Մի քիչ ուրիշ

Հեղինակ:

Պրոֆեսորը դանդաղ քայլերով մոտեցավ իր աշխատասեղանին, որի դիմաց դրված աթոռին նստած էր անծանոթը և հանգիստ ճոճվում էր. կարծես ոչինչ չէր պատահել:

Ծերունին նստեց իր տեղում, նայեց անծանոթի աչքերին, վերցրեց թուղթը, որի վրա մերթընդմերթ նշումներ էր անում և հարցրեց.

-Սկզբի համար ասեք, թե ով եք և որտեղից եք եկել:

-Ե՞ս,- զարմացավ անծանոթը, կարծես սենյակում մի երրորդ մարդ կար, ում կարելի էր ուղղել հարցը,- այժմ ինձ բոլորը գիտեն. ինչ-որ տեղից եմ եկել:

Պրոֆեսորը ցուցամատով քթի ծայրից դեպի աչքերը հրեց հաստ ապակիով ակնոցը:

-Ո՞ր երկրից եք,- հարցրեց՝ ձայնին խիստ երանգ հաղորդելով:

-Ես պարզապես այս աշխարհից եմ, այս մոլորակից, այս հո՜-ղա՜-գը՜ն-դի՜ց,- լսվեց ի պատասխան:

-Բայց ի՞նչ ճանապարհով եկաք Հայաստան, ինչպե՞ս անցաք սահմանը:

-Ի՞նչ սահման,- զարմացած դեմք ընդունեց եկվորը, դադարեց ճոճվել, մարմնով ձգվեց դեպի պրոֆեսորը՝ արմունկները հենելով սեղանին և գլուխը ձեռքերում պահելով:- Աշխարհում չկան սահմաններ, ես գնում եմ այնտեղ, ուր սիրտս է ուզում: Սահմանները միայն ձեր սեփական գիտակցության մեջ են, ձեր հորինած վայրերում, ուր փշալարեր եք դրել ու սահման անվանել: Աշխարհը ստեղծված չէ սահմանների ու սահմանափակումների համար:

«Չէ՜, բարդ կերպար է»,- մտածեց պրոֆեսորը՝ գրիչի ծայրը թղթին թխթխկացնելով:

-Իսկ ինչո՞ւ եք կյանքեր խլում, չէ՞ որ չունեք դրա իրավունքը: Մեզ Աստված է ստեղծել ու միայն նա կարող է վերցնել այդ կյանքը: Աստվա՜ծ է մարդուն ստեղծել, այո՛,- ժպտաց անծանոթը,- թե՞ մարդիկ են երկյուղից ստեղծել իրենց աստծուն:

-Պարզ է,- հուսահատված շշնջաց ծերունին,- չեք հավատում Աստ՛ծո գոյությանը:

-Ձեզանից շատերի պես,- հեգնեց անծանոթը,- դուք ինքներդ ե՞րբ եք հիշում Աստծուն: Իհարկե միայն այն ժամանակ, երբ ունենում եք նրա օգնության կարիքը, ե՞րբ եք գնում եկեղեցի, իհարկե…երբ ինչ-որ բան ունեք խնդրելու: Իսկ ձեզանից քանի՞սն են ուրախության պահին հիշում Նրան, կհիշե՞ս, վերջին անգամ ե՞րբ ես Նրան շնորհակալություն հայտնել:

Պրոֆեսորը չորություն զգաց կոկորդում: Նա ձեռքը տարավ դեպի օձիքը, քաշեց այն, որպեսզի թուլացնի, որովհետև խեղդվում էր, արձակեց վերևի երկու կոճակը:

-Ես հիշում եմ,- կմկմաց նա:

Անծանոթը վեր կացավ, ձեռքերը խաչեց կրծքին և դանդաղաքայլ մոտեցավ պատուհանին, որի կիսաբաց փեղկից ներխուժում էր դրսի թարմ օդը:

-Դու կարող ես խաբել դիմացինին, բայց նույն կերպ մի՛ վարվիր ինքդ քեզ հետ:

Փորձառու ծերունին իրեն կորցրեց խոսակցության նման ընթացքից: Իր պրակտիկայում առաջին անգամ կարծես տեղը փոխել էր դիմացինի հետ ու հիմա ինքն էր հոգեբանի մոտ:

Նա հանեց ակնոցը, դրեց սեղանին և սկսեց տրորել ճակատը, որը պաղ քրտինքով էր պատվել:

Անծանոթը կտրուկ շրջվեց դեպի հոգեբանը, հեռացավ պատուհանից և նստեց իր տեղում:

Այնքա՜ն մութ էին նրա աչքերը…

-Գիտե՞ս, թերևս դու առաջին ու վերջին մարդը կլինես, ում առաջ կբացեմ իմ գաղտնիքն ու կասեմ… հա՜-հա՜, կասեմ, թե ինչու եկա:

Պրոֆեսորը խոր հոգոց արձակեց, աթոռի վրա ուղղվելու շարժում արեց և բերանում հավաքված թուքը կուլ տալով՝ լարեց ուշադրությունը:

-Լսում եմ,- շշնջաց նա այնպիսի ձայնով, որն թերևս լսելի էր միայն իրեն:

-Ա՜խր պատասխանը ինքնին շատ պարզ է: Քիչ առաջ պատուհանից դուրս էի նայում. խաղահրապարակում վազվզում էին փոքրիկ երեխաներ, նրանցից քիչ այն կողմ անվասայլակին նստած էր մի փոքրիկ աղջնակ, ներկա ծնողներից ոչ ոք իր երեխային չասաց, որ խաղա աղջնակի հետ: Հեռվում կանգնած մուրացկանին չնկատելով, շտապում էին մարդիկ, նրանցից ոչ մեկը մի գրոշ անգամ չտվեց խեղճ կնոջը, ով իր հացի վերջին փշուրներով կերակրել էր վայրի աղավնիներին: Կողքով սլացավ մի մեքենա, որի հետևի նստարանին նստած տատիկի աչքերում արցունքներ կային. քանի՜ անքուն գիշերներ էր նա անցկացրել իր զավակի օրորոցի առջև ծնկած, որքա՜ն էր տանջվել նրա ամեն ձախողման համար, ի՜նչ գնով էր կրթության տվել, ի՜նչ մեծ գորովով էր պարել հարսանիքին, իսկ հիմա նույն այդ որդին մորը ծերանոց է տանում: Հա՛, մի զարմացիր, ես գիտեմ դա: Կասե՞ս, թե իմ գալուց առաջ այս նույն մարդկանցից քանիսը միմյանց վարակեցին երջանկությամբ, քանիսը հոգ տարան որևէ մեկի մասին ՝ առանց թաքուն ակնկալիքի ու սպասելիքի, քանիսը լցվեցին կարեկցանքով ինչ-որ մեկի հանգեպ, քանիսը բարձրաձայնեցին այն, ինչ մտածում էին, արեցին այն, ինչ իսկապես ուզում էին: Փոխարենը նրանցից յուրաքանչյուրը ձևացրեց, թե շփվող ու ընկերասեր մարդ է, բայց ավելի բարձրացրեց պարսպի պատերը: Այն, ինչ պիտի ասվեր, մատնվեց հավիտենական լռության: Միշտ վարվեցին այնպես, ինչպես հարկն էր, այլ ոչ թե այնպես, ինչպես ուզում էին նրանց սրտերը: Սիրո փոխարեն տվեցին անտարբերություն, չգնահատեցին հասարակ զբոսանքն հարազատի հետ, իրար երեսի անկեղծ ժպտալը համարեցին ձևականություն, բարությունը միամտության հետ շփոթեցին: Նրանց բոլորին միշտ խանգարեցին եթե-ները, բայց-երը, որովհետև-ները և իսկ-երը: Ափսո՜ս… Ու ես եկա լրացնելու նրանց հոգու այս բացը, ստիպելու վերարժևորել ու գնահատել այն ամեն ինչը, որն այնքան առօրեական ու հասանելի էր թվում… Ես, իհարկե, շուտով կհեռանամ, բայց վստահ եղիր՝ իմ գնալուց հետո ինչ-որ բան դեպի լավը կփոխվի այս փոքրիկ հողագնդի վրա:

Պրոֆեսորն այլևս ի վիճակի չէր ոչինչ արտաբերել: Նա վեր կացավ տեղից և համարյա վազելով հեռացավ: Դուրս գալիս հանդիպեց գործընկերոջը, ով արդեն զրույց էր ունեցել խորհրդավոր եկվորի հետ.

-Խելագար է, չէ՞,- հարցրեց նա պրոֆեսորին, ով առանց կանգ առնելու անցավ՝ բարձրաձայնելով.

-Խելագարը նա չէ… խելագարը մենք ենք…

 

 

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք