Ասում ես՝ սիրում ես

Հեղինակ:

(1795-1821)

 I

Ասում ես՝ սիրում ես, ձայնով առավել կուսական,

Քան միանձնուհունն է, ով ինքն իր համար

Իրիկնաժամի աղոթքն է երգում,

Մինչ զանգերը ղողանջում են՝

Օ՜, սիրիր ինձ անկեղծ:

 

II

Ասում ես՝ սիրում ես, ժպիտով`

Սառը, ինչպես արևածագը սեպտեմբերի,

Ասես Սուրբ Կուպիդոնի կույսն ես,

Եվ պահք ես պահում նրա համար:

Օ՜, սիրիր ինձ անկեղծ:

 

III

Ասում ես՝ սիրում ես, բայց հետո շուրթերդ

Մարջանագույն բերկրանք չեն պարգևում,

Ծովի մարջանից ավելի

Նրանք երբեք բաց չեն համբույրի համար:

Օ՜, սիրիր ինձ անկեղծ:

 

IV

Ասում ես՝ սիրում ես, բայց հետո քո ձեռքը

Չի պատասխանում ոչ մի մեղմ հպումով․

Այն նման է անշունչ արձանի,

Մինչ իմն այրվում է հուզմունքից:

Օ՜, սիրիր ինձ անկեղծ:

 

V

Օ՜, շշնջա մեկ կամ երկու բոցավառ բառեր,

Ժպտա այնպես, որ բառերն այդ կլանեն ինձ,

Փարվեն, ինչպես սիրահարները, օ՜, համբուրիր

Եվ քո սրտի մեջ թաղիր ինձ.

Օ՜, սիրիր ինձ անկեղծ:

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ Է ՊՈԵՏԸ

 

– Որտե՞ղ է պոետը, ցո´ւյց տվեք նրան, ինը մուսաներ,

Ցո´ւյց տվեք, որ ճանաչեմ նրան․

– Դա հասարակ մարդու նման մեկն է՝

Լինի արքա կամ թե մուրացիկներից ամենաաղքատը,

Կամ էլ այլ զարմանալի մեկը․

Նա կարող է լինել կապիկից մինչև Պլատոն,

Դա այն մարդն է, որ թռչունի հետ՝

Ցախսարեկ կամ արծիվ, գտնում է ճամփան

Նրանց բոլոր բնազդների. նա լսում է

Մռնչյունը առյուծի և կարող է ասել,

Թե ինչ է ուզում նրա անկուշտ երախը,

Եվ նրան, նրա ականջին մայրենի լեզվի պես է

Հնչում և հասնում ոռնոցը վագրի:

 

 

 

ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

1.

Գուցե մահը քուն մտնե՞լն է, իսկ կյանքն էլ լոկ երա՞զ,

Եվ երանության պահերն անցնում են հանց տեսի՞լք:

Տեսիլք են թվում հաճույքներն անցողիկ,

Մինչդեռ կարծում ենք` մահանալն է մեծ վիշտ:

2.

Տարօրինակ է որքան, որ երկրի վրա մարդը պիտի դեգերի

Եվ դժբախտ կյանք ունենա, սակայն չթողնի

Իր անհարթ ուղին, ոչ էլ հանդգնի նա գեթ տեսնել

Անգոյությունն իր գալիք, որը սոսկ արթնացում է:

 

 

 

ԵՐԲ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ…

 

Երբ վախենում եմ, որ կդադարեմ լինել,

Մինչ գրիչս կժողովի միտքս բեղուն,

Մինչ մեծաթիվ գրքերը` կերպավորված

Հանց հարուստ շտեմարաններ կկրեն լի հունդը հասուն,

Երբ նայում եմ գիշերվա աստղազարդ դեմքին,

Շքեղ վիպերգի հսկայական աղոտ նշաններ եմ տեսնում

Եվ մտածում, որ ապրելով երբեք չեմ ուրվագծի

Նրանց ստվերները բախտի մոգական ձեռքով.

Եվ երբ զգում եմ ժամի հստակ արարումը,

Որ էլ երբեք չեմ տեսնի քեզ,

Երբեք չեմ ճաշակի մոգական ուժը

Անհոգ սիրո – այդժամ կանգնում եմ մենակ

Ընդարձակ աշխարհի ափին և խորհում,

Մինչ սերն ու հռչակը դեպ անգոն են սուզվում:

 

 

Թարգմանությունը անգլերենից՝ Մարո Ղուկասյանի

 

 

 

Կարծիքներ

կարծիք