Հետևիր արևին

***

Հետևիր արևին,

խմիր օրը հիսուն գրամ

քո իսկ կենացը,

Ռոքեն ռոլ լսիր,

պարի էնպես,

որ զարթնեն քաղաքի

բոլոր քնած մեռելները:

Երեկոյան զբոսնիր մեկ ժամ քաղաքում

թունդ սեր արա մի կարգին կնկա հետ,

սիրիր նրան էնպես որ շունչը փչի,

ասա որ լավագույնն է հանդիպածդ ամենակինը,

թեկուզ էդպես չի ասա ու պարիր հետը

Ռեյի say no mor ի տակ։

Արթնացիր ժամը ութին,

բացիր պատուհանը,

մերկ կանգնիր լույսի տակ`

թող մաքրի ամեն աղտեղություն:

Մի սոնետ կարդա Շեքսպիրից,

սիրահարվիր ծառերին,

խոսիր նրանք լսում են,

լացիր շաբաթը գոնե մեկ օր

եթե կարող ես`

եթե ընդունակ ես,

գտիր քեզ

քո թափթված էգոների մեջ,

մորդ ծաղիկներ նվիրիր ոչ տոներին,

այլ ցանկացած օր

սպանիր քո մեջ ապրող տասլեզվանի տականքներին,

դևերին՝ որոնք ատում են երեխաներին,

աղմկոտ քաղաքները,

ջազը, բոլոր քաղաքական գործիչներին ու այլախոհներին:

Մի հորջորջիր Աստծուն.

ապրեցրու նրան,

ամեն օր,

սովորիր ՝

տեսնել նրա աչքերով,

և մի նայիր ծերացող քո թշնամուն (քեզ )

հայելու մեջ ժամանակի,

ապրիր թիթեռի զարկերակում,

այս ամենը կատարիր եթե իսկապես

զգում ես,

եթե համոզված ես.

որ մարդ ես:

 

 

 

***

Իսկ ես կարծում էի

կգայիր ամեն տարվա պես

քաղցած,

կորցնելով սառցաբքի մեջ

հերթական շարֆդ,

բայց չեկար

մահը բացվեց

Հանց վաղահաս շուշան

քո շուրջը

լույսն առավ քո շունչը:

Հիմա երկու մետր խորության տակ,

հավաքվել են թիթեռները ծաղկած աչքերիդ մեջ,

ես կանգնել եմ մամուռ ոտքերով`

ժամանակի ակոսին

սպասում եմ վերջին արևգալին

շատ է ուշանում,

դու գործիր խսիրը սիրո մինչ գալս

ու խնդրում եմ չասես մեռելներին,

թող ոչ ոք չիմանա որ դրախտը ներքևում է:

( որ դրախտը դու ես )

 

 

 

***

Չեկար …

բառերը սափրում են տարիները,

բառերը սափրում են պա՜պ,

մեռնում եմ ամեն օր ու

զարթնում եմ,

լույսի թիրախն եմ հար։

Քո անկյանք օրերը

ֆլեգմատիկ,

նույն են

ամեն օր ուրբաթ է,

չմեռնես

դու ապրող՝

իմ

միրաժն ես,

անանուն,

անհուշ,

անցավ:

 

 

 

***

Ես շարունակ պտտվում եմ

մենության վանդակի շուրջը։

Ծառերն ինձ կանչում են,

հանում մսե աստառս վրայիցս

ընծայում են հողը՝ հողին

ջրերը մաքրում են խոռոչը ցավիս,

տեսախաբկանքի մեջ արևի զարթնում է

բետոնե երկիրս։

Ես ելնում եմ հանց գոլորշի ու ծածկում եմ

լույսի աճյունը:

 

 

 

 

***

Ուզում էի ծառ լինել

Ամազոնի խոնավ հովտի մեջ,

վեր խոյանալ մինչև հավերժի դուռը,

ասացիք չես կարող։

Ցանկացա ճայ լինել մեկ անգամ,

թռչել

մշուշների միջով լույսի,

փափագում էի թողնել հետագիծս

լողացող օվալում երկնքի,

կանգնեցրիք` ասացիք ճայերին ամեն օր

սպանում են։

Կին եղա՝ պատռեցիք ստինքներս հաճույքի

համար,

Աստված եղա՝ ծախեցիք ինձ մամոնային,

մանուկ էի՝ պղծեցիք,

վախ դարձա խոնարվեցիք մահարձաններիս առաջ,

զոհ դարձա՝ փրկեցիք ձեր կեղտոտ արյունը։

Ես հոգնել եմ մահվան փոխակերպումներից,

ետ տվեք ինձ իմ մաշված շապիկը,

պատիվս,

և ցավով թրծված խաղաղությունս։

Ինչ լի՞նեմ ասեք,

ով լինե՞մ, որ ինձ ներեք մարդիկ։

 

 

 

 

***

էլի

բոլորը

գնում են,

ցավերս խմբվում են ու

ամեն գիշեր

սուս-փուս չվում են,

փակվում է դուռը

ինձ ոչ ոք չի հիշում

որովհետև հիշելը չգրված՝ տասնմեկերորդ մեղքն է ,

որովհետև ես

չափազանց հիմար եմ կամ խելացի ,

հավակնոտ կամ բողոքական,

ապաշնորհ-գռեհիկ…

որովհետև ես նա եմ ում մասին չեն խոսում ժպիտով

ու զարմանքով

կատարյալ ատելությամբ

կամ

քամահրանքով ։

Ես նա եմ

ում վախենում են սիրել։

Լակում եմ,

լվանում եմ անպիտան ուղեղս

գինով։

Կրծքիս տակ պայթում է

մսեղեն երկխոռոչ պոմպը ։

Փսխում եմ լեղին օրերիս,

դեղին արևներ եմ թքում ։

Օրերը բառեր են դառնում ,

մարդիկ բառեր են դառնում

մահը գրում է,

մահը գրում է բանաստեղծություն։

 

 

 

***

Մոտեցա ջրերին,

արևն իր ոսկին էր թափում

նրանց խայտանքի մեջ,

իսկ քարերը` ժամանակի տիտաններ,

մամռոտ երեսները հակված վտակներին,

սիրերգում էին ջրերին:

Պառկեցի ջրերին,

խմեցի ներման ակունքից,

և երկինքը խոսեց ինձ հետ,

և հասկերը թաց

ինձ գրկեցին,

կանաչը բացեց խեցին սիրո,

ես ծնվեցի,

ես կրկին ծնվեցի…

 

 

 

***

Ինչ տխուր է այս տանը.

Թափթփված հագուստների մեջ

ննջել է մահը ։

Գաղջ շենքերը լափում են

աղջամուղջի վերջին փաթիլները,

ես փռվել եմ ունայնության մեջ,

բազրիքից դանդաղ կաթում է ճակատիս

լույսը:

Ինչ ցուրտ է այս տանը, ուր սեր չեն անում

գիշերները,

չի լսվում մանկան հեկեկոց,

և ոչ ոք չի հանդիմանում

ուշ վերադառնալու,

հարբելու,

ընթրիքը փչացնելու,

խռմփացնելու,

նվազ սիրո ու տղամարդկային էգոյի համար:

Ինչ տխուր է այս տանը`

ուր ոչ ոք չգիտի

որ մեռել եմ:

 

 

 

***

Քո մասին չեմ գրում ,

մա՛մ.

դու իմ միակ

ապրող

բանաստեղծությունն ես։

 

 

 

 

***

Ոչ մի փոփոխություն…

Լույսը ամեն օր սահում է

երկնային սանդուղքից,

աղմկում են փողոցները,

թռչունները երիզում են երկինքը։

Հոշոտվող արժեքների էս աշխարհում,

անհաղորդ էս մարդասիրության մեջ

ինձ այլ ելք չի մնում` բանաստեղծելուց բացի։

Փամփուշտը ծակում է դեռատի ոսկրերը,

տպվում է կանաչ փրկագինն աշխարհի,

ծփում է գարշանքը` ինչպես վարարած տիղմը,

լույսը լքում է կածանը հորիզոնի,

մահացու նիրհի մեջ թմրում է աշխարհը.

ոչ ոք ի զորու չէ փոխել

ընթացքը,

մենք բոլորս անպետք վավերագիրներ ենք։

 

 

 

 

***

Ինձ միշտ զարմացնում է

տիզերական անսահմանությունը.

ինչպե՞ս է գոյակցում նրա մեջ

մարդկային հավերժական

տխմարությունը:

 

 

 

 

***

Ես կին չունեմ,

եվ քնում եմ խոթելով գլուխս՝

զույգ ամուլ բարձերի տակ ։

Գիշերը սրում է դանակները կախ առաստաղից,

ես ամեն օր քնում եմ մարգարեանալով ՝

մեռնել վաղը

բայց լույսը չարաճճի մանուկ ՝

(լույսը իմ խորթ որդի)

բացում է կոպերս ,

եվ օրերը գաղջ ինձ ամեն օր

հագցնում են

նույն շապիկը ՝ հավերժ ուշացողի ։

Ես կին չունեմ և երբեմն

լացում եմ լոգարանում,

իսկ առավոտյան

ցուրտը մաշկազերծ է անում ինձ

հենց նոր մորթված թռչնի պես ։

Ես կին չունեմ…

կիսատ են իմ ողբերգությունները,

անմեկնելի են ցանկություններս։

Ես կին չունեմ

մահն է իմ սերը

անհոգի ,

անհոգի:

 

 

 

***

Մենակ` բոլորի հետ`

ինչպես Բուկովսկին ու էլի լիքը-լիքը

պոետներ:

Մենակ` էս անհաղթահարելի թվացող

լաբիրինթոսում:

Ոչ ոք չի կարող օգնել.

բոլոր հոգեբանները,

հիմար խորհրդատուները,

բուժակները,

գուշակները,

մեր ծնողներն ու

տարին մեկ հիշող բարեկամները

ավելի են լցնում մեր մենությունը:

Պետք է սովորել մեռնելու արվեստը.

ցավի հետ պիտի մեռնես

ու լույսի հետ ծնվես ամեն օր:

Մենակ ենք ամբոխի մեջ,

մենակ, երբ ընկերները խմում են մեզ հետ

ու hամբուրվում են ագահորեն,

մենակ՝ խնդության մեջ,

որովհետև մարմինները պարում են,

հաճույք են ապրում,

իսկ հոգիները շրջում են աղջամուղջում`

փնտրելով

լավ ամուսին, լավ սիրուհի, անդավաճան սեր, լավ աշխատանք …

Լավ հիմարություն, «բարեկեցիկ, երջանիկ, կյանք»,

ռոնդո` դատարկության անիվը, պտտվում է այնքան,

մինչև հոգին լքում է փտող մարմինը:

Մենակ պիտի տանես խաչդ,

մի՛ սպասիր բարի փրկիչների,

խղճացող մարդկանց,

Հիսուսին, Բուդդային, Մուհամմեդին:

Ոչ ոք չի կարող ցավդ վերցնել,

Ոչ ոք չի կարող տառապել,

լինել մերժված,

սոված,

անարգված՝

քո փոխարեն:

Դե ուրեմն սիրի՛ր քո մենությունը.

նա կլինի միակ անդավաճան ընկերդ մինչև մահ:

 

(Նվիրվում է Չարլզ Բուկովսկուն):

 

 

 

Կարծիքներ

կարծիք