաց.
-Հա՛յր իմ, ինչի՞ համար մեզ լքեցիր:
Մի պահ լռությունից հետո կարեկցանքով լի ձայնով ասաց.
-Հա՛յր իմ, ների՛ր նրանց, քանի որ նրանք չգիտեն, թե ինչ են անում:
Երբ այս խոսքերն ասաց, ինձ թվաց, թե իմ առջև տեսա ողջ մարդկությանը ծնկաչոք ներում
հայցելիս Աստծուց՝ այս Միակ Մարդու խաչվելու համար:
Հետո կրկին գոռաց հզոր ձայնով.
-Հա՛յր իմ, հոգիս հանձնում եմ քո ձեռքերին:
Վերջապես բարձրացրեց գլուխն ու ասաց.
-Արդեն վերջացավ, սակայն միայն այս բլրի վրա:

2

Ու փակեց աչքերը:
Սևակնած երկնքում կայծակը խփեց, և ուժեղ ամպրոպ պայթեց:
Այսօր ես գիտեմ, որ նրանք, որ սպանեցին Նրան իմ փոխարեն, իմ տառապանքն անվերջանալի
դարձրեցին:
Նրան խաչեցին ընդամենը մի ժամ:
Իսկ ես կշարունակեմ խաչված մնալ մինչև օրերիս վերջը:

Հիսուսի ազգական Հուդան
Հովհաննես Մկրտչի մահը

Օգոստոսյան մի գիշեր մենք Ուսուցչի հետ լճակի մոտի մարգագետնում էինք: Նախնիներն այս
մարգագետնին տվել էին Գանգերի մարգագետին անվանումը:
Հիսուսը խոտերի վրա պառկած նայում էր աստղերին:
Հանկարծ երկու տղամարդ շնչակտուր վազեցին մեր կողմ:
Դեմքերին տառապանքի հետքեր՝ ծնկի եկան Հիսուսի ոտքերի առաջ:
Հիսուսը ոտքի կանգնեց ու հարցրեց նրանց.
-Որտեղի՞ց եք գալիս:
-Մադաբայից,- պատասխանեց նրանցից մեկը:
Հիսուսն անհանգստացած նայեց նրանց ու հարցրեց.
-Ի՞նչ է եղել Հովհաննեսին:
-Այսօր նրան սպանեցին,- պատասխանեց տղամարդկանցից մեկը,- բանտում նրա գլուխը կտրեցին:
Հիսուսը գլուխը բարձրացրեց, հետո քայլեց մեզանից քիչ հեռու, քիչ անց ետ եկավ ու կանգնեց
մեր մեջտեղում:
-Մինչ այսօր թագավորը սպանում է մարգարեին: Իրականում թագավորը փորձարկել է արդեն իր
հպատակների բոլոր հաճույքները, սակայն հին թագավորները այսպես չէին դանդաղում մարգարեի գլուխը
տալ գլխաորսներին,- ասաց մեզ:
Ես Հովհաննեսի համար տխուր չեմ, այլ տխուր եմ Հերովդեսի համար, որը թույլ տվեց թուրն
իջեցնել: Խեղճ թագավոր, նա կենդանու նման է, որին բռնում են և պարանով ու շղթայով տանում:
Ի՜նչ խեղճ են այն գլխատված գլուխները, որ խարխափելու են իրենց խավարի մեջ, սայթաքելու
ու ընկնելու: Մի՞թե հույս ունեն, որ սատկած ձկներից բացի որևէ բան կգտնեն կեղտոտ ծովում:
Ես թագավորներին չեմ ատում, թող իշխեն մարդկանց, սակայն այն պայմանով, որ մարդկանցից
առավել արդարամիտ լինեն:
Հետո Ուսուցիչը նայեց սուրհանդակների վշտոտ դեմքերին, ապա մեր դեմքերին ու նորից դիմեց
մեզ.

3

-Հովհաննեսը ծնվեց վիրավոր, նրա վերքի արյունը թափվում էր իր խոսքերի հետ: Ազատությունը
չի ազատում իրեն իր եսից, և համբերությունը ճանաչում է միայն ուղղամիտներին և արդարներին:
Ճշմարիտն այն է, որ նա հողի մեջ գոռացող ձայն է, որն ականջներ ունի, որոնք չեն լսում.
սիրեցի նրան իր վշտի ու միայնության մեջ:
Սիրեցի նրա հպարտությունը, որը նրա գլուխը դրեց թրի տակ մինչև հողին հաձնելը:
Ճշմարիտ եմ ասում, որ Զաքարիայի որդի Հովհաննեսը, ով նրա ցեղի վերջին որդին էր, սպանվեց
իր նախնիների նման տաճարի շեմի ու զոհասեղանի միջև:
Հետո նորից մեզանից քիչ հեռացավ:
Քիչ անց ետ եկավ ու ասաց.
-Այսպես է եղել և այսպես կլինի: Նրանք, ովքեր իշխում են մի ժամով, կսպանեն նրանց, ովքեր
իշխում են տարիներ: Այսպես այլևս չի լինի, քանի որ նրանք գումարում են իրենց ժողովները և դատում
են մի մարդու, ով դեռ չի ծնվել և դատապարտում են մահվան՝ հանցագործությունն իրականցնելուց
առաջ:
Զաքարիայի որդին ինձ հետ կապրի իմ թագավորությունում, և նրա օրը երկար կլինի:
Հետո շրջվեց իր աշակերտ Հովհաննեսի կողմն ու ասաց.
-Յուրաքանչյուր արարք ունի իր վաղը: Ես ինքս էլ այս գործի համար վաղը կունենամ: Գնա իմ
ընկերոջ ընկերների մոտ ու նրանց ասա, որ ես վաղը կլինեմ իրենց հետ:
Տղամարդիկ գնացին իրենց ճանապարհով. հեռանալիս նրանց վիշտը մեղմացել էր:
Ինչ վերաբերում է Հիսուսին, ապա նա նորից պառկեց խոտերի վրա, տարածեց թևերն ու կրկին
սկսեց նայել աստղերին:
Գիշերվա ուշ ժամն էր, ես պառկեցի Նրա կողքին ու իմ ամբողջ սրտով հանգստանալ էի
ցանկանում, սակայն մի թեթև ձեռք թակում էր իմ քնի դուռը, դրա համար էլ արթուն մնացի մինչև
Հիսուսն ու արևածագն ինձ կանչեցին ճանապարհ ընկնելու:

 

Արաբերենից  թարգմանեց  Ռուզաննա Մանուկյանը

 

 

Կարծիքներ

կարծիք