Կորոնախրոնիկա

Հեղինակ:

Հոկտեմբեր 2019

-Դու կգնաս։  Այս առաջարկ-որոշումից շունչս կտրվեց, ուրախության ու պատասխանատվության նման հեղեղ չեմ հիշում՝ էլ երբ էի ապրել։ Մեր ընկերությունը Եվրոպայում մասնաճյուղ էր բացելու, ու նախնական աշխատանքների կազմակերպման գործը հիմնադիրն ինձ վստահեց։ Արտերկրի գործընկերների մեծամասնությունն Իտալիայից են, ուստի առաջին մասնաճյուղը որոշեցինք բացել հենց այնտեղ։ Հինգից վեց ամիս պիտի աշխատեի այնտեղ, գրասենյակային տարածքի ընտրությունից մինչև ամբողջական թիմի կազմավորում պետք էր տեղում կազմակերպել։ Իհարկե մերոնցից ոմանք ժամանակ առ ժամանակ գալու էին ինձ օգնելու, բայց կառավարման մեր ոչ այնքան մեծ թիմը թույլ չէր տալիս, որ միաժամանակ մի քանի հոգով զբաղվեինք նախագծով։

Դեկտեմբեր 2019

Մեկնեցի, հաստատվեցի։ Էստեղ ամեն բան էնքան սիրուն է, որ առաջին երկու օրերին գործի վրա կենտրոնանալ չէր ստացվում։ Բայց հունի մեջ ընկա։ Միայն Ամանորին մեկ շաբաթով Հայաստան վերադարձա։

Հունվար 2020

Արդեն աշխատանքը եռում է․ ինչ խորթ է, մեր երկրում սովորաբար տոներին հաջորդող ամիսը բավական պասիվ է անցնում։ Երեկոներն անցնում էին Հռոմը բացահայտելու, համովեղեն փորձելու, հաջորդ օրվա ծրագրերը կազմելու, տանեցիներին զանգելու ու աշխարհի նորություններին ծանոթանալու շղթայով։ Հունվարի 31-ին հատկապես ճնշող էր երեկոն, երբ իմացանք, որ Իտալիայում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են բացահայտվել։

— Չէ, մա՛մ ջան, մեզ մոտ կարգին ա ամեն բան, վերահսկողության տակ ա, ինձ հետ աշխատող մարդիկ էլ վերջերս քաղաքից դուրս չեն եղել, նորմալ ա ամեն ինչ, մի անհանգստացեք։ Դուք ձեզ լավ նայեք։ Ավելի լավ ա՝ Աննային ասա Ալիէքսպրեսից թող էս ընթացքում քիչ բան պատվիրի,- կատակում էի ես, որ մերոնց անհանգստությունը ցրեմ։ Ինքս էլ առանձնապես խուճապի մեջ չէի․ Եվրոպայում եմ, էստեղ հաստատ կազմակերպվածությունն ու պրոֆեսիոնալիզմն ուրիշ են։

Փետրվար 2020

Մթնոլորտը սիրտ է մաշում․ քաղաքը լռել է, բոլորս տանն ենք, աշխատում ենք տանից, փորձում ենք գնումները կազմակերպել օնլայն պատվերներով, մարդիկ խուճապի մեջ են, բայց դա էլ միայն էկրաններից այսկողմ ենք տեսնում, մոտ մի շաբաթ է, ինչ տանից դուրս չեմ եկել, տանտիրուհիս իր սենյակում է փակված, մրսածություն ունի, կորոնավիրուս չէ, բայց վախեցած է․ հիվանդանոցներում տեղ չկա։ Պիտի շատ ուշադիր ու զգույշ լինել, առաջնահերթ ընդունում են իրենց քաղաքացիներին, ուրեմն՝ հիվանդանալու իրավունք չունեմ։ Ալերգիաս, որ միշտ ինձ հետ է, զսպում եմ մերոնց զանգելիս, որովհետև մի անգամ եթե փռշտամ, դարի խուճապը կսկսի տանը․ «դե արի բացատրի, որ գարուն է սկսվում, մշտական ալերգիկ ռեակցիան է «բնության զարթոնքին»․ չէ, պինդ կաց, Անժելա ջան, դու ալերգիկ չես, առաջիկա 10 րոպեների տեսազանգի ընթացքում դու ալերգիկ չես»։

Մարտ 2020

Վերջին հայերով ենք մնացել, որոնց վերադարձն ապահովում են հատուկ չվերթով։ Հարյուր հոգուց էլ քիչ ենք։ Մեզանից երևի ոչ ոք էլ առաջիկա շաբաթներին Հայաստան վերադառնալու մտադրություն չուներ։ Ավտոբուսով ուղևորվում ենք օդանավակայան։ Երկու ուսանողուհի են նստած քիչ հեռու։ «Սոցիալական հեռավորություն» պահելով ենք շփվում։ Դեռ մեկուկես տարի պիտի մնային այստեղ, մինչև ավարտեին կրթական ծրագիրը։ Իտալական մի փոքրիկ գյուղում ապրող մի աղջիկ էլ միացավ մեր զրույցին․ դեռ չորս ամիս պիտի մնար։ Ես պատմում եմ իմ բաց թողած երեք ամիսների, դեռ չբացված՝ փակված մասնաճյուղի մասին։ Հազար անգամ արդեն հաշվարկել ենք այն վնասները, որ կրեց մեր կազմակերպությունը, բայց այսօր ամենօրյա այդ միտքն ինձ հետ չէ, ճամպրուկներիցս մեկից երևի ընկել է ու մնացել Հռոմի իմ սենյակում մի տեղ։ Այսօր կիսատի մասին եմ մտածում․ ինչքան մարդիկ են կիսատություն թողնում էստեղ, ինչքան մարդիկ կիսատություն ունեն մեր երկրում ու գուցե շարունակեն՝ վերադարձից 14 օր հետո։ Ինքնաթիռ նստելիս ջերմաչափում են կատարում ամեն ուղևորի, մեր ձեռքերն ախտահանում են․ Իտալիայի մատնահետքերը սրբվում են մեր ձեռքերից, մենք հագնում ենք ձեռնոցներն ու դիմակները։ Մյուս անգամ անդիմակ շնչելիս արդեն քո օդն ենք շնչելու, Երևան ջան։ Գալիս ենք։ Օդանավակայանում մեզ դիմավորում է հատուկ խումբ։ Իրականացվող առողջապահական միջոցառումներից հետո մեզ տանում են․․․ ուզում էի ասել «մեկուսարան», բայց շատ բանտային է հնչում։ «Մեկուսատու՞ն» գուցե։ Հա, էդպես ավելի հումանիստական է հնչում, մանավանդ էն դեպքում, երբ իրոք կարևոր դերում հումանիզմն էր էս պարագայում։ Մեզ տեղափոխում են հատուկ բնակության վայր։ Ճանապարհը նվիրված էր պահված հայկական քարտը հեռախոսի մեջ տեղադրելու, տանեցիներին զանգելու ու «հա, շատ լավ ենք» ասելու, Առողջապահության նախարարի լայվը դիտելուց հետո խաղաղված շունչ քաշելու ու դիմակների տակից «Երազ իմ երկիր» երգելու շղթային։ Վերջում, իհարկե, սկսեցինք ավելի ուրախ երգեր երգել, որ լավ տրամադրությամբ բաժանվենք, քանի որ առաջիկա օրերին մենք իրար էլ չէինք տեսնելու, բոլորիս տարան առանձին սենյակներ։ Իմ պատշգամբում լիքը մաքուր օդ կա։ Կյանքում չէի մտածի, որ պատշգամբը կարելի է ամենից շատ սիրել հենց դրա, ոչ թե սիրուն տեսարանի համար, թեպետ վերջինն էլ կար, սիրուն էր։ Ճանապարհի ընկերներով սոցցանցում խումբ էինք բացել, որտեղ շփվում էինք հազար տարվա ընկերների պես, առցանց գրքեր էինք ուղարկում իրար, երգեր, զվարճալի նկարներ ու, իհարկե, կարևոր լայվերը։ Անձնակազմն էնքան նրբանկատ ու ուշադիր է, որ վատ ես զգում, որ դու էլ չես կարող նույնկերպ իրենց մասին հոգալ։ Գուցե իրո՞ք մենք տարբեր ենք։ Մենք՝ հայերս։ Իհարկե, նորմալ է, որ հիվանդանոցներ չենք վառում ու մարդկանց չենք ծեծում վարակակիր լինելու համար, բայց էս հոգատարությունը նորմա՞լ է, թե՞ յուրահատուկ։ Էն, որ առողջապահական ամբողջ համակարգն էս օրերին ամեն բան մոռացած՝ մեզանից յուրաքանչյուրի մասին անհատապես է հոգում, նորմա՞լ է, թե՞ յուրահատուկ։ Նոր բացված ֆոնդին ամբողջ ազգով օժանդակելը նորմա՞լ է, թե՞ յուրահատուկ։ Էն, որ ամեն օր անպայման «դուխ ենք տալիս» մեզ հետ նույն չվերթով եկած 17 տարեկան սիրունիկ աղջնակին, որն իրավիճակից մի քիչ շատ է վախեցել, նորմա՞լ է, թե՞ յուրահատուկ։ Էն, որ քաղաքից հետաքրքրվում են, թե ինչ-որ բան գուցե պակասու՞մ է, գուցե մի բանի կարիք կա, նորմա՞լ է, թե՞ յուրահատուկ։ Էն, որ այս մարդիկ տանից հեռու լինելով՝ այսքան դրական են, կենսուրախ, էներգիայով լի, մեզանից շատ ավելի քիչ քնելու պարագայում աշխատում են ամեն վայրկյան, նորմա՞լ է, թե՞ յուրահատուկ։ Էն, որ էս ազգն աշխարհի ամենամիասնականն է, եթե կուզի, նորմա՞լ է, թե՞ յուրահատուկ։ Էն, որ մենք բոլորս ուս ուսի տված էս ամենը կհաղթահարենք, նորմա՞լ է, թե՞ յուրահատուկ։ Ապրիլ 2020 Տանն ենք, թեստի արդյունքները մեծամասնության մոտ բացասական էին։ Երկուսի մոտ միայն դրական արդյունք կար թեստի, բայց իրենց լավ են զգում, ամեն օր մեր խմբով շփման մեջ ենք, ամեն բան կարգավորվեց։ Վարակման նոր դեպքերի թիվը ավելի ու ավելի փոքր է ամեն օր, ալիքը կարծես թե մարում է։ Բոլորը դեռ տանն են, արտակարգ դրության ժամկետն առաջիկա օրերին կավարտվի, քաղաքը էլի մարդկանցով կլցվի, մենք էլ արդեն այգիներում ու սրճարաններում կհանդիպենք։ Ամեն բան լավ կլինի։

Մայիս 2020

Էն ո՞վ էր ասում, թե մայիսին հարսանիքներ չեն անում։ Արտակարգ դրության ավարտից հետո մեր երկիրը կարծես իսկական հարսանիքի մեջ լինի, բոլորը արագ-արագ, ինչ-որ գործերով խառնված ու ուրախ տրամադրությամբ էսկողմ-էնկողմ են շտապում․ բա հարսանիք չի, բա ի՞նչ է։ Հա, ամուսնական զույգերին մյուս ամիսները կտանք, իսկ հիմա բոլորի տոնն է։ Մայիս հաղթանակների ամիս ենք չէ՞ ասում։ Մեր հերթական հաղթանակն է։ Վերջացավ ամեն բան։ Լավ վերջացավ։ Կյանքն էլի եռում է։ Գաղտնիքը գիտեմ։ Դե էդ վիրուսը բարձր ջերմասիճանի չէր դիմանում, չէ՞․ մեր ազգից էլ ջերմ, ջիգյարով ազգ որտե՞ղ եք տեսել։ Էդ է, մեր համազգային ջերմ խառնվածքին չդիմացավ, անցավ-գնաց։ Հարսանիքները թողնենք հետոյին, իսկ հիմա սեր խոստովանելու ժամանակն է։ Կյանքին, մեր օրերին, մեր էս ուրի՜շ մարդկանց, իրար, էս լավ աշխարհին։ Հիմա նորից հանդիպում ենք այգիներում ու սրճարաններում, միայն թե ոչ առաջվա պես․ չէ, հիմա էլ հեռախոսները ձեռքում չենք պահում ամեն րոպե։ Կտրվել ենք էդ էկրաններից ու իրար ներկայությունն ենք վայելում, որ բաց չթողնենք ոչ մի շարժում, խոսք ու հայացք։ Սովորեցինք իրար նայել ու իրար ձեռք բռնել հիմա, երբ ունե՛նք դրա թույլտվություն։ Սովորեցինք «սոցիալական հեռավորությունից» մեր հոգինե՛րն ազատել։ Սովորեցինք շատ խորը շնչել ու շնորհակալ լինել։ Սովորեցինք վիրուս բառի առաջին երեք տառերը ջնջել, երբ այդպես ուս ուսի տալ կարողացանք։

 

 

Կարծիքներ

կարծիք