Ես կորոնավիրուսի օրերին

Հեղինակ:

Ձյունը ոտքերիցս թափ տալով բարձրանում եմ մեր տան աստիճաններով, մեկուսացել եմ Անտարկտիդայում, չէ, պարզապես Հյուսիսում գարունը դեկտեմբերյան եղանակով է: Երկու րոպե լվանում եմ ձեռքերս, դեռ փոքր տարիքից սարսափում եմ բակտերիաներից ու համոզված եմ, որ այս ֆոբիան քարշ եմ տալու հետս ողջ կյանքիս ընթացքում: Խոհանոցից դուրս եմ գալիս մամայի պատրաստած ախորժալԻ «Բոն նուին» կծելով, նստում եմ գրասեղանիս առջև, ինչ լավ է, երբ մեկուսացված ես տանը, ազատված անհետաքրքիր մարդկանց ներկայությունից, կյանքի չգրված օրենքներից՝ ում սիրում ես ու ուզում ես ի սրտե տեսնել, կողքիդ չէ: Այս դարում մի քիչ փրկում է ինտերնետը: Լավ ժամանակ է քննություններին պատրաստվելու համար, քնում եմ շատ ուշ, արթնանում եմ կեսօրին: Դրսում խաղաղ երեկոն սարերի վրա նստած ներկում է հորիզոնը: Ինչպե՞ս չի կոտրվում այս հանգստությունը ոչ մի կերպ, ու ինչպե՞ս սկսվեց պանդեմիան…

Մոցարտի «Requem for a Dream» երաժշտության ներքո պատռեցի ծրագրերիս ցուցակը, որը պիտի իրականացնեի գարնանային արձակուրդի ժամանակ: Ձմեռային արձակուրդից  հետո բոլորս քիչ-քիչ ռիթմի մեջ էինք ընկնում, բայց մեր արձակուրդը տեղափոխեցին առաջ: Ոչ ոք չէր մտածում, որ վիրուսը Չինաստանի սահմաններից դուրս կգա ու ավելի մեծ թափ կհավաքի: Միապաղաղ արձակուրդից չափազանց դժգոհ, բոլորս գնացինք դասի ևս մի քանի օր, և փակվեցին աշխարհի բոլոր ուսումնական հաստատությունները, մարդիկ դատարկեցին խանութների դարակները, լքեցին փողոցները ու մեկուսացան իրենց տներում:

Արթնացա մեր շան ձայնից: Լեսին անընդհատ հաչում էր ու դեռ նոր արթնացող նյարդերս ցնցվում էին հաչոցից: Հայրս տան լուսամուտները բացում է ամեն առավոտ՝ սենյակները օդափոխելու համար, սպիրտով սրբում  բռնակները. մեզ զերծ է պահում վիրուսներից: Տատս բացեց սենյակիս դուռը, քիթս մտցրել էի հեռախոսիս մեջ, ներս մտավ.«Մաղիա, օրը ճաշ դառավ, հոգի ջան, ել, հավաքի սենյակդ, բա որ հանկարծ մարդ գա՞»: «Տա՜տ, չգիտե՞ս, որ բոլորը մեկուսացել են ու չի կարելի հյուր գնալ, լուրերով չես լսե՞լ»: Թարս նայեց ինձ. «Հա, ի՞նչ, լուրջ եմ ասում»: Հոգոց հանեց ու շրխկացրեց սենյակիս դուռը՝ նախատող հայացքով: Աշխարհն աշխարհի հոգսերով, տատին իր ներքին ներդաշնակությունով:

Իսկ մայրս  օրվա մեջ երեք անգամ կրկնում էր: «Պետք չի խուճապի մատնվել, պետք չի վախենալ: Գրիպը ավելի վախենալու է: «Մամ, էստեղ ո՞վ է խուճապի մատնվում, շուրջդ նայիր՝ ամեն մեկն իր գործով, դիմակ չեն դնում, խանութները չեն դատարկում ու երևի պաչիկով էլ բարևում են»:

«Ցավում եմ մոլորակի ու մարդկության համար, դիմանանք»…

«Կդիմանանք, մարդիկ անընդհատ վազում էին, մամ, փող սարքում հիմար բաներով զբաղվելով, իսկական արժեքները կորցրել են, ախր մենք ավերում էինք մեր տունը՝ մոլորակը, ինքնամաքրման համար լավ ժամանակ է, ցավել պետք չի: Քիմիա, ամեն ինչ քիմիա, երազում եմ մաքուր ու առողջ սննդի մասին, մարդիկ ստեղծում են անպետք իրեր, որոնք իրականում ոչ ոքի պետք չի գալիս, մարդկանց առաջին հերթին պետք է առողջ սնունդ, նորմալ հագուստ, անգամ նորմալ ընտանիք: Ապրում ենք ռոբոտացված դարում, լավ ժամանակ է մտածելու, թե ինչի՞ կարիք ունես ամենաշատը ու կտեսնես, թե ինչքան քիչ բան կմնա պետքական»:

Շատ եմ կարդում, որ հին աշխարհը քանդվում է ու նոր աշխարհում մարդիկ գրեթե ամեն ինչ անելու են վիրտուալ, տանը փակված՝ գիշերանոցներով, կյանքը ավելի շատ է դառնում նստակյաց, որ էլ չեն ճամփորդի… Ողբերգություն. ճամփորդելու հետ կապված ծրագրերս չեմ ուզում պատռել: Աշխարհը վաղուց վիրտուալ է, պարզապես հիմա ենք նկատում: Երբեմն անկապ ծանոթությունները, որոնք գուցեև երկար տևեն, կարող են փչացնել կյանքդ:

Վիրտուալում ուրիշ ես, իրականում բոլորովին ուրիշ. ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես քեզ կներկայացնես, անմիջական մարդիկ քիչ են: Վիրտուալ աշխարհը ջնջում է հեռավորությունը, բայց կտրում է իրականությունից: Կորոնան էլ ավելի շատ մարդկությանը մոտեցնում է այս ամենին կամ բոլորիս նախապատրաստում է կանխատեսվող նոր աշխարհի մոդելին:

Հեռախոսս շպրտեցի մահճակալիս, թռա դուրս, տատիին իր կենդանիներին էր կերակրում: Արշակը տրակտորի ձայնը էլի գցել էր թաղով մեկ: Մեր թաղում ամեն մեկը իր գործով էր: Էստեղ երբեք ոչինչ չի փոխվում՝ միշտ մաքուր օդ, միշտ միապաղաղ ապրող մարդիկ, միշտ խաղաղություն ու հանգիստ:  Դասընկերներս քեֆ էին կազմակերպել սարերում, մամայի ասած պանիկան իրենց մոտ ընդհանրապես չկար:

-Բարև, երեխեք,- հեռվից ձեռքով արեցի ես,- փաթաթվել, պաչպչվել չկա, հետս էլ օճառ եմ վերցրել, ինչպես միշտ:

-Իբր որ վիրուսային շրջան չէր գրկում պաչում էիր, հա՞:

Գնացինք անտառ, աղբը տեսանկարեցի, տեղացիներին մեսիջ ուղարկելու համար: Մտերիմ դասընկերս հյութը ձեռքին մոտեցավ ինձ, նստեցինք գետի ափին.

-Անընդհատ կարդում եմ նորությունները, դեռ աշխարհում լավ բան չի կատարվում:

-Օհօ, աշխարհի դարդո՞վ ես: Էստեղի աղբը տեսնելով ուրախ եմ, որ փակված են տանը:

-Որ սիրահարվում ես, սկսում ես մտածել, ում սիրում ես, իր մասին էլ ես սկսում մտածել, առանց այդ էլ մարդկային էգոիզմը չափը անցել է, բա, հետո՝ մենք էլ ենք էս մոլորակից:

-Կասկածում եմ,- ծիծաղելով ասացի ես:

Գետի քչքչոցը կտրում էր իրականությունից: Տուն եկանք ու հաջորդ օրը ձյուն տեղաց, ժամերով: Մաման ջրում էր տան բույսերը, որոնք իրականում ասես փոքրիկ ծառեր լինեին ծաղկամանների մեջ: Կոնկրետ հիմա ես մեր տան բույսերից մեկն եմ, որոնց մամաս խնամքով ջրում է ու մշակում, ինքս ինձ ամեն օր աճեցնում եմ՝ ինքնադաստիարակությամբ ու ինքնակրթությամբ: Սովոր եմ օրերով փակվել տանը ու անգամ դուրս չգալ պատշգամբ:

Միացրեցի հերթական ֆիլմը, երբ մերոնք հյուրասենյակից արտագաղթեցին իրենց սենյակներ: Հեռախոսս դռռաց. «Օպերայի սեզոնը հազիվ սկսվել էր, վիրուսի պատճառով հետաձգում են, տխուր եմ,- առանց բարևելու սկսեց նվնվալ մտերիմ ընկերս: «Պրիվետ: Ֆրանսիական օպերան օնլայն հասանելի կլինի, անվճար կարող ենք կայքով նայել, կպատկերացնենք, իբր Փարիզում ենք, երազանքս էլ կկատարվի; Էտ էլ վիրուսի տված բարիքը, էնպես որ քիթդ չկախես: Տեսնելով դատարկ փողոցների նկարները, ուրախանում եմ բնության համար, շունչ կքաշի, ուռա, իրեն այսպիսի արձակուրդ պետք էր»:

Քնեցի բազմոցին՝ հեռուստացույցը անջատելով:  Իսկ այսօր դուրս եկա մեր այգի, պառկեցի ձյան մեջ, ձյուն, որի մասին երազում էի ձմռանը: Բայց փափագս է իսկական ու անվտանգ գարունը: Կինո նայելուս ժամն է, բայց մտնեմ ֆեյսբուք, նոր գնամ… Ակնոցս ուղղելով սկսեցի ստեղնաշարը կտկտացնել. «Վստահ եմ, շատերի մոտ ոչինչ չի փոխվել, որովհետև մեր երկրի բնակչության մեծամասնությունը միշտ ձանձրույթի մեջ է, վազելու ու շտապելու տեղ չունի, և որ ամենավատն է, աշխույժ կյանք չունի, նստակյաց կյանքին սովոր է: Տակ շտո…. անընդհատ գործերի մեջ թաղված ու աշխույժ կյանքին սովոր մարդիկ, վայելեք…  Հուսանք, շուտով կհաղթահարենք համաճարակը, կյանքը նորից կընկնի իր հունի մեջ, էլի կվազեք, էլի ձեր գերհագեցած, խիտ գրաֆիկը կկարգավորեք, էլի կաղտոտեք շրջակա միջավայրը, էլի անկապ իվենթներ կանեք, էլի պիցայանոցներում անկյունի վրա կինքնամեկուսանաք, էլի մարզվելու կգնաք ու էլի կձանձրանաք դպրոցներում, բուհերում, ու էլի դասերից կփախնեք, զարթուցիչը զզվելով կանջատեք… ու գրողը տանի, էլ եսիմ ինչ: Ինքս էլ եմ ուզում, որ էս վիրուսը շատ շուտ իր փասա-փուսան հավաքի ու չքվի, որ նորից տեսնեմ սիրելի ընկերներիս ու գրկեմ իրենց. շա՜տ եմ կարոտել, որ չերազենք տնից հանգիստ դուրս գալու ու հասարակական տրանսպորտներից օգտվելու մասին ու հուսանք, որ վիրուսը Happy end կունենա:

 

 

Կարծիքներ

կարծիք