Անորոշություն

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

 

Չկա ժամանակ, կա միայն շարժում,

Կա քո շուրթերի ժպիտը անբիծ,-

Ծաղկած ծիրանին ձեռքերը պարզում-

Քո տան հասցեն է հարցնում ինձնից։

 

Ես՝ մոլորվածս ժամանակներում,

Ապրած օրերիս հաշիվը խառնած,-

Տեսնում եմ՝ ինչպես քսվելով հողին-

Լույսն հեռանում է պատկերդ առած։

 

Եվ ղողանջում են զանգերը տրտում

Անդրաշխարհի պատարագի պես…

Ու գարնան տամուկ հուսահատ այգում

Մնում ենք ծաղկած ծիրանին ու ես։

 

 

 

 

ՀՈՎԱԶԻ ԵՐԱԶԸ

 

Ինչո՞ւ չուզեցիր, որ քեզ սպանեմ,

Ջնջեմ պատկերը հեքիաթի մեր տան,

Կանգնեցիր բոբիկ ծիածանի դեմ,

Որ քեզնով փակես դրախտի ճամփան։

 

Դու դրախտն էիր երկրի վրա,

Ուր ամեն ինչ կա՝ բացի Այսօրից,

Անցյալը դու ես և օրը վաղվա,

Բայց ես փնտրում եմ այսօրը նորից։

 

Փնտրում՝ կորցրած պահը չեմ գտնում,

Դու անցա՞ր արդեն, թե՝ վաղն ես գալու,

Օգնիր ինձ վանել Դրախտը այս հում,

Եվ արի սիրով ինձ սպանելու։

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱԽԻԾԸ ԱՐԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ

 

Երեկոն իջավ Վայքի ձորերում,

Եվ Նորավանքը նորից չտեսա,

Քո և իմ կյանքի անցնող օրերում

Բախտս շրջեցիր, բայց քեզ չհասա։

 

Գիշերներ կգան, ցերեկներ կանցնեն,

Ձուկը շուռ կգա Արատես գյուղում,

Ես քո անունը ջրից կհանեմ,

Որ դեպի անհայտ ծովերն է լողում։

 

Հրեշտակները գիշերվա միջով

Կվերադառնան դարձյալ Նորավանք,

Եվ քարանձավից դուրս կգա ճիչով

Նա, որ մեր կյանքին դրել է կապանք։

 

 

 

 

ԿԱՆԹԵՂԻ ՄՈԽԻՐԸ

 

Զզվում եմ լցված մոխրամաններից,

Ինչպես չեմ սիրում բաժակը դատարկ,

Քո և իմ կյանքի անթեղ օրերից

Էլ ինձ չի հասնում ոչ մի արձագանք։

 

Սարը բարձր է, քանի կա ձորը,

Դու գեղեցիկ ես, քանի որ ես կամ,

Ծաղիկ եմ քաղում, ես՝ քո հնձվորը,

Որ ծաղկեփնջով քեզ ընդառաջ գամ։

 

Գալիս եմ հիմա խոտաբույր, մենակ,

Ես՝ քո հին ձորը, դու՝ սարս վսեմ,

Եվ շշնջում եմ շրթունքներով տաք…

Որ մեր մեծ սիրո մոխիրը ես եմ։

 

 

 

 

ԿԱՐՈՏՆԵՐԻ ԱՇՆԱՆԱՑԱՆ

 

Եղյամը իջավ, արտասվեց հողին,

Իսկ մենք դեռ գարնան մասին ենք խոսում,

Ինչ հուսահատ էր ձորերի օղին

Եվ աշնան գետը, որ ետ էր հոսում։

 

Մենք խենթի նման հարբեցինք ու մերկ

Մեր սերը դեղձի ծառին պատմեցինք

Եվ որպես խոնարհ աշնանացան հերկ

Դեպի ետ, դեպի գարուն գնացինք։

 

 

 

ԹՈՒՂԹՈՒԳԻՐ

 

Ոչինչ չխոստացա քեզ այսօր, ոչինչ,

Բայց կյանքս քոնն է, օրերս՝ նույնպես,

Երևանների երեկոյում ջինջ

Տեսիլքը կանցնի, հմայքը դու ես։

 

Ես՝ անհեթեթս որոնումներում,

Որ երազում էր, թե բախտը կգա.

Մոռացիր, սեր իմ, խոստումներ ու վեճ։

Քեզանից այն կողմ էլ ոչինչ չկա։

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Ընկերոջս՝ Լևոն Մալխասյանին

 

Երևաններում կամուրջ չմնաց,

Որից չգցվեմ ամեն կեսգիշեր,

Փողոցները՝ խուլ, պատուհանդ՝ բաց.-

Եվ ինձ մեծարող անտերունչ շներ։

 

Գիշերվա աղոտ թունելի միջով

Էլ չեմ երազում ոչ մի տեղ գնալ,

Եվ մոռանալով գինետուն ու ծով՝

Ուզում եմ քո տան պատի տակ մնալ։

 

Միայն խոստացիր մենակ չմնաս,

Մարած աստղերը նորից ետ կգան,

Կյանքը գինի է, թախիծը՝ կարաս,

Երբ ես չեմ լինի, կամուրջները կան։

 

 

 

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՍՈՂՔ

 

Տեսիլքի պես ծիրան անապատը հոսեց՝

Ծովերի հին կյանքում անուններս գրած,-

Վերջին հեռացողը մատները ինձ քսեց,-

Մենք գնացինք, սակայն հեռացողը մնաց։

 

Խաչմերուկում անցյալ մոլորվեցինք անհետ,-

Երջանկության ոսկին սնդուկներում պահած,

Ծովի լքված ձայնը էլ չի կանչի մեզ ետ,-

Աստված այդ ուր գնաց՝ անապատը հագած։

 

 

 

 

ՈՂԲ՝ ԱՍՏԾՈ ՈՐԴՈՒ ՀԱՄԱՐ

 

Անհանգրվան՝ մութ ու լույսին,

Պտտվում է աշխարհքը հին,

Պտտվում ու երգ է հյուսում

Աստծո անբախտ կյանքի մասին։

 

Ձյուն է իջնում համատարած,-

Ջրերի հետ գնաց տարին,

Խղճմտանքի վերջնագծում

Ո՞վ էր չարը, ո՞վ էր բարին£

 

Մեր աչքերին մութ է իջել՝

Ամեն մեկս՝ մեղքի մի տուն-

Ու չիմացանք, որ խաչեցինք

Վերադարձող Աստծո որդուն…

 

 

 

 

ԴԱՌԸ ՍՈՒՐՃ

 

Դու քո տան մեջ, ես՝ ինձ համար,-

Սրճարանի կյանքը հագած,

Ձանձրույթը թախծին ավար,

Հուշը լեղի, աստղդ՝ խամրած:

 

Եվ խառնելով սուրճն ու օղին,-

Ճամփով՝ ուր քո սերն է տանում,

Չեմ ընդհատում գուշակողին,-

Թե՝ կմեռնեմ սրճարանում

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք