Մարտահրավերդ ընդունում եմ, մա՛մ․․․

Անկասկած իմ ամենաերկար կռիվը մորս հետ է։ Չի լինի մեկն, ում հետ կարողանամ էսքան պատերազմել։ Դրանից երկուսս էլ չենք հոգնում։ Պատրաստում է աշխարհի ամենահամով վինեգրետը, որպեսզի հինգ ժամ կռվելու համար ուժ ու եռանդ ունենանք, էնպես որ համը մոռանանք, աշխարհն էլ։ Չի գտնվի մեկը, ումից էսքան ջանամ պոկվել ու տարբերվել, իսկ նա էդ շոշափելի հեռավորությունն օգտագործի պատկերս ավելի խորը տեսնելու համար։ Չի հասկանում այն կերպ, ինչպես ես կուզեի։ Հատկապես հիմա։ Երբ չորս տարի մենակ ապրելուց հետո, նորից ապրում ենք միասին։ «Մենակությունը փչացրել է ինձ»․ ստիպված եմ ամեն օր համոզել, որ ես չեմ փչացել՝ մեծացել եմ, որ մազերս մեկ տարի չկտրելը կյանքից հիասթափվելու նշան չի։ Հետաքրքիր է ուղղակի։ Երբ քիչ եմ շարժվում, իմ փոխարեն աշխատում է գլուխս, դա շատ բարդ է, բարդ է նաև պատկերացնելը։ Ծուլությունս իրականում չի կարող իրեն ավելի անհանգստացնել, քան ինձ։ Բարձր երաժշտությանը կարելի է ընտելանալ, մետրոյի ձայնից հետո առավել ևս։ Թե՞ ինչի գիշերները չեմ քնում ինքս էլ չգիտեմ, իսկ ծխելու հարցում ասելիք չունեմ։ Մանրանում եմ։ Խնդրում, որ ծխի հետ մեկտեղ շնչիս չնստի: Վեճի ակտուալ մեկնակետը, բնականաբար, սկսվում է հաջորդ սիգարետը վառելուց, որը վերջին հաշվով նրան տանում է զղջման․․․ որ մեղավորը նա է, որ ինձ մենակ էր թողել։ «Ես էլ էն լավ էրեխեն չեմ»․ վեճի կուլմինացիան հանգստի ու ազատության հերթական աղերսն է, հիշատակումը, որ իմ պարտքը նրա հանդեպ հավերժական է, վերադարձնել չեմ կարող: Լավ կլինի լուռ կրենք մեր մեջ, չբարձրաձայնենք․․․ Հերթական անքուն գիշերը։ Քնում եմ լուսադեմին, կեսօրին արթնանում։ Միացնում եմ երաժշտություն։ Ֆրի-ջազզ, համոզում է անկողնուց արագ դուրս գալ։ Գնում եմ խոհանոց, միացնում եմ թեյնիկը։ Մաման նստած է սեղանի մոտ, քամահրանքով նայում է դեմքիս․ մամաները ֆրի-ջազզ չեն սիրում, մամայի սիրած երգը Լեոնարդ Քոհենի “Dance me to the end of love”-ն է։ Սուրճը պատրաստ է։ Վերցնում եմ բաժակը, հետո սիգարետի տուփը։ Կրակայրիչը չկա։ Հետ եմ գնում սենյակ։ Չկա։ Հետ եմ գալիս խոհանուց, բացում պահարանի դուռը։ Լուցկի էլ չկա։ Հերսոտում եմ։ Երաժշտությունը նյարդային թելերս էնքան ներդաշնակ է լարում, որ սկսում է ինձ էլ դուր չգալ։ Տուփը ջղաձգված դնում եմ սեղանին, կարծես մեղավոր գտա։ Կտրուկ լռում, նայում պատուհանից դուրս, կծոտում շրթունքս, մեկ էլ ձեռքերս տանում հետ։ Ձախ ձեռքիս ափով բռնում եմ աջ ձեռքս։ Սեփական գործողությունների ավարտ։ Էս պահից ինձ շարունակում է երաժշտությունը։ Մաման, որ ընթացքում լուռ նստած հետևում էր, կանգնում է, մոտենում գազօջախին, եփվող ճաշի կաթսան դնում կողքի, վերցնում սիգարետի տուփը, միջից հանում սիգարետ, վառում, հանձնում ինձ։ Ջազն աշխարհի ամբողջ արտահայտություններով խլանում է։ Հոգիս “Dance me to the end of love”-ն է սկսում երգել։   ․․․Մտքովս դեռ չէր անցել, որ կարելի է սիրել կեսօրի արևը։ Նման չէ լուսաբացի ու մայրամուտի արևին։ Էնքան շատ է, որ ներկայությանը ուշադիր չես։ Առիթ չունեի սիրելու։ Մամայի դեմքը լույսը վերցրել էր իր սպիտակ մաշկի տակ։ Փայլում էր։ Հայացքի մեջ կարդում էի, որ բնության ամենաբացահայտ զգացումը ֆունդամենտալ պարզություն ունի, իսկ գիշերները չքնելն իմ առաջին ըմբոստությունն էր նրա բնության դեմ։ Ասացի նրան, որ սա իր կողմից ինձ արած ամենագեղեցիկ ժեստն էր։ Նա իհարկե մի փոքր նեղացավ, բայց դա չխանգարեց կենսախինդ ժպիտով ինձ համար նորից սիգարետ վառել․․․

 

 

Կարծիքներ

կարծիք