Տոսկանայի քամիները

Երեք հոգի նստած էին սենյակում և հանգիստ զրուցում էին։ Երեք ընկերները հաճախ էին այսպես հավաքվում մեկի տանն ու երկար զրուցում։ Այս անգամ հավաքվել էին Ժիրայրի տանը։ Ժիրայրն արդեն երկու տարի մենակ էր ապրում, ընտանիք դեռ չուներ, բայց բոլորից թաքուն երազում էր այդ մասին, ծնողներից բաժանվել էր, քանի որ կարծում էր, որ երեսուն հինգ տարին բոլորած տղամարդը չպետք է ապրի ծնողների հետ, իհարկե, այլ պատճառներ էլ կային, բայց եկեք Ժիրայրի գաղտնիքների նկատմամբ մի քիչ նրբազգաց լինենք, թողնենք գաղտնիքը մնա գաղտնիք։

Վարդանը և Արթուրը Ժիրայրի ընկերներն էին, որոնց հետ նա ծանոթացել էր դեռ ուսանողական տարիներին՝ համակուրսեցիներ չէին, բայց ընդհանուր ընկերներ ունեին։ Հիմնականում տղաները հավաքվում էին ինչ-որ բան քննարկելու կամ ուղղակի խմելու, բայց այս անգամ երեք ընկերները հավաքվել էին, քանի որ Ժիրայրի մոտ խնդիրներ էին առաջացել։ Ժիրայրը և Արթուրը կարծում էին, թե Ժիրայրի խնդիրները կապված էին նրա աշխատանքի հետ, բայց իրականում այդպես չէր: Այլ էին նրա խնդիրները ոչ թե, որ աշխատանքի հետ կապ չունեին, ունեին, և շատ ուղիղ կապ, բայց խնդիրը ոչ թե աշխատանքի հետ էր կապված, այլ այն իրի հետ, որը նա գտել էր աշխատանքի բերումով: Նա աշխատում էր հրատարակչությունում որպես ծրագրի համակարգող և հաճախ հանդիպում էր գրողների հետ։ Ստացվում էր երբեմն, որ Ժիրայրը հանդիպում էր արտասահմանցի գրողների  ներկայացուցիչների հետ, որոնք փոխանցում էին նրան գրողների գործերը և ահա մեկ օր մեր հերոսի ձեռքն ընկավ մի իտալուհու գիրք, որն առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չուներ իր արտաքին տեսքի մեջ՝ սովորական մուգ կազմ էր, վրան դաջված էին գրողի անուն ազգանունն ու մի քիչ ավելի մեծ տառերով գրքի վերնագիրը․ գիրքն անգլերեն էր։ Ֆրանչեսկա Ռոսսելլինիի գիրքը վեպ էր, վերնագիրը՝ «Տոսկանայի քամիները», որը պատմում էր մի տղամարդու կյանքի մասին, ում վիճակվել էր ողջ կյանքն անցկացնել Տոսկանայի կղզիներից մեկում, որի մի կողմում աշխույժ էր, ինչպես յուրաքանչյուր կետ Իտալիայի տուրիսական վայրերում, իսկ մյուսում՝ մարդկություն չկար։ Հենց այդ դատարկ վայրում ավելի գեղեցիկ էր և հետաքրքիր միայնություն սիրող մարդու համար և այստեղ էր բնակվում Ռոսսելլինիի գրքի գլխավոր հերոսը, որի միակ հետաքրքրությունը նավերն էին ու նրանց քշող քամիները։ Այս մասին գրքի ծանոթագրության մեջ էր գրված։ Չնայած Ժիրայրը հրատարակչությունում էր աշխատում և սիրում էր գրողների հետ ընկերություն անել, բայց նրանց չէր կարդում, որոշումները հիմնականում ինքը չէր կատարում և նրա գործն ավելի շատ կապված էր բարյացկամ լինելու և ծրագրերը նպատակին հասցնելու մեջ։ Այս անգամ էլ չէր պատրաստվում գիրքը կարդալ, բայց հանդիպումից տուն վերադառնալիս կանգնեց խանութ մտնելու համար և տեսավ ներսում դրամարկղի երկար հերթը և դրսում որոշեց մի քիչ սպասել։ Սկսեց գիրքը թերթել և ինչ նկատեց, այն լրիվ դատարկ էր։ Առաջին մի քանի էջի վրա  ծանոթագրություններ կային, իսկ ներսում՝ ոչինչ։ Ժիրայրի տրամադրությունը բարձրացավ, նույնիսկ բարձր ծիծաղեց։ Մտածեց տպագրական սխալ կլինի, բացեց վերջին էջը՝ գրողի անունը տեղում էր, տպագրությունը, հասցեն և բոլոր մանրամասները գրքի մասին տեղում էին․․․ Ժիրայրը մի քիչ զարմացավ, որոշեց զանգել Միգելին, բայց փոշմանեց, այսինքն, մի փոքր հուզվեց, բառեր չէր գտնում, ինչպե՞ս բացատրել, որ գիրքը դատարկ է, չէ՞ որ Միգելը կարող է սխալ հասկանալ։ Եթե ասի գիրքը դատարկ է, կարող է մտածի, որ նկատի ունի գիրքը դատարկաբանություն է։ Հետո հասկացավ, որ իր ուղեղը հոգնել է ու մի քիչ պետք է սպասել՝ պետք է նախ սնվել։ Խանութից գնումներ կատարեց, արագ հասավ տուն, սենդվիչ սարքեց, կերավ ու ուղեղը նորից սկսեց աշխատել։ Ուրեմն կասեմ, որ տպագրական մի թեթև սխալ կա, հետո կբացատրեմ, որ տեքստը լավ չի տպվել, չի ստացվում կարդալ և նոր կնշեմ տեքստի բացակայության մասին։ Այդպես էլ արեց։ Միգելը ինֆորմացիան միանգամից չընկալեց, բայց հետո ապշած ասաց, որ խնդիրը նրա մեջ է, որ իր միակ ունեցած օրինակը Ժիրայրի մոտ է և պետք է սպասել մինչև  Իտալիայից նոր օրինակ ուղարկեն։ Ժիրայրը գրքով վերադարձավ տուն և նորից ու նորից սկսեց ուսումնասիրել երեք հարյուր դատարկ էջերը հույս ունենալով գտնել ինչ-որ մի տառ։ Մի պահ մտածեց, թե իր հետ կատակում են։ Առավոտյան գիրքը մահճակալի կողքին էր դրված՝  պահարանի վրա, վերցրեց և զարմանք․․․ գրքի վեցերորդ էջում, որտեղից սկսվում էր դատարկությունը, գրված էր՝ գրիր և ես կկատարեմ։ Ժիրայրի համար սարսափելի էր այդ տողը կարդալ, որովհետև ինքը չէր հավատում հրաշքներին և մտածում էր որ այս ամենը չար կատակ է, չէ որ հիմա գրքերի կազմերը հնարավոր է այնպես պատրաստել, որ սառնարանում դնելուց հետո, հպվելու ժամանակ այն իր գույնը փոխում է։ Մտածեց, երևի, սա էլ նման մի բան է։ Երեկոյան գիրքը նորից բացեց, բայց գրվածը չկար, բացեց ութերորդ էջը, հիմա էլ այստեղ էր գրված, այս անգամ գրված էր՝ ես կկատարեմ մեկ երազանք, մեկ ցանկություն, դու չունե՞ս երազանք, գրի՛ր, ես այն կկատարեմ։

Այս խնդիրն էր, որ անհանգստացնում էր Ժիրայրին և նա կանչել էր իր ընկերներին, բայց և հասկանում էր պահի կարևորությունը, որ եթե գրքում գրվածը ճիշտ էր, իր ընկերների համար ստեղծվում էր «բարենպաստ» պայմաններ դավաճանելու համար։ Վարդանը և Արթուրը հնարավոր է ամբողջ կյանքի ընթացքում առիթ չունենային նախանձելու կամ խլելու իրենից ինչ-որ բան, բայց սա նաև լավ առիթ էր ստուգելու ընկերների հավատարմությունը, բայց Ժիրայրը մտատանջությունների մեջ էր, արդյո՞ք երազանքը արժի վտանգի ենթարկել, բայց նա գաղտնիքներ չէր կարողանում պահել, դրանք ուղղակի դուրս էին թռչում նրանից, իր մտքում դարակներ չուներ դրանք պահելու համար։
— Ուրեմն Վարդան, մի պահ ինձ լսեք․․․ ու պատմեց ողջ եղելությունը և դարակից հանեց մուգ կազմով գիրքը ու դրեց սեղանին, բացեց ութերորդ էջը, որտեղ դեռ գրված էր երազանքի մասին ու փոխանցեց Վարդանին։ Արթուրն արագ առաջ եկավ և դեմքն ավելի մոտ բերեց գրքին քան Վարդանը, որի ձեռքին էր գիրքը։ Վարդանը ժպտաց, նայեց Ժիրայրին գլխով շարժում անելով Արթուրի կողմ՝ իբր էս գժին նայիր, Արթուրի աչքերը թարթվեցին, քանի որ էջը թերթվեց ու լսվեց Վարդանի ծիծաղը։ Արթուրը հրեց ընկերոջը, թեթև ուսին հարվածելով, — չթողեցի՜ր կարդամ։
— Դե լավ, թող տեսնենք իսկապե՞ս դատարկ են էջերը։

Ժիրայրն անհամբեր սպասում էր ռեակցիաների, բայց ընկերները շատ սառն էին, կարծես դա իրենցը չէր և ավելի շատ Ժիրայրի անձնական խնդիրն էր։ Վարդանը փակեց գիրքն ու ետ վերադարձրեց։ Արթուրն էլ այնպես գնաց պատուհանի մոտ, իբր բան չի էլ եղել, ամեն օր կախարդական գիրք է տեսնում կամ քառասուն ավազակների «Սեզամ, բացվի՛ր» ասելուն ներկա է եղել ու անապատում Ալադինի հետ թռչող գորգի վրա է թռչել և սա նրա համար ոչինչ է։ Ժիրայրը հիասթափված էր։
Վարդանը՝ գրի մի բան Ժիրայր, թե չգիտե՞ս ինչ ես ուզում։ Խոսակցությունն ավարտվեց, Ժիրայրը չպատասխանեց ընկերոջը և օրն արագ ավարտվեց, սպասվածից ավելի արագ քան Ժիրայրը պատկերացնում էր։ Գիշերը Ժիրայրը աչք չփակեց, երբ արևի առաջին շողն ընկավ պատուհանից ներս Ժիրայրը բացեց գիրքն ու արագ գրեց՝ ուզում եմ հայտնվել Տոսկանայի կղզում, ուզում եմ մոտիկից փարոս տեսնել, մտնել, բարձրանալ փարոսի միջով, նայել հեռվում լողացող նավերին ու նրանց քշող քամիների զովը զգալ դեմքիս։ Ժիրայրը գրեց այս տողերը և ինքն իր վրա զարմացավ, երբեք չէր սպասի, որ կուզեր լքել իր տունը, երբեք երկրից դուրս չէր եղել ու իր գրածը զարմացրեց, հետո՝ վախեցրեց։ Սա ես չեմ գրել, ուզում էր գրածը ջնջել, բայց գրածն անհետացավ, Ժիրայրն ուրախացավ, երևի, ինձ թվաց, թե այդպիսի բան եմ գրել։ Ուզում էր փակել գիրքը, բայց փակելու պահին իր գրածի տեղը նոր տեքստ հայտնվեց՝ վաղը երազանքդ կկատարվի։ Նա նորից փակեց աչքերն ու շարունակեց քնել: Մեկ ժամ էլ չէր անցել, երբ հեռախոսի զանգն ընդհատեց նրա երազը, ղեկավարի զանգն էր, հատուկ զանգ էր դրել, որ ճանաչեր, տեղից վեր թռավ, կարծես ղեկավարը սենյակ էր մտել, ոչ թե զանգում էր: — Ալո, այո, լսում եմ, չէ քնած չեմ, ուղղակի այսօր ինձ համար աշխատանքային օր չէ, ի՞նչ, ու՞մ հետ, միայն ես, այսօր երեկոյա՞ն, բայց, բայց, ալո՛, ալո՛: Հեռախոսը դրեց ետ պահարանին ու բարձր ինքն իրեն, — այս գիրքն ինձ ուղարկում է Իտալիա՛:

Երբ Ժիրայրը մտավ գրասենյակ, նրա ղեկավարը պտտվեց դեպի Ժիրայրը ժպտալով՝ Իտալիայում նույնիսկ ես չեմ եղել, իսկ քեզ ուղարկում ենք աշխարհի ամենագեղեցիկ երկիրը, դու հասկանու՞մ ես, մարդիկ ամբողջ կյանքում երազում են, գումար են հավաքում, որ գնան, իսկ քեզ անվճար ուղարկում ենք, վճարում ենք դրա համար, դու շնորհակալ ես չէ՞ Ժիրայր, ոնց որ դժգոհ ես, թե՞ չես հասցրել քնել, էհհ մի՛ մտածիր իտալուհիներին հենց տեսնես տրամադրությունդ կփոխվի: Ուրեմն բացի նրանից, որ բախտդ բերել է, որ իմ նման ղեկավար ունես, նաև շատ լավ բախտ ունես, նոր ավիաընկերություն կա Հայաստանում և պատկերացնու՞մ ես տոմսն այստեղից Հռոմ գնել ենք ընդամենը քառասուն դոլարով, իհարկե, հետդ կարող ես շատ քիչ բան վերցնել, բայց տասն անգամ քիչ գումար ենք ծախսել տոմսիդ վրա, իսկ մեր սիրելի Ֆրանչեսկան լուծել է քո վիզայի խնդիրը, դու հիմա կգնաս Իտալիայի դեսպանատուն և առանց հերթի վիզա կստանաս։ Դու կասես անհնար է, իսկ ես կասեմ, որ սա ուղղակի հրաշք է, քույրս Իտալիայի վիզա ստանալու համար երկու շաբաթ տանջվեց, անձրևին հերթի մեջ էր կանգնած, դրսում առանց անձրևանոցի, իսկ քեզ տիկին Ռոսսելլինիի խնդրանքով հատուկ անձանց նման արագ կսպասարկեն: Ինձ թվում է այդ կինը վերևներում ծանոթներ ունի: Ինչևէ, չգիտեմ գրքի հետ ինչ խնդիր է ծագել, բայց նրանք ուզում են արագ ետ ստանալ քո օրինակը և ուզում են, որ դու այն անձամբ հանձնես տիկին Ռոսսելլինիին: Միգելը կորել է, չկա, չենք կարողանում գտնել և նրանք խնդրել են, որ այսօր երեկոյան դու տանես: Երկիրը գնալով ավելի փոքր է դառնում Ժիրայր:

Ժիրայրը,  իհարկե, չգիտեր էլ ինչ ասեր, վերցրեց թղթերը և գնաց, հասկացավ, որ ոչինչ չի ասել, շրջվեց, — շնորհակալ եմ պարոն Գևորգյան, ես ամեն ինչ կանեմ այնպես ինչպես պետք է: Խմբագրությունից դուրս գալուց հետո Ժիրայրի տեսողությունը մի քիչ թուլացավ, մտածեց երևի ճնշումն է ընկել, գնաց սկզբից սուրճ խմելու, մտավ մոտակա սրճարաններից մեկը և կրկնակի Էսպրեսսո պատվիրեց: Սրճարանում տարբեր մարդիկ կային, լսվում էին նրանց քննարկումները․ քաղաքականության մասին էին խոսում: Ժիրայրին քաղաքականությունը չէր հետաքրքրում, նա կարծես երազի մեջ լիներ, չէր հավատում կատարվածին, բայց հասկանում էր՝ Իտալիայից այլևս առաջվա Ժիրայրը չի վերադառնա, այլ վերափոխված մի մարդ: Թղթերի հարցն իսկապես արագ լուծվեց և երեկոյան Ժիրայրը նստած սպասում էր իր թռիչքին։ Մտքին վախենալու մտքեր եկան՝ իսկ եթե նա այլևս չկարողանա ետ վերադառնալ, եթե Ֆրանչեսկան չուզենա իր գրքի գաղտնիքը իմացողին բաց թողնել, մի քիչ սկսեց անհանգստանալ, որոշեց զանգել ծնողների հետ խոսել, բայց ամեն դեպքում չզանգեց: Մի քանի ժամ անց Ժիրայրը Հռոմում էր, այստեղ տաքսիները շատ թանկ էին և Ժիրայրը որոշեց ավտոբուս գտնել իր ուզած վայր հասնելու համար: Առաջին անգամ երկրից դուրս լինելը տարօրինակ էր, ամեն ինչ նմանեցնում էր Երևանին ու ոնց որ իրեն չէր զգում այլ երկրում, ավելի շատ թվում էր մի քիչ հեռու տեղ է գնացել, անընդհատ մտքին տարօրինակ մտքեր էին գալիս՝ այստեղ ամեն ինչ հայկական չէ։ Քանի որ հյուրանոցի հարցերը լուծված չէին ու Ժիրայրն իր հետ ընդհամենը պայուսակ էր վերցրել մի քանի անհրաժեշտ իրերով, միանգամից ընթացավ Ռոսսելլինիի գրասենյակ, այն կենտրոնում չէր, բայց ծայրամասում էլ չէր, Տրաստևերե թաղամասում էր՝ կոլորիտային և բոհեմական գունավոր մասում: Ժիրայրը հասավ գրասենյակի մոտ, փորձեց շենքի դռնից ներս մտնել, կանաչ գույնի դուռ էր, որը հրելուց հետո, դռան ճռոցից ասես քնից արթնացավ, մի պահ հասկացավ, որ ինքն իսկապես Իտալիայում է, ազատ է, ինչ ուզի կարող է անել ու առաջին բանը, որ անցավ մտքով արագ Տոսկանայի կղզի գնալն էր: Ետ պտտվեց, նայեց արևին, աչքերը կկոցեց, փակեց, նորից բացեց ու նայեց շուրջը, գեղեցիկ շինություններ, ճարտարապետական գլուխգործոցներ ու ծիրանագույն պատեր։ Ժիրայրը նույնիսկ մոռացավ գրքի մասին։ Պայուսակը հանեց ուսից, դրեց դռան դիմաց և քայլեց դեպի այն կողմ, որտեղ իր կարծիքով ավելի մոտ էր Տոսկանան։ Մոտեցավ մոտակա տուրիստական կրպակին, նրան ասացին, որ Ֆլորենցիան հարավում է և թե  ինչ ավտոբուս է պետք նստել այնտեղ հասնելու համար, բայց Ժիրայրը պնդեց, որ իրեն պետք է Տոսկանայի կղզիներից մեկը հասնել, բայց նրա անգլերենը չհասկացան ու նա ամեն դեպքում որոշեց գնալ Ֆլորենցիա։ Ավտոբուսի մեջ անգլիախոս տուրիստի հանդիպեց, որը նրան բացատրեց, որ Տոսկանան գտնվում է Ֆլորենցիայում, ուղղակի Ֆլորենցիան մարզ է, իսկ Տոսկանան՝ մայրաքաղաքը։ Ամերիկացի տուրիստը մի քանի խորհուրդներ տվեց Ժիրայրին և քարտեզ, թե ինչպես գտնել ճանապարհը դեպի Տոսկանայի կղզիներ։ Ժիրայրին հուշեցին, որ նա կարող է շուտ իջնել ավտոբուսից և երեք ժամից ավել չգնալ Ֆլորենցիա այնտեղից էլ Տոսկանա, բայց Ժիրայրը ուզում էր նաև Ֆլորենցիան տեսնել, քարտեզի վրայի նկարը շատ դուր էր եկել Ժիրայրին, նա ուզում էր տեսնել այդ կարմրավուն քաղաքը և նոր գնալ Տոսկանա, մտքում նույնիսկ մտածեց միգուցե մնա Ֆլորենցիայում, ինչ գեղեցիկ անուն է, վայր, որտեղ կարելի է ապրել։ Ժիրայրը երկար ճանապարհներից հոգնում էր, բայց երեք ժամ ճանապարհ անցնելուց հետո նրա միտքը պարզ էր, աչքերը հոգնած չէին, գլխացավ չուներ, չէր էլ հիշում դա ինչ էր, քաղց զգում էր, բայց կդիմանար, նրա առջև Սանտա Մարիա դել Ֆիորիի տաճարն էր, որի մասին լսել էր Սալման Ռուշդիի գրքի թարգմանությունը կազմակերպելու ժամանակ։ Ժիրայրը գերված էր տաճարի գեղեցկությամբ։ Նրան կարծես զոմբիացրել էր շինության գեղեցկությունը, չգիտեր էլ ինչքան անցկացրեց շենքը տարբեր կողմերից նայելով, բայց մի պահ հասկացավ, որ արդեն չի դիմանում սովին։ Իտալական պիցցան համտեսելուց հետո Ժիրայրին ամեն դեպքում պետք էր մի տեղ գիշերել, բայց որոշեց գտնել վաղվա համար տրանսպորտ Տոսկանա գնալու համար։ Փողոցներով քայլում էր, նույնիսկ մոռացել էր իր հեռախոսի մասին, զանգը ծանոթ էր, վերցրեց, ղեկավարն էր ինչ-որ բաներ էր գոռում, չպատասխանեց, դեն նետեց հեռախոսն ու գոռոց լսեց, — ԷԷԷյ, դու գժվել ես ինչ է՝ անգլերեն խոսեց մի իտալուհի՝ բարերից մեկի առաջ կանգնած մի քիչ առաջ ծռվելով, մի ձեռքով պատից բռնած։ Այստեղ աղբ գցելու տեղ չէ, գնա՛, վերցրու՛ հեռախոսդ, ընկերուհուդ հետ վիճել ես, գնա՛ երեսին ասա, հեռախոսը մեղավոր չէ։ Ժիրայրը լայն ժպտաց, իտալուհին նրան դուր եկավ, սև երկար մազեր, կարմիր շրթներկ, երկար սպիտակ շրջազգեստ կարմիր գծերով, կապույտ շապիկ կարճաթև թևերի հատվածում կապած, դեմքն այրվում էր ներքին էներգիայից, հաստ ունքեր ուներ և շատ արտահայտիչ խալ այտի վրա։ —  Ես ընկերուհի չունեմ, հեռախոսը կվերցնեմ, կներեք, ինձ Տոսկանա է պետք հասնել, կարո՞ղ եք ինձ օգնել։ — Օօօօ, դու անգլերեն էլ ես ակցենտով խոսում, արի՛ ներս քեզ մի բան հյուրասիրենք, տեսնենք ի՞նչ ես ուզում։ Ժիրայրը ներս մտավ, այստեղ հաճելի երաժշտություն էր, փայտից սեղան, աթոռներ, բարի մոտ կանգնած աշխույժ զրուցող իտալացիներ, իսկ սեղանների մոտ ճապոնացիներ էին, որոնք հիացած աջ ու ձախ էին նայում։ Սոֆիան Ժիրայրին մեկ բաժակ տեկիլա հյուրասիրեց ու ուշադիր նայեց դեմքին։ — Ես կարող եմ քեզ ուղեկցել քո ուզած վայրը, ես վաղը գնում եմ իմ մեքենայով, մուտքի դիմաց կանգած կանաչ հրեշը իմն է, բայց գումար ունե՞ս իմ բարեկամ։

— Այո՛, ունեմ, իմ անունը Ժիրայր է, ես Հայաստանից եմ եկել, ինձ պետք է վաղը գնալ Տոսկանա, պատրաստ եմ վճարել ձեզ։

— Օօօ, շատ լավ է, ուրեմն վաղն առավոտյան ժամը ութին ճանապարհ ենք ընկնում, կհասցնե՞ս քնել։

— Այո՛, այո, խնդիր չէ, ես շատ քնել չեմ սիրում, վաղն առավոտյան ութին կլինեմ այստեղ։

— Շատ լավ բարեկամս, բարի գիշեր, զգում եմ ոտքի վրա չես կարողանում կանգնել, հենվել ես բարին։

— Ահա, բարի գիշեր։

Առավոտյան Ժիրայրը խոստումը չպահեց, ժամը տասին նոր եկավ բարի մոտ, Սոֆիան ժպիտը դեմքին նրան էր սպասում, կողքի ծանոթներին հաջողություն մաղթեց և նստեց ղեկին։ Ժիրայրը նստեց Սոֆիայի կողքին և կանաչ Ֆիատը տեղից այնպես պոկվեց, որ Ժիրայրի գլուխը կպավ հենակին։ Սոֆիայի ժպիտն ավելի լայնացավ, — ի դեպ, ես երեկ չներկայացա, ես Սոֆիան եմ, բարը իմն է, եթե Տոսկանայի քամիները դուրդ չգան կգաս մեզ մոտ, այստեղ ավելի հետաքրքիր է։ Իհարկե, դեռ վաղ է այդ մասին խոսել։ Պատմիր տեսնեմ ի՞նչ կա Հայաստանում, ձեր երկիրը Իրանի հարևանությամբ է չէ՞։

— Այո՛, բայց ես կուզեի ավելի շատ լսել Իտալիայի մասին, դու Ֆլորենցիայում ե՞ս ծնվել։

— Ահա, ես մեծացել եմ Ֆլորենցիայում, բայց Տոսկանայում է ապրում քույրս, գնում եմ նրանից ապրանքներ գնելու բարիս համար։

Մի քանի ժամից, տարբեր տեղեր կանգնելով Սոֆիան հյուրին հասցրեց իր ուզած վայրը, որտեղ Ժիրայրը նավ վարձեց ու նավապետի հետ գնաց դեպի իր երազած Տոսկանայի կղզին։

Երբ Ժիրայրն իջավ կղզու վրա, նա տեսավ փարոսը, որի կողքին ճայեր էին հավաքված, նա գնաց դեպի փարոսը, կանգնեց նրա կողքին, զգաց իր դեմքին փչող քամին ու հասկացավ, որ ինքն ուզում է հավերժ մնալ այստեղ։

Մի քանի ամիս անց, Ժիրայրն աշխատում էր որպես փարոսի հսկիչ, նա շատ երջանիկ տեսք ուներ, իհարկե, առաջվա Ժիրայրին այդքան էլ նման չէր, մազերը երկարել էին, մորուքը աճել, սպիտակ շորեր էր հագել ու ավելի նիհարած էր, բայց ավելի պինդ տեսք ուներ։ Նա նման էր ազատ թռչունի, այն թռչուններին, որոնք թռչում են փարոսի կողքերով։ Նրանք կապված են փարոսի հետ, բայց, իհարկե, ազատ են, երբ ուզեն ուր ուզեն կգնան, դե, իհարկե, դա էլ է վիճելի։ Մի օր Ժիրայրին թերթեր բերեցին, նա այս ընթացքում նույնիսկ հեռուստացույց չէր նայել ու տեղյակ չէր ինչ է կատարվում աշխարհում։ Թերթերից մեկում կարդաց, որ աշխարհով մեկ հիվանդություն է տարածվել և մարդիկ պետք է ինքնամեկուսանան։

Ժիրայրը նայեց փարոսին և տխուր ժպտաց։

 

 

 

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Կարծիքներ

կարծիք