Ես ուշացել եմ

***

Ով կին,
թո՜ւյլ տուր, որ սիրեն
լայնափեշ ամառը քո ծնկների
և ծաղիկներ քաղեն
գարունից քո կանաչ,
խոր աշունիցդ բերքահավաք անեն
ու շուրթերիդ ձմեռեն
լացող հասկերը երկնքի,
հետո հորինեն մի նոր՝
սևակոտ եղանակ,
աչքերիդ խորքում ապրելու համար։
Ո՜վ կին,
քայլի՛ր շա՜տ կամաց՝ թաթերիդ վրա,
ժպտալով այս խենթ աշխարհին,
ու թե մի օր հանկարծ լացելու լինես,
դու լացի՛ր այնպես,
որ ճերմակ այտերիդ ջրափոսերում
արցունքներ լցվեն,
ուր արևն անգամ պար գա շողերով։
Ո՜վ կին,
երգի՛ր արտերում մեղեդին դանդաղ,
որ ցորենի հասկը ճաք տա քո ձայնից
և անթիվ-անհամար ծաղիկներ բացվեն,
երբ ջրես նրանց՝ քո սիրով կարմիր…
Այնքա՜ն գեղեցիկ,
գեղեցիկ ես դու՛, կին,
երբ սիրում ես հե՛նց նրան,
ով շոյում է քո հոգին՝
գիշերներում սև
և գրկում է քեզ ամեն առավոտ։

 

 

***

Ների՛ր ինձ.
ես ուշացել եմ,
իսկ համր քաղաքի
փողոցները մոլոր
այդպես էլ չասացին,
որ եկել ես դու,
Ու օրերում իմ դատա՜րկ, մենավո՜ր
էլ չզրնգաց ձայնը քո սրտի,
Բայց չեմ դադարել
հյուսել երազները մեր,
Երբե՛ք էլ չեղած հին օրերը մեր։
Հիմա չեմ գտնում
ավա՜ղ ես էլ քեզ՝
հար գրկել է քեզ մթությունը սև,
Իսկ աչքերումդ լռակյաց կարոտ՝
Կարոտ ահռելի,
որը ցավ դարձած կաթում է նորից
Գիշերից մռայլ՝
միշտ դատապարտված
լույսով չօծվելու։
Լուռ սպասումը դեռ մաշում է ինձ,
Ես սլանում եմ անհունով ծիրի
ու բյուր աստղերից
պարաններ հյուսում,
Հետո ինքս ինձ կախում
փեշերից գունատված լուսնի՝
լոկ կանչելով քեզ։
Բայց ծակծկում են աստղերը հոգիս,
Արյունն է կաթում գիշերից այս սև՝
փակելով հավերժ ուղիները քո.
իսկ ես ուժ չունեմ քեզ չսպասելու…
Ուղղակի, ների՛ր,
որ ուշացել եմ հավերժի նման,
Ես էլ կփորձեմ կրկին ներել քեզ,
որ ապրել ես դու այդքան անշշուկ՝
ինձնից անջատված սրտիդ զարկերով։

 

 

Մոռացիլին

Ես դանդաղ խմում եմ սև սուրճը՝
(իսկ մի՞թե այլ գույնի սուրճ էլ է լինում),
Ներարկելով իմ մեջ համբերության հերթական չափաբաժինը,
ծամում եմ մեղրամոմի պես չմարսվող վիրավորանքը քո,
և մի կերպ կուլ տալով՝
ժպտում արցունքներիս միջից։

Դու հաղթել ես ինձ.
ես մարսել եմ քեզ
ու բնավորությունդ բարդ,
իսկ դո՞ւ, դու էլ երևի իմը՝ չգիտեմ։

Ես շնչում եմ կամաց՝
Լցնելով թոքերս քո ցուրտ բառերով,
որոնք ավելի վտանգավոր են,
քան մի տուփ ծխախոտը,
ու ավելի թունավոր՝ քան շմոլ գազը,
և գրեթե շնչախեղձ լինելով՝
ժպտում եմ հազիս միջից։

Բայց մեկ է, դու հաղթել ես,
քանի որ երբեք չես ծխել՝
ո՛չ մեկ հատ ծխախոտ,
ո՛չ էլ բառերն իմ թունավոր։

Եվ գուցե տարածական այս ցավից խենթացած,
ու երևի թե հեռու-մոտիկ մեր կարոտից
սպառված՝
Արագ խմում եմ բռերով մոռացիլին…

Ես հաղթել եմ քեզ՝
դու անցյալ կատարյալ ես…

 

 

***

Տանիքներին նստած անփետուր ուրուները
Քիվերից ճոճում են մենավոր սրտեր,
Իսկ գիշերը խենթ սիրահարի պես,
ամաչկոտ աշխարհին ստիպում է
հանել հանդերձը՝
մուրալով առավոտն ուրացող մեղքեր։
Մութը վաղուց է մանել երազի իլիկը,
ու անգիր արել աստղերին չափ տվող
շրշյունը մատներիդ,
ո՛վ Տեր Աստված,
Բայց հողից ծնված
բանադրանք է կարծես,
մութուլույսի այս մենամարտելը,
ուր Լույսը վաղուց է կլանել պատկերը Երկրի՝
մթին նետելով լոկ կուրացնող ցավերը։
Ու անուժ են,
անուժ են արդեն,
Տե՛ր, ափերդ ճերմակ
միահյուսել բարբառներ պայքարողների.
և Քեզ էլ…
մնում է միայն,
թքած ունենալ այս մեղսավոր աշխարհի վրա,
ու անհագ ումպերով խմել Լեթեի ջրերը՝
մոռանալով այս է որերորդ անգամ կերտած
աշխարհը քո անկատար։

 

 

***

Իմ կարոտները վանդակված են
բիբերում քո տաք,
որ մի օր հանկարծ ես չխենթանամ,
և ճամպրուկներս առած՝
չգամ քո քաղաքը ցուրտ…
Այստեղ սպասումից մի բուռ են դարձել
ինձ քեզ մոտ բերող բոլոր ինքնաթիռները,
իսկ գնացքները.
նրանք հին են այնքան,
որ հազիվ քարշ են տալիս
իրար հետ չապրած մեր տարիները,
ու օրերը նոր, ավա՜ղ, դեռ չեկած
արդեն մաշվել են անդարձ՝
հազար անգամ անձրևից թրջված ասֆալտի նման,
Եվ հիմա ինձ ոչինչ չի մնում՝
քան լացել իմ ճերմակ հիշողությունը քո մասին։
Ու արցունքներս չասված բառերի պես օդում օրորվում են.
Ես թև եմ տալիս նրանց,
որ հավատի բևեռով ճախրեն ու հասնեն քեզ մոտ,
որ ունկերդ լցնեն իմ ճակատագրի ձայնով
ու քեզ համար դառնամ փարոսն իմ տաք քաղաքի,
որտեղ ինձ հետ անվերջ թափառում է
ոտաբոբիկ՝ կարոտը քո հավերժական։

 

 

***

Ծովն անկրոն է.
վաղուց խեղդել է
իրեն գրաված Պոսեյդոնին միակ,
իսկ այս սևազգեստ կանայք՝
թախիծը պահած գլխաշորի տակ
ու փեշերից երկա՜ր նամազներ կախած,
խեղդում են երկնքին աղոթող
սպիտակ ձկներին բոլո՜ր։
Բայց աշխարհը կույր է…
ու քարերի խոնավ շնչառությամբ
շարունակում է օրհնել
վերևից դանդաղ թափվող լուսաբացը լուռ,
ու յոթը ծով այն կողմ՝
ինչ որ ավազե տնակի միջից,
ծագում է անգույն արևը սիրո։
Եվ լոկ քամին է,
որ ներծծված է աշխարհի ցավով,
իսկ խենթ ծովի ալիքները
բա՜րձր հառաչով
հին կարոտն են լացում
և տաք ավազի վրայից
անհետ մաքրում ոտնահետքերդ,
միակ Պոսեյդո՛ն…

 

 

***

Ես սովորել եմ քեզ,
ինչպես չորացող շապիկն է սովոր պարանին փաթաթվել
ու անվերջ քամվել,
հետո թրջվել հանկարծ
անձրևներից խենթ,
այդպես էլ սպի դարձած հետքերից չմաքրվելով,
հայտնվել էլի հին դարակի մեջ։
Ես սովորել եմ քեզ,
ինչպես բուրավետ ծաղիկն է սովոր
շքեղ ծաղկամաններում դանդաղորեն մեռնել
կամ էլ Տերյանի «Էստոնական երգի» էջերում խեղդամահ լինել՝
գիտակցելով գուցե,
որ իր մահը երջանկություն կբերի
սիրահարի ինչ-որ։
Ես սովորել եմ քեզ,
ինչպես անմեղ գառն է սովոր
մատաղ դառնալ ամեն անգամ,
ու մարդկանց մուրազը Աստծուն հասցնել,
հավատալով,
որ իր արյամբ ներկված խաչերը
քավություն են լինելու մեղսավորի համար։
Ես սովորել եմ քեզ
անտանելիորեն,
չափազանց,
ուժգին
ու բազում նման սաստկական ածականների պես,
ինչպես իմ երկու ձեռքերին եմ սովոր
ու ոտքերին երկու
և շա՜տ վաղուց հաշտվել եմ,
որ սիրտն իմ ամեն ինչում ու ամենուր,
պետք է հաղթի ուղեղիս։
Ես սովորել եմ քեզ…
չէ՛…
թեև ճիշտ ածականներ գործածել գիտեմ,
բայց բայերը շփոթում եմ մեկ-մեկ՝
ես չեմ սովորել…
ես սիրում եմ քեզ։

 

 

Կարծիքներ

կարծիք