Փոքր հարց

Հեղինակ:

Փորձ

 

Ես փորձեցի

փորձել

աշխատանքի պահին

աշխատանքիս մասին մտածել

ոչ թե քո

և ես երջանիկ եմ

որ փորձը

ձախողվեց

 

 

 

Ինչ է դա

 

Դա անմտություն է

ձայնում է բանականությունը

Դա այն է ինչ կա

ասում է սերը

 

Դա դժբախտություն է

ճչում է հաշվարկը

Դա միայն ցավ է

ծղրտում է վախը

Դա անհուսալի է

բղավում է իմացությունը

Դա այն է ինչ կա

ասում է սերը

 

Դա ծիծաղելի է

արձակում է հպարտությունը

Դա թեթևամտություն է

աղաղակում է զգուշությունը

Դա անհնար է

գոռում է փորձը

Դա այն է ինչ կա

ասում է սերը

 

 

 

Միայն թե

 

Կյանքը

գուցե

ավելի պարզ լիներ

եթե ես քեզ

առհասարակ հանդիպած չլինեի

 

Ավելի քիչ տխրություն

ամեն անգամ

երբ պետք է հրաժեշտ տանք իրար

ավելի քիչ վախ

հաջորդ

ու մյուս բաժանումից առաջ

 

Եվ ոչ էլ այդքան շատ

այս անզոր կարոտից

երբ դու կողքիս չես

կարոտը որ միայն անհնարինն է ուզում

և անմիջապես

հաջորդ պահին

հետո

քանի որ դա չի կարող լինել

հուզված է

ու դժվար է շնչում

 

Կյանքը

գուցե

ավելի պարզ լիներ

եթե ես քեզ

առհասարակ հանդիպած չլինեի

 

Միայն թե դա չէր լինի

իմ կյանքը

 

 

Փոքր հարց

 

Դու կարծում ես

դեռ

փոքր ես

մեծերին

հարցեր տալու համա՞ր

այդ դեպքում

մեծերը

քեզ իրենց հովանու տակ կվերցնեն

այնքան ժամանակ

քանի դեռ փոքր ես

 

 

 

Քեզ

 

Քեզ

թողնել քեզ

ամբողջը քեզ

Տեսնել

որ դու միայն դու ես

երբ դու ամենն ես

դու ես

նուրբ

ու վայրի

ինչը պոկվել

և գգվել է ուզում

Ով սիրում է կիսով չափ

նա ոչ թե սիրում է կիսով չափ

այլ չի սիրում ընդհանրապես

ով ուզում է քեզ վերափոխել

անդամահատել

աղճատել

Քեզ թողնել քեզ

լինի դա դժվար թե հեշտ

որոշվում է ոչ այնքան

կանխամտածությամբ ու դատողությամբ

որքան սիրով

և բաց կարոտով ամենի հանդեպ-

ամենի հանդեպ

որ դու ես

Ջերմությամբ

ու սառնությամբ

բարությամբ

ու համառությամբ

քո կամքով

և դժգոհությամբ

քո ամեն մի դիմաշարժով

քո անդորրությամբ

անկայունությամբ

հարատևությամբ

Հետո

սա թողնում է քեզ

լինել ինքդ

գուցե

այնքան էլ դժվար չէ

 

 

 

Թարգմանությունը գերմաներենից՝ Սիրանուշ Փարսադանյանի

 

 

 

 

 

Կարծիքներ

կարծիք